close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մեր թշնամիները Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս են». Հակոբ Տեր-Խաչատուրյան

Արցախ

26 Փետրվարի 2020, 20:21
 «Մեր թշնամիները Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս են». Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը ՀՅԴ 130-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը.

«Գերաշնորհ և սիրելի Սրբազան հայր, հարգարժան հյուրեր, հայրենակիցներ, ընկերներ

Հայ Հեղափոխական Դաշնակցության 130-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկը սկսում ենք ազատագրված Արցախից: Առհասարակ,  ՀՅԴ 130-ամյակը նշելը  ոչ միայն տոնակատարություն է,  այլ նաև հաշվետվության առիթ ժողովրդի առջև: Դաշնակցությունը հույսի ու նվիրումի կազմակերպություն է՝  հայոց ազատատենչ ու առնական ոգին մարմնացնող, հայ ժողովրդի տեսլականը քայլ առ քայլ իրականացնող, հայոց պետականության հիմքերն  ամրապնդող, Արցախի հիմնահարցն անխոնջ հետապնդող, ինչպես նաև  Ջավախքի ու Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները շեշտադրող: Մի խոսքով,  հայ ժողովրդի վառ ապագայի հույսը հունավորողն է մեծ ու աննահանջ մարտնչող այս կառույցը:

Պետականության առկայության ու բացակայության հանգրվաններում՝  իր 130-ամյա պատմության ընթացքում ՀՅԴ-ն  լծված է հայ ժողովրդին ծառայելու գործին՝ միշտ կարևորելով գործը ռոստոմյան վճռականությամբ, միշտ անսալով քրիստափորյան հարատև կռվի պատգամին և միշտ կառչելով զավարյանական  բարոյական հանգանակին, ու ամուր  գաղափարական միատեսակության կողքին՝ նաև վարչական ապակենտրոնացման նրա համոզմունքին: Սկզբունքներ,  որոնք այսօր էլ թարմ ու այժմեական  են:

Հայաստանի վերանկախացումից ու Արցախի ազատագրումից հետո բազմապատկվել են մեր գործունեության դաշտն ու ծրագրերը: Իր աշխարհասփյուռ համահայկական կառույցով ՀՅԴ-ն պարտավոր է աջակցել իր հայրենիքի ու հայության բազմաթիվ կարիքների լուծմանը: Բայց որպես պատասխանատու և լուրջ կազմակերպություն՝ այն շարունակաբար ճշտում և այժմեականացնում է իր առաջնահերթությունները, որոնցից յուրաքանչյուր տարվա համար ընտրվում են էականները: Դրանց իրագործման համար տրամադրվում են մեր կազմակերպության տրամադրության տակ գտնվող նյութական աղբյուրներն ու մարդկային ներուժը: Այդ տարեկան առաջնահերթություններն անպայմանորեն և առնվազն  պետք է ներառեն Հայաստանը, Արցախը,  Սփյուռքը և Հայ Դատը: Մնացյալները ճշտվում են ըստ ծրագրերի և ժողովների որոշումների: Հայաստանի պարագայում՝ բնական է, որ համահայկական մեր հստակ նպատակը՝ ինչպես անցյալում, նաև այսօր,  պետականության  հիմքերի  ամրապնդումն է՝ օժանդակելով կաշառակերության դեմ պայքարին, մտածված ու ոչ կործանարար փոփոխություններին, որպեսզի անցնցում մնա մեր հայրենիքը, իսկ մեր ժողովուրդը՝  ազատ, անվտանգ ու իրեն հատուկ ստեղծարար ոգով, անխափան ծաղկեցնի հայրենիքը:

Այդ հայրենիքը, մեր պատկերացմամբ, պետք է ունենա իսկական ժողովրդավարական դիմագիծ, իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի լրիվ տարանջատում  ու  փոխադարձ հակակշռում, ազգային գաղափարախոսական պինդ հենարան, կարծիքների այլազանության քաջալերում և առողջ կառուցողական բանավեճի հնարավորություն, համերաշխություն՝ նաև առանց բաժանարար կեղծ գծերի պարտադրանքի, ընկերային արդարություն և տնտեսական հնարավորության ընձեռում ժողովրդի  բոլոր շերտերին:

Բարկացկոտ ու  հեղափոխության պիտակի տակ ներքին պառակտումների տանող քաղաքականությունը պետք է փոխարինվի հայրենի ժողովրդի և համազգային մակարդակով միասնականություն ստեղծելու միտումով, որպեսզի համախմբված ճիգերով դիմագրավենք Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերներին: Բնականաբար, մեր կազմակերպությունը հայրենիքում լծված է նաև առօրյա քաղաքական աշխատանքին, և որպես արտախորհրդարանական ուժ՝  իր աշխատանքները ծավալում է մասնագիտական ոլորտային հանձնախմբերի ձևաչափով, որպեսզի կառավարական տարբեր ծրագրերի այլընտրանքներ ներկայացնի: Ինչպես անցյալում, այսօր ևս՝ ճշտին ասելու ենք ճիշտ, իսկ սխալի պարագայում՝ ոչ միայն սխալ,  այլ նաև ներկայացնելու ենք այլընտրանքներ՝  որպես նոր հունավորվող ուղիներ մեր անելիքների և գաղափարների մասին: ՀՅԴ-ի համար Հայաստանում երիտասարդության ներգրավումը,՝մտավորականության համախմբումը, ժողովրդի մեջ համերաշխության ու իսկական հանդուրժողականության ստեղծումն առաջնահերթություններ են, որովհետև Հայաստանի մեջ մենք թշնամի չունենք: Մեր թշնամիները Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս են: Դրա համար անհրաժեշտ է, որ այս հանգրվանում, երբ այդքան նոսրացած են նյութական միջոցներն ու մարդկային ներուժը՝ համախմբվել, որպեսզի կարողանանք ազգովի բռունցքվել:

Շուտով մենք նշելու ենք նաև մեր հիմնադիրներից՝ Քրիստափոր Միքայելյանի մահվան  115-րդ տարելիցը:  Ինչպես շատերդ տեղյակ եք՝ նա հանգչում է Բուլղարիայում, որտեղ և նահատակվեց իր գործի ճամփին: Մենք պատրաստվում ենք համահայկական միջոցառմամբ նշել՝ այցելելով նրա շիրիմին: Այդ շրջանակում՝ Բուլղարիայում նաև տեղի կունենա միջազգային գիտաժողով: Արցախի պարագայում՝ մեզ համար հոգեկան մեծ հրճվանք է՝ գտնվելու  այս մայր հողի վրա, որովհետև Արցախը մեր հարազատ տունն է ՝ անկախ նրանից, թե որտեղ  ենք բնակվում,  անկախ նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը որտեղ է գործում: Ուրախ եմ ասելու, որ Արցախի պարագայում մենք իշխանության հետ ունենք ամբողջական գործակցություն տասնամյակից ավելի, ներկա իշխանության տարբեր օղակների հետ բեղուն գործունեություն ենք ծավալել՝ ի շահ մեր ժողովրդի և ի սպաս Արցախի Դատի: Բնական է, որ այդ առումով անելիքների  հիմնական կողմը մեր կենտրոնացումն է Արցախի անվտանգության ապահովման, ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու տնտեսական զարգացման խնդիրների վրա: Վկա՝  անցած տարվա հոկտեմբերին Արցախի բարեկամների խորհրդաժողովը, որը համախմբեց ավելի քան 150 օտարազգի քաղաքական, մտավորական գործիչների ու լրագրողների, որոնք եկան Ստեփանակերտ՝ հակառակ Ադրբեջանի ամեն տեսակ սպառնալիքների:  Խորհրդաժողովին հայտարարվեց Արցախի օտարազգի  բարեկամների  նոր ցանցի ստեղծման մասին:  Այդ ցանցն օրեցօր աճում է, և արդեն համախմբում է շուրջ 200 մարդու:

Արցախի համար մենք շարունակական նախաձեռնություններ ունենք: Բնականաբար, առաջիկա ամսվա ընթացքում հիմնական աշխատանքը կապված է Արցախի ընտրությունների հետ: ՀՅԴ-ն հայտարարել է, որ մասնակցելու է իր թեկնածուով՝ հանձինս ընկեր Դավիթ Իշխանյանի, նաև շեշտել է այդ  ընտրությունների՝ ամբողջովին արդար, թափանցիկ  և անցնում անցկացնելու  անհրաժեշտությունը: Որպես համահայկական կազմակերպություն՝ մենք պետք է լինենք այդ նպատակակետերի  իրագործման  համար երաշխիքներ  տրամադրող: Սփյուռքի պարագայում՝ լավ գիտեք, որ ՀՅԴ-ն ունի պետականակերպ դերակատարություն ներհամայնքային կյանքում: Իր ուղեկից կազմակերպություններով այն մեր համայնքներին մատուցում  է բազմատեսակ  ծառայություններ՝ մանավանդ շեշտադրելով  հայապահպանման, իսկ վերջին տարիներին՝ նաև հայակերտման անհրաժեշտությունը:

Հայակերտում ասելով, մենք  հասկանում ենք՝ հայության պահպանումից բացի, Սփյուռքի՝ ձուլման վտանգի ենթադրված տարբեր բաղադրիչ մասերի վերադարձը հայությանը:  Խնդիրը  ներառում է  և  տարբեր երկրներում ձուլման վտանգված  համայնքների, և Արևմտահայաստանի թաքուն հայերի հարցերը:  Հոյակապ գաղափար, որի իրագործմանը լծված է ՀՅԴ-ն: Մենք նաև հայտարարել ենք, որ հանձնառու Սփյուռքը հզոր հայրենիքի գրավականն է: Ամուր հավատում ենք այդ տեսլականին, նաև պնդում, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հանձնառու հայ իր ուշադրությունն ու կիզակետը  դարձնի հայրենիքին՝ Հայաստանին ու Արցախին: Բնականաբար, այնտեղ նույնպես անհրաժեշտություն է զգացվում շարունակական այժմեականացման և թարմացման:  Այդ ուղղությամբ ՀՅԴ-ն  այլ համահայկական կառույցների հետ  պիտի ձեռնարկի սփյուռքահայության խորհրդաժողով՝  հավանաբար առաջիկա ամռանը: Ինչ վերաբերում է Հայ Դատին,  ապա մեր խորհրդաժողովի  այս երկու օրերի ընթացքում այդ բավականին խոսվել է:  Պետք է նշեմ, որ մենք պիտի շարունակենք աշխատել 4 ուղղություններով. 

  1. Նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը՝ որպես հիմնական առաքելություն:
  2. Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության խնդիր:
  3. Հայապատկան հողերի վրա ապրող հայությանը, այդ թվում՝ նաև Ջավախքի մեր քույրերին ու եղբայրներին  օժանդակություն, որպեսզի հարգվեն ու զարգանան նրանց անհատական ու հավաքական իրավունքները:
  4. Հայ Դատի պայքարին մեր ժողովրդի՝  մանավանդ երիտասարդության ներգրավման աստիճանի բարձրացում:

Սիրելի հայրենակիցներ, ՀՅԴ-ն ունի հարուստ ավանդույթներ, որոնց էական մասը մնում է անփոփոխ, իսկ ռազմավարությունն ու մարտավարությունը միշտ հարմարեցվում են ժամանակների պահանջներին: Դա է մեր գոյատևման ու երկարակեցության գաղտնիքը: ՀՅԴ-ն նպատակասլաց կազմակերպություն է, որն իր առաքելությունն իրագործում է հավաքական ղեկավարությամբ և գաղափարական ամուր հենքով: ՀՅԴ-ն քաջ գիտակցում է, որ երբ տիրական անձն է կենտրոնացած ձևով ուժի կուտակում ապահովողն ու քաղաքականություն թելադրողը, տուժում է ամբողջ կառույցը: Ուստի, ժամանակի ընթացքում անձի հետ կվերանա նաև իր ղեկավարած կառույցը: Իսկ երբ հավաքական է ղեկավարությունը, համոզիչ և նույնիսկ վարակիչ է գաղափարախոսությունը և, միաժամանակ, երկաթյա կարգապահություն ունեն նրա շարքերը, ապա այդ կազմակերպությունը կմնա ամուր՝ պարբերաբար վերանորոգվող ու նոր սերունդներ ներգրավող: ՀՅԴ-ն առաջնորդվում է այս վերջին տարբերակով: Այս է պարզ ու ջինջ իրողությունը, որքան էլ լուրջ, թե կեղծ վերլուծաբաններ փորձեն տարբեր ժամանակաշրջաններում անհիմն ու շինծու որակումներ տալ: Մենք աներեր քայլելու ենք այն ճանապարհով, որ գծել է մեր ծրագիրը՝ հստակ առաջադրանքներով, մեր ընդհանուր ժողովները՝ արտացոլելով համաշխարհային կառույցների  լիազոր պատգամավորների հավաքական կամքը, և մեր գործադիր մարմինների որոշումները՝ միշտ շոշափելով  մեր շարքերի բազկերակը և որոնելով արդիական մոտեցումներ հին ու նոր մարտահրավերների դիմագրավման համար: Մենք անվարան սպասարկելու ենք մեր հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի և ազգի շահերը՝ աներեր հավատով, բարձր բարոյականությամբ ու ամբողջական նվիրումով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica