close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց ցեղասպանության ճանաչումը արդյունք է թուրք-սիրիական հարաբերությունների աննախադեպ լարման. Արմեն Պետրոսյան

Քաղաքական

13 Փետրվարի 2020, 16:51
 Հայոց ցեղասպանության ճանաչումը արդյունք է թուրք-սիրիական հարաբերությունների աննախադեպ լարման. Արմեն Պետրոսյան

Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունումն այս ժամանակահատվածում առավելապես պայմանավորված է թուրք-սիրիական հարաբերությունների աննախադեպ լարումով՝ կապված Իդլիբ նահանգում ընթացող գործընթացների և Անկարայի կտրուկ հռետորաբանության աճի հետ. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով այսօր Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։

Արմեն Պետրոսյանը նշեց, որ թուրք-սիրական հարաբերությունները երբեք այսքան բարձր լարվածության չէին հասել՝ հաշվի առնելով երկուստեք մարտական կորուստներն ու վնասները:

Սիրիան Հայոց ցեղասպանության ընթացքում ականատես էր եղել թուրքական վայրագություններին և առաջին երկրներից էր, որ իր տարածքում ընդունել էր դեպի անապատ աքսորված հարյուրհազարավոր հայերի:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչո՞ւ Սիրիան ավելի վաղ չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ թուրք-սիրիական հարաբերությունները, նախքան հակամարտության մեկնարկը, բավականաչափ բարձր մակարդակի վրա էին, անգամ կար Ասադ-Էրդողան ընտանեկան բարեկամություն: «Սիրիական հակամարտության մեկնարկից հետո, երբ Թուրքիան որդեգրեց հակակառավարական դիրքորոշում Սիրիայի հարցում, երկուստեք հարաբերությունները սրվեցին, սակայն այդ ժամանակահատվածում չէր շահարկվում Հայոց ցեղասպանության թեման, որովհետև այդ գործիքը պահվում էր «զինանոցում»՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի դեմ օգտագործելու համար», - նշեց արաբագետը:

Արմեն Պետրոսյանը նաև հավելեց, որ Հայոց ցեղասպանության՝ ավելի վաղ չճանաչումը կապված էր նաև երկու երկրների տնտեսական, քաղաքական համագործակցության, ջրային հարցում Թուրքիայից կախվածության և մի շարք այլ կարևոր հարցերի հետ:

Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք մատուցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica