close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի ընտրությունները կկանխորոշեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ապագան

Աշխարհ

21 Փետրվարի 2020, 17:23
 Իրանի ընտրությունները կկանխորոշեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ապագան

Իրանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Իրանի միջուկային ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների նոր ճգնաժամից հետո անցկացվող առաջին համաժողովրդական քվեարկությունը, փաստորեն, նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած բարեփոխիչների հանդեպ  վստահության յուրատեսակ հանրաքվե է լինելու: Պատերազմի հնարավորության, պատժամիջոցների և դժգոհությունների աճի պայմաններում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոչ է արել իրանցիներին՝ ընտրել խորհրդարան, որն ընդունակ կլինի «հանդես գալու արտաքին թշնամիների դեմ» և դիմադրելու ԱՄՆ-ին. ըստ yerkir.am-ի՝ գրում է «Կոմերսանտ»-ը:

Քվեարկիր և բռնիր լրտեսներին

Իրանի խորհրդարանի ընտրությունների նախօրեին (285 պատգամավորական մանդատի համար կպայքարի ավելի քան 7 հազար թեկնածու, ևս 5 մանդատ տրվում է կրոնական փոքրամասնություններին ) այաթոլլա Ալի Խամենեին իրանցիներին ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ նշանակություն են ունենալու ուրբաթ օրվա ընտրություններն Իրանի համար՝ ակնկալելով ընտրողների մեծ ակտիվություն: «Ցանկացած մարդ, որը սիրում է թանկագին Իրանը, մտածում է հայրենիքի անվտանգության ու պատվի մասին, պետք է մասնակցի ընտրություններին»,- նշել է նա՝ հիշեցնելով իրանցիներին, որ քվեարկությունը կրոնական պարտք է:

Ըստ Խամենեիի՝ ընտրությունները կոչված են հավախմբելու իրանցիներին ԱՄՆ-ի դեմ պայքարի համար: «Դուք տեսնում եք ամերիկացիների քարոզչությունը, թե ինչպես են նրանք ցանկանում, որ ժողովուրդը հեռանա իսլամական իշխանությունից: Բայց ընտրություններն ի չիք կդարձնեն ամերիկացիների ու սիոնիստների չար մտադրությունները»,- խոստացել է նա:

Վերջում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հանդես է եկել գուշակությամբ. «Ամերիկացիները զարդարում են իրենց ճակատամասն այնպես, որ ոմանց խաբեն, ոմանց էլ վախեցնեն: Բայց ինչպես «Տիտանիկի»-ի պերճություն չօգնեց նրան խորտակվելիս, այդպես էլ ԱՄՆ-ի փառքը չի կանխի նրա անկումը: Նրանք կխորտակվեն»:

Խամենեիի ելույթի ֆոնին՝ Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին երեքշաբթի հայտարարել է, որ 6-10 տարվա ազատազրկման է ենթարկվել 8 իրանցի, որոնք մեղադրվել են ԱՄՆ կառավարության հետ համագործակցության մեջ:

ԱՄՆ-ի դեմ պայքարի համար համախմբվելը կոչված է սթափեցնել ընտրողներին, որոնք ցուցադրում են աճող հիասթափություն քաղաքականությունից: Ընտրությունների նկատմամբ թերահավատ են հատկապես մայրաքաղաքում. Իրանի հասարակական կարծիքի ուսանողական կենտրոնի տվյալներով՝ Թեհրանի բնակիչների 21 տոկոսն է միայն հաստատել, որ գնալու է ընտրությունների:

2016-ի ընտրություններում նախագահ-բարեփոխիչ Հասան Ռոհանիի կողմնակիցները զգալիորեն ամրապնդել էին իրենց դիրքերը: Ազատականացման ու Արևմուտքի հետ հարաբերությունների նորմալացման հակառակորդները հատկապես ցավագին պարտություն կրեցին Թեհրանում: Ներկայումս ուժերի դասավորությունը զգալիորեն փոխվել է, և պահպանողականները հույս ունեն, որ փետրվարի 21-ին ընտրողները անվստահություն կհայտնեն նախագահ Ռոհանիի քաղաքական ուղեգծին: Իսկ հաջորդ փուլը կլինի 2021-ի նախագահական ընտրությունը, որի ժամանակ նրանք հույս են փայփայում վերջ դնել Ռոհանիի ժամանակաշրջանին:

Ընտրություններ կամ մահ

Ընտրողների ակտիվության վրա հույս են դրել նաև բարեփոխիչները՝ նախագահի գլխավորությամբ: Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ վերջերս դիմելով ժողովրդին՝ Ռոհանին շեշտը դրել էր այն բանին, որ  ներկայիս պայմաններում ընտրողների ակտիվությունը կարևոր է, քան երբևէ: «Մենք չպետք է երես շրջենք ընտրարկղերից: Դրանք մեր փրկությունն են»,- նշել էր նա՝ հավելելով, որ իրանցիները պետք է քվեարկեն՝ չնայած կառավարության հասցեին քննադատությանն ու բողոքներին:

Իրանցի բարեփոխիչները ծայրահեղ բարդ վիճակում են՝ կապված Արևմուտքի հետ մերձենալու քաղաքականության տապալման և արագորեն վատթարացող տնտեսական իրավիճակի հետ: Անցալ տարվա նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ բենզինի գները Իրանում բարձրացան 50 տոկոսով, երկրում սկսվեցին զանգվածային հակակառավարական ցույցեր: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվեց ավելի քան 300 մարդ, մի քանի հազարը ձերբակալվեց  (Իրանի պաշտոնական վիճակագրությունը լռում է զոհերի ու տուժածների մասին):

Իշխանությունների համար նոր փորձություն էր հունվարի 8-ի ողբերգությունը, երբ Թեհրանի օդանավակայանից թռիչքից րոպեներ անց սխալմամբ խոցվեց  ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը: Միջադեպը բողոքի նոր ակցիաների պատճառ դարձավ, որի նախաձեռնողը հասարակության՝ քաղաքականապես ամենաակտիվ մասն էր ՝ երիտասարդությունը:

2015-ի միջուկային գործարքի ձախողումից  և սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ բազմաթիվ սխալներից հետո ի վնաս բարեփոխիչների որոշում է կայացրել Սահմանադրության պահապանների խորհուրդը (ՍՊԽ)՝ թույլ չտալ, որ ընտրություններին մասնակցեն նախագահի մի քանի հազար կողմնակիցներ: Նախապես թեկնածուների թիվը 14 հազար էր, սակայն ՍՊԽ-ն, որը թեկնածուների ընտրության հարցում ֆիլտրի դեր է կատարում, կեսին «մաղեց»՝ կոռուպցիայի, իսլամական նորմերը չկատարելու հիմնավորումներով, ընդ որում՝ պահպանողականների թեկնածուներ «մաղվածների» թվում չկան:

Այդ հանգամանքին ուշադրություն է դարձրել նախագահ Ռոհանին՝ անցյալ կիրակի պատասխանելով լրագրողների հարցերին: Ափսոսանք հայտնելով, որ «70 ընտրատեղամասում մրցակցություն չի լինի», նախագահը քննադատել է ՍՊԽ-ի գործունեությունը: «Չի կարելի ընտրությունը ձևականություն դարձնել: Մենք չպետք է սահմանափակենք ընտրողներին, նույնիսկ եթե մեզ դուր չեն գալիս նրանց նախընտրությունները»,- հայտարարել է նա:

Ռոհանին չի շրջանցել նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցը: Համաձայնելով Խամենեիի այն թեզի հետ, որ «ամերիկացիները կնախընտրեին տեսնել մեր ժողովրդի անտարբերությունը ընտրությունների նկատմամբ», նախագահն, այդուհանդերձ, «Տիտանիկի» ճակատագիրը չի կանխատեսել ԱՄՆ-ի համար, նույնիսկ չի բացառել համագործակցությունը ԱՄՆ-ի նոր նախագահի հետ՝ ով էլ ընտրվի: «Մեզ համար կարևոր է, որ Սպիտակ տան պաշտոնյաները փոխեն իրենց մտածելակերպը»,- նշել է նա Վաշինգտոնի հետ երկխոսության պայմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica