close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը մեկնում է Կիև. Արևմուտքից Ուկրաինան կտրելու փո՞րձ

Աշխարհ

28 Հունվարի 2020, 14:01
 Էրդողանը մեկնում է Կիև. Արևմուտքից Ուկրաինան կտրելու փո՞րձ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ փետրվարի 3-ին ծրագրվում է նրա այցը Ուկրաինա, սակայն ծրագրի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ: Ամեն ինչից դատելով՝ խոսքը բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստին մասնակցության մասին է, որ արդյունքում հնարավոր է՝ երկու երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրվի: Միաժամանակ, մի շարք ուկրաինական ԶԼՄ-ներ Էրդողանի առաջիկա այցը համարում են «անսպասելի» և հարց տալիս՝ ի՞նչ է դա նշանակում. ըստ yerkir.am-ի՝ գրում է Regnum-ը:

«Հետաքրքիրն այն է, որ Կիևում կայանալիք ուկրաինա-թուրքական միջոցառման մասին, նախկինում գործող պրակտիկային հակառակ, չի հայտարարվել: Ինտրիգ է ստեղծում նաև փաստը, որ Էրդողանը կայցելի Կիև այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցն Իսրայել և մասնակցությունը Հոլոքոստի զոհերի հիշատակին  նվիրված միջազգային ֆորումին սկանդալային էր ու տապալված»,- նշում է տեղեկատվական գործակալությունը՝ հավելելով, որ Անկարան կարող էր դրան համապատասխան ձևով արձագանքել՝ հաշվի առնելով լարված հարաբերությունները Իսրայելի հետ:

Օրերս իսրայելական The Times of Israel պարբերականը գրել է, որ Իսրայելի ԶՈւ հակահետախուզական ստորաբաժանումն առաջին անգամ Թուրքիան ընդգրկել է այն երկրների ցուցակում, որոնք դիտարկվում են որպես սպառնալիք Իսրայելի անվտանգությանը: Ընդ որում՝ իսրայելական հատուկ ծառայությունները մատնանշում են ոչ թե կոնկրետ սպառնալիք Թուրքիայի կողմից, այլ Էրդողանի վարած քաղաքականությունը և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության սերտ կապերը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ:

Իր հերթին, Անկարան ԱՄՆ-ին, Իսրայելին և Ֆրանսիային մեղադրում է «քրդերի տարածաշրջանային պետական կազմավորում» ստեղծելու ձգտման մեջ: Փաստորեն, եթե Ուկրաինան ներկայումս տրոհման փուլում է, նման հեռանկար կա նաև Թուրքիայի համար:

Բացի այդ, ըստ «Ռեգնում»-ի,  ինչ էլ ուզում է լինի, երկու նախագահների բանակցությունների թեմաներից մեկը, անշուշտ, կլինի Ռուսաստանը: «Սակայն նախ այն մասին, թե ինչն է հանելուկային. փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ երկրորդ փուլում պարտությունից անմիջապես հետո Պյոտր Պորոշենկոն, չգիտես՝ ինչու, Թուրքիայի նախագահի հետ հեռախոսային խոսակցություն ունենալու ցանկություն ունեցավ, սակայն Անկարան չբավարարեց նրա ցանկությունը, իսկ Էրդողանն անմիջապես զանգահարեց  Զելենսկիին: Հետո տեղի ունեցավ նոր նախագահի արտասահմանյան առաջին այցը՝ Թուրքիա: Թուրքական մամուլը գրեց, որ նախագահների միջև վստահելի անձնական շփում կա, թեև Hürriyet-ը նախազգուշացնում էր. «Զելենսկին որևէ քաղաքական անցյալ չունի, նաև ապագան է մշուշոտ»: Թուրք հրապարակախոս Իբրահիմ Վարլըն էլ, Birgün-ի էջերում այդ մասին դատողություններ անելով, գրում էր. «Թուրքիայի համար վտանգն այն է, որ Զելենսկին չի կարող երկրի զարգացման սեփական ուղեգիծը տալ, և, ըստ էության, այն իներցիայով կգլորվի ներկայիս ռելսերով՝ ավելի ու ավելի շեղվելով ուկրաինական պետականության ճգնաժամի կողմը»:

Այդ դեպքում ի՞նչն է ձգում Էրդողանին Կիևում»,- հարցնում է հոդվածի հեղինակը և պատասխանում՝ երկու երկրներին միավորում է Սևծովյան տարածաշրջանին պատկանելու փաստը. Ուկրաինայում հնարավոր քաոսը կարող է վերաբերել նաև Թուրքիային՝ հյուսիսից:

Ըստ նրա՝ Կիևի հետ Մոսկվայի «ընդհանուր անտագոնիստի» դերում հանդես գալու տարբերակը ձեռնտու չէ: Այլ բան է, որ ուկրաինական աշխարհաքաղաքական վակուումը լցվի Ռուսաստանով, որի հետ Անկարան դաշինքի մեջ է և ոչ միայն սիրիական ուղղությամբ: Հատկանշական է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումը, ինչը Դաշինքը պաշտոնապես սպառնալիք է համարել: Թուրքիան նաև ոչ ակնառու կերպով արգելափակում է ՆԱՏՕ-ի՝ ռազմածովային ուժերը Սև ծովում ավելացնելու ձգտումը, անտեսում է Ուկրաինայի դժգոհությունը «Թուրքական հոսք»-ի կապակցությամբ, որը ուկրաինական գազատրանսպորտային համակարգի հարավային հատվածը դարձնում է չպահանջված: Միակ բանը՝ թուրքական ղեկավարությունը երկակի դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, սակայն, միաժամանակ, հակառուսական պատժամիջոցներին չի աջակցում:

Հետևաբար, ըստ գործակալության, Էրդողանը ռուսական խաղաքարտը Կիևում յուրահատուկ ձևով կխաղարկի՝ փորձելով Արևմուտքից կտրել Ուկրաինան՝ իրեն Կիևի ու Մոսկվայի կողմնակի միջնորդի դեր հատկացնելով: Խաղը կարող է ընթանալ «Առանց շահի ու վնասի» սկզբունքով: Թուրքիան նույն խնդիրն ունի, ինչ Ուկրաինան՝ անջատողական տարածաշրջաններ, և այդ հարցով Ռուսաստանի վստահելի աջակցությունը ձեռք բերելը Անկարային շատ է հարկավոր: Նման փորձ արդեն կա՝ Աստանայի բանակցային շարքը, որը համարվում է հիմք ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում քաղաքական ճգնաժամի կարգավորման համար:

Այդ կապակցությամբ գերմանական Die Welt-ը գրում է, որ թեև իրենց ներկայացրած սցենարը շատերին կարող է անհեթեթ թվալ, սակայն Էրդողանը Սևծովյան տարածաշրջանում իր շահերն ունի և արդեն Ռուսաստանի նախագահին առաջարկել է միջնորդ լինել Մոսկվայի ու Կիևի միջև: Անկարան տեսնում է, որ Ուկրաինայի շուրջը «պինդ հանգույցներ» են առաջանում: Ըստ Fronda տեղեկատվական-հրապարակախոսական կայքի՝ Արևմուտքն արդեն ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Կիևի հետ հարաբերություններում, որը Մոսկվայի հետ հակամարտությունում միջազգային մեկուսացման մեջ է հայտնվել, և ակտիվացել է գաղտնի դիվանագիտությունը:

«Կիևում որոշ փորձագետներ համարում են, որ Ուկրաինան արտաքին քաղաքականության մեջ նոր շրջադարձի է պատրաստվում: Դժվար է ասել՝ այդ խաղերում Էրդողանը դեր ունի՞, սակայն նրա «անսպասելի» այցն Ուկրաինա կարող է բազմիմաստ լինել: Նախագահների բանակցությունները շատ բաների պատասխան կտան»,- եզրափակում է Regnum-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica