close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երգիչ Սահակ Սահակյանի բանաստեղծությունները

Մշակույթ

19 Փետրվարի 2020, 18:30
 Երգիչ Սահակ Սահակյանի բանաստեղծությունները

Երգիչ, երգահան, «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիրներից Սահակ Սահակյանը հայտնի է ոչ միայն բացառիկ կատարումներով, այլև հենց ինքն էլ հեղինակում է երգեր և նաև բանաստեղծություններ։ Yerkir.am-ը ներկայացնում է նրա խոսքի նմուշներից մի քանիսը․

 

ՍԵՅՐԱՆ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆԻՆ

Կանձրևէ․․․

Այնպես երկար ու համառորեն

Կանձրևէ․

Կհանդարտի մեկ պահ,

Ու տենդագին կանձրևէ

Նորեն․․․

 

Շրջանակում ամփոփված

կտավն այս գունավառ

կտրոփե, կալեկոծվի ու

դուրս ժայթքել կուզե,

հեղեղվել կուզե,

Ի՜նչ հորդառատ կանձրևէ․․․

 

Շրջանակում բանտված

սիրտ մի արյունոտ,

կայծակվել կուզե ու

սահմաններեն անդին,

Բա՜րձր, բա՜րձր ծերպերին

կշանթէ․․․ ու արտերին

Թավիշ, մեղմիկ կմաղե։

 

․․․ Խորանի առջև, գլխահակ

մոմերի նման, սիրտս կհեկեկա,

ու հոգվույս խորքերեն,

եղբայր իմ,

Շիրմիդ վրա

հուսահատ, ցո՜ղ Շուշաններ

կշաղե․․․ կանձրևէ․․․

 

ԵՐՈւՍԱՂԵՄ

Հուշեր կդառնան օրերը հալվող,

Երազ քաղաքը հավիտենական,

Մշուշով կօծվեն մոմերն առկայծող,

Իրիկնամուտը, խաչն ու Գողգոթան։

 

Ու ճերմա՜կ, ճերմակ անուրջներն անբիծ,

Գալիք օրերիս հոգնած ու ճերմակ,

Կմաղեն ճերմակ կարոտ ու թախիծ,

Հեռվում կմնա ճերմակ մի քաղաք։

 

Կմնան այնտեղ երկինքն աստղալից,

Խորհուրդներ կյանքի ու անմահության,

Եվ լուսադեմի աղաղակներից,

Երկինք խոյացող մի զիլ շարական։

 

Հեռվում կմնան խոհերս մոլոր,

Երգերս բոլոր, օրերս անսեր,

Զուր ափսոսանքի հառաչանքներ խոր,

Ու վերդարձի երկրային հույսեր։

 

Ու այս էլ քանի՞, որերո՞րդ անգամ,

Կպտտվի այս հեքիաթն անսահման,

Իմաստուն ու ծեր մի խեղճ բանաստեղծ,

Կփորձի գտնել հավերժի ճամփան։

 

Կտենչա Շուշան հրեշտակաթև,

Զմրուխտե ափեր, որ կան ու չկան,

Կփորձի մեկնել տարերքն աշխարհի,

Ու չի էլ գտնի մի կես պատասխան։

 

Իսկ այնտեղ շող-շող ջրերից լույս,

Բոսոր ջրերից միջերկրական,

Դուրս կելնի կրկին աղջիկ մի կույս,

Հրաշք աչքերով մի ծոցվոր Մարիամ։

 

Որ նորից անցնի մերկ, ոտաբոբիկ,

Փշոտ ճամփեքով երկհազարամյա,

Որ լույսը տանի ցավերի միջով,

Ու Բեթղեհեմում նորից մայրանա։

 

Կծնվի մի նոր հրաշամանուկ,

Ու լույսը կրկին լույս աշխարհ կգա,

Որ գնա անցնի խավարի միջով,

Մեղքերի միջով դեպ նոր Գողգոթա։

                                                                           Երուսաղեմ 1996 թ․

 

 

ԲՈԼՈՐ ԿԱՆԱՆՑ

Մթնած երկնքում մի պաղ լուսին,

Աստղերը թափառ հոգիների լույս,

Երազներս, ա՜խ, մոլորված ու սին,

Փնտրում են այնտեղ աղջիկ մի կույս։

***

Ու հրապուրված մարգարիտներով,

Շաղ տված անփույթ, կամարին երկնի,

Մաքուրն է տենչում հոգիս կարոտով,

Ու սլանում է խորքը անհունի։

***

Որ չկան մեղքեր, չկան կին, մարմին,

Խորհուրդն է մեծն, տիեզերական,

Ուր կյանքն էլ, մահն էլ չունեն ոչ մի գին,

Ցնորքն է այնտեղ միայն իրական։

***

Սակայն առավոտն է բացվում տրտմած,

Իր հետ բերելով մեղավոր մի հույս,

Օ՜, ներիր Տեր իմ, կինն այս անաստված,

Թվում է խենթիս անարատ  մի կույս։

 

 

Չապրած տարիների հեռվից

Բերեցիր սերերս հոգնած,

Հուշերիս խամրած թերթերից

Մի անուշ արցունք ցողաց։

 

Այս էլ որերո՞րդ գարունն է բացվում,

Գալիս է առանց ինձ հարցնելու,

Ու բերում է նոր բույր ու հրապույր,

Ժամանակ չկա մի քիչ թախծելու։

 

Գարուններն, ասում են, կյանք են ու արև,

Բայց, ավա՜ղ, նրանք մահ էլ են բերում,

Սարսուռ ձմեռվա սարսափի ծոցից,

Ո՞վ գիտե, ի՞նչ է հրաբխվելու։

 

Զարմանում եմ, որ կարկատված հոգիս,

Անցնելով բազում դավերի միջով,

Բարի է այդքան ու չի չարանում,

Տեսնես այս գարունն ի՞նչ է արարում։

 

ԵՐԳԵՐՍ

Գարունը ո՞նց է փթթում,

Բողբոջ ու դալար,

Ջրերը ո՞նց եմ հորդում,

Երգերս վարար։

 

Սերերը ո՞նց են տանջում,

Խանդոտ ու անձայն,

Սրտերը ո՞նց են տենչում,

Երգեր դյութական։

 

Կրքերը ո՞նց են պայթում,

Կատաղի, անխոս,

Ձեռքերս ո՞նց են փնտրում,

Երգերս հեթանոս։

 

Մոմերը ո՞ց են հալվում,

Հուշիկ ու աղոտ,

Անձրևը ո՞նց է մաղում,

Երգերիս շաղոտ։

 

Ձյուները ո՞նց են իջնում,

Հանդարտ մեղմօրոր,

Ավա՜ղ, ոնց են մարում,

Երգերս բոլոր։

 

Հողմերը ո՞նց են ոռնում,

Օրերս պա՜ղ, դո՜ղ,

Երգե՜րս, ո՞նց են մեռնում

Ու դառնում են ․․․ հող։

                                                  Մոսկվա 1996 թ․

 

 

ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶ

Կոպերիս տակ արթմնի,

Մի երազ է խաթարված,

Թավալվում է օրն ի բուն,

Լուսաբացից լուսաբաց։

 

Երկնի, երկրի արանքում,

Մի դղյակում բյուրեղյա,

Որտեղի՞ց՝ ո՞ւր և ինչպե՞ս

Հայտնվել եմ ակամա։

 

Ցածում եզերք մի եդեմ,

Բյուր կանչերով գրավիչ

Եվ անկումն է բաղձալի,

Եվ սլացքը հմայիչ։

 

Դուրս եմ սահում դղյակից

Ու ճախրում եմ անարգել,

Ես փախչում եմ անկումից

Ես սլացքին եմ կառչել։

 

Մոլորվել է մի երազ,

Կոպերիս տակ ծանրացած,

Բա՛վ է, ննջենք սիրելիս

Մինչև հաջորդ լուսաբաց։

                                                           Մոսկվա 1996

 

 

ՀՐԱԺԵՇՏ

Աշունն է թախծում պուրակում,

Խամրել են գույները բոլոր,

Քամին մի հին երգ է սուլում,

Մի երգ մոռացված, հեռավոր։

Ձանձրույթ է իջել ծառերին,

Ննջում է փողոցն ամայի,

Անձրևն է մաղում մայթերին,

Հեքիաթը անցած օրերի․․․

 

Օրե՜ր, օրե՜ր անսանձ,

Խելառ տարիներս մոլոր,

Չունեք կանգառ, վերադարձ,

Այրեք կամուրջներս բոլոր։

Մանուկ օրերիս օրոր,

Վառվող գարուններ իմ բոլոր,

Ո՞ր եք սլանում խելացնոր,

Չէ՞ որ ձմեռ է շուտով։

 

Օտար է քաղաքն այս անդեմ,

Անցորդ ու դեմքներն անծանոթ,

Հոգնել են քայլերս արդեն,

Հուշերս դարձել են կարոտ։

Լռել են երգերս բոցե,

Դարձել են ցավի արձագանք,

Աշունն իր դռներն է բացել,

Թռչում են օրերս արագ․․․

 

Օրե՜ր, օրե՜ր․․․

                                                      Մոսկվա 1997 թ․

 

 

ՆՈՅՈՄԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

Նորից հուշերն են դեգերում շվար,

Մենակությունն է թափառում դրսում,

Դատարկություն է, թափուր է, խավար,

Աշունն անտարբեր արդեն չի մրսում։

 

Որտե՞ղ են հիմա օրերս խնդուն,

Օրերս վառման, երգերս՝ թնդուն,

Դալուկ աշունն է օրերս թերթում,

Օրերս՝ դողդոջ, օրերս՝ տրտում։

 

Յոթներանգ գարունն անցյալ է ու սին,

Տաքուկ ծովերը հեռավոր երազ,

Գույները տարտամ, մշուշ է անդին,

Ժամերն անպտուղ ու հոսող ավազ։

 

Երեկը մթին է, այսօրը՝ անտես,

Խարդավանքներով լի է ապագան,

Սուտ խոստումների վեհ շքահանդես,

Դրածոների հերթական շարան։

 

Մտքերը սնանկ, բախվում կատաղի,

Անզոր են պոռթկալ խաբկանքի ծիրից,

Ու գորշողությունն է սողում ամեհի,

Չկա ցնծության պահը բերկրալից։

 

Իմաստնության բոլոր կաճառներն անգամ,

Չեն կարող ցրել տաղտուկն այս դաժան,

Հաղթահանդես է բիրտ տգիտության,

Ուր հոխորտում եմ նարդիկ անարժան․․․

                                                                                 Երևան 30․09․2019

 

ԴԼԵ, ՅԱՄԱՆ

Երախտապարտ եմ, Արարիչ Աստված

Շունչ տվիր ոգուս ու ինձ խառնեցիր Անտունու ցեղին։

Դե՛ ուրեմն, արդ Աստված իմ բարի

Թող ես էլ մի քիչ մեծամտանամ,

Երազներ հյուսեմ ու անէանամ,

Թող Վանա ծովիս արցունքում աղի

Մարմինս լուծվի ու հավերժանա,

Թող Մասիսներից հրաբուխները կրծքումս ուռճանան,

Ու «Դլե, յամա՜ն» խորքիցս ժայթքի։

«Դլե, յամա՜ն» է երգս հավիտյան,

«Դլե, յամա՜ն» է ուրախությունս,

«Դլե, յամա՜ն»-ով վիշտս եմ կոծում,

«Դլե, յամա՜ն» կա բալիս աչքերում,

Հա՜յ, դլե յաման, վա՜յ, դլե յաման․․․

                                                                                 ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Ավելի վաղ Yerkir.am-ը զրուցել է Սահակ Սահակյանի հետ նրա կյանքի դրվագների մասին․ հարցազրույցն՝ այս հղումով։

ՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
13 Հուլիսի 2020, 14:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica