close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլշևիկների չկատարած խոստումները Փետրվարյան ապստամբության պատճառը դարձան․ 1921 թ-ի ու ներկա Հայաստանի ընդհանրությունները

Քաղաքական

19 Փետրվարի 2020, 01:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլշևիկների չկատարած խոստումները Փետրվարյան ապստամբության պատճառը դարձան․ 1921 թ-ի ու ներկա Հայաստանի ընդհանրությունները

Բոլշևիկները գտնում էին, որ նախկինները հայ ժողովրդի թշնամին էին և դա որևէ  տրամաբանական բացատրություն չուներ․ նախկին էին, ուրեմն թշնամի էին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմաբան, ԵՊՄՀ դոցենտ Խաչատուր Ստեփանյանը՝ խոսելով  1921 թ-ի փետրվարի 18-ի համաժողովրդական ապստամբության մասին, որը պայթեց այնպիսի պայմաններում, որ շատ ընդհանրություններ ունի Հայաստանի ներկա ժամանակահատվածի հետ։

Քանի որ դրական որևէ քայլ չէին կարողանում իրականացնել, բոլոր անհաջողությունները պայմանավորում էին նախկիններով՝ հիմնականում դաշնակցականներով, և եկավ մի պահ, որ ձերբակալված նախկիններին որոշեցին վերացնել։ Զավեշտը հասցրել էին նրան, որ ՀՀ արդարադատության նախարար էին նշանակել Սուլեյման Նուրի անունով մի թաթարի՝ ադրբեջանցու, որը եղել էր իթթիհաթական և մեծ սիրով էր որոշում կայացնում ձերբակալելու և վերացնելու դաշնակցականներին։

Հենց փետրվարի 18-ի գիշերը՝ մինչև ապստամբների Երևան հասնելը, Երևանի բանտում  կացնահարվեց Համազասպը․ հայ ազատագրական շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, որն Առաջին համաշխարհայինի տարիներին եղել էր կամավորական գնդերից մեկի հրամանատարը և իր կյանքը ամբողջությամբ նվիրել հայ ժողովրդի բարեկեցությանը, որպես անբարեհույս տարր կացնահարվեց։

Եվ երբ ապստամբները Երևան մտան՝ առաջին բանը, որ տեղի ունեցավ, մտավորականների փրկությունն էր։ Ձերբակալված հայ քաղաքական մտավորական վերնախավը՝ Հովհաննես Քաջազնունի, Ավետիս Ահարոնյան, Համո Օհանջանյան, Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան և բազում այլ անուններ փրկվեցին անխուսափելի կացնահարումից։ Հետագայում նրանք անցան արտասահման և ձեռնամուխ եղան սփյուռքահայ համայնքների կազմակերպմանը, Համո Օհանջանյանը և Լևոն Շանթը ստեղծեցին Համազգային հայ կրթամշակութային միությունը և այլն։

Իսկ ապստամբությունը հայ ժողովրդի մեջ հասունացավ մի քանի պատճառներով։ Բանն այն է, որ 1920 թ-ի դեկտերմբերի 2-ին, երբ Հայաստանի դաշնակցական կառավարությունը խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխանցեց բոլշևիկներին, պայմանագիր ստորագրեցին, որում հստակ ամրագրված էր՝ Խորհրդային Ռուսաստանը երաշխավորում է արդեն խորհրդայնացված Հայաստանի անկախությունը և երկրորդ՝ Խորհրդային իշխանությունները չեն հետապնդելու նախկին կառավարության անդամներին։

Իշխանությունը վերցնելուց հետո հայ բոլշևիկները վարեցին ճիշտ հակառակ քաղաքականությունը․ սկսեցին բռնաճնշումները, մերժեցին բոլոր այն անձանց, ովքեր չէին ընդունում իշխանությունների տեսակետը։ Բայցի այս, բոլշևիկների համար շատ կարևոր էր ընդհանուր բոլշևիկյան հեղափոխության տենդենցներով՝  իշխանությունը արյամբ վերցնելու մոլուցքը։ Քանի որ Հայաստանում իշխանությունը փաստացի փոխանցվել էր առանց արյուն հեղելու, բոլշևիկները դժգոհ էին մնացել։

«ՀՀ դաշնակցական կառավարության ներկայացուցիչներ Համբարձում Տերտերյանի և Դրոյի հետ ստորագրված պայմանագրով՝ Բորիս Լեգրանը երաշխավորել էր, որ որևէ բռնաճնշում չի լինելու։ Իսկ իշխանության եկած բոլշևիկները՝ Սարգիս Կասյանի գլխավորությամբ, դժգոհում էին, թե ինչո՞ւ է Լեգրանը  խաղաղ ճանապարհով վերցրել իշխանությունը։ Իրենք ենթադրում էին, որ պետք է հրահրել այդ քաղաքացիական կռիվը, որ բոլշևիկյան հեղափոխությունը լիակատար ձևով ընթանա։ Եվ սկսեցին բռնություններ կիրառել թե՛ նախկին իշխանությունների, թե՛ հասարակ ժողովրդի նկատմամբ»,-ասաց պատմաբանը։

Արդեն դեկտեմբերի 4-ին՝ պայմանագրի կնքումից ընդամենը 2 օր հետո, ձերբակալվեցին Բախշի Իշխանյանը և այլ գործիչներ, որոնք անգամ դաշնակցականներ չէին։ Մի քանի օր անց, երբ դաշնակցական կառավարության մի քանի գործիչներ փորձում էին անցնել Վրաստան, Լոռիում ձերբակալեցին նաև նրանց և նվաստացուցիչ պայմաններում վերադարձրին՝ ոտքով Դիլիջանից հասցնելով Երևան՝ պատմեց Խաչատուր Ստեփանյանը․ «Եվ դա բոլշևիկների համար հաճելի պրոցես էր, որովհետև նախկին իշխանությունների ներկայացուցիչներ էին և նրանց արած գործը նսեմացնելու խնդիր ունեին»։

Արդեն հունվարին ձերբակալեցին 1 400-ից ավելի հայ սպաների․ սպաներին, որոնք անցել էին ազատագրական շարժման բովով, կանգնած էին Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի հիմքում, ձերբակալեցին որպես ժողովրդի թշնամիներ, ոտքով Երևանից տարան Դիլիջան և այնտեղից տեղափոխեցին սկզբում Բաքու, հետո էլ Ռուսաստան։

Ձերբակալություններից բացի իրականացրին տնտեսական ճնշումներ, որոնք պատմագիտության մեջ հայտնի են «ռազմական կոմունիզմ» անունով․ գյուղացուն թողնում էին միայն սերմացուն և մնացած ամեն ինչը բռնագրավում։

Հետևեցին ռուս  կարմիրբանակայինների սանձարձակությունները Հայաստանում։ Խաչատուր Ստեփանյանը մի օրինակ է բերում՝ Ջրվեժ գյուղում կաքավի հարկ էին նշանակել․ գյուղացիներին ասում էին՝ օրական պետք է 100 կաքավ խփեք, բերեք ռուս զինվորներին, այլապես կպատժվեք։

Ժողովրդի դժգոհության համար այլ պատճառներ էլ կային․ երբ բոլշիկները եկան իշխանության, ժողովուրդը պատերազմի մեջ էր և խոստացան, որ շատ արագ կկարգավորեն Հայաստանի հարաբերությունները հարևանների հետ․ կլուծեն նախ՝ Թուրքիայի, ապա Ադրբեջանի և Վրաստանի հետ տարածքային խնդիրները։ «Այս առումով էլ որևէ հարց չկարգավորվեց․ թուրքերը շարունակում էին մնալ Ալեքսանդրապոլում, Խորհրդային Ադրբեջանը շարունակում էր ի ցույց դնել իր հավակնությունները Արցախի, Նախիջևանի, Զանգեզուրի նկատմամբ և դրական որևէ քայլ տեղի չէր ունենում»,-ասաց պատմաբանը։

Այս ամենին գումարվեց մտավորականության հանդեպ հալածանքները։

Ժողովրդի համբերության բաժակը լցվեց և պայթեց Փետրվարյան ապստամբությունը։

«Ի սկզբանե ինքնաբուխ էր դա։ Մի բան ակնհայտ էր, որ դժգոհությունները համաժողովրդական էին։ Եվ այդ ժողովրդական ընդվզումը ղեկավարելու եկավ ՀՅԴ-ն»,-պատմեց Խաչատուր Ստեփանյանը։

Կուսակցությունը թողել էր իր ներկայացուցչին՝ ի դեմս Սիմոն Վրացյանի և 1921 թ-ի փետրվարի 18-ին, երբ ապստամբները գրավեցին Երևանը Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե։

«Փետրվարյան ապստամբությունը մեծապես կանխորոշեց Զանգեզուրի՝ Հայաստանում մնալու հեռանկարը։ Փետրվարյան ապստամբությունը կանխեց հետագա հալածանքները՝ սոցիալական բռնաճնշումները ժողովրդի նկատմամբ։ Եթե դա չլիներ՝ շարունակվելու էին, որովհետև իրենք համաշխարհային հեղափոխության տենդով կուրացած՝ շարունակելու էին»,-փաստեց Խաչատուր Ստեփանյանը։ 

Փետրվարյան հեղափոխության դասերից նա համարեց նաև մտավորականության և զինվորականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։ Ի վերջո, նոր՝ բոլշիկյան իշխանություններից համաժողովրդական դժգոհության ահագնացած ալիքը հնարավոր դարձրեց ապստամբությունը և լուծեց ժողովրդի համար առանցքային հարցեր։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica