close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով վարակի դեպք Հայաստանում չկա, իսկ Չինաստանում նոր դեպքերը նվազում են․ կառավարությունում ներկայացվեց պատկերը

Հասարակություն

27 Փետրվարի 2020, 13:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով վարակի դեպք Հայաստանում չկա, իսկ Չինաստանում նոր դեպքերը նվազում են․ կառավարությունում ներկայացվեց պատկերը

Հայաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված որևէ դեպք չունենք՝ ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով կորոնավիրուսից պաշտպանվելու և կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու իմաստով մեր տարածաշրջանում իրավիճակին։

Նա վստահեցրեց, որ այլ երկրներում կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը, միանշանակ, բուժվում է, շատերը՝ ինքնուրույն, առանց որևէ բժշկական օգնության։

Վարչապետ Փաշինյանին հետաքրքրեց․ «Այսինքն, դեպք կա, երբ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվի՝ թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի, անցնի՞»։

Այո՛, հաստատեց նախարարը՝ պարզաբանելով, որ սովորական փռշտացող մարդու մոտ կարող է հայտնաբերվել սովորական սեզոնային գրիպ կամ կորոնավիրուսով վարակվածություն և ևս մեկ անգամ հայտարարեց՝ Հայաստանում նման դեպք չկա։

Մինչև այժմ կասկածելի 95 դեպք հետազոտվել է, բոլորի մոտ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը։ Հետազոտության համար անհրաժեշտ 850 տեստ ունենք, ևս 3000-ը՝ շուտով կստանանք։

Կորոնավիրուսով վարակի՝ Վրաստանում հայտնաբերված 1 դեպքի մասին ՀՀ առողջապահության նախարարը հեռախոսով խոսել է այնտեղի իր գործընկերոջ հետ։ Պարզել է, որ հիվանդի հետ շփված անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց նրանք 2 շաբաթով մեկուսացվել են՝ ստուգելու վարակակի՞ր են, թե՞ առողջ։

Վարչապետ Փաշինյանը էական համարեց արձանագրել, որ կորոնավիրուսով այդ հիվանդը Իրանից Ադրբեջանի տարածքով է գնացել Վրաստան։

«Այսինքն, լոկալ վարակի դեպք չկա, բերովի է և լավ միջոցառումների դեպքում հնարավոր է չտարածվի»,-ասաց նա։

Իրանից ուղևորահոսքերը սահմանափակելուց հետո թույլատրվել է Հայաստան վերադառնալ միայն 52 մեր հայրենակիցներին։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը գնացել է Իրան և ինքնաթիռով նրանց ուղեկցել մինչև Հայաստան։ Նախարարն ասաց՝ ստուգել է և համոզվել, որ բոլորն առողջ են։

«Շատերն ասում են՝ զննումը բավարար չէ, բայց այլ՝ ավելի էֆեկտիվ միջոցառումներ պարզապես չկան։ Ջերմաչափումը և զննումը առավելագույնն են, որ հնարավոր է կատարել նման հիվանդությամբ վարակվածությունը պարզելու համար»,-ասաց նախարարը։

Վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ ԻԻՀ գործընկերների կողմից ձեռնարկվող միջոցառումները շատ արդյունավետ կլինեն և մենք հնարավորություն կունենանք օր առաջ Իրանի հետ մեր բնականոն հաղորդակցությունը վերականգնել։

Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող հանձնաժողով է ստեղծվել՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ։

«Բացի նրանից, որ հետազոտում է իրականացվում, նաև հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են մուտք գործում ՀՀ և օրական ռեժիմով պոլիկլինիկայի աշխատակիցները կապի մեջ են լինում այդ անձանց հետ, որովհետև կա որոշակի ինկուբացիոն շրջան»,-հավելեց Տիգրան Ավինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ եթե, այնուամենայնիվ, կորոնավիրուսը ներթափանցի Հայաստան, կան նախապատարստված հատուկ վայրեր, որտեղ կարանտին և բուժում կարող է իրականացվել․ «Կանխարգելիչ բոլոր միջոցառումները պատշաճ իրականացված են, նույնիսկ շատ ավելի որակյալ, քան որոշ զարգացած երկրներում»։

Առողջապահության նախարարը, իբրեև կանխարգելիչ միջոցառում, խորհուրդ տվեց խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից, հազացող, փռշատցող մարդկանցից, պահպանել անձնական հիգիենայի միջոցները՝ ձեռքերը լվանալ․ «Դրանք կանխարգելման ամենաէֆեկտիվ միջոցներն են և ես կրկին կոչ եմ անում հետևել դրանց՝ հատկապես հաշվի առնելով այս նոր տեսակի վիրուսի շրջանառությունը ամբողջ աշխահում»։

Վարչապետը այս առիթով հիշեց, որ հայկական արտադրության ալկոգելեր կան՝ հակասեպտիկ միջոցներ․ «Մանավանդ որ, մյուսներից  հաճելի հոտ չի գալիս, իսկ հայկականներից ընդհանրապես հոտ չի գալիս»։

Նախարարը տեղեկացրեց, որ վերջին 2 օրում Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք բոլորը ոստիկանության և հակահամաճարակային ուժերի կողմից ուղեկվել են, սահմանվել են հատուկ կետեր և մաքսային պահեստներ, որտեղ դատարկվել են և վերադարձել։

«Պրակտիկորեն հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի։ Չնայած որ, այն համարվելով ռեսպիրատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում, օրինակ, սեզոնային գրիպի H1N1 շտամից, որն ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում»,-ասաց Արսեն Թորոսյանը։

ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ Չինաստանում վարակվածների դինամիկայի անկում կա․ «Պեկինում մեր դեսպանության տվյալներով՝ տագնապի մակարդակը բացի Ուհան քաղաքից և համապատասխան նահանգից մեկ մակարդակով իջեցրել են։ Չինաստանի կառավարության իրականացրած միջոցառումներն արդեն արդյունք են տալիս»։

Վարչապետը հանձնարարեց զգոնությունը չթուլացնել և վստահեցրեց, որ որևէ ինֆոևմացիա հանրությունից չեն թաքցնելու․ «Հայաստնաի քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է այդպիսի դեպք։ Որովհետև ես գիտեմ՝ նման դեպքերում խուճապ տարածելու սիրահարները ակտիվանում են։ Բացառվում է, որ լինի տեղեկատվություն և Հայաստանի կառավարությունն այդ տեղեկատվությունը հանրությունից թաքցնի։ Այդպիսի բան ուղղակի ի բնե չի կարող լինել։ Ես հույս ունեմ, որ որևէ բան հաստատված չենք ունենա»։

Նա կոչ արեց, որ բոլորն իրենց առօրյա կյանքով ապրեն, իսկ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը շարունակի աշխատել։

Նշենք, որ Yerkir.am-ը ամենօրյա ռեժիմով տեղեկացնում է կոնովիրուսի տարածման դինամիկայի մասին։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica