close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջիկայում համախմբում է լինելու. շնորհակալություն Արայիկ Հարությունյանին, որ բացեց այս դարանները. Հրաչուհի Փալանդուզյան

Հասարակություն

26 Հունվարի 2020, 14:40
 Առաջիկայում համախմբում է լինելու. շնորհակալություն Արայիկ Հարությունյանին, որ բացեց այս դարանները. Հրաչուհի Փալանդուզյան

ԿԳՄՍ նախարարության քաղաքականության մասին Yerkir.am-ը զրուցել է լրագրող, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանի հետ:

-ՀՀ-ում հայագիտությունը համարվում է պետության զարգացման ռազմավարություններից մեկը: Բայց միաժամանակ ԿԳՄՍ նախարարը ոչ պարտադիր է համարում հայոց լեզուն, գրականությունը, պատմությունն ու եկեղեցու պատմությունը: Ինչպե՞ս կբնորոշեք ստեղծված իրավիճակը:

-Նախարարն ընդամենը մեկ մարդ է, և ամենայն հավանականությամբ դա նրա միանձնյա որոշումը չէ: Տեսնում ենք, որ ցանկացած որոշում ու արարք, որոնք այս հետ«հեղափոխական» ժամանակաշրջանում մեր երկիրը փոթորկում են՝ քաղաքական մեծամասնության մշակած գործելակերպն է, որի բխման կետը առաջին դեմքն է, այդ մասին արդեն մի քանի անգամ հայտարարվել է: Ժողովրդին ազգային դիմագծից զրկելու միտումն այնքան բացահայտ է՝ իրավիճակին որևէ բնորոշում տալն ավելորդ է, ինչպես նաև հիմնավորումներով այդ նախագիծը քննադատելն է ավելորդ: Մարդիկ որոշել են, որ դպրոցն ավարտելուց հետո հայն այլևս զարգանալու տեղ չունի, որ 12 տարեկանի ու 22 տարեկանի ընկալումները նույնն են: Զավեշտ էլ չէ, խայտառակություն է: Փոխանակ խոսեն կրթական համակարգի թերությունները շտկելու, դասագրքերը կատարելագործելու, դրանք գիտության նոր հայտնագործություններով հարստացնելու մասին՝ միանգամից որոշում են առարկաներն ուսումնական ծրագրերից դուրս շպրտել: Դպրոցականները, իհարկե, պետք է տեղյակ լինեն Հայ առաքելական եկեղեցու պատմությունից, անկախ նրանից՝ դա որպես առանձի՞ն առարկա է դասավանդվում, թե հայոց պատմության շրջանակում: Ցավոք, դասագրքին ծանոթ չեմ, բայց շատերի կարծիքով այն ծանրաբեռնված է հրեական պատմություններով: Սա մոլորություն է, այս հարցում վերաբերմունքի հստակեցում է պետք, օրինակ՝ առանցքային դարձնել քրիստոնեության ու հայարիականության ընդհանրությունները, մեր երևելի կաթողիկոսների ու մյուս գործիչների ազգանպաստ վարքը ներկայացնելը և այլն:

-Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականության մեջ առհասարակ հակահայկականության միտում չե՞ք տեսնում:

-Քաղաքականությո՛ւն չեմ տեսնում: Կոպիտ, թշնամական միջամտություն է մի հարցում, որից գլուխ չի հանում, ակներևաբար ինչ-որ մարդկանցից է կարծիքներ հարցնում, որպեսզի վերևից տրված հանձնարարությունը մի կերպ հորով-մորով անի: Դրա ապացույցը նրա բռի պահվածքն է, դիմացիններին վիրավորելն ու քրեական գործերով սպառնալը: Ուսուցիչը, գիտնականը, մշակույթի նվիրյալը, չորս հսկա ոլորտ ղեկավարողն ինչպե՞ս կարող է այդպիսին լինել:

-Ի՞նչ կարծիք ունեք նախարարի վարած քաղաքականության դեմ իրականացված բողոքի ակցիաների մասին:

-Միայն հիացմունքս կարող եմ արտահայտել: Խոստովանում եմ, որ անակնկալի եկա, քանի որ արդեն մի քանի տասնամյակ հայ երիտասարդությանն այլասերելու հետևողական ծրագիր է իրագործվում: Լավատեսության մեծ ազդակ ստացա՝ տեսնելով, թե մեր ուսանողները որքան խելացի են, հայրենասեր ու վճռական: Նրանց համախմբվածությունը մի բան ցույց տվեց, որ հայի միտքն ու կամքը խարխլելն անհնար է: Հիշեցի այն ժամանակները, երբ իմ սերունդն էր ոտքի ելել Հայաստանում ռուսերենը պետական լեզու հռչակելու մտադրության դեմ, պետհամալսարանի ուսանողներով մեր դասախոսների հետ մի քանի օր բողոքի ցույցեր էինք անում: Բայց այն ժամանակ մենք ռուսական կայսրության մասն էինք, ո՞վ կպատկերացներ, որ հայոց լեզուն ու հայոց պատմությունը կարող են հալածվել անկախ Հայաստանում: Լիահույս եմ, որ դուք ձեր պայքարը շարունակելու եք և թույլ չեք տալու, որ մեր թշնամիների նպատակները մեր հողում արմատ ձգեն: Իսկ որ դրանք թշնամական հովեր են, ես գիտեմ հաստատ, երբ վերծանում էի ցեղասպանությունից փրկված հարյուրավոր հայերի ձայնագրությունները և լսում նրանց ահասարսուռ պատմությունները հայկական ամեն ինչը հողի երեսից ջնջելու թուրքական տենդի մասին:

-Արայիկ Հարությունն իր իմացությամբ համապատասխանո՞ւմ է նախարարի պաշտոնին:

-Այդ խառնակուտակը նախարարություն անվանելը նույնիսկ մեղք է: Փակել մշակութային ահռելի ժառանգություն ունեցող ազգի մշակույթի նախարարությունը և այն կցել մի հսկա համակարգի, որպիսին կրթությունն ու գիտությունն են՝ առնվազն անմտություն է: Սպորտն էլ վերադիր: Կարծում եմ՝ նախարարն ինչ-որ իմաստով մի սխալ որոշման պատանդն է, նա ճիգեր է թափում էշը ցեխից հանելու համար, բայց գնալով ավելի է խրվում, քանի որ բացի իմացական անհրաժեշտ պաշարի բացակայությունից՝ նրա մեջ խոսում է թիմային պատկանելությունը: Հազարավոր ուսուցիչների հաստիքների կրճատումը, կրթօջախներում կամայական նշանակումներ անելը, դպրոցների ու մանկապարտեզների մի մասի անմխիթար վիճակը հուշում են, որ նրա հրաժարականը պահանջելով որևէ խնդիր չի լուծվելու, անպայման կգա նման մեկը՝ էլի անտեղյակ ու էլի քանդարար: Դա թիմի բնութագիրն է: Ցավով եմ ասում՝ այսօր մեր երկրում չկա մի ոլորտ, որի մասին հնարավոր լինի խոսել սրտի հանգստությամբ: Հարկավոր է ազգայինի վերադարձը պահանջել, և այդ գործում բացարձակապես կարևոր չեն ոչ անձինք, ոչ կուսակցությունները, ոչ այլևայլ ուժեր:

-Ըստ Ձեզ՝ բուհերում հայագիտական առարկաների բացակայությունն ինչի՞ կարող է հանգեցնել:

-Ուղեղների անապատացման: Ես շատ վաղուց եմ հայագիտական նորություններին հետևում և նկատել եմ մի վիթխարի վիհ ուսուցանվող ծրագրերի և արդի գիտության մակարդակի միջև: Եվ աշխարհում, և Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր հայագետներ, ովքեր բացառիկ հայտնագործություններ են անում, նորանոր գաղտնիքներ բացում մեր լեզվի և պատմության խորխորատներում, բայց դրանք անտեսվում են, դասագրքեր չեն մտնում, նույնիսկ չեն հրատարակվում: Ինչ որ հայագետներն անում են՝ անում են իրենց ուժերով, միմյանց օգնելով, բայց նրանց որտեղի՞ց այնքան միջոցներ, որ գրքեր հրատարակեն, ֆիլմեր նկարահանեն, կայքէջեր բացեն, գիտաժողովներ հրավիրեն: Այսինքն համաշխարհային քաղաքակրթական գանձարանում վերահաստատեն մեր տեղն ու դերը: Փոխանակ հայ պաշտոնյաներն այս մասին մտածեն՝ փակում են նույնիսկ այն բարակ առուն, որը բուհերում սնում է մեր երիտասարդության մտապաշարը: Դա անթույլատրելի է: Ես չեմ ուզում խոսել հայոց լեզվի ներկա աղետալի վիճակից, դա իմ չլռող ցավն է: Մեր լեզուն բզկտվում է չորս կողմից, երբեք պաշտոնյաներն ու պատգամավորներն այսքան տգետ չեն եղել, հանրային հարթակներում այսքան ստորակարգ լեզու չի հնչել: Միաժամանակ իրականություն է, որ շատ են նաև ազնվակիրթ հայերենի ջատագովները: Ես իմ ՖԲ էջում ամեն օր փորձում եմ նրանց աջակցել, բայց դա մի փոքրիկ ներդրում է, հայերենը փրկելու համար պետական մեծ ծրագիր է պետք: Ինչևէ, իմ կարծիքով բուհերի ոչ մասնագիտական բաժիններում հայագիտական առարկաների ուսուցումը կամավոր դարձնելը դաժան հարված է Հայաստանի ապագային: Բայց ժամանակից մի քիչ առաջ ընկնեմ, կարծում եմ՝ մեր հայրենիքում քաղաքական զարգացումները մտնում են մի հուն, որտեղ որոշումները չպետք է ամբոխավարներն ու ինքնասիարահարված վարձկանները կատարեն, այլ հենց՝ հայագետները: Առաջիկա համախմբումը լինելու է նրանց առաջնորդությամբ: Երբ դա տեղի ունենա՝ ես շնորհակալություն կհայտնեմ Արայիկ Հարությունյանին, որ իր հապշտապ քայլերով բացեց այս դարաններն ու ոտքի հանեց հայ ժողովրդին:

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica