close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարեն ու աղքատություն․ իշխանություններին միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում. Արա Գալոյան

Տնտեսական

26 Փետրվարի 2020, 12:43
 Պարեն ու աղքատություն․ իշխանություններին միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում. Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, անդրադառնալով տնտեսական վիճակագրությանը, իր հոդվածում մանրամասնել է, որ իշխանություններին միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում և փորձում են չնկատել «ոչ նպաստավոր» վիճակագրություն արձանագրող տվյալները. հայտնում է Yerkir.am-ը:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Իշխանությունների վերաբերմունքը տնտեսական վիճակագրության նկատմամբ հասկանալի է: Նրանց միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում: Հետևաբար փորձում են չտեսնելու տալ «ոչ նպաստավոր» վիճակագրություն ամփոփող հրապարակումները:

Դրանցից մեկը, օրինակ, «Պարենային ապահովություն և աղքատություն. 2019 թ․ հունվար-դեկտեմբեր» ամփոփագիրն է: Վերնագրից իսկ հասկանալի է, որ այն իր մեջ կարող է պարունակել տվյալներ, որ հակասության մեջ են իշխանությունների տնտեսական պատկերացումների հետ: Ուստի պարզապես թվարկենք այն տվյալները, որոնք մեր իշխանությունները կգերադասեն չնկատելու տալ:

Նախ ճշտենք` վերնագրում նշվող 2019 տարեթիվը մի փոքր չափազանցություն է: Վիճակագրական տարեգրերի տվյալների մեծ մասը ամփոփված է 2018-ի թվերով: 2019-ի մասին այս հաշվետվությունում կարելի է ընդգծել, որ մեր արտաքին առևտուրը աննախադեպ էր: Պատմական իմաստով աննախադեպ էր գրանցած բացասական հաշվեկշռի ծավալ-չափով: Արտաքին առևտրում հաշվեկշիռը բացասական է անվանվում, երբ ներմուծումները գերազանցում են արտահանումներին: Մեր պատմության ողջ ընթացքում այս հաշվեկշիռը բացասական է եղել: Անցած տարի բացասական հաշվեկշիռը կազմել է 2 873.5 մլն դոլար, որ երբևէ արձանագրված ամենամեծ տարբերությունն է:

Հետաքրքիր մեկ փաստ` վերջին 2 տարում մեր գյուղատնտեսությունը կրճատվում է: Մինչդեռ արտահանումների մեջ ավելանում է սննդամթերքի մասնաբաժինը: 2019-ին սննդամթերքի կշիռն արտահանման ծավալում 30 տոկոս էր՝ 2018-ի 29 տոկոսի դիմաց:

 

Այս փաստաթղթի գործազրկության մասին տվյալը մեր իշխանությունները բազմիցս ցիտել են:

2017-ին գործազրկության միջին տարեկան գործակիցը 20.8 տոկոս էր, 2018-ինը` 20.5 տոկոս: Բայց երբեք չեն նշի, որ գործազրկության միջին մակարդակից բարձր ցուցանիշով առաջինը Տավուշի մարզն է` 30.3 տոկոս, ապա Երևանը` 27.4, Կոտայքի մարզը` 25.5, Շիրակի մարզը` 22.9 և Վայոց ձորի մարզը՝ 21.8 տոկոս:

Ամփոփագիրը հայտարարում է, որ 2019-ին միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ: Այնուհետև նշվում է, որ միայն Սյունիքի մարզում և մայրաքաղաքում է միջին աշխատավարձը գերազանցում հանրապետական միջին ցուցանիշը` 266,8 հազար և 201.5 հազար դրամ համապատասխանաբար: Աշխատավարձի չափով երրորդը Արարատի մարզն է` 168 հազար դրամ, որ արդեն պակաս է միջին հանրապետականից: Մյուս մարզերում ավելի ցածր է։

Մյուս տվյալները, որով մեր իշխանությունները չեն հպարտանա, վերաբերում են կրթության ոլորտին: Տարրական դասարաններում ընդգրկված է այդ տարիքի երեխաների 91.1 տոկոսը (2015թ․ այդ ցուցանիշը 91.6 էր): Իսկ հանրակրթության համակարգում ընդգրկված երեխաների քանակը կազմել է 83 տոկոս (2015-ի 86.4 տոկոսի փոխարեն): Այս թվերի կողքին կարելի է տեսնել, որ միանվագ օգնություն ստացող ընտանիքների քանակը մոտ 11.1 հազար է (2015-ին մոտ 15.8 հազար ընտանիք էր):

Պարենային ապահովության և աղքատության մակարդակը նկարագրող հաշվետվության մեջ, բնականաբար, բազմաշերտ տվյալներ կան: Այստեղ կան տվյալներ այն մասին, որ աղքատության մակարդակը նվազում է` 2018-ին կազմել է 23.5 տոկոս (2017-ին 25.7 էր), և աղքատության կրճատման տեմպը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին:

Հետաքրքիր են նաև թույլատրված ծառահատումների մասին տվյալները: 2015-ին ծառահատումներ թույլատրվել են 1501 հա տարածքի վրա, 2016-ին` 1940, 2017-ին` 2010, 2018-ին` 2015: Վիճակագրությունը նաև անողոքաբար հրապարակում է, որ 2016-ին ապօրինի հատվել է մոտ 2.2 հազար ծառ, 2017-ին` 30,7 հազար ծառ, իսկ 2018-ին` 12.8 հազար: Սրան զուգահեռ բերվում են տվյալներ, թե անտառվերականգման նպատակով քանի տնկի է արտադրվել ու տնկվել: 2017-ին արտադրվել է 44.2 հազար տնկի, իսկ 2018-ին ընդամենը 12 հազար 821 տնկի (hիշո՞ւմ եք, թե քանի ծառ են խոստանում տնկել մեր իշխանություններն անցյալ և ապագա ծառատունկների բանավոր ծրագրերում: Եթե հիշում եք, ապա պատկերացրեք, թե ինչ բարդ է լինելու վիճակագիրների համար այդ թվերը գրավոր հաշվետվության մեջ տեղադրելու համար)»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica