close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2020
-2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրացի վերաարտահանողների վիճակը բարդացել է՝ ապրիլից ավտոմոբիլների արտահանումը Հայաստան սահմանափակվելու է

Տնտեսական

29 Հունվարի 2020, 18:27
 Վրացի վերաարտահանողների վիճակը բարդացել է՝  ապրիլից ավտոմոբիլների արտահանումը Հայաստան սահմանափակվելու է

Այս տարվա ապրիլից ավտոմոբիլների արտահանումը Հայաստան սահմանափակվելու է. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է վրացական bizzone.info կայքը:

«Թեև այդ հարցը վաղուց էր քննարկվել, և նոր նորմի ներմուծումն անսպասելի չէր վրացի վերաարտահանողների համար, ամեն դեպքում դա լուրջ հարված է նրանց համար: Ստեղծված իրավիճակում ընկերությունների մի մասը կփակվի: Վրացական ավտոբիզնեսի ներկայացուցիչները հաստատում են, որ արդեն սկսել են օպտիմալացումը»,- գրում է կայքը:

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է Եվրասիական մաքսային միության մեջ չմտնող երկրներից ավտոմոբիլների ներկրման մաքսատուրքի 10 տոկոսանոց դրույքաչափ, սակայն ապրիլից Հայաստանը կանցնի նոր՝ զգալիորեն բարձր դրույքաչափերի, որոնք գործում են ԵԱՏՄ բոլոր երկրներում: Դրանք կլինեն տարբեր՝ կախված մեքենայի արտադրման թվականից, շարժիչի հզորությունից և արտահանող երկրից: Բացի դրանից՝ դրույքաչափերը կփոխվեն՝ կախված նպատակից. սեփական օգտագործման համար ներկրված մեքենայի մաքսազերծումն ավելի էժան կլինի, վաճառելու համար բերված մեքենայինը՝ մի քանի անգամ թանկ:

Ավտոմոբիլային բիզնեսի ոլորտի փորձագետ Մևլուդ Մելաձեն bizzone.info-ի հետ զրույցում նշել է, որ վրացական ընկերություններն անպայման խնդիրներ կունենան, և Հայաստանին նույնքան մեքենա վաճառել, որքան ներկայումս է վաճառվում, արդեն չի հաջողվի:

«Բազմաթիվ վրացական ընկերություններ, որոնք զբաղվում էին վերաարտահանմամբ, ճշգրտորեն չգիտեին, թե ինչ որոշում կկայացվի, և վստահ չէին, որ նոր դրույքաչափերը ուժի մեջ կմտնեն, քանի որ հարցը երկար ժամանակ է՝ քննարկվում էր: Հիմա արդեն հայտնի է, որ ապրիլի 1-ից նոր նորմերն ուժի մեջ են մտնելու: Իհարկե, դրա հետևանքով մեր վաճառքները կնվազեն»,- ասել է նա:

Ըստ կայքի՝ դեռևս հստակ տեղեկություն չկա՝ վերջին պահին նոր դրույքաչափերի կիրառումը կհետաձգվի՞, ինչպես մի քանի անգամ եղել է, սակայն ավտոմեքենաներ վաճառողներն արդեն համապատասխան որոշումներ են կայացրել, մասնավորապես, ըստ ընկերություններից մեկի ղեկավար Զվիադ Զիզիաշվիլիի, մենեջմենթն արդեն սկսել է կրճատումները:

«Հաստատ չգիտենք՝ այս անգամ էլ կհետաձգե՞ն: Հայերն էլ նույնիսկ չգիտեն: Սակայն, վերջին տեղեկություններով, կարծես, հետաձգում չի լինի: Մեր վաճառքի ծավալներն արդեն կրճատվել են, այդ պատճառով ստիպված էինք աշխատանքից ազատել երկու աշխատակցի: Եթե մինչև մարտ իրավիճակը չփոխվի, հավանորեն ստիպված կլինենք փակվել»,- ասել է նա:

«Եվ դա այն պարագայում, երբ 2019-ին ավտոմոբիլների վերաարտահանումը ռեկորդ էր սահմանել՝ 686.7 մլն դոլարի վաճառք, Վրաստանի ընդհանուր արտահանման 18,2 տոկոսը: Համեմատած 2018-ի հետ՝ այդ ցուցանիշն աճել էր 68,2 տոկոսով»,- տեղեկացնում է bizzone.info-ն՝ պարզաբանելով, որ աճը պայմանավորված էր ոչ միայն վրացի վերաարտահանողների՝ այլ շուկաներ մուտք գործելով, օրինակ՝ Արևելյան Ուկրաինայի չճանաչված հանրապետություններ, այլև Հայաստանում նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելու սպասումներով. 2019-ի վերջին ամիսներին ավտոմեքենաների վերաարտահանումը Հայաստան կտրուկ աճել էր, քանի որ ներմուծողները նախապես  գնում էին ավտոմոբիլները՝ գիտակցելով, որ 2020-ին դա անելն ավելի դժվար է լինելու:

Ի դեպ, ըստ կայքի, բացի Հայաստանից, Վրաստանից մեծ քանակությամբ ավտոմոբիլներ են վերաարտահանվում Ադրբեջան և Արևելյան Ուկրաինա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica