close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հոգեբանական գրոհն Իդլիբում տապալվեց

Աշխարհ

19 Փետրվարի 2020, 17:46
 Թուրքիայի հոգեբանական գրոհն Իդլիբում տապալվեց

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Անկարան փետրվարի 17-ի առավոտյան սիրիական Իդլիբ նահանգում տեղակայել է մոտ 7 հազար զինծառայող և ավելի քան 2,1 հազար միավոր տեխնիկա՝ զրահամեքենաներ, տանկեր, ինքնագնաց հրետանային սարքավորումներ և համազարկային հրթիռային համակարգեր: Ավելի վաղ Սիրիայի այդ տարածաշրջանում 1 հազարից փոքր-ինչ ավելի զինծառայող կար: Ըստ yerkir.am-ի՝ Regnum-ը վերլուծում է Թուրքիայի՝ նման ակտիվության պատճառը:

2019-ի ավարտին Սիրիայի կառավարությունն արդեն վերահսկում էր երկրի տարածքի 75-80 տոկոսը, մինչդեռ մարտին 62 տոկոսն էր: Աճը հետևանք է Սիրիական արաբական բանակի «Արշալույս Իդլիբում» հաջող գործողության՝ ՌԴ օդատիեզերական ուժերի օժանդակությամբ: Գործողությունն անցկացվում էր ընդհատումներով Թուրքիայի դիրքորոշման պատճառով, որն ամեն կերպ փորձում էր կանգնեցնել ու դանդաղեցնել սիրիական բանակի առաջխաղացումը՝ հրադադարի մասին համաձայնագրեր պարտադրելով, որոնք, սակայն, գրոհայինները չէին կատարում:

Գործակալությունը հիշեցնում է գործողության ամենակարևոր հաջողությունները: 2020-ի հունվարի 28-ին սիրիական բանակը վերցրեց Մաարաթ ան Նուման քաղաքը, որը գտնվում է Դամասկոսն ու Հալեպը միացնող Մ5 ճանապարհին: Այնուհետև սիրիական բանակը սկսեց ընդլայնել իր վերահսկողությունը Մ5-ից հյուսիս և հարավ: Փետրվարի 6-ին գրավվեց Սարաքիբ՝ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրը՝ Մ5 (Դամասկոս-Հալեպ) և Մ4 (Հալեպ- Լաթաքիա) մայրուղիների խաչմերուկում: Մ5-ն անցնում է Սիրիայի ամբողջ տարածքով, հետևաբար՝ կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման համար: Ներկայումս այն ամբողջությամբ վերահսկվում է Սիրիայի կառավարական ուժերի կողմից, դրա շրջակա տարածքների անվտանգությունն ապահովվում է:

Սիրիական բանակի հաջորդ շշմեցուցիչ հաջողությունը Հալեպի ամբողջական ազատագրումն էր. քաղաքի համար պայքարը մղվում էր շուրջ 8 տարի: Փետրվարի 16-ին սիրիական բանակը վերահսկողություն սահմանեց Հալեպի շրջակայքի 28 բնակավայրի վրա: Իսկ փետրվարի 17-ին սկսեց հարձակողական գործողությունը Հալեպից հյուսիս-արևմուտք՝ մեծացնելով քաղաքի բուֆերային գոտին: Կարելի է ենթադրել, որ սիրիացի զինվորականները ցանկանում են գրավել Դարեթ-Իզա քաղաքը, որը թուրքամետ գրոհայինների ռազմավարական հենակետն է, նաև՝ կապող օղակ Իդլիբ նահանգի ու Թուրքիայի կողմից օկուպացված Աֆրինի միջև:

Անկարան գրոհայինների՝ ակներևաբար ջախջախվող պաշտպանության ֆոնին փորձեր է անում կանգնեցնել սիրիական բանակի առաջխաղացումը: Իսլամականները Թուրքիայից մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք են ստանում , սակայն դա չի փոխում իրավիճակը: Փաստորեն, գրոհայինների ու ահաբեկիչների միջոցով այլևս հնարավոր չէ պահել Սիրիայի օկուպացված տարածքները, և Թուրքիան, գցելով դիմակը, ցուցադրում է իր իրական նպատակները:

Բայց մեծ քանակությամբ ռազմական ուժ ու տեխնիկա Իդլիբում տեղակայելու հոգեբանական գրոհն էլ պաշտոնական Դամասկոսի, առավել ևս՝ Ռուսաստանի վրա չի ազդել: Նույնիսկ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին օգնության կանչելու փորձն է ձախողվել. դաշինքը չի պատրաստվում հօգուտ Թուրքիայի կռվել Սիրիայում: Վերջնարդյունքում Թուրքիան հասկացել է, որ այդ խաղում խաղադրույքներն անընդհատ բարձրացնել հնարավոր չէ, սակայն, ըստ սիրիական Nedaa լրատվամիջոցի, այսօր՝ փետրվարի 19-ին, նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական գործողությունն Իդլիբում անխուսափելի է, որ ինքը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ սահմանափակել Թուրքիայի ներկայությունը սահմանային գոտում՝ Իդլիբից հյուսիս մինչև 16 կմ:

«Եթե այն երկրները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, Իդլիբում չանեն այն, ինչ պետք է, ապա մենք ինքներս դա կանենք: Քանի դեռ մենք չենք ստացել բանակցությունների արդյունքները, որոնք կբավարարեն մեզ, մենք ամբողջապես պատրաստ ենք սեփական ռազմական օպերացիա սկսել Իդլիբում»,- ասել է նա:

Էրդողանի հայտարարությունից մեկ ժամ անց Ռուսաստանի ղեկավարությունն առաջարկել է շարունակել բանակցություններն Անկարայի հետ, որպեսզի Իդլիբում իրավիճակը չվատթարանա, քանի որ «թուրքական ռազմական գործողության իրականացումը վատագույն սցենարն է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica