close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-28․ Ամենամեծ դժվարությունը մեզ համար «ընկերը» «պարոնով» փոխարինելն էր․ բանակի կազմավորման մասին՝ Արտաշես Մխիթարյանից

Քաղաքական

28 Հունվարի 2020, 17:07
 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-28․ Ամենամեծ դժվարությունը մեզ համար «ընկերը» «պարոնով» փոխարինելն էր․ բանակի կազմավորման մասին՝ Արտաշես Մխիթարյանից

Ամենամեծ դժվարությունը մեզ համար այն էր, որ «ընկերը» դարձավ «պարոն»․ հին կազմը չկարողացավ ընտելանալ այդ դիմելաձևին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում պատմեց Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը։

«Թե չէ՝ մնացածը առանձնապես ոչ մի բանով էլ բանակից մեր ներքին կարգապահական կանոնադրությունը շատ չէր տարբերվում»,-ասաց նա։

Խոսքը Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի մասին է, որը մինչև կանոնավոր բանակի կազմավորումն էլ ազատամարտի ամենաթեժ կետերում էր, ապա ներառվեց պետական բանակի կազմ։

«Առաջինը մենք էինք, որ Արցախում հրամաններն սկսեցինք հայերեն արձակել, պաշտոնի նշանակումն էլ ի սկզբանե հայերեն ենք արել և, շատ դեպքերում, ՊԲ գործավարության հետ խնդիրներ էինք ունենում, քանի որ մինչև 1994-ը նրանց մոտ ռուսերեն էր թղթաբանությունը։ Հետո նրանք էլ անցան հայերենի»,-պատմեց Արտաշես Մխիթարյանը։

Իրենց հրամանատարը՝ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը, հաճախ ռազմական տեղագրության, մարտավարության թեմաներով ռուսերեն գրքեր էր տալիս, որ կարդան․ հայերեն գրականություն դեռ չկար։ Նրանք էլ նույնիսկ չսպասեցին, որ հայկականը լինի,  ազատ ժամանակ մի քանի հոգով սկսեցին թարգմանել․ ձեռագիր թարգմանում էին և զինվորներին հենց ձեռագրով էլ հայերեն դասավանդում էին։

ՀՅԴ ջոկատներում, այնուհետև նաև գումարտակում, կարգապահությունը խիստ էր, բայց ոչ կանոնադրական։ «Հարցն այն է, որ եթե 18-20 տարեկան տղան, որը նունիսկ խորհրդային բանակում չէր ծառայել, կամավոր եկել էր մարտի դաշտ, մոտեցումը պետք է լիներ ոչ թե չոր կանոնադրական, այլ ավելի շատ ընկերական։ Իրենք, հավատալով հրամանատարությանը, եկել, միացել էին այդ ստորաբաժանմանը և իրենց հետ չոր կանոնադրականով խոսելը ճիշտ չէր։ 18-20 տարեկաններին զուտ որպես կրտսեր ընկեր էինք մոտենում, իսկ ավելի հասուն տարիքի տղաները ծառայել էին խորհրդային բանակում և գիտեին ինչ բան է կարգապահությունը, այդ պատճառով էլ էլի չոր կանոնադրական հարաբերություն չկար մեր գումարտակում։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկին մի արարքի համար պատժել ենք, բացատրել ենք պատժի արդարացի լինելը, թե չէ, եթե այդ ժամանակ մոտենայինք չոր կանոնադրական կարգապահությամբ, իհարկե, չէինք հաջողի»,-հիշեց Արտաշես Մխիթարյանը։

Հաուբվախտի վրա երբեք կողպեք չի եղել․ «Հաուբվախտն էր մեր Շուշիի, որի դուռը երբեք չէր փակվում․ ում պատժում էին՝ ինքն անձամբ գնում, մտնում էր ներս, ներսից փակում էր։ Այսպես էինք պատժում»։

Արտաշես Մխիթարյանն ասում է՝ իր՝ զինվորական դառնալու հիմնաքարն էլ Պետրոս Ղևոնդյանն է դրել։

«Երբ գումարտակը կազմավորվեց, ես 34 տարեկան էի, կայացած մարդ էի։ Բայց երբ ազատ ժամանակ էր լինում, նստում, զրուցում էինք։ Զինվորական գրականություն էր տալիս կարդալու, հարցուփորձ էր անում՝ տվյալ իրավիճակում ո՞նց կվարվես, ի՞նչ գործողություններ կիրականացնես, ասում էի՝ սա, սա, սա․․․ ասում էր՝ դե անցիր գործի։ Զինվորական ծառայության մնալուս հարցում ամենամեծ ներդրումն արել է հենց Պետրոս Ղևոնդյանը»,-ասաց նա։

Արտաշես Մխիթարյանը սկզբնական շրջանում եղել է Գյումրիի ջոկատի հրամանատարը, ապա՝ դասակի հրամանատար, այնուհետև զբաղեցրել է հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալի պաշտոնը, իսկ արդեն 1994 թ-ի մարտից գումարտակի շտաբի պետն է եղել։ Գումարտակում ծառայել է մինչև 1996 թվականը, այնուհետև պաշտոնի բարձրացմամբ՝ տեղափոխվել այլ ծառայության։ Մինչև 2008 թ-ը ծառայել է ԼՂ ՊԲ-ում, 2008-2017 թթ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica