close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարտավոր ենք պարտադրել, որ զարգացման ճիշտ ճանապարհ ընտրվի․ Ա․ Սադոյան

Հասարակություն

26 Հունվարի 2020, 13:52
 Պարտավոր ենք պարտադրել, որ զարգացման ճիշտ ճանապարհ ընտրվի․ Ա․ Սադոյան

Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ մարդիկ հենց այնպես, իրենց թելադրված ինչ-որ հաճույքների համար չէ, որ ապրում են: Որ ե՛ւ առանձին անհատների, ե՛ւ մարդկանց կազմակերպված խմբերի՝ պետությունների, ժողովուրդների միջեւ ընթացող ինչպես մրցակցության, այնպես էլ համագործակցության կազմակերպման կանոնները որոշվում են քաղաքակրթության ընդհանուր զարգացման հրամայականով: 

Եվ բնական է, որ դրանց արդյունավետ ընտրության հարցում առաջնահերթ կարեւորություն է ստանում այն հարցը, թե համատեղ գործունեության արդյունքով ձեռք բերվածն ինչպես է բաշխվելու մասնակիցների միջեւ, եւ ինչ է թողնվելու հետագա զարգացման համար: Կատարվո՞ւմ է արդյոք այն ըստ աշխատանքի արդյունքների, արտադրողականության, ստեղծագործական կարողությունների գնահատման՝ զարգացմանը նպաստող, այսպես կոչված՝ արդար ձեւով, թե՞ ոչ: Եվ ինչպե՞ս կարելի է թույլ չտալ, հաղթահարել կազմակերպված որոշ խմբերի (այդ թվում՝ պետությունների) կողմից մյուսներից ավելին ստանալու, շահագործելու միտումները:

Ցավոք սրտի, հետխորհրդային կարծրատիպերը` բուրժույների, իմպերիալիզմի, դասակարգային պայքարի մասին, մեզանում այնքան խորը արմատներ են գցել, որ մեր քաղաքական գործիչներից շատերը չեն ուզում կենտրոնանալ ինքնազարգացման համար անհրաժեշտ ներքին խնդիրների վրա: Ամեն ինչ փորձում են բարդել միայն օտարների, նրանց հլու ծառայող մեծահարուստների վրա: Նրանց մոտ մինչ այժմ էլ այն թյուր մտայնությունն է իշխում, թե զարգացած երկրների (իհարկե, ոչ Ռուսաստանի եւ նրա նմանների) հիմնական նպատակն է՝ իրենց ուժն ու կարողություններն օգտագործելով՝ շահագործել թույլերին, աշխատավորներին, թույլ չտալ, որ նրանք զարգանան:
Ցույց տալու համար, որ դա այդպես չէ, ես հաճախ եմ բերում հետեւյալ օրինակը: Ցեղական կովեր ձեռք բերելու նպատակով Գերմանիա գնացած ընկերս պատմում էր, որ այնտեղ ժամանակակից անասնագոմեր ունեցող, ընդամենը 5 հոգանոց ընտանիքը, առանց դժվարության, կարողանում է պահել 70-80 ցեղական կով, որոնցից յուրաքանչուրը տալիս է առնվազն 5-6 անգամ ավելի կաթ, քան մեր կովերն են տալիս: Փաստորեն, նրանք մենակ ավելի շատ կաթնամթերք են արտադրում, քան մեր անասնապահական թեքումով միջին մեծությամբ գյուղն ամբողջությամբ: Եվ եթե նրանք ստանում են մեր գյուղացիներից 30-40 անգամ ավելի եկամուտ, դա դեռ քիչ է՝ այդ նրանք են շահագործվում, քանի որ պետք է 100 անգամ ավելի ստանային:

Նա համոզում էր, որ այդ դեպքը բացառություն չէ, ու առաջին հերթին մեր հետ մնալու պատճառով են մեր գյուղացիներն այդքան աղքատ ապրում, եւ խնդրում էր մեզ ուշադրություն դարձնել վիճակագրական տվյալների վրա․ ԱՄՆ բնակչության 2-2,5%-ն է անմիջականորեն զբաղվում գյուղմթերքների արտադրությամբ (մեզանում՝ մոտ 40%-ը): Եվ այդ 2,5%-ը կարողանում է կերակրել ոչ միայն Ամերիկայի 300 միլիոնից ավելի բնակչությանը, այլ նաեւ մատչելի գներով մթերքներ վաճառել սովից տառապող երկրներին:

Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ աշխատանքի արտադրողականության մեջ եղած այդ մեծ խզումը շատ ավելի մեծ պետք է լինի արդյունաբերական ապրանքների արտադրության ոլորտներում, որտեղ աշխատանքի արդիականացման, թվայնացման, ավտոմատացման համար անհամեմատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվել, ակնհայտ է դառնում, որ համեմատական վերլուծության այդ դաժան պատկերը համընդհանուր է, վերաբերում է մեր ողջ տնտեսությանը:

Իրոք, խնդիրը միայն այն չէ, որ զարգացած երկրները չեն ուզում, խանգարում են հետ մնացողների առաջընթացին, թույլ չեն տալիս ոտքի կանգնել, կրճատել այդ խզումը: Նրանք, հակառակը՝ հաճախ շահագրգռված են, որ մարդիկ ամենուր լինեն ավելի վճարունակ եւ կարողանան ավելի թանկ գնով նրանց վաճառել իրենց արտադրանքի ավելցուկը: Հետ մնացողների խնդիրն առաջին հերթին կազմակերպչական բնույթի է: Նրանք չեն կարողանում նպաստավոր պայմաններ ստեղծել, որ իրենց տնտեսություններն էլ լինեն բավարար չափով արդիականացված, իրենց գործարարներն ու մասնագետներն էլ ունենան պահանջվող գիտելիքները, հմտություները, կարողանան օգտվել արդի նվաճումներից:

Ցավոք, մեր եւ մեր նման՝ առնվազն 20-30 տարով հետ մնացած երկրների համար ներկայումս առաջավորներին հասնելու կամ գոնե ինչ-որ չափով մոտենալու հարցով շատ ավելի բարդ խնդիրներ են ծագում: Հեռահաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման այս դարում օր-օրի ավելի են արագանալու տնտեսությունների վերազինման, կատարելագործման տեմպերը: Եվ մինչեւ հետ մնացողները կփորձեն իրենց սահմանափակ հնարավորությունների շրջանակում գոնե մի քիչ առաջ գնալ, դա նրանց չի տա հնարավորություն՝ կրճատելու տարբերությունը, որովհետեւ առաջավորներն էլ են շարունակում առաջ գնալ: 

Եվ եթե հաշվի առնենք, թե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով մենք քանի անգամ ենք ետ մնում նրանցից, եւ եթե կարողանանք նույնիսկ 7-8 տոկոս տարեկան աճ ապահովել, մեկ է՝ շարունակաբար հետ ենք մնալու, խզումը ոչ միայն չի կրճատվելու, այլեւ, ընդհակառակը՝ այս դարում ավելի է աճելու, եթե չկարողանանք ապահովել մեր կարողությունների թռիչքաձեւ զարգացում:

Ակնհայտ է նաեւ, որ առաջիկայում շատ ավելի է խորանալու շերտավորումը եւ ոչ թե այն պատճառով, որ հարուստները շահագործելու են աղքատ երկրների աշխատավորներին: Գործունեության ամենատարբեր ոլորտներում ինչպես  ֆիզիկական, այնպես էլ պարզունակ այլ աշխատանքներ կսկսեն կատարել անընդհատ կատարելագործվող ռոբոտները, ամբողջությամբ ավտոմատացված հոսքագծերը: Համաշխարհային դարձող աշխատանքի շուկայում ավտոմատացման, նոր պահանջներին բավարարող գիտելիքներ տալու, մասնագիտական անհրաժեշտ կարողությունների խորացմանը, վերապատրաստմանը, վերազինմանը նպաստելու հնարավորություն չունեցող երկրների աշխատավորներն ուղղակի զրկվելու են աշխատանք գտնելու հնարավորությունից կամ բավարարվելու են այնպիսի աշխատավարձով, որն ավելի քիչ կլինի, քան ռոբոտների օգտագործման համար պահանջվող ծախսերը:

Առանց այս դարի ոգուն համապատասխանող կրթության բոլոր համակարգերի վերից վար արմատական բարեփոխման (որը, բնական է, շատ ժամանակ է պահանջելու), ծերացած, նոր արժեքներին, նոր մոտեցումներին քիչ ծանոթ ուսուցչական, դասախոսական կազմ ունեցող բուհերով, դպրոցներով, էապես հետ մնացած գիտահետազոտական ինստիտուտներով, լաբորատորիաներով, լուրջ վերափոխումների կարիք ունեցող ձեռնարկություններով, օրվա հացի խնդրով տառապող վարպետներով, ինժեներներով (որոնք ինքնուսուցման, ինքնակատարելագործման տարրական հնարավորություններ չունեն) մենք, մեկ է՝ մոտ ապագայում չենք կարող մեր երկրում ձեւավորել ժամանակակից, տեղեկացված, գիտելիքահեն հանրություն: Եվ բնական է՝ շարունակվելու, խորանալու է խզումը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով:

Ակնհայտ է, որ այդ դեպքում մեր ազգակիցներից շատերը, չնայած իրենց լեզվամտածողության, աշխատասիրության, մշակութային եւ բազմաթիվ այլ արժանիքներին, քաղաքակրթական արդի զարգացումներին նպաստելու տեսակետից աստիճանաբար դառնալու են ավելորդ բեռ, այսպես ասված՝ երկրորդ սորտի մարդիկ, որոնց գոյությունը թույլ կտրվի միայն այն պատճառով, որ ավելորդ լարվածության, բախումների օջախներ չլինեն:

Իսկ այն քչերը, որոնք շատ թե քիչ արժեք կունենան, բաց սահմանների պայմաններում կշարունակեն նորից հեռանալ հայրենիքից, արտագաղթը, ուղեղների արտահոսքը չեն նվազի: Եվ ցավալի է, որ դրսում էլ արդեն նրանք կամաչեն իրենց հայ լինելուց ու շատ արագ կբռնեն ուծացման ուղին:
Մենք շատ ենք ուշացել: Սինգապուրի, Հարավային Կորեայի օրինակներով մենք արդեն չենք կարող լուրջ նվաճումների հասնել, թռիչքաձեւ զարգացում ապահովել: Եվ եթե չփորձենք օգտվել ավելի տեղեկացված մեծ Սփյուռք ունենալու մեր  առավելությունից, չօգտվենք հեռահաղորդակցման, փորձի, գիտելիքների փոխանցման, աշխարհով մեկ համագործակցության, փոխուսուցման, փոխօգնության կազմակերպման մեր լայն հնարավորություններից, չփորձենք համատեղ դիմակայել արդի մարտահրավերներին, մեր երկիրն իրոք դարձնել բոլոր հայերի հայրենիքը, եթե չկարողանանք ներգրավել դրսում բնակվող կարող ուժերին եւ աշխարհով մեկ ձեւավորել մեր միաձույլ ազգ-կազմակերպությունը, մեկ է՝ մնալու ենք հետեւից քարշ եկող պետություն:

Ինչ ճանապարհով առաջիկայում կընթանանք՝ հայաստանաբնակների խնդիրը չէ միայն: Այսօր որոշվում է ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք բոլորս ենք պարտավոր մեր հնարավորությունների շրջանակում նպաստել, պահանջել, պարտադրել, որ մեր հետագա գոյատեւման, զարգացման համար ճիշտ ճանապարհ ընտրվի: 

Արշակ ՍԱԴՈՅԱՆ

Շարունակելի

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica