close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 14

Մշակույթ

24 Փետրվարի 2020, 17:20
 Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 14

 … Պիես բեմադրելը բարդ պրոցես է։ Բեմադրություն՝ նշանակում է պիեսի ճիշտ դերաբաշխում,կոմպոզիտորի եւ նկարչի ճիշտ ընտրություն,օրերի,ամիսների լարված աշխատանք եւ վերջապես՝ պրեմիերա։ Թատրոնում եւ կինոյում ես շատ եմ աշխատել տարբեր ռեժիսորների հետ,որոնք սիրում են այս պրոցեսներից մեկը կամ մյուսը։ Վարդան Աճեմյանի համար ամենը մի անխախտելի ամբողջություն էր,ստեղծագործական երկունք։ Վախթանգովի,Մեյերհոլդի,Սիմոնովի աշակերտը մոսկովյան իր ուսումնասիրությունների տարիներին վերցրել էր ամեն ինչ։ Դրամա կամ ողբերգություն բեմադրելիս անողոք ռեալիստ էր։ Չէր սիրում նժույգը պճնել զանգուլակներով եւ դարձնել կառքի ձի։ Իսկ եթե ձեռքն ընկներ ֆարս,վոդեւիլ կամ թեթեւ ժանրի մի այլ գործ, նա արդեն իր տարերքի մեջ էր եւ անհնար էր նրան ետ պահել՝ անսանձ երեւակայության ծով էր։

… Երջանկության մասին մտածելու ժամանակ նա չուներ, անընդհատ աշխատում էր,բայց երջանկության պահեր ունենում էր եւ այն էլ մի տեղ՝ օթյակում պրեմիերաների ժամանակ։ Ներկայացումն սկսվելուն պես հայտնվում էր այնտեղ եւ կլանված սկսում նայել մեկ բեմին,մեկ հանդիսատեսին, եւ այսպես  անընդհատ։ Հնարավոր չէր նկարագրել,թե ինչպիսի հրճվանք էր ապրում, երբ ներկայացման ընթացքում դահլիճը ծափահարում էր։ «Ժողովուրդն ու թատրոնը հասկացան իրար,հասկանո՞ւմ ես,իրար հասկացան»,- ասում էր մթան մեջ՝ քողարկելով ուրախության արցունքները։ Նա աշխատում էր աննկատ մնալ պրեմիերայի օրը. երբ դերասաններն ու հանդիսատեսը համառորեն նրան բեմ էին տանում,նա հապճեպ գլուխ էր տալիս՝ամեն կերպ դերասաններին մղելով առաջ։ Այս արարողությունից հետո նա միայնակ վերադառնում էր տուն,բարձրանում իր շենքի աստիճաններով,որոնցից ամեն մեկը մի բեմադրված եւ չբեմադրված մի պիես էր,ներս էր մտնում,թեթեւ խփում էր Արուս Ասրյանի ուսին, որ նշանակում էր՝ ամեն ինչ լավ անցավ, եւ մտնում էր անկողին,որպեսզի քնի մեջ անգամ  շարունակի փորձել,փորձել,փորձել…

Շեքսպիրն ասել է . «Բոլորս գիտենք,թե մենք ով ենք,բայց մեզանից ոչ մեկը չգիտի, թե ով կարող էինք դառնալ»։

Ես դարձա դերասան։

Ես շատ եմ սիրում իմ արվեստը։ Ես այս ձեզ ասում եմ այնպես,ինչպես գաղտնիքը կասեին, որովհետեւ բոլորիդ հայտնի է,որ սիրածի մասին չեն խոսում։ Շատ,շատ եմ սիրում,եւ իմ երջանկությունը այն է,որ գոնե մեկին պիտանի եմ։ Ռուս գրող Մաքսիմ Գորկին սքանչելի է ասել՝ երբ աշխատանքը հաճույք է,կյանքը լավ է,երբ աշխատանքը պարտականություն է,կյանքը ստրկություն է։ Միայն պարտականությունով,առանց սիրելու ես չեմ կարող ապրել… Սիրո զգացումն է,որ մարդուն դարձնում է երջանիկ,իսկ այս զգացումը դու կարողանում ես հասցնել համաշխարհային մասշտաբի… Ի՛նչ հոյակապ բան է,երբ մարդը պիտանի է,մեկը՝ իր ընկերներին,մեկը՝ իր փառքին, մեկը՝ իր աշխատանքին, մեկը՝ իր ընտանիքին,մեկը՝ իր ժողովրդին… Հրաշալի է… Իսկ մեկն էլ… իսկ մեկն էլ՝մարդկանց,ընդհանրապես մարդկանց… Ու ես մտածում եմ՝ ինչ լավ է,ի սեր Աստծո,որ ես էլ կարող եմ պիտանի լինել մարդկանց… Եվ պետք է լինեմ։

Հաճախ ասում են,թե մեծ արտիստը մեռել է։ Եթե այսպես է,ուրեմն ոչ միայն մեծ դերասանն է մեռել,այլեւ մեծ հանդիսատեսը։ Իհարկե, եղել են,կան ու կլինեն հանճարներ, որոնք պատրաստ են կատարելու մարդկությանը պիտանի լինելու այս մեծ առաքելությունը։ Փափազյան,Ներսիսյան,Աճեմյան՝ նրանք օգնություն չէին փնտրում,նրանք էին,որ օգնում էին աշխարհին… Փարիզում 1985 թվականին ես տեսել եմ Անի Ժիրարդոյի խաղը։ Ծերացել է,ճիշտ է, կանացի այն հմայքը չունի,բայց հզոր Ժիրարդոն է։ Չես շփոթի, մեծ արտիստ է։ «Արտիստ» եւ «ակտյոր»՝դերասան եւ դերակատար,ինձ համար դրանք տարբեր երեւույթներ են։ Դերասան կարող է լինել ե՛ւ կոշկակարը,ե՛ւ վարսավիրը… Իսկ դերակատարը այն մարդն է,որը համաձայնվում է դառնալ կուսակցության քարտուղար,միայն թե ստանա իր ուզած դերը կամ ավտոմեքենա։ Դերասանը,լինի ինքը սոված,մթության ու ցրտության մեջ,միշտ մտածում է վաղվա ներկայացման մասին… Ինքը կարող է փողոցում էլ խաղալ,ոչ թե դրամի համար,այլ այն պատճառով,որ չի կարող չխաղել։ Իմ ստեղծած թատրոնը անվանեցի «Դերասանական թատրոն» կամ ավելի ճիշտ՝ «Արտիստական թատրոն»՝ ընդգծելով այն,ինչի մասին ասացի։ Թատրոնն իմ մեջ է… Ես կարող եմ կանգնել երկու փողոցի խաչմերուկում եւ դա կլինի Թատրոն… Թատրոն… Դրա համար շատ եմ մտածել,գրել՝ փնտրելով պատասխանը ինքս ինձ տված հարցին՝ ի՞նչ բան է թատրոնը…

Ա՛յ քեզ բան,դե արի ու վերջին տարիներին տեսած ներկայացումներից հետո հիշիր,թե ինչ բան է թատրոնը։ Վերջերս ուզեցի նայել մի երիտասարդ բեմադրիչի նոր ներկայացումը,եւ քանի որ ռեժիսորները այսօր հիմնականում երիտասարդներ են,կարծում եմ՝ արժե պատմել իմ տեսած ներկայացման,ավելի ճիշտ՝ դեպքի մասին,հույսով,որ դա օգտակար կլինի մյուսներին։ Չմտած թատրոն՝ բեմադրիչը դիմավորեց ինձ,ուրախացա՝ բեմադրիչը թատրոնո՞ւմ։ Չգիտեմ, թե ինչու,տասը տարուց ավելի է, որ բեմադրիչի կարող ես հանդիպել ինստիտուտներում,ստուդիաներում,ամեն տեղ,բացի թատրոնից։ Բանից պարզվեց՝ երիտասարդն,իր նախկին երիտասարդ բեմադրիչների պես,պնդում էր նույնը՝ ներկայացումը պետք է լինի արտադերասանական։ Հարցնում ես՝ ինչո՞ւ …Եվ լսում ես այն, ինչը չէիր պատկերացնի երբեք… Մտքովդ չէր անցնի… Իրավ, որ պատասխանը ինքնատիպ է՝ հին սերունդը ծերացել է,նորն էլ չի հասունացել։ Մտածեցի՝ խեղճ դերասան,առաջ ոճը հին է,դու՝ թարմ,այս էր ոճն է թարմացել,իսկ դու հնացել ես… Ի՞նչ պետք է լինի… Ուզեցի բղավել,բայց ի սեր մշակույթի նախարարության ու թատերական ինստիտուտի՝ ինձ զսպեցի ու ավելին՝ժպտալով գրկեցի նրան,քիչ էր մնացել համբուրեի,գժվել էի երեւի,բայց լավ վերջացավ՝ նա ինձ ուղեկցեց սրահ… Նստեցի,ու սկսվեց։ Ի՞նչ սկսվել՝ բռնկվեց… Մի պայթյունից կողքիս նստողը վեր է շպրտվում ու ետ է թավալվում բազկաթոռի մեջ… Դա ի՞նչ է,զենքի,պայթյունի փորձարկո՞ւմ… Չէ,ներկայացում է… Խավարի մեջ հայտնվեց մի դիվահար եւ սկսեց բղավել. « Իսկ դուք գիտեք,իսկ դուք գիտեք…» կատաղած կարկուտի պես վրա տվեց խոսքի տարափ ու ուժասպառ նորից գոռաց,գոռաց,գոռաց …Մեկ էլ՝ բեմից հանկարծ թռավ ու սրահով թողեց փախավ։ Ողջ սրահը,բեմը թողած,շուռ եկավ ու նախանձով նայում էր փախչողին,իսկ դուք գիտեք ով էր, ինքը լավ փրկվեց,մնացինք մենք ու բեմը… Իսկ բեմի վրա ոչինչ չեմ հիշում,ոչինչ չեմ տեսնում… Աղմուկ,ճիչ, լաց սմբակների շռինդ… Ի՛նչ կատաղած իրարանցում… Ինչո՞ւ,լույսի,մթի ինչ խելահեղ,ինչ անիմաստ,զուր վատնում… Հետո խավար, ինչո՞ւ,ի՞նչ մարդ,ի՞նչ վիշտ… Ի՞նչ ազգային… ի՞նչ սրբություն,ի՞նչ խոսք,ի՞նչ միտք,փորձիր մտքումդ զրուցել աշխարհի կամ հեղինակների հետ… Ի՞նչ աշխարհ,ի՞նչ հեղինակ,ի՞նչ դերասան։ Կարո՞ղ ես գտնել դերասանին։ Ի՞նչ հոնք,ի՞նչ աչք… ի՞նչ քիթ-բերան… Մկրատով կտրված սիլուետներ,ստվերներ… Ուզում եմ տեսնել նրանց դեմքերը… Առ քեզ երաժշտություն,շտապ օգնություն է,ի՞նչ է երաժշտությունը… Ախր ինչո՞ւ, ինչո՞ւ շտապ։ Շտապ ուզում ես հորանջել,սրտիդ աշխատանքը կարգավորել … Շրախկ-թրախկ,ֆռ-ռռ։ Ի՞նչ է պատահել,գետնից պոկվեց բեմը ու ֆռռում է,բայց ինչո՞ւ է ֆռռում ամեն ինչ՝ երեխայի ճոճանակ ձի,աղջնակի անթեւ տիկնիկ,ժանգոտ դռներ,մի խոսքով՝ բազմաթիվ անպիտան իրեր… Ֆռռում են ստվերները՝ դերասաններն են,եղեռն է,ինչ է,դերասանական…. Ծուռ ու մուռ փայտեր,չուլ ու փալաս, դա նկարիչն է… Հանկարծ լռություն, մի մեղմ եղանակ,բեմի կենտրոնում ցցվում է մի մարդ։ Ուրախացա՝ դերասանը կանգնած է մեջքով ու մեջքի վրա լույսի բիծ,ինչքան սիրուն,ինչքան գեղեցիկ… Հիմա շուռ կգա,ոչ մի հույս չկա… Հիմա կխոսի, ու խոսում է,բայց ով՝ մի խռպոտ բարձրախոս։ Թող որ խոսի, բայց ինչի՞  համար,լավ,հասկացա՝ մենախոսություն է։ Ինչի մասին է այս մեջքի մենախոսությունը,բոլորովին էլ կարեւոր չէ, որ դու հասկանաս, կարող է խոսել ամեն ինչի մասին,միայն երբեք չի ասի. «Լինել,թե չլինել»-ը չի ասի,քանի որ հանդիսատեսը կմտածի,որ դերասանը ի նկատի ունի հենց իր լինել թե չլինելը,հատկապես,որ ինքը բեմում ո՛չ կա,ո՛չ էլ չկա։ Ու նորից՝ պայթյուն… Հերիք է։ Այստեղ է,որ հիշում ես Պաղտասար աղբարի անմահ խոսքը՝ ոտքս կոտրվեր, թատրոն չերթայի։ Հիմա դա արդեն ոչ թե արտադերասանական,այլ, իմ կարծիքով,արտառեժիսորական ներկայացում է,կամ,ուզում եք,արտաքուստ բեմադրիչական,միեւնույն է։ Բեմադրիչն է,որ դուրս է իր ներկայացումից։   

… Պայթյուններ… Փակվում է ու բացվում վարագույրը,բեմի «պատն» է բացվում,բայց ոչ մի իրադարձություն,ոչ մի սենսացիա տեղի չի ունենում… Ի՞նչ ափսոս է, որ բեմը դուռ չունի, որ կարողանայիր չրխկացնել՝ խփելով բեմադրիչի քիչ-մռութին… Նորից լռություն է,բեմ է դուրս գալիս մի մարդ, մենք նրանից արդեն բան չենք սպասում,ինքն էլ՝ ռեժիսորից…  Դանդաղ հայտնվում,անում է չորս քայլ…-Ինչո՞ւ չորս,- հանկարծ կանգնում,նայում եւ աջ ձեռքը օդի մեջ հավասար վեր ու վար է շարժում… Ինչո՞ւ,գոնե դու գիտե՞ս,բեմադրիչ,դու պարտավոր ես իմանալ,որ ձեռքի համաչափ վեր ու վար շարժումը շատ կարեւոր է։ Չէ որ այս շարժումով խմբավարը, վեր ու վար տանելով փայտիկը, իր կամքն ու միտքն է փոխանցում 5000 մարդուց բաղկացած  երգչախմբին,Մոցարտի Ռեքվիեմն է հնչեցնում,իսկ վարսավիրը իր բութ ածելին է նույն շարժումով շալվարի գոտու վրա սրում՝ մի,ընդամենը մի մարդու երես սափրելու համար…Մի՞թե չես տեսնում այդ մի շարժման տակ թաքնված երկու մարդու նպատակների տարբերությունը։  

Շարունակելի                                                                                                                                                               

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica