close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+3°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աղքատ է մեր բառապաշարը ռազմի տերմիններով, և մեր ատոմային ռումբը հայագիտությունն է՝ ազգային պետականության առհավատչյան. Մհեր Քումունց

Հարցազրույց

29 Հունվարի 2020, 12:14
 Աղքատ է մեր բառապաշարը ռազմի տերմիններով, և մեր ատոմային ռումբը հայագիտությունն է՝ ազգային պետականության առհավատչյան. Մհեր Քումունց

Կրթամշակութային մի շարք խնդիրների, օրվա մարտահրավերների ու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցի հետ:

-
Պարոն Քումունց, ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է բուհերում ոչ պարտադիր դարձել հայագիտական առարկաները: Ի՞նչ կարծիք ունեք այս քաղաքականության մասին:

- Բազմաթիվ կարծիքներ հնչեցին այդ հարցի մասին, և, թվում է, այլևս ասելիք չկա հատկապես այն պայմաններում, երբ հայագիտական առարկաները բուհերում պահպանելու հիմնավորումներին հակադիր կարծիքների, ըստ էության, չհանդիպեցինք: Կարծում եմ՝ այդ հանգամանքն էլ բավարար էր, որ հարցը օրակարգից հանվեր: Բայց, ինչպես տեսնում ենք, ԿԳՄՍ նախարարությունը էապես հակամետ չէ հասարակական կարծիքին:

Դեռ անցած տարի ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության և գիտության բնագավառում անցկացվող փոփոխություններին ես նույնպես անդրադարձա: Այսօր էլ պետք է նշեմ, որ առանձնապես մտահոգիչ հարց է բուհերում հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դասաժամերը կամընտրական դարձնելը: Պետք է շարունակեմ առանձնացնել հայոց լեզվի դերը ոչ միայն հայագիտական, այլև ընդհանրապես մեր պետության գիտական համակարգերի զարգացման մեջ:

Կան ոչ միայն մասնագիտական, այլև ռազմավարական առանձնահատկությամբ խնդիրներ, որ առանձնակի ուշադրության են արժանի: Հիմա էլ նույն կարծիքին եմ և ցանկանում եմ շրջանառել մի քանի նկատառումներ:

Հայոց գրական լեզուն ունի զարգացման երեք շրջան՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար: Նոր գրական հայերենը զարգացման երրորդ շրջանում է, որ պայմանականորեն անվանում ենք ժամանակակից հայերեն՝ սկսած անցյալ դարի 20-ական թվականներից: Միայն հայ բանասիրության բաժիններում հայոց լեզվի դասավանդումով արդյո՞ք հայերենը կարող է շարունակել իր առողջ զարգացումը: Արդյոք ժամանակակից գրական հայերենի մեկուսացումը տարբեր մասնագիտություններից չի ունենա նույն ճակատագիրը, ինչը որ կրեց գրաբարը:

Հայերենի զարգացման համար հատուկ և համընդհանուր վերաբերմունք եթե սկսված լիներ դեռևս 10-11-րդ դարերից, գուցե այսօր խնդիրը այլ հարթության վրա լիներ: Ուստի և՝ ինչպիսի՞ գրական հայերեն պիտի ավանդենք եկող սերունդներին, թե՞ հայերենի պահպանության և զարգացման հարցերը դրված են միայն հայոց լեզվի և գրականության մասնագետների ուսերին: Ակամայից հիշենք նոր գրական հայերենի կացությունը 17-րդ դարից մինչ 19-րդ դարի կեսը: Գրական դարձող լեզուն(երը) լիքն էր օտար բազմաթիվ բառերով ու տերմիններով: Այսօր լավագույնս չհետևելով հայերենին՝ վաղը նոր սերունդները նորից պիտի մտածեն լեզուն օտարաբանություններից և աղավաղումներից մաքրելու դժվար ու երկարաժամկետ գործընթացի մասին:

Հաշվի առնելով մեր բազմադարյան լեզվի առանձնահատկությունները՝ պետք է հատկանշել, որ միայն 12 տարի դպրոցում հայոց լեզու սովորելը բավարար չէ գրական հայերենին տիրապետելու համար: Այսօր, օրինակ, ըստ մեր դիտարկումների, իշխանական ատյաններում գրական հայերենին տիրապետում է 1-2%-ը: Հանրային նշանակությամբ հաստատություններում նույնպես հայերենին տիրապետելու մակարդակը ցածր է: Իհարկե, ընդունում ենք, որ անհրաժեշտ է վերանայել հայագիտական առարկաներին վերաբերող ծրագրերը, ուսուցման մեթոդները, բայց որ հայոց լեզուն չի կարող խանգարել մյուս գիտություններին և նրանցից խլել ժամաքանակ, դա ակնհայտ է:

Բուհի ինքնավարությունը կարող է դրսևորվել դասախոսի ընտրության, առաջարկվող ծրագրերի հարցում, անգամ հայոց լեզուն ուսումնասիրող գիտաճյուղերի անվանումների առումով (բառապաշար, թարգմանության տեսություն, խոսքի մշակույթ, հայոց լեզու և գրականություն և այլն), բայց որ բարձրագույն կրթությամբ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է տիրապետել հայերենին գոնե իր մասնագիտության շրջանակներում, դա այլ բացատրություն չի ակնկալում:

Ոչ մասնագիտական բուհերում հայերեն չանցնելը լուրջ խոչընդոտներ կստեղծի հայրենական գիտությունների զարգացման համար: Հայերեն բառերի, կապակցությունների փոխարեն մեր բառապաշար կարող են մուտք գործել բազմաթիվ օտար բառեր, որ կարող են խարխլել հայերենի բառապաշարը և զրկել հայոց լեզուն իրեն բնորոշ ճկունությունից, որ դրսևորվում է գիտության տարբեր բնագավառներում: Այսօր էլ մեծ աշխատանքներ են տարվում բուհերի հայոց լեզվի ամբիոններում հարափոփոխ և անընդհատ զարգացող եզրույթները հայերենին համադրելու առումով:

-Ի՞նչ առաջարկություններ ունեք այս մասով:

Արդիական պետք է համարեմ այն առաջարկությունները, որ հրապարակայնացրել եմ դեռ այն ժամանակ, երբ մեր երիտասարդները նստացույցի էին ԿԳՄՍ նախարարության շենքի բակում:

1. Հայերենի պարտադիր լինելու կամ չլինելու հարցը այլևս հանե՛լ մշտափոփոխ իշխանական և քաղաքական օրակարգերից և հայերենին վերագրել պետականության պահպանման կարևորագույն դերերից մեկը, ինչպես և է: Հայոց լեզուն և նրա տարածման, զարգացման հարցերը դարձնել ազգային գաղափարախոսության մշտական ուղենիշ և անկապտելի արժեք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետականության և Սփյուռքի համար:

2. Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պետական և միջպետական մակարդակներում ներկայացնող բոլոր անձինք մինչև պաշտոնները ստանձնելը պետք է ունենան հայերենին տիրապետելը վկայող հավաստագիր: Հակառակ դեպքում կարող է կարծիք ձևավորվել, որ հայերենի դերի նվազեցումը առնչվում է գրական հայերենին չտիրապետելու պատճառով քննադատություններից զերծ մնալուն:

-Բազմաթիվ ուսանողներ, դասախոսներ, մտավորականներ ընդդիմացան այդ որոշմանը, բողոքի ակցիաներ եղան, բայց նախարարությունում անդրդվելի են մնում: Սա արհամարհանք չէ՞ ժողովրդի նկատմամբ:

-Բողոքի ակցիաներին պիտի մասնակցեր ողջ հանրությունը, որովհետև սա համազգային խնդիր է և չպետք է հուզեր միայն հայագետներին:  Հենց այս հանգամանքն էլ պետք է անհանգստացներ նախարարությանը, որ մեր հասարակության շրջանում թուլանում են պետականության պահպանման համար առանցքային համարվող բաղադրիչները:

Հարցը պետք է հանել մասնավոր շրջանակներից և բերել աշխարհաքաղաքական մեծ դաշտ, որտեղ պիտի երևան մեր պետականության անցյալն ու ապագան: Եվ ընդհանրապես, ո՞ւմ համար են կուսակցական կամ դաշինքային այս «բարեփոխումները», դասավանդողների՞՝ այդ աղքատ խավի՞, որ անտրտունջ երկրի ջիղն է պրկում և կրում ծաղրանք ու ստորացում…  Ես չեմ կարող ասել՝ այս հարցը նախարարի՞ որոշման տիրույթում է, թե՞ նախարարության, բայց որ մեր ժողովրդի կամքից ու միտումներից չի բխում, դրանում համոզված եմ: Թող այն կարծիքը չստեղծվի, որ հայ մտավորականը նեղմիտ է և չի կարող դուրս գալ ազգային շրջանակներից: Ազգային կրթության համար պայքարը «լավ օրից չէ», քանի որ մեզ չենք կարող թույլ տալ անհոգ լինել այդ հարցում, քանի դեռ պետական անվտանգության հիմքերը կայուն չեն: Պատմականորեն մեզ բախտ չի վիճակվել աշխարհագրորեն գտնվելու մի անվտանգ վայրում, որտեղ բացառված են եղեռնը, շրջափակումը, պատերազմները…

-Ազգապահպանության գործում որո՞նք են լեզվի, կրոնի ու պատմության դերերը:

-Այս մասին, ըստ էության, արդեն ասվեց, և ավելորդ եմ համարում ընդհանրապես կասկածի տակ դնել հայագիտական առարկաների և դասերի կարևորությունը պետականաշինության և ազգապահպանության գործում:

Եթե ուշադրություն դարձնենք հայ մտքի պատմության դասերին, ապա կնկատեք, որ չի եղել ազգային մի գործիչ, ուսուցիչ և առհասարակ հայ մտավորական, որ կարևորած չլինի հավատքի և լեզվի դերը: Հայոց լեզվի, հայ գրականության, կրոնի և հայոց պատմության դերի բարձրացումը մեր ազգին և պետությանը ավելի է մոտեցնում ժողովրդավարությանը: Ավելորդ է այն մտավախությունը, որ ազգային հոգևոր արժեքների պանծացումը մեկուսացնում է մեր ազգին: Դարերի տքնությամբ ձեռք բերված լեզուն, գրականությունը կամ պատմությունը ավելի են մեծացնում աշխարհի հետաքրքրությունը մեր մշակույթի նկատմամբ: Սրանք ներկայանալի արժեքներ են, որ պետք է մատուցվեն կրթության միջոցով:

-Պետությունը չպե՞տք է հատուկ ուշադրություն դարձնի հայագիտությանը, որպես ազգային անվտանգության բաղադրիչ:

-Ցավոք նորից և հարկադրված պիտի կարևորենք հայագիտությունը պետականության արժեհամակարգում, որի կարիքը, կարծում էի, վաղուց և այսուհետ չպիտի նկատվեր դարերով պետականություն չունեցած, աշխարհով մեկ սփռված և եղեռնագործություններ տեսած ժողովրդի կյանքում: Որպեսզի խոսքս վերացարկում չորակվի, բերեմ իմ ուսումնասիրություններից մի տվյալ, որ վերաբերում է հայերենի, մասնավորապես Սյունիք-Արցախ տարածքի բարբառների բառապաշարի ռազմի բնագավառի տերմիններին: Բավականին աղքատ է մեր բառապաշարը ռազմի տերմիններով: Բառապաշարի իմաստաբանական խմբերի քննությունը կարևոր տեղեկություններ կարող է հաղորդել ժողովրդի՝ տվյալ բնագավառում ունեցած հետաքրքրությունների մասին:  Եվ ստացվում է, որ հայերս մեր կյանքի և գոյության ողջ ընթացքում, ցավոք, առանձնապես խորամուխ չենք եղել ռազմական գործում: Այդ դեպքում ինչպե՞ս ենք կարողացել պահպանել ազգային ինքնությունը և հասել նոր օրեր ու վաստակել պետականություն: Երբեք էլ ուժեղ զենք չենք ունեցել, բայց ունեցել ենք անկոտրում ոգի, որ զրահվել է լեզվով, գրականությամբ, պատմությամբ, հավատքով և առհասարակ՝ հայագիտությամբ: Այսօր էլ, համեմատած զինված աշխարհի, մեր ռազմական ողջ զինանոցը կարող է պետությունը պահել մի քանի օր: Մեր ատոմային ռումբը հայագիտությունն է, որ անվտանգ է աշխարհի համար, հարստացվել է դարերով, և որ անժխտելիորեն համարվում է ազգային պետականության առհավատչյան: Չպետք է մոռանալ, որ ամենավերջին պատերազմում սահմանը պահել է ազգային ոգին, որ սնված է հայագիտությամբ: Հայագիտությունը ոչ մի դեպքում չպետք է նվաղի… Հայագիտական առարկաների դերի թուլացմամբ կորցնում ենք ռազմաճակատի վճռորոշ զենքը:

Կարելի է մերժել անձերին, կուսակցություններին, պետական զարգացման մեթոդները, բայց երկրի հիմնային և գոյության գաղափարաբանությունը, որ հիմնված է տվյալ ժողովրդի էթնիկ հատկանիշները վերարտադրող գիտությունների ուսերին, չի կարելի նսեմացնել թեկուզ այն հակափաստարկով, որ 12 տարին բավարար է  հայագիտությունը սերտելու համար: Հայագիտությունը չի սպառվել, այն լոկ դպրոցական առարկա չէ, և հարցին նախևառաջ հենց այս տեսանկյունից պիտի հետևել: Ավելորդ եմ համարում նաև քննարկել, թե հայագիտական առարկաներից որ թեմաներն են ավելորդ և որոնք են սպառել իրենց, տեղին չէ նաև այն հարցը, թե ինչ ծրագրեր են հրամցնում երիտասարդներին, որովհետև դրանք ժամանակի հետ փոփոխվող երևույթներ են և հենց այդ խնդիրներին պիտի հետևի պետական կրթությունը ապահովող ինստիտուտը:

-Առհասարակ ի՞նչ կարծիք ունեք ԿԳՄՍ նախարարի ու նրա վարած քաղաքականության մասին:

-Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարի և նախարարության կողմից պատկան ոլորտներում «հեղափոխություն» դեռևս չի անցկացվել: Հատկապես խնդրո առարկայի մասով նախարարի վարած քաղաքականության վերաբերյալ գոհունակություն հայտնել չեմ կարող. բազմաթիվ լուրջ խնդիրներ կան, որոնք կարոտ են պետական միջամտության: Առհասարակ ՀՀ կրթության և գիտության բնագավառում ազգային-քաղաքական կայուն դիմագիծ դեռևս ձևավորված չէ: ԿԳՄՍ նախարարությունը, այլև նախարարը հնարավորինս պետք է զերծ լինեն կուսակցական, դաշինքային քաշքշուքներից: Բայց մի համոզմունք ունեմ. հայերիս ընտանիքներում կրթության, գիտության, մշակույթի ու հավատքի հարցերը գոյության հետ են չափվում…

 

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica