close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+21°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրավական անգրագիտությո՞ւն, թե՞ տարրական «շուստրիություն» Վայոց Ձորի մարզպետի կողմից

Հասարակություն

18 Փետրվարի 2020, 17:49
 Իրավական անգրագիտությո՞ւն, թե՞ տարրական «շուստրիություն» Վայոց Ձորի մարզպետի կողմից

Yerkir.am-ը 2020 թ. հունվարի 29-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Ա. Գրիգորյանին՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:  

Վայոց Ձորի մարզպետը 2020 թ. փետրվարի 3-ի N 01/13.1/0612.2020 պատասխան գրավոր նամակում (կցվում է) պատասխանել էր, որ վճարված պարգևավճարների մասին տեղեկատվություն չեն կարող տրամադրել, քանի որ առկա չէ աշխատակիցների գրավոր համաձայնությունը:

Մեր խմբագրությունը 10.02.2020 թ. N-040 նամակով վստահեցրեց մարզպետին, որ լավագույնս տիրապետում է իր ցիտած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների դրույթներին: Արդյունքում՝ մենք վերստին դիմեցինք մարզպետին՝ պարզաբանելով, որ մենք չենք ցանկացել ստանալ աշխատակիցների պարգևավճարի չափը՝ անուն առ անուն: Նամակով կրկին պնդեցինք, որ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում մարզպետարանը տրամադրի մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը (հատուկ նշել էինք, որ մեզ հարկավոր է ընդամենը մեկ թիվ): 

Մարդկային ամենավառ երևակայությունն անգամ հազիվ թե պատկերացներ Վայոց Ձորի մարզպետի՝ 17.02.2020 թ. N 01/13.1/0982020 պատասխան գրությամբ կրառված այն հնարքը, որով մեկ անգամ ևս նա խուսափեց  պարգևավճարների մասին տեղեկություններ տրամադրելուց:

Բացատրելով 2-րդ դասարանի մաթեմատիկական մի խնդիր, այն է՝ պարգևատրման ընդհանուր ֆոնդը ձևավորվում է առանձին աշխատողներին տրվող գումարների հանրագումարից, մարզպետը խիստ մտահոգված էր, որ մարզպետարանի աշխատակիցների ընդհանուր թվից ելնելով՝ մեզ համար դժվար չի լինի նույնականացնել, թե յուրաքանչյուրն ինչքան գումար է ստացել:

Դե, քանի որ աշխատակիցների գրավոր համաձայնությունը չկա՝ մարզպետը որոշել է այս անգամ էլ չտրամադրել տեղեկատվություն:

Եզրակացություն թիվ 1. առաջնորդվելով մարզպետի տարրական մաթեմատիկական տրամաբանությամբ՝ կարող ենք հետևություն անել, որ մարզպետարանում պարգևատրումները ոչ այլ ինչ են, քան գումարի հավասարաչափ բաշխում բոլոր աշխատակիցների միջև: Կրկնում ենք՝ հավասարաչափ՝ բոլոր աշխատակիցների միջև: Միայն այս դեպքում կարող է «աշխատել» մարզպետի մտավախությունն առ այն, որ մենք, կիրառելով 2-րդ դասարանի մաթեմատիկայի կանոնները և պարգևավճարի ընդհանուր թիվը բաժանելով մարզպետարանի աշխատակիցների թվի վրա, կիմանայինք յուրաքանչյուր աշխատակցի պարգևավճարի չափը:

Եթե իրոք այդպիսի ֆանտաստիկ արդարություն է գործում, և Վայոց Ձորի մարզպետարանում մարզպետն ստանում է նույնքան պարգևավճար, որքան, օրինակ, պահակն ու հավաքարարը, ապա այս պարագայում էլ բռնաբարվում է բուն պարգևատրման փիլիսոփայությունը. ո՞րն է պարգևատրման իմաստն ու նպատակը, եթե ամեն ամիս և՛ լավ աշխատողին, և՛ թերացողին՝ բոլորին անխտիր բաշխվում է հավասարաչափ գումար:

Եզրակացության այս տարբերակը, կարծում ենք, գործնականորեն անհնար է կիրառել՝ մի շարք պատճառներով, հետևաբար՝ մարզպետի այս պատճառաբանություն-մտավախությունը, մեղմ ասած, անտրամաբանական ու զավեշտալի է:

Եզրակացություն թիվ 2. Վայոց Ձորի մարզպետարանում խուսափում են պարգևավճարների ընդհանուր թիվը հրապարակելուց, քանի որ, հնարավոր է, այն հասնում է աստղաբաշխական չափերի, և, ենթադրելի է, որ այդ ահռելի թիվը բաշխված է ոչ հավասարաչափ, այն է՝ «յուրայինների» միջև:

Արդյունքում՝ մարզպետը չի հրապարակում թիվը՝ վախենալով պարգևավճար չստացած կամ նվազ չափով ստացված աշխատակիցների զանգվածային դժգոհություններից կամ բողոքներից:

Մարզպետի՝ վերոնշյալ օրենքների հիշատակման և դրանից բխող գործողությունների մասով ևս փաստենք. Ա. Գրիգորյանը կա՛մ չի հասկանում, կա՛մ դիտավորյալ խեղաթյուրում է  դրանց իմաստն ու բովանդակությունը:

Վերջում փոքրիկ իրավական կոնսուլտացիա՝ Վայոց Ձորի մարզպետի համար. պարո՛ն Գրիգորյան, Դուք տնօրինում եք պետական բյուջեն, որի ծախսումների մասին տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով իրավունք չունեք պահել թաքուն թե՛ հանրությունից, թե՛ զանգվածային լրատվամիջոցներից՝ օրենսդրության համաձայն հարցման դեպքում, առավել ևս, որ բյուջեի կատարողականը, այդ թվում՝ պարգևավճարների մասին տողը, պարտավոր եք հրապարակել բյուջեի հաշվետվության շրջանակներում:

Վ. Սարգսյան


Բարձունքի ուտոպիան
3 Հուլիսի 2020, 22:02 Բարձունքի ուտոպիան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica