close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրենիքն աշխարհի մի մասը դարձնելով. դուդուկահար Արսեն Պետրոսյան

Մշակույթ

10 Փետրվարի 2020, 15:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրենիքն աշխարհի մի մասը դարձնելով. դուդուկահար Արսեն Պետրոսյան

Նրա տատիկի հայրը դուդուկահար է եղել, ընտանիքում ժողովրդական երաժշությունը միշտ է հնչել: Ու զարմանալի չէր, որ հայրը 5 տարեկան որդու ձեռքից բռնել-տարել է երաժշտական դպրոց: Փոքր էր, ասել են՝ մի տարի էլ սպասեք: …Սկզբում շվի նվագել է սովորել, 5 տարի հետո՝ դուդուկ:

14 տարեկանում են ինքն ու դուդուկը ռուբիկոնն անցել. համերգային առաջին շրջագայություն ԱՄՆ-ում ու Կանադայում, որից հետո հաստատապես է համոզվել՝ ինքն ու դուդուկն անբաժան են լինելու: Գիտակցելով, որ ճանապարհը բարդ է լինելու, այնուամենայնիվ ընտրել է հենց այդ ուղին:

Դուդուկահար Արսեն Պետրոսյանի արմատները Ջավախքում են, իսկ երաժշտական ուղին սկսվել է ծննդավայր Չարենցավանից. նվագել է նաև մարզերում, հետո՝ Երևան, կոնսերվատորիա:

Ազգայինը՝ ինքնատիպ ու հետաքրքիր

Յուրաքանչյուր ստեղծագործություն  յուրովի ես ապրում ու զգում: Նվագելիս միտքն ու հուզական աշխարհը միասին են աշխատում: «Ժողովրդական մեղեդիների ազդեցությունը շատ ուժեղ է, խոր: Ժողովրդից ծնված, ժողովրդի ապրումները, հոգեվիճակն արտահայտող երաժշտությունը հենց այդպիսին էլ պետք է լինի՝ գերող ու ազդեցիկ: Դասական կոմպոզիտորների ստեղծագործություններում էլ ժողովրդական մեղեդիներ կան, օրինակ՝ Արամ Խաչատրյանի գործերում: Աշխարհը հետաքրքրված է  տարբեր ազգերի ժողովրդական մեղեդիներով»,-Yerkir.am-ի հետ զրույցում ազգայինի ներգործության մասին իր կարծիքը հայտնեց Արսեն Պետրոսյանը:

Մեր երաժշտական ժառանգությունը օտարազգիներին  գերում  է: Արսենը տեսել է,  թե ինչպես է  բազմազգ  հանդիսատեսը հուզված դուրս գալիս համերգից: «Ես հանդես եմ գալիս The World music ժանրում. ժողովրդականի, ջազի համադրությամբ երաժշտության համերգները մեծ էմոցիաներ են հաղորդում»,- պատմում է դուդուկահարը:

Ազգային մշակույթը տարածելը՝ դիվանագիտություն

2016 թվականին ամերիկյան Pomegranate music ընկերությունը թողարկեց  Արսեն Պետրոսյանի  առաջին՝ «Չարենցավան» ձայնասկավառակը, որը միջազգային երաժշտական աշխարհում ճանաչում ձեռք բերեց: Դրանից հետո սկսվեցին միջազգային համագործակցություններն ու համերգները՝  Հարավային Աֆրիկա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Սկանդինավյան երկրներ, Ռուսաստան, Հնդկաստան:

Վերջին համերգներն Անգլիայում են եղել: «Դահլիճներում մեկ-երկու հայ կար, մյուսներն օտարազգի էին. հենց դա է կարևորը, երբ օտարն է հուզվում դուդուկից, քո նվագածից, քո երաժշտության միջոցով ճանաչում է Հայաստանը, հայկական երաժշտությունը: Իմ կարծիքով՝ այն երաժիշտներն, ովքեր երկիր են ներկայացնում, դեսպաններ են: Երբ քո նվագով մի ամբողջ պատմություն, երկիր, ազգ ես ներկայացնում, ուրեմն քո քայլը նաև դիվանագիտական է»,- վերջին տարիների համերգային շրջագայությունների արձագանքից այս համոզմանն է եկել երիտասարդ դուդուկահարը:

Դեպի դուրս՝ հայրենիքդ աշխարհի մի մասը դարձնելով

«Աստղիկը, Ավետիսը, Վլադիմիրը և ես կազմել ենք «Արսեն Պետրոսյան քառյակ» խումբը և տարբեր բեմերում  ելույթ ենք  ունենում: Մարտի 6-ին Ստոկհոլմում համերգ ունենք, հետո ես առանձին կշարունակեմ համերգային շրջագայությունս եվրոպական տարբեր քաղաքներում»,- առաջիկա ծրագրերը ներկայացրեց քառյակի հիմնադիրը:

Համացանցն օգնում է ամբողջ աշխարհն ափիդ մեջ տեսնել, ծանոթություններ հաստատել, համախոհներ գտնել: Վեբ-կայքերի միջոցով  նոր  համագործակցություններ են ծնվում նաև արվեստում: Արսենն ինքն է իր մենեջմենթով զբաղվում, թեև խոստովանում է՝ դժվար է և՛ ստեղծագործել, և՛ համատեղ նախագծերի համար պայմանավորվածություններ ձեռք բերել: Բայց անհերքելի է՝ որքան էլ տաղանդավոր լինես, ուղղակի ինքդ քեզ համար,  քո անկյունում նվագել-ստեղծագործելն արդյունք չի տա: Ճանաչում, նոր ծանոթություններ, միջազգային հարթակներ, բաց համագործակցություն. այս ամենին հասնելը հեշտ չէ, բայց Արսենը հասել է: Ինքնադրսևորվելու և առաջ գնալու ճանապարհը դա է:

Փառք չի ուզում, բայց ճանաչված լինելու ճանապարհով է անցնում

Միջազգային նախագծերում բազմաժանր գործեր են կատարվում՝ ներառելով նաև ազգային երաժշտություն: Արսեն Պետրոսյանը ոչ միայն հայկական ժողովրդական, այլև հոգևոր երաժշտություն է ընդգրկում միջազգային համերգների երկացանկում: «Հոգևոր երաժշտությունն ինձ համար շատ մեծ կարևորություն ունի. հանդիսատեսի արձագանքն էլ է ոգևորիչ, ուղղակի ֆանտաստիկ:  Նվագելիս ես զգում եմ, թե ինչպես է իմ ու հանդիսատեսի միջև այդ վերերկրային կապն ստեղծվում»,- իր զգացողությունների մասին պատմեց Արսենը:

Հայ երաժիշտները մենեջմենթի կարիք ունեն. ովքեր միջազգային բեմերում են հանդես գալիս, ինքնուրույն են հասնում դրան: Խնդիրը գումարի մեջ չէ՝ կարծում է երիտասարդ դուդուկահարը: Պետք է հարթակներ լինեն, որտեղ մեր արտիստները, երաժիշտները կներկայացնեն իրենց արվեստը, կճանաչվեն:

«Մենք՝ երաժիշտներս, գիտակցում ենք, որ ինչ-որ առաքելություն ունենք. ճանապարհը դժվար ու բարդ է, տարուբերումներով: Ես եմ ընտրել այս ճանապարհն, ուրեմն ես էլ պիտի հարթեմ այն: Ամեն մեկն իր խաչն է տանում, սա էլ իմ խաչն է»,- սեղանին դրված դուդուկին հայացք գցելով՝ ասում է:

Շատ երազանաքներ ունի, որոնց մտադիր է քայլ առ քայլ հասնել: Ու հասնելու ճանապարհին է: Փառքի հետևից չի ընկնում, բայց նաև տեսնում է, որ ճանաչված լինելու ճանապարհն է անցնում: Հնդիկ սիտարահար Անուշկա Շանկառն իր սիրած երաժիշտներից մեկն է, կուզենար նրա հետ նույն բեմում նվագել:

AGA  տրիո

Երկու տարի առաջ ստեղծվել է AGA  տրիոն՝ կազմված հայ, վրացի և թուրք երաժիշտներից:  AGA-ն հապավում է՝ Armenia, Georgia, Anatolia: Վերջին համերգը Բեռլինում է եղել, հունվարի 19-ին՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին: AGA տրիոն ընդհանուր երկացանկ է մշակվել, որտեղ ընդգրկված է նաև   «Ադանան»: Այն Թուրքիայում հայտնի է որպես փոփ-երաժշտություն: Իսկ AGA տրիոյի համերգներին թուրք երաժիշտն այդ երգի ստեղծման մասին բեմից  իրականությունն է պատմում՝ ասելով, որ  այն Ադանայի հայկական ջարդերի մասին պատմող երգ է: Արսեն Պետրոսյանը երգի արձագանքների մասին պատմեց, որ արևմտյան հանրությունն «Ադանան»  մեծ հետաքրքրությամբ է ընդունում, բայց եղել են դեպքեր, երբ թուրքերը մոտեցել են իրենց ազգակից երաժշտին ու ասել՝ այս ի՞նչ ես պատմում, ի՞նչ հայկական ջարդեր:

AGA տրիոյի հեղինակները մտադիր են  այս նախագիծը ներկայացնել նաև Հայաստանում: Ամռանը AGA տրիոն   երաժշտության ամենահայտնի record lable-ներից մեկի՝  Naxos World-ի հետ նոր ձայնասկավառակ է թողարկելու:

Դուդուկն անտեղի օգտագործվելով՝ հաճախ արժեզրկվում է

Հայկական ծիրանափողի նկատմամբ բոլորս հատուկ թուլություն ունենք, բայց արի ու տես, որ երբեմն անհարկի ենք օգտագործում այն:  Մի անարվեստ ֆիլմ կամ տեսահոլովակ, անճաշակ ներկայացում կամ ցերեկույթ ու …դուդուկի սրտակեղեք մեղեդի: Երբ ասելիք չկա, դուդուկի միջոցով փորձ է արվում իրավիճակը փրկել: Ցավալի է, բայց իրողություն:

«Դուդուկին պետք է հարգանքով մոտենալ: Աշխարհի տարբեր ծայրերում հաճախ ոչ պրոֆեսիոնալ գործիքը վերցնում են և մի քանի  նոտա նվագելով, ավելի ճիշտ՝ ձայն հանելով, փորձում են ինչ-որ գույներ ստանալ: Սա, իսկապես, խնդիր է: Դուդուկը մեծ ուժ ունի և ստիպում է հուզել մարդուն, բայց դա տխրության հետ կապ չունի:  Պետք է այս ազնվագույն գործիքը տեղին հնչեցնել»,-դուդուկն անհարկի օգտագործողներին ու արժեզրկողներին հորդորում է Արսեն Պետրոսյանը:

Նաիր Յան

Մանրամասները՝ տեսանյութում.

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica