close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լայն սոցիալական համախմբման փոխարեն նոր ներքին «խրամատներ» ստացանք. ԱԱԾ նախկին տնօրեն

Քաղաքական

10 Փետրվարի 2020, 16:16
 Լայն սոցիալական համախմբման փոխարեն նոր ներքին «խրամատներ» ստացանք. ԱԱԾ նախկին տնօրեն

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական հեղինակավոր «Interfax» լրատվական գործակալությանը՝ ներկայացնելով մանրամասներ իր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալու, հայաստանյան ներկայիս ներքաղաքական իրավիճակի ու իր կողմից ՀՀ-ում նոր քաղաքական ուժի ներդրման մասին։

Yerkir.am-ը ներկայացնում է նախկին պաշտոնյայի հարցազրույցի հետաքրքիր դրվագները.

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը` որպես նոր կենտրոնամետ քաղաքական կուսակցության ղեկավար, մտադիր է գործել որպես ընդդիմություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ:

«Նոր քաղաքական ուժը կլինի կենտրոնամետ` աջակողմյան բնույթի, իսկ գաղափարախոսությաան և ծրագրերի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդույթներն ու առաջընթացը: Այս պահի դրությամբ համակողմանի խորհրդակցությունների գործընթաց է ընթանում գաղափարակիցների և հնարավոր գործընկերների հետ, և միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո մենք կներկայացնենք կոնկրետ ծրագրային դրույթները եւ հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը»: Նոր քաղաքական ուժը կլինի ընդդիմություն»,- հայտարարել է Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով՝ ներկայումս Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծում են պահանջում, իսկ կառավարությունը շատ է հեռացել 2018 թվականի գարնան «թավշյա հեղափոխության» նպատակներից:

Միևնույն ժամանակ Վանեցյանն այն կարծիքին է, որ Հայաստանում վերադարձ անցյալին չի կարող լինել: Նա դեմ է հասարակության մեջ կոշտ սահմանագծմանը, այն է՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքին:

«Այս կանխադրույթը այսօր, հավանաբար, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչն անթույլատրելի է անընդունելի է իրավական պետության կառուցման, իշխանության ճյուղերի տարանջատման և հավասարակշռված քաղաքացիական հասարակության տեսանկյունից: Իմ խորին համոզմամբ, արմատականությունն ու ծայրահեղությունները չպետք է տեղ ունենան այսօրվա Հայաստանում: Սեւ ու սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, քանի որ աշխարհն իրականում լի է գույներով, եւ նույնիսկ` տասնյակ երանգներով: Եվ մենք մտադիր ենք մեր սպեկտրը ստեղծել ընդհանուր քաղաքական ներկապնակի մեջ»,- բացատրել է Վանեցյանն ու հավելել, որ «թավշյա հեղափոխության» ընթացքում և դրանից հետո մարդիկ ուզում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում և բարձրորակ ծառայություններ կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում: «Խոստացան, բայց չարեցին»,- ասել է նա:

ԱԱԾ նախկին տնօրենը նշել է նաև, որ լայն սոցիալական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առջև ծառացած սպառնալիքները. «Մենք նոր ներքին «խրամատներ» ստացանք, բաժանումներ «սևի ու սպիտակի», «հնի ու նորի», «համաձայնների և ոչ այդքան համաձայններ»-ի, որոնք պայքարում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է այս ամենի մեջ ուժային կառույցների ներգրավման անթույլատրելիությունը»,- հստակեցրել է նա:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝  ապա, Վանեցյանի համոզմամբ, Ռուսաստանը մնում է և կլինի Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, երկու երկրների շահերի շրջանակում է հուսալի և կանխատեսելի գործընկերներ մնալը:

Նախկին պաշտոյայի վստահեցմամբ՝ Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն բազմադարյա պատմությունը և եղբայրական ու ռազմավարական հարաբերությունների կուտակված ներուժը, դրանք անշեղ կերպով զարգացնեն ԵՏՄ ու ՀԱՊԿ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատով:

«Հայաստանում այսօր իշխանության ղեկին են նրանցից շատերը, որոնք ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվորեն հանդես են եկել հակառուսական դիրքերից՝ ընդհուպ մինչև խորհրդարանում իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին օրենսդրական նախաձեռնության առաջադրումը: Նրանք հայտարարություններ էին տարածում այն մասին, որ ԵՏՄ-ն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը: Մինչդեռ այսօր ցանկացած հարմար առիթ օգտագործում են շեշտելու համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության ավելի շատ խորացման անհրաժեշտությունը»,- բնորոշել է Վանեցյանն ու միաժամանակ հավաստիացրել, որ «իրական քաղաքականությունը եւ պոպուլիզմն անհամատեղելի են»:

«Բացթողումների և չիրականացված հնարավորությունների մասին կարելի է շատ խոսել, անհարթություններ և թյուրըմբռնում է պատահում նույնիսկ իրար շատ սիրող ընտանիքներում: Բարեբախտաբար, մեր ժողովուրդներին մշտապես բավարարել է իմաստությունը փոխհարաբերություններում դժվարությունները հաղթահարելու համար: Համոզված եմ, կբավականացնի նաև սրանից հետո: Պետք է կամք և իմաստություն, որը մեր ժողովուրդներն ունեն: Ես պետք է շեշտեմ, որ մեր հարաբերությունները շատ ավելին են, քան առանձին վերցրած քաղաքական գործիչների և նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այս հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն, և անշուշտ կլինի բազմադարյա ապագա»,- ամփոփել է ԱԱԾ նախկին տնօրենը՝ վերջում նշելով, որ երբ 2019 թվականի սեպտեմբերին ինքն ազատվեց պաշտոնից, վարչապետի հետ իր հակասություններն անհաղթահարելի էին դարձել:

Վանեցյանը հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին՝ երկրի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո: 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանեցյանը պաշտոնից ազատվել էր: 2020 թվականի փետրվարի 6-ին նա հայտարարել էր կուսակցություն ստեղծելու եւ քաղաքական կարիերա սկսելու մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica