close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևները Վատիկանում են. հայերը վրդովված են, վրացիները դեռ լռում են. Regnum

Քաղաքական

25 Փետրվարի 2020, 14:14
 Ալիևները Վատիկանում են. հայերը վրդովված են, վրացիները դեռ լռում են. Regnum

Yerkir.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Regnum լրատվական գործակալության եկեղեցական-քաղաքական բաժնի ղեկավար-խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկիի հոդվածը: Հեղինակն աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա, «Ռոսիյսկայա գազետա», «Վեկ», «Ռոսիյսկիե վեստի» թերթերում, նաև՝ «Պերվի կանալ» ու «Զվեզդա» հեռուստաալիքների վերլուծական բաժիններում: Մասնագիտացումը՝ Վատիկան և Կաթոլիկ եկեղեցի, նաև Մերձավոր Արևելքի ու Անդրկովկասի եկեղեցիներ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ անցած հանգստյան օրերին Վատիկանում էր: Նրանց ընդունել են Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սուրբ աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը և Սուրբ աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Գալահերը: Սուրբ աթոռի Կնիքի դահլիճի պաշտոնական հաղորդության համաձայն՝ զրույցի ընթացքում «կողմերը բավարարվածություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ, մասնավորապես՝ մշակութային ոլորտում, նաև բարձր են գնահատել Կաթոլիկ եկեղեցու գործունեությունը երկրում»: Պետքարտուղարությունում հանդիպման ժամանակ քննարկվել են «տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվել միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը՝ ի շահ տարբեր կրոնական ու էթնիկ խմբերի խաղաղ համակեցության»:

Այսպես է տեսնում Սուրբ աթոռը վատիկանա-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը: Փոքր-ինչ այլ կերպ է այն պատկերացնում Բաքուն: Մեկնաբանելով Ալիևների այցը Վատիկան՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը նշել է, թե դա «Ադրբեջանի վաստակի բարձր գնահատականն» է, հատկապես «նշանակալի է այն փաստը, որ Հռոմի պապը առանձնակի նշել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գործունեությունը միջքաղաքակրթական և միջմշակութային երկխոսության ոլորտում» (Հռոմի պապը Ալիևային պարգևատրել է Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչի շքանշանով - Yerkir.am): Հավանորեն, սա ոչ միայն տուրք է արևելյան ավանդույթներին, այլ նաև ներքին լսարանին ուղղված ակնարկ, որ Մեհրիբան Ալիևայի քաղաքական հեղինակությունը հետագայում ամրապնդվելու է:

Կա նաև այլ բան. Ադրբեջանի նախագահի կայքը տեղեկացնում է, որ կարդինալ Պարոլինի հետ հանդիպման ժամանակ Ալիևը «եւս մեկ անգամ ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումը՝ կապված հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանը ապակառուցողական քաղաքականություն է վարում տարածաշրջանում: Մեր պետության ղեկավարը նշել է, որ ներկայումս հայկական կողմը հանդես է գալիս հակասական հայտարարություններով, որոնք վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Նա ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և Հելսինկյան եզրափակիչ ակտին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության  շրջանակում»:  Իհարկե, թե ինչպես է արձագանքել Վատիկանի պետքարտուղարը, սրանից հասկանալ հնարավոր չէ:

Բաքուն Անդրկովկասում միակը չէ, որ Վատիկանում խաղարկում է տարածքային ամբողջականության խաղաքարտը: Սուրբ աթոռի հետ հարաբերություններում այդ հարցը մշտապես բարձրացնում է նաև Թբիլիսին: Այսպես՝ 2019-ի դեկտեմբերի վերջին երեք օրով Թբիլիսի էր այցելել պետքարտուղար Պարոլինը: Դա նրա առաջին այցն էր, նա հանդիպումներ էր ունեցել երկրի ղեկավարության և Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականության հետ: Կարդինալին, ըստ վրացական ԶԼՄ-ների, տարել էին «վարչական սահմանի մոտ, որը Ցխինվալի շրջանն առանձնացնում է  Վրաստանի մնացած մասից»: Կարդինալին ուղեկցող՝ Վրաստանի քաղաքացիական իրավահավասարության և հաշտության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել էր. «Նրա այցն այստեղ ևս մեկ անգամ արտահայտում է Սուրբ աթոռի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:

Նույնը տեղի էր ունեցել ավելի վաղ՝ 2018-ի հոկտեմբերին, արքեպիսկոպոս Գալահերի այցի ժամանակ, որից հետո Վրաստանի ԱԳՆ-ն նույնաոճ հայտարարություն էր տարածել: Ընդ որում՝ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ դեպքում Վատիկանի կողմից հերքումներ չէին եղել:  

Բաքուն իր տարածքային ամբողջականության նկատմամբ Սուրբ աթոռի նման ուշադրությամբ պարծենալ չի կարող, հետևաբար՝ Ալիևի հայտարարությունը, թե «Հայաստանը ապակառուցողական քաղաքականություն է վարում տարածաշրջանում», «Երևանը հակասական հայտարարություններ է անում», նախատեսված են անդրկովկասյան լսարանի համար, ընդ որում՝ ոչ միայն հայկական հանրության:

Փաշինյանի հետ Մյունխենում բաց բանավեճի ժամանակ Ալիևը հիշեցրել էր Ղարաբաղի Իբրահիմ խանի և ռուս գեներալ Ցիցիանովի միջև 1805-ին ստորագրված համաձայնագրի մասին, ըստ որի՝ Ղարաբաղի խանությունը, որպես անկախ երկիր, անցնում էր Ռուսական կայսրության հպատակության տակ: Սակայն այն ժամանակ, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունների սրման ֆոնին, ռուս դիվանագետները փորձում էին համոզել Պարսկաստանին Անդրկովկասում ստեղծել «վրացա-հայկական թագավորություն»՝ որպես բուֆեր: Ալիևի մյունխենյան ելույթը քննադատության էր ենթարկել վրացի քաղաքագետ Դավիթ Ակուբարդիան: Նա հիշեցրել էր Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի խնդիրը՝ նշելով, որ Կովկասյան Ալբանիայի  (Աղվանք - Yerkir.am) տարածքում «բնակվում էին բազմաթիվ ժողովուրդներ, իսկ դրա արևմտյան շրջանները վրացական էին»:

Այլ կերպ ասած՝ Անդրկովկասում քրիստոնեական գործոնն անցյալում չի մնացել, այն կարևոր է մինչ օրս: Չի բացառվում, որ դա հաշվի է առնում նաև Վատիկանը, երբ լուռ լսում է Բաքվի ռեպլիկները Ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Վատիկան այցով Ադրբեջանի նախագահին, այնուամենայնիվ,  հաջողվել է հասնել ինչ-որ բանի. Հայաստանում ընդդիմադիր ուժերը չափազանցված նշանակություն են տալիս այդ այցին, համարում, որ դա հայկական դիվանագիտության ձախողումն է Վատիկանում, որ Ադրբեջանը տարածաշրջանում  Հայաստանի ձեռքից խլել է Վատիկանի դրոշը: Իսկ ահա վրացիները դեռ չեն արձագանքում, բայց արդյո՞ք երկար կլռեն: 

Կյանքիս էջերից
3 Ապրիլի 2020, 16:54 Կյանքիս էջերից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica