close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոհանիի «բարեփոխումների» ժամանակաշրջանն ավարտվում է

Տարածաշրջան

24 Փետրվարի 2020, 17:57
 Ռոհանիի «բարեփոխումների» ժամանակաշրջանն ավարտվում է

Իրանում փետրվարի 21-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Միաժամանակ անցկացվում էին Փորձագետների խորհրդի՝ 88 մուսուլման օրենսգետների միջանկյալ ընտրությունները: Խորհրդի պարտականությունների մեջ մտնում է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի ընտրությունը:

«Վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, դրանց մանրամասն վերլուծությունը դեռ առջևում է»,- ըստ yerkir.am-ի գրում է Regnum-ը՝ արդեն հայտնի փաստերի միջոցով վերլուծելով իրադարձությունների հետագա զարգացման հնարավորությունները:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է 57,9 մլն մարդ, սակայն Իրանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ մասնակցությունը ռեկորդային ցածր է՝ 42,57 տոկոս: Դա 20 տոկոսով պակաս է, քան 2016-ի ընտրություններին էր: Այդ առիթով Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է.  «Տասնմեկերորդ գումարման խորհրդարանի բացման պահից դուք ներկայացնելու եք  ոչ միայն ընդամենը 42 տոկոս քվեարկողներին, այլև ամբողջ իրանական ազգին»: «Սակայն դա կարգախոս է»,- նշում է լրատվական գործակալությունը:

Իր հերթին, գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մարդկանց մասնակցությունն ընտրություններին որակել է «շշմեցուցիչ»՝ ենթադրելով, որ «Իրանի թշնամիները փորձել են մարդկանց հեռու պահել ընտրություններից կորոնավիրուսի վտանգն ուռճացնելու ճանապարհով»: Նա քվեարկությանը մասնակցելն անվանել էր քաղաքացիների «կրոնական պարտավորություն», սակայն ընտրողների զգալի մասն անտեսել էր այդ կոչերը:

Թեհրանը ստիպված է ընդունել, որ արևմտյան ԶԼՄ-ները մեծ ազդեցություն ունեն երկրում հասարակական կարծիքի ձևավորման վրա: Օտարերկրյա լրագրողներն իսկապես հսկայական աշխատանք են իրականացնում Իրանի միջազգային վարկանիշի վարկաբեկման հարցում, սակայն միայն դրանով պայմանավորել երկրում կատարվողը  համոզիչ չէ: Ըստ Regnum-ի՝ ակնառու է, որ իրանական հասարակությունը պառակտված է, կան լուրջ ճգնաժամային երևույթներ՝ կապված երկրի արդիականացման սոցիալ-քաղաքական և տնտեսական հեռանկարների հետ: Խորհրդարանը կարող է կորցնել «ուժային կենտրոններից» մեկի դերը երկրի կառավարման քաղաքական կառուցվածքում, որտեղ շատ բան, եթե ոչ ամեն ինչը, հիմնված է զսպումների ու հակակշիռների վրա:

Միաժամանակ, խորհրդարանական ընտրությունները քաղաքական ուժերի հարաբերակցությունը «կչափեն», ինչը հետագա իրադարձությունները կկանխորոշի: Նախնական տվյալներից ելնելով՝ նախագահ Ռոհանիի գլխավորած «ազատականները», ստանալով ընդամենը 10 տոկոս ձայն, պարտվել են «պահպանողականներին», մինչդեռ 2016-ին, որոնք անցկացվում էին միջուկային գործարքի ստորագրումից  և Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո, Ռոհանիի բարեփոխիչները խորհրդարանում ստացել էին 120 տեղ, պահպանողականները՝ 86:

Փորձագետները Թեհրանի արտաքին քաղաքականության վերաբերյալ կանխատեսումներ են անում: Ոմանց կարծիքով՝ հիմքեր չկան «Ահմադինեժադի ռեժիմի վերականգնման» մասին խոսելու, այսինքն՝ Իրանը միջուկային գործարքից դուրս չի գա, երկրի ղեկավարները կտրուկ քայլեր չեն անի, կփորձեն փոխզիջումային տարբերակներ գտնել: Մյուսներն, ընդհակառակը, վստահեցնում են, որ հարկավոր է սպասել Իրանի արտաքին քաղաքական ուղեգծի ամբողջական փոփոխության, որը ենթադրում է ավելի սերտ հարաբերություններ Ռուսաստանի ու Չինաստանի հետ՝ Մերձավոր Արևելքում ազդեցության խաղաքարտի խաղարկմամբ:

Իսկ առայժմ Ռոհանին հայտարարում է, որ  Իրանը պատրաստ է բանակցել ԵՄ-ի հետ տարածքային անվտանգության հարցերով և չի ձգտում վերացնել միջուկային համաձայնագիրը: Համենայն դեպս, այդպես կլինի մինչև 2021-ի նախագահական ընտրությունները: Սակայն ակնհայտ է, որ Ռոհանիի «բարեփոխումների» ժամանակաշրջանն ավարտվում է, և հայտնի չէ՝ ապագայում նա կունենա՞ հասարակության՝ այսպես կոչված, «լուռ հատվածի» աջակցությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica