close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրակաշառքի մուտացիան չիրականացվող խոստումների տեսքով

Քաղաքական

20 Փետրվարի 2020, 11:49
 Ընտրակաշառքի մուտացիան չիրականացվող խոստումների տեսքով

Մեր երկիրը նորից ընտրությունների նախընտրական փուլում է: Սա ևս օրվա իշխանությունների «արտակարգ» օրակարգն է, որին հերթական անգամ հանգել են իշխանափոխության նպատակով խոստացված, սակայն չլուծվող սոցիալ-տնտեսական խնդիրների համար մեղավորներ գտնելու «ճանապարհին»:

Այս անգամ «փնտրել և գտել են», որ մեղավորը Սահմանադրական դատարանն է: Արհեստական այս գործընթացի իրավական խնդիրների ու հետևանքների մասին շատ է խոսվել և դեռ ավելի շատ ու երկար է խոսվելու:

Պակաս կարևոր չեն նաև գործող իշխանության նման վարքագծի արդեն արձանագրված և օբյեկտիվորեն կանխատեսվող այն հետևանքները, որոնք ուղղակիորեն վերաբերում են մարդկանց սոցիալական առօրյա խնդիրներին:

Լայն իմաստով ստացվում է մոտավորապես այսպիսի խնդրահարույց բանաձև.

«Օրվա իշխանությունները տալիս են անսահման խոստումներ, որոնք օր առաջ սպասված են, հաճելի են, ոգևորող և ի վերջո՝ առավելագույն քվեներ բերող: Սակայն միևնույն ժամանակ՝ կատարման տեսանկյունից այդ խոստումները մինչև վերջ պատկերացված ու հաշվարկված չեն, չեն բխում իշխող քաղաքական ուժի գաղափարական հենքից: Պահի թելադրանքով շատ դեպքերում նույնիսկ՝ դրանց իրականացման համար առաջարկվում են ոչ ամբողջական և իրարամերժ լուծումներ: Այդ լուծումներն էլ իրենց մեջ չեն ունենում ակնկալվող արդյունքի հստակ թիրախավորում, ժամկետների որոշակիություն: Ինչ խոսք, ընտրողի քվեն ստանալուց հետո նմանատիպ խոստումներ տվողը կունենա անսահման հնարավորություն՝ մանևրելու, խոստման կատարումը հետաձգելու, չիրականացման դեպքում արդարացումներ գտնելու համար: Եթե սա էլ չի աշխատում՝ իրենց մեծ ցանկից փնտրում և գտնում են հերթական «մեղավորին»: Ձևավորում են այդ նոր «մեղավորին» չեզոքացման օրակարգը: Մի քանի ամիս էլ հանրությանը զբաղեցնում են այս օրակարգով՝ նախընտրական փուլ և նոր խոստումներ, ընտրություններ, զուգահեռաբար՝ տարբեր դատավարություններներ և այլն: Այդ ընթացքում, իհարկե, խորանում են սոցիալական խնդիրները: Հանրությանը ներշնչվում է, որ ակնհայտ տեսանելի իշխանական ձախողումներն էլ բոլորի ձախողումն են: Եվ եթե իշխանության օրակարգ բերված հերթական «մեղավորը» չչեզոքացվի բոլորի հավաքական ջանքերով, ապա անխուսափելիորեն ամեն ինչ ծայրահեղ վատ կլինի բոլորի համար»:

Իհարկե, արդեն ակնհայտ գործադրվող այս բանաձևը որևէ կապ չունի ժողովրդավարության հաստատման և ամրապնդման հետ և՝ ընդհակառակը:

Այսպիսով նաև պետական կառավարման համակարգում ձևավորվում է ամենաթողության և անպատասխանատվության մթնոլորտ՝ իր բոլոր հետևանքներով: Հանրային կյանքի տարբեր ոլորտների համար պատսախանատու բարձրաստիճան պաշտոնյաները նախապես արդեն գիտեն, որ անկախ իրենց կողմից թույլ տրվող ձախողումների ու անգործության՝ շարունակելու են պաշտոնավարել և իրենց աշխատավարձի չափով ամեն ամիս ստանալու են պարգևատրումներ: Իսկ իրենց՝ «ընտրյալների» փոխարեն միշտ էլ կարող են իրենցից դուրս փնտրել ու կգտնել «մեղավորներ»:

Սա անսահման պոպուլիզմի դասական դրսևորում է, իսկ դրանով շարժվող քաղաքական ուժը կարող է միայն «արդարանալ» նեղ կուսակցական և խմբային շահով՝ իրականում առանց հաշվի առնելու դրա բացասական հետևանքները հանրային համընդհանուր շահի տեսանկյունից:

Գործող իշխանությունների տված և չիրականացվող սոցիալական խոստումների, դրանց սպեկուլյացիաների, օբյեկտիվ իրավիճակը և արձանագրվող բացասական միտումները խեղաթուրելու, հանրային կյանքում դրանց հետևանքների, սոցիալական պաշտպանության քաղաքականության և դրան առնչվող տնտեսական զարգացման կոնկրետ ձախողումների մասին պարբերաբար հանդես ենք եկել հանրային հրապարակումներով: Օրինակ՝ 2019թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին օրվա իշխանավորները խոստանում էին՝ խթանել կայուն զբաղվածությունը և աշխատանքը, կրճատել աղքատությունը, խթանել ներգաղթը և կանխել արտագաղթը, խթանել ծնելիությունը, առաջանցիկ բարձրացնել ցածր աշխատավարձ ունեցողների վաստակը և կենսաթոշակների չափերը, վերացնել աշխատողների և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը և այլն: Փաստ է, որ ամեն հաջորդ օրն առավել տեսանելի են դառնում խոստումների և իրականության խորացող խզումները:

Պետք է արձանագրենք նաև, որ նախկին իշխանությունների նկատմամբ առկա էր անվստահություն և ընտրություններին կիրառվում էին ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը:

Իսկ գործողները՝ ամեն գնով քաղաքացու քվեները ստանալու համար լայն դուռ են բացել չիրականացվող խոստումներով անսահման պոպուլիզմի համար: Սա նույնչափ վտանգավոր է, ինչպես ընտրակաշառքն ու սեփական կամքին հակառակ քվեարկությունը:

Քաղաքական արդյունավետ համակարգի կայացման տեսանկյունից էլ բարձր է մնալու իրական այն ռիսկը, որ իշխող քաղաքական ուժը ընտրողի քվեին կշարունակի վերաբերվել՝ «ջրի բերած, ջրի տարած» սկզբունքի ներքո:

Այս ճանապարհի վերջում մեղադրվելու է քաղաքացին, որն այդպես էլ չկարողացավ վերափոխվել և լուծել իր սոցիալական խնդիրները: Այլ կերպ ասած՝ անխնա «փչվող» պոպուլիզմի «փուչիկը» կհատվի իրականության հետ և …

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica