close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին՝ նվաստանալ Եվրոպայի առջև

Տարածաշրջան

27 Փետրվարի 2020, 17:31
 Ռուսատյացությունը ստիպեց Վրաստանին՝ նվաստանալ Եվրոպայի առջև

Վրաստանը եվրոպական դիվանագիտության համար աննախադեպ որոշում է կայացրել՝ հրաժարվել է իր տարածքում անցկացնել մայիսին կայանալիք՝ Եվրախորհրդի երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդաժողովը: Պատճառն էլ այն է, որ դրան  կարող էր մասնակցել Ռուսաստանի ներկայացուցիչը, հնարավոր է՝ Սերգեյ Լավրովը: Ի՞նչն է ստիպել Թբիլիսիին նման որոշում կայացնել. վերլուծում է «Վզգլյադ» պարբերականը:

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանն անկեղծորեն ցանկանում էր ընդունել այդ ֆորումը և խորհրդակցություններ էր վարում ԵԽ գլխավոր քարտուղարի հետ՝ քննարկելով «բոլոր հնարավոր սցենարները, որպեսզի չվնասի ինչպես իր հեղինակությանը, այնպես էլ սեփական օրենսդրությանը»: «Խոսքը Ռուսաստանի մասնակցության մասին է»,- նշել էր նա:

«Արդյունքում՝ որոշվել է խորհրդաժողովն անցկացնել Ստրասբուրգում: Զալկալիանին համոզում է, որ նախադեպեր եղել են, սակայն իրականում չեն եղել»,- գրում է պարբերականը՝ խոստանալով պարզաբանել, թե ինչ նկատի ունի Վրաստանի արտգործնախարարը՝ նախադեպ ասելով:

Վրաստանը վեց ամսով ԵԽ նախագահող երկիր է: Այդ պատճառով պարտավոր էր իր տարածքում անցկացնել ԵԽ կարևոր ֆորումները: Մասնավորապես՝ մայիսին անցկացվելու է ԱԳ նախարարների հանդիպում, որին պետք է մասնակցի նաև ՌԴ պատվիրակությունը՝ Սերգեյ Լավրովի կամ նրան փոխարինող անձի գլխավորությամբ, քանի որ Ռուսաստանը ԵԽ անդամ է:

Վրաստանում այդ կապակցությամբ ընդվզումներ եղան՝ պահանջում էին չթույլատրել ռուսաստանյան պատվիրակության այցը Թբիլիսի: Ընդդիմությունը հանդես էր գալիս ոչ միայն ռուսատյաց դիրքերից, նաև՝ զուտ իրավական: Բանն այն է, որ Վրաստանում գործող օրենքով՝ ցանկացած օտարերկրացի, որը եղել է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում՝ առանց Վրաստանի իշխանությունների թույլտվության, սահմանախախտ է համարվում, և նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում: Լավրովը Աբխազիայում ու Հարավային Օսիայում մեկ անգամ չէ, որ եղել է, բնականաբար՝ առանց Վրաստանի թույլտվության, հետևաբար՝ Թբիլիսիի օդանավակայանում նրան կարող են ձերբակալել: Կա նաև օրենքի լրացուցիչ հոդված՝ «օկուպացիոն իշխանությունների հետ համագործակցություն», որը  ծանրացնում է դատավճիռը՝ մինչև ցմահ ազատազրկում:

Վրաստանում լարված բանավեճեր էին ընթանում՝ ինչպես վարվել այդպիսի իրավիճակներում: Մի կողմից՝ ԵԽ նախագահությունը Վրաստանի նման փոքր երկրի համար միջազգային ասպարեզում ուշադրություն գրավելու մեծ հնարավորություն է. այդ մասին ասում էր Վրաստանի նախագահ Սալոմ Զուրաբիշվիլին: Մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերն ակտիվ արշավ սկսեցին, այդ թվում ՝ փողոցային գործողությունների՝ խոստանալով սկանդալ ստեղծել ռուսաստանյան պատվիրակության այցի դեպքում:

«Ի պատիվ Վրաստանի գործադիր իշխանության պետք է ասել, որ մինչև վերջին պահը փորձում էին իրենց քաղաքակիրթ կերպով պահել: Ե՛վ նախագահ Զուրաբիշվիլին, և՛ արտգործանախարար Զալկալիանին բառացիորեն մինչև վերջին պահն ընդգծում էին, որ Վրաստանը պարտավոր է կատարել իր միջազգային պարտավորությունները և ընդունել նախարարների հավաքը՝ ռուսաստանյան պատվիրակությանը հավուր պատշաճի ընդունելով: Ավելին՝ ՌԴ պատվիրակության այցի վերաբերյալ բանակցություններն ընթանում էին նույնիսկ անցյալ շաբաթվա ընթացքում. քննարկվում էր ոչ թե Լավրովի, այլ ԵՄ-ում ՌԴ դեսպան Վլադիմիր Չիժովի ներկայությունը, ինչը նախատեսված է ԵԽ կանոնակարգով: Չիժովը երբեք Աբխազիայում ու Հարավային Օսիայում չի եղել, և փոխզիջումը իրատեսական էր»,- նշում է պարբերականը:

Փետրվարի 14-ին Դավիթ Զալկալիանին պաշտոնապես հայտարարեց, որ նախարարական խորհրդաժողովը կանցկացվի Թբիլիսիում մայիսի 14-15-ը՝ ցանկացած հանգամանքներում և ռուսաստանյան պատվիրակության մասնակցությամբ: Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքեց տեղեկությունը, թե վրացական իշխանությունները հնարավոր է դիմեն ԵԽ-ին՝ խորհրդաժողովը Ստրասբուրգ տեղափոխելու խնդրանքով: «Մեր դիրքորոշումը հայտնի է՝ Վրաստանը, որպես նախագահող երկիր, գործելու է տվյալ կազմակերպության կանոններին ու ընթացակարգերին համապատասխան, որպեսզի ապահովի նախարարական խորհրդաժողովի անցկացումը համապատասխան մակարդակով: Մեզ համար ամենակարևորն այն է, որ երկրի շահերը կպաշտպանվեն: Ով և ինչպես կժամանի, այդ մասին դեռ վաղ է խոսել»,- ասում էր Զալկալիանին:

«Իսկ հիմա նա փոխում է իր դիրքորոշումը 180 աստիճանով, և պարզվում է, որ, այնուամենայնիվ, բանակցել է ԵԽ-ի հետ խորհրդաժողովը տեղափոխելու հարցով: «Նախադեպն» էլ, որը վկայակոչում էր Զալկալիանին, դեկտեմբերին Թբիլիսիում Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստի չեղարկումն էր, որին նույնպես պետք է մասնակցեր ՌԴ պատվիրակությունը՝ Պյոտր Տոլստոյի գլխավորությամբ: Այդ ժամանակ էլ վրացական կողմը կուլիսների հետևում դիմեց ԵԽ-ին և բացատրեց իր դիրքորոշումը՝ ՌԴ պատվիրակությանը չի ցանկանում և չի կարող համապատասխան կերպով ընդունել, ու հասավ այն բանին, որ խորհրդաժողովը տեղափոխվի Ստրասբուրգ:

Սակայն դրանք երկկողմանի հանդիպումներ չեն, այլ համաժողովներ, և Վրաստանը պարտավոր է ընդունել պատվիրակություններին: Պարզապես պարտավոր է: Դա դիվանագիտական փոխհարաբերությունների հարց է: Սակայն բանն այն է, որ վրացական կառավարությունն ի վիճակի չէ վերահսկել սեփական երկիրը, հետևաբար՝ իր միջազգային պարտավորությունները: Մենք գործ ունենք տարածքի հետ, որտեղ քաղաքական ակտիվությունը սահմանում են ռուսատյաց խմբերը, ինչը հաճախ հակասում է գործադիր իշխանության միջազգային ակտիվությանն ու հավակնություններին, ընդ որում ՝ ռուսատյացությունը ոչ թե ինչ-որ մարգինալ կուսակցությունների գործունեության դրսևորում է, այլ ազգային զգացմունքների ընդհանուր վիճակ»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Ռուսաստանը շահագրգռված էլ չէր, որ ԵԽ նախարարների խորհրդաժողովը հենց Թբիլիսիում անցկացվի: Դժվար թե Մոսկվայում ինչ-որ մեկը հետաքրքրված լինի Վրաստանի հետ հատուկ հարաբերություններով:

«Մեծ հաշվով՝ կարևոր չէ, թե որտեղ է այն անցկացվում, պարզապես Վրաստանը զարմանալիորեն դատարկ տեղում դարձյալ ցուցադրեց, որ ընդունակ չէ պայմանավորվածություններ պահպանել և կառավարել ռուսատյաց հիստերիան: Այդ երկրի ղեկավարը մեկ անգամ ևս հաստատեց, որ Վրաստանի հետ որևէ պայմանավորվածություն չկա և չի էլ կարող լինել: Եվ դա, ըստ երևույթին, ախտորոշում է»,- եզրափակում է «Վզգլյադը»:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica