close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շենգենը երբեք այդքան մոտ չի եղել տապալմանը, պատճառը «21-րդ դարի ժանտախտն» է

Աշխարհ

26 Փետրվարի 2020, 13:11
 Շենգենը երբեք այդքան մոտ չի եղել տապալմանը, պատճառը «21-րդ դարի ժանտախտն» է

Բրյուսելը մտահոգվում է՝ COVID-19 կորոնավիրուսի տարածումը կհանգեցնի 1995-ին Շենգենյան գոտու ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ պատմության մեջ առաջին՝ սահմանների փակմանը:

Սահմանային վերահսկողությունը եվրոպական երկրների տարածքում, որոնք ստորագրել են սահմանի անարգել հատման մասին համաձայնագիրը, երբեմն ժամանակավորապես գործում է՝ հասարակական անվտանգության նկատառումներով  (ահաբեկչությունների պատճառով) կամ որոշ երկրներում դարձել է համարյա մշտական 2015-ի միգրացիոն ճգնաժամից հետո, սակայն երբեք մարդկանց ազատ տեղաշարժը չի սահմանափակվել համաճարակը կանգնեցնելու նպատակով. ըստ yerkir.am-ի՝ գրում է EADaily-ն:

Փակե՞լ, թե՞ չփակել՝ ահա հարցը

«Ուհանի թոքաբորբը», այնուամենայնիվ, Չինաստանից հասավ Եվրոպա և արագորեն տարածվում է Իտալիայում: Եվրաիշխանությունը մի ծայրահեղությունից մյուսն է ընկնում. մի շաբաթ առաջ ԵՄ քաղաքացիներին համոզում էին, թե ամեն ինչ վերահսկվում է, ամեն ինչ լավ է, ոչ մի փակ սահման, իսկ երկուշաբթի Բրյուսելում խորհրդակցություն անցկացվեց, որին հաջորդած մամուլի ասուլիսում ԵՄ առողջապահության և սննդի անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ստելա Կիրիակիդիսը մշուշոտ ակնարկներ արեց ԵՄ-ի ներսում սահմանների փակման մասին:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հրահանգել Եվրոպա այցերի սահմանափակումներ մտցնել»,- նշել էր նա և փոքր-ինչ լռելուց հետո հավելել. «Ցանկացած սահմանափակում պետք է լինի համաչափ և համաձայնեցված ԵՄ պետությունների միջև»:

Մինչ ԵՄ երկրների մեծ մասում սպասում էին բացատրությունների, թե, այդուհանդերձ, ինչ նկատի ուներ եվրահանձնակատարը, իսպանական El País պարբերականը, դույզն-ինչ չկասկածելով իր եզրակացությունների ճշմարտացիության մեջ, գրել է՝ եթե «իտալական ողբերգությունը» մի քիչ էլ շարունակվի, սահմանները հաստատ կփակվեն, նախ՝ Իտալիայի հետ, հետո նաև՝ մյուսները:

«Ստելա Կիրիակիդիսը պնդում է, որ ուշադիր հետևում է Իտալիայում իրավիճակի զարգացմանը, գովաբանում է երկրի իշխանություններին արագ արձագանքման ու գործողությունների թափանցիկության համար»,- գրում է իսպանական թերթը:

Սակայն թափանցիկությունն ու արագությունը դեղամիջոց չեն, դրանցով վիրուսից չես պաշտպանվի: Եվ գուցե հենց իտալացիների թափանցիկ գործողությունների շնորհիվ կարելի է արագությամբ հիվանդության դեմն առնել ու կանխել «21-րդ դարի ժանտախտի» տարածումը Եվրոպայում՝ փակելով սահմանները:

Շենգենյան կանոնները թույլ են տալիս կառավարություններին՝ միակողմանիորեն վերականգնել վերահսկողությունը սահմաններին այն դեպքերում, երբ անմիջական վտանգ կա: Կայացված որոշման մասին հարկ է տեղեկացնել ԵՄ մյուս երկրներին ու Եվրահանձնաժողովին: Որոշումն ուժի մեջ է մտնում նախ 10 օրով, հետո թույլատրվում է երկարաձգել մինչև 2 ամիս:

«ԵՄ գործընկերների միջև վստահությունը նվազագույն մակարդակում է մեկ տասնամյակ շարունակ միմյանց հաջորդող ճգնաժամերից հետո (տնտեսական, միգրացիոն, ջիհադական), և շղթայական ռեակցիայի ռիսկը մեծանում է ամեն պահի»,- գրում է El País-ը:

Անվստահությունն արդեն 2015-ին պատճառ դարձավ ԵՄ մի քանի երկրների միջև սահմանների փակմանը: Թեև Եվրահանձնաժողովը կրկնում է, որ նման միջոցառումների անհրաժեշտություն չկա, դեռևս վերահսկողություն կա Ավստրիայի՝ Հունգարիայի ու Սլովենիայի հետ, Գերմանիայի ու Ավստրիայի, Դանիայի՝ Գերմանիայի և Շվեդիայի հետ սահմաններին, Նորվեգիայի՝ Դանիայի հետ լաստանավային հաղորդակցության ժամանակ: Ֆրանսիան է վերահսկողություն սահմանել իր բոլոր սահմաններին ահաբեկչական վտանգի պատճառով: Եվ Բրյուսելը երկյուղում է, որ սանիտարական խուճապը նոր հարված կլինի Շենգենյան գոտուն: Իտալիայում համաճարակի տարածումը կարող է վախի զգացում առաջացնել ու պարտադրել սահմանափակումներ մտցնել ոչ միայն Իտալիայի հարևաններին՝ Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա և Սլովենիա: Այդ երկրներից ցանկացածում սահմանային վերահսկողության հաստատումը կարող է ստիպել մյուսներին՝ նման միջոցառումներ կիրառել:

Ով պետք է անի առաջին քայլը

Մինչ օրս ԵՄ ոչ մի երկիր «բժշկական ցուցանիշներով» սահմանային վերահսկողություն չի սահմանել, սակայն Կիրիակիդիսի գերատեսչության աղբյուրները խոստովանում են, որ «վարկածը թափ է հավաքում», և հնարավոր է մոտ ժամանակներս որևէ երկիր այդ քայլին դիմի: Բրյուսելը Սեբաստիան Կուրցի ղեկավարած ավստրիական կառավարությանն է համարում նման միջոցառումների ձեռնարկման հիմնական թեկնածու:

«Չեմ կարծում, թե դա լավ գաղափար է՝ մեկուսացնել երկրները միմյանցից: Պետք է հայտնաբերել դեպքերն ու արագ մեկուսացնել նրանց: Դա է լավագույն որոշումը: Այդպես մենք ժամանակ կշահենք, որի ընթացքում էլ հնարավոր է հայտնաբերվի պատվաստանյութը»,- ասում է Բելգիայում կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոններից մեկի՝ Լևենի համալսարանական հոսպիտալի վարակաբան Մարկ վան Ռաստը:

Վարակաբանին լսել են, ու արդեն միջոցներ կիրառվում են, բայց ոչ այնպիսի, ինչպիսին նա առաջարկում է: Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ավստրիան մերժել է Վենետիկից Մյուխեն գնացող գնացքի մուտքը երկիր: Իտալացի օպերատորին հայտնել են, թե «տեղեկություն կա, որ ուղևորներից երկուսը հիվանդ են «ուհանյան թոքաբորբով»»: Երեք ժամ մնալով միջսահմանային գոտում (այդ ընթացում ստուգել են ուղևորների առողջական վիճակը)՝ գնացքն, այնուամենայնիվ, մեկնել է Մյունխեն:

Ռումինիան է անցած կիրակի որոշում կայացրել 14-օրյա կարանտին սահմանել իտալական Լոմբարդիա և Վենետո շրջաններից ժամանողների համար: Բուխարեստի օդանավակայանում  ինքնաթիռների ուղևորները բժշկական թերթիկ են լրացնում: Կասկածելի պատասխաններ տվածները պարտավոր են կարանտինում լինել իրենց տանը:

Խորվաթիան դադարեցրել է դպրոցականների զբոսաշրջային այցերն Իտալիա:

Իտալիայի նախկին փոխվարչապետ, երկրի ամենահեղինակավոր «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կոչ է արել Ջուզեպե Կոնտեի կառավարությանը՝ «փակել սահմանները», ընդ որում՝ որպեսզի «նոր վարակը չմտնի դրսից Իտալիա»:

Նույնատիպ առաջարկով ֆրանսիական իշխանություններին է դիմել ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը:

Վերոհիշյալ բելգիացի վարակաբանը հանգստացնում է՝ եղանակը կտաքանա, ու կորոնավիրուսը սովորական գրիպի նման կնահանջի: Սակայն նրան հակադարձում են՝ մինչև տաք եղանակը դեռ մի քանի ամիս կա,  թող ամեն մեկն իր վարակի դեմ պայքարի ու մեր տուն այն չբերի:

ԵՄ ղեկավարությունն ամեն կերպ փորձում է համոզել դաշինքի երկրներին՝ չփակվել, քանի որ դա զգալի հարկված կլինի հարավեվրոպական երկրների տնտեսությունների կարևոր ճյուղին՝ զբոսաշրջությանը, իսկ չստացված եկամուտները փոխհատուցելու բեռը Բրյուսելի վրա է: Չնախատեսված ծախսերն էլ ծանր կնստեն բյուջեի վրա, որի ձևավորման շուրջ ԵՄ երկրները չեն կարողանում վերջնական պայմանավորվածության գալ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica