close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայր օրենքը եթե դնում ենք ոտնատակի փալասի տեղ, նշանակում է՝ կսկսվի ամենաթողության մի շրջան․ Սերժ Սրապիոնյան

Քաղաքական

12 Փետրվարի 2020, 00:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայր օրենքը եթե դնում ենք ոտնատակի փալասի տեղ, նշանակում է՝ կսկսվի ամենաթողության մի շրջան․ Սերժ Սրապիոնյան

Գործում է քաջնազարականության հայտնի գաղափարը՝ գյադեք էս կուռն անցեք, գյադեք էն կուռն անցեք և խոնարհ գյադաների մի մասսա այս կուռն է անցնում և այն կուռն է անցնում, իսկ սա երբեք լավ բան չի խոստանում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանը։

«Եթե մեր ոտքերը սրբում ենք մեր Մայր օրենքի վրա, դնում ենք դա ոտնատակի փալասի տեղ, սա նշանակում է, որ Հայաստանում շատ շուտով՝ ամենամոտ ապագայում կսկսվի ամենաթողության մի շրջան․ ով ինչ ուզի՝ կհայտարարի և դա կբրդի որպես աստվածաշնչյան ճշմարտություն՝ ինչպես հիմա արվում է երկրի ամենաբարձր պաշտոնյաների շուրթերից»,-պարզաբանեց նա։

Այս առումով, նրա տեսակետից, վարչապետը ճիշտ է ասում՝ հիբրիդային հեղաշրջումն արդեն եղել է և մենք ապրում ենք հեղաշրջված երկրում։

Սահմանադրությունը փոխելու նպատակով նախաձեռնած հանրաքվեն, Սերժ Սրապիոնյանի համոզմամբ, հայոց պետականության հիմքերը խարխլող գործունեություն է, որովհետև ինչքան էլ սիրենք կամ չսիրենք անցյալներին, 30 տարվա մեջ որոշակի ավանդույթներ էին ձևավորվել և սահմանադրականությունը Հայաստանում աստիճանաբար զարգանում էր։

«Ինքս սահմանադրագետ չեմ, իրավական գնահատականներ տալու լիազորություն չունեմ, բայց չի նշանակում, որ ես ապրում եմ ջունգլիներում․ մեր բազմաթիվ հեղինակավոր սահմանադրագետներ այս մասին արտահայտվեցին»,-ընդգծեց նա։

Հարյուր հազարավոր ղեկավարներ եկել ու անցել են՝ շատերը անհուշ ու անհիշատակ, շատերը՝ վատ հիշվելով, շատերը՝ լավ, նկատեց Սերժ Սրապիոնյանը․ «Այս պարագայում երբ բերում ենք  հազիվ կայացող պետականության վզին փաթաթում մեր անձնական ամբիցիաները, սա արդեն ուրիշ անունով է կոչվում՝ հայոց պետականության քանդում, որը հոդված ունի համապատասխան և այս իրավական գնահատականը վաղ, թե ուշ տրվելու է»։

Նրան մտահոգում է նաև այն, որ միջազգային մակարդակում գահավիժող արագությամբ կորցնում ենք մեր վարկանիշը և այն հեքիաթը, որ աշխարհի երջանիկների մեջ մենք առաջին տասնյակում ենք, Սերժ Սրապիոնյանի ծիծաղն է առաջացնում։

«Վարչապետի աթոռին նստած անհատը կարող է խոսել երջանկության մասին և որոշակի ճշմարտություն է ասում, քանի որ հապավումներով շատ պաշտոնյաներ անհասկանալի մեծ աշխատավարձեր և պարգևավճարներ են ստանում, իսկ երկիրը կախված է փող տվող կառույցներից։ Այս պարագայում, քաղաքական կատեգորիաները լռում են և խոսում է բարոյականությունը»,-ասաց նա։

Այդպիսի հապավումով մի պաշտոնյայի՝ ԿԳՄՍ նախարարի մասին խոսելիս՝ Սերժ Սրապիոնյանը ժողովրդական մի իմաստուն պատմություն հիշեց․ «Մարդը բերում է՝ երկար ժամանակ հերկերում իր վիզը կարծրացրած, ոտքերի ուժը բռնած մի եզան հետ լծում է մի հորթ և այս հորթը եզան հետ համաքայլ չի կարողանում վարել արտը ու մնում է ակոսների մեջ՝ գութանի տակ ճզմվում է։ Այն ուսերը, որոնց վրա բարդում են ծանրագույն բեռ, այդ ուսերը ի վիճակի պիտի լինեն տանելու։ Դուք մի վիթխարի կառույց եք ստեղծել՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ և այլն ու դրել եք վտիտ ուսերի վրա, որը չի կարողանում քարշ տալ ուղղակի, նա այդ ոլորտին չի էլ տիրապետում»։

Ապացույցն այն է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը տվել են ԵՊՀ բանասիրության ֆակուլտետին՝ քննարկելու, իրենք էլ 100-ից ավելի դիտարկումներ են արել՝ որտեղ ինչ փոփոխություն պիտի արվի, բայց բաձարձակ զրո արձագանք։

«1919 թ-ի սովահար երկրում, երբ Կրթության նախարարը ընդամենը երկու փութ գարի էր ուզում, որ ցաներ, ընտանիքը կարողանար պահել և ստեղծում էր համալսարան, այդ համալսարանը այսօր քանդում են»,-նկատեց նա։

Քանդում են, որովհետև մի նախագիծ են բերել, որը, Սրապիոնյանի գնահատմամբ, ուղղակի խայտառակություն է․ ««Լրամշակում» արտահայտությունը, կարծում եմ, խամ ականջների համար է, որովհետև այն աշխատանքային նախագիծը, որը տվեցին մեզ, այդ նույն նախագիծը գրեթե անփոփոխ կերպով ներկայացրել են որպես արդեն օրենքի նախագիծ։ Այնպես որ, լո-լո, լո-լո կարող են ասել, բայց քրդի տղային լո-լո չի կարելի ասել»։

Նա նկատի ունի, որ իրենց կյանքն անցել է համալսարանում և շատ լավ հասկանում են Հայաստանի կառավարման համակարգը․ «Այնքան նախարարներ ու ռեկտորներ են փոխվել, բայց համասարանը մնացել է համալսարան։ Այս ավերածություններն արդեն, որ նախաձեռնել են նորերը, այս ավերածությունների տակից դուրս գալու համար տասնամյակներ պետք կլինեն»։

Ավերածությունների թվին նա դասեց նաև այն, որ չգիտենք՝ մեր արտաքին գերատեսչության ղեկավարը 11 ժամ ի՞նչ է խոսում մեր երդվյալ թշնամիների հետ, այն դեպքում, որ սարսափելի ենթադրություններ են հրապարակում լրատվամիջոցները։ Չգիտենք նաև, թե ինչո՞ւ պետք է խախտենք մեր Մայր օրենքը և հանրաքավե հռչակենք․ «Եվ մի նախագահացու էլ այնտեղ նստած՝ ինչ թուղթ դեմը դնեն՝ ստորագրի և հաստատի, և այս ժողովուրդը, որն արդեն հայտնվում է հուսահատության եզրին, չի պատկերացնում իր ապագան։ Միայն գլխների մեջ կարող են մտածել, որ երջանիկ են և այդ երջանկությամբ ապրեն»։

Այս երևույթը Սերժ Սրապիոնյանը պատկերավոր բացատրեց․ «Դա նշանակում է, որ ես ունեմ, ենթադրենք, մի քնձռոտ հավ և մտածեմ, որ այդ հավը՝ եթե շատ երազեմ, որ լինի սիրամարգ և սոխակի ձայն հանի, մի 20 տարի հետո կլինի սիրամարգ և սոխակի ձայն կհանի»։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica