close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միաձուլում

Հասարակություն

25 Հունվարի 2020, 15:17
  Միաձուլում

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջերս, մտերիմ ընկերների, հարազատների եւ իմ շրջապատից շատ եմ լսում հետեւյալ հարցը «Եղբա՛յր, ի՞նչու ես միշտ մտահոգված երեւում, ի՞նչու ես միշտ մտազբաղ»: Փորձեմ ներկայացնել այդ ամենի մի փոքրիկ նշույլը:

Փոքր երկիր, շրջապատված կամ տարբեր քաղաքական նկրտումներ ունեցող երկրներով, կամ՝ մշակութային եւ քաղաքակրթական այլ արժեքներով առաջնորդվողներով։ Նման կատեգորիայի մեջ մտնող երկրների ճակատագիրն, ասում են՝ կանխորոշված է. նրանց սպասվում է փշոտ ճանապարհ եւ դատապարտված են միշտ կաղալու։ Եկե՛ք փաստենք հակառակը։

Արդյոք կա՞ նման երկրների սրընթաց զարգացման եւ հաջողության բաղադրատոմս։ Եթե կա՝ ի՞նչ է իր մեջ պարունակում։ Բոլոր ժամանակների իշխանությունները միշտ փորձել են գտնել այդ բաղադրությունը, որոշները՝ ձախողել են, որոշներն էլ՝ մասամբ հաջողել։ Իսկ ի՞նչու ամբողջովին չեն հաջողում մինչեւ այսօր։ Սովորաբար նման իրողության մեջ գտնվող երկրների իշխանություններն գործել են մի քանի տրամաբանությամբ. թվարկեմ դրանցից երեքը, առաջին՝ «այսօր տանջվենք հանուն վաղվա օրվա», երկրորդ՝ «չնեղացնենք, որ ապրենք հանգիստ» եւ երրորդ՝ «խաղաղությունն ամեն ինչից վեր է»։ Երեքն էլ կործանարար են, որովհետեւ իրենց մեջ պարունակում են մեկ ընդհանուր բան՝ վերջնական եւ կայուն կարգավիճակի բացակայություն։ Մեկնաբանելով յուրաքանչյուրը կարող եմ հետեւյալ հարցադրումներն հնչեցնել, առաջին. այսօր դիմացան, իսկ ո՞րն է վաղվա լավ օրվա երաշխիքը։ Երկրորդը. մինչեւ ե՞րբ, այսօր հանգիստ են, իսկ վա՞ղը, ու՞ր եք տանում ժողովրդին, ո՞րն է ձեր նպատակը։ Երրորդը. խաղաղություն ի՞նչի հաշվին։ Այս ամենն արդյունք է ընդհանուր տեսլականի, հեռատեսության, համարժեք եւ անկողմնակալ դատողության, ներկա իրավիճակի ճիշտ արժեւորման եւ ազգային օրակարգի բացակայության։ Ցանկացած ազգի եւ պետության զարգացման, առաջադիմության եւ արժանապատիվ ապրելու գրավականը կայանում է տվյալ ազգի եւ պետությանն բնորոշ ուրույն քաղաքականություն մշակելու եւ կիրառելու մեջ։ Նման քաղաքականության ձեւավորման սկիզբը կախված է ներկա կացության ճիշտ արժեւորումից եւ գնահատումից: Ընդ որում, տվյալ ազգի նպատակների իրականացումն պետք է համարել բացարձակ առաջնահերթություն:

Երկու Հայկական հանրապետությունները՝ Հայաստանն ու Արցախը, դասելով վերոնշյալ կատեգորյայում, ունեն մեկ առաջնահերթություն՝ գտնե՛լ այդ բաղադրատոմսը։

Եկեք վերլուծենք, արժեւորենք եւ ըմբռնենք…

Ազգ, պետականություն, իշխանություն, պետական կառավարման համակարգ, քաղաքական կուսակցություններ։ Այս գործոնների փոխկապակցվածությունը ինչպե՞ս է մեկնաբանվում, փոխհարաբերությունները ինչպե՞ս պետք է իրականացվեն… տերմիններ, հարցեր, որոնց անհրաժեշտ են սահմանումներ եւ պատասխաններ։

Երկու հայրենի հանրապետություններում գոյություն ունեն քաղաքական կուսակցություններ, որոնք հաշվի առնելով երկրի արտաքին եւ ներքին մարտահրավերները, իրենց գործունեությունը պետք է ծառայեցնեն հենց այդ պետությունների զարգացմանն ու հարատեւությանը։ Այդ կուսակցությունները պետք է ունենան հստակ քաղաքական հայացքներ՝ հենված իրենց իսկ որդեգրած գաղափարախոսության վրա։ Գաղափարախոսությունը կարելի է սահմանել որպես նպատակների իրագործման խնդրում հիմնական ուղեգիծ եւ մոտեցումների ամբողջություն։ Այն քաղաքական կուսակցությունը, որը չունի որդեգրած գաղափարախոսություն՝ չունի ծրագիր եւ տեսլական։

Կարող ենք արձանագրել, որ յուրաքանչյուր կուսակցության բաղադրատոմսը հենց իր որդեգրած գաղափարախոսությունն է, որի միջոցով նա համոզված է, որ երկրին կբերի նոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Երկու հայրենի հանրապետություններն յուրահատուկ են այլ երկրներից նաեւ այն փաստով, որ ունենք արտասահմանում ապրող՝ պանդուխտ դարձած սփյուռք։ Այս երկու հանրապետությունների զարգացման, հզորացման եւ հարատեւության գործում պարտավոր ենք հաշվի առնել նաեւ այս հանգամանքը։ Եկեք հասկանանք, որ մենք պետք է զարգացնենք եւ ամրապնդենք մի ամբողջ ազգի պետություն, հաշվի առնելով թե՛ երկրում ապրող ժողովրդի պահանջներն ու կարիքները, թե՛ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կարծիքներն ու ակնկալիքները, որպեսզի նպաստենք հայրենադարձության իրականացմանը։ Պատրաստ պետք է լինենք մեր ամբողջական աջակցությունը տրամադրելու այն հայրենակիցներին, ովքեր՝ համարձակորեն ծպտյալ կարգավիճակը նետում են անդին եւ հպարտությամբ բացահայտում իրենց հայկական ինքնությունը։ Այս իմաստով հայկական հանրապետությունները պետք է առաջնորդվեն համազգային առաջնահերդություններով, որն էլ իր հերթին պահանջում է՝ յուրահատուկ գաղափարական միաձույլ բաղադրատոմս։

Այդ բաղադրատոմսը գտնելու համար եկեք հարցը հերթով մի քանի տեսանկյունից դիտարկենք։ Հզոր պետություն, ժողովրդվար իշխանություն, ժողովրդի բարեկեցություն, արտաքին հարաբերություններ եւ դիվանագիտություն եւայլն…

Հզոր պետություն կերտելու հարցում պետք է առանձնացնեմ հետեւյալ բանաձեւը՝ «իրատեսական դատողությամբ՝ ձգտել իդեալիստական նպատակների»։ Եթե բացատրելու լինեմ կարող եմ ասել, որ այս բանաձեւը իր մեջ պարունակում է երկու հայացքների՝ իրատեսության (ռեալիզմի) եւ իդեալիզմի համադրությունը։ Իրատեսությունը, կշռադատված եւ ճշգրիտ հաշվարկներից ելնելով ապահովում է երկրի առաջընթացը ցանկացած բնագավառում, իր հերթին իդեալիզմն էլ ապահովում է այն անհրաժեշտ մղիչ ուժն ու ձգտումը, որը հարկավոր է հասնելու համար կենսական իդեալների։ Այս բանաձեւի հաջողությունը ենթադրում է համազգային ճիգ. ոչ միայն նեղ-իշխանական կամ ինչ-որ մի կազմակերպության ճիգ, այլ միայն՝ համազգային։

Անդրառնանք ժողովրդավար իշխանություն հասկացողության։ Ընդհանրպաես ցանկացած իշխանության ժողովրդավարության աստիճանը հիմնականում չափվում է մի շարք գործոններով։ Այդ գործոններից ամենավառ երեւացողներն են՝ ընտրական ողջ գործընթացն ու կառավարման ձեւաչափը։ Ընտրական գործընթացը՝ սկսած նախընտրական քարոզարշավից, վերջացրած ազատ ու արդար ընտրություններով, պետք է լինի բացառապես ծրագրային եւ գաղափարական պայքար, այլ ո՛չ թէ անձով եւ խոստումներով պայմանավորված։ Ընտրված իշխանական թիմն էլ կոչված է իր քարոզած ծրագիրն իրագործելու։ Մինչ այսօր, ցավոք սրտի, դեռ այդ մշակույթը ձեւավորված չէ։ Ի՞նչու, որովհետեւ ձեռնատու չէ եւ չի եղել նորանկախ Հայաստանի Հանրապետության ցանկացած ժամանակների իշխանություններին։ Անհատների վարկանիշների եւ խոստումների մակարդակի պայքարը ամենահեշտ միջոցն է ծանր պատասխանատվությունից խուսափելու համար։ Այո՛, հենց խուսափելու, քանի որ գաղափարախոսական եւ ծրագրային գործունեությունը իրենից ենթադրում է հստակ ժամանակացույցով հետեւողական աշխատանք եւ գործունեության հաշվետվության պարբերաբար ներկայացում։ Ո՞վ է խենթ մտնի այդ ծանր պատասխանատվության տակ։

Իսկ նայելով ժողովրդի տեսանկյունից եկեք վերջնականապես ընկալենք, որ յուրաքանչյուր քաղաքացի, իր քաղաքացիական պարտքն կատարելիս, պետք է գիտակցի, որ ինքը ընտրում է երկրի զարգացումն ու առաջընթացն ապահովող ծրագիր, եւ այդ ծրագիրն իրականություն դարձնելու առաջարկով հանդես եկած քաղաքական ուժ: Անհատով եւ նրա խոստումներով պայմանավորված ընտրությունը չի երաշխավորում հստակ գործնական քայլեր ձեռնարկելու պարտավորություն՝ այդ խոստումներն իրագործելու խնդրում: Առանց կոնկրետ ծրագրի այդ ամենը մնում է լոզունգների եւ ականջահաճո արտահայտությունների մակարդակում:

Ինչ վերաբերում է կառավարման ձեւաչափին։ Արդյունավետ Կառավարումը նշանակում է սահուն համակարգում։ Առանց աշխատանքների համադրման՝ համակարգումն անհնար է։ Իսկ աշխատանքների համադրումն էլ իր հերթին ենթադրում է համագործակցություն, որը պահանջում է լայնախոհություն, հանդուրժողականություն, երկխոսություն եւ կառուցողական մոտեցում։ Այս հանգրվանին հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու …

Ցանկացած իշխանության ժողովրդավարական գործելաոճն երաշխավորող սուբյեկտներն են՝ կայացած ընդդիմությունը, որն հանդիսանում է խնդիրների լուծումների վերաբերյալ այլ տեսակետ ու ճանապարհ առաջարկող այլընտրանքային ուժ եւ վերահսկում է իշխանության ամեն մի քայլ, չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ պրոֆեսիոնալ եւ գործին տեր իշխանությունն իր կառավարման համակարգի մեջ պետք է ունենա ինքն իր աշխատանքները վերահսկող մեխանիզմներ: Վերահսկման գործառույթ է իրականացնում նաեւ լիարժեք ձեւավորված քաղաքացիական հասարակությունը: Քաղաքացիական հասարակությունն է հասունացնում եւ ձեւակերպում հանրության այժմեական խնդիրներն ու պահանջները եւ ի վերջո դրանց վրա հրավիրում իշխանության ուշադրությանը։ Այս երկու սուբյեկտների գործունեությունը հանդիսանում է իշխանության գործունեության սանձարձակությունը զսպող եւ վարչական լծակների չարաշահումն կանխարգելող հակակշիռ։

Հարկ եմ համարում հիշեցնել, որ քաղաքականությունը աննպատակ եւ երբեմն էլ անհիմն քարկոծելը չէ, նաեւ հակառակը` մարդկանց սրտերը գրավելու նպատակով լոկ գեղեցիկ խոսքեր արտահայտելը չէ։ Քաղաքականությունը` տեսլականի, նպատակադրումների, սկզբունքների, գործելաոճի եւ ճանապարհային քարտեզի համադրված կիրառությունն է։

Ժողովրդի բարեկեցության ապահովման համար անհրաժեշտ լուծումները փորձեմ ներկայացնել մի քանի զուգահեռներով։ Բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելը իր մեջ ներառում է սոցիալ տնտեսական, մտածելակերպային եւ կենցաղամշակութային ասպեկտներ։ Սոցիալական արդարության հաստատումը կենսական նշանակություն ունի մեր ժողովրդի բարեկեցության հարցում։ Սոցիալական արդարությունը համարվում է ընկերվարական (Socialism) գաղափարախոսության կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Այն կարող ենք ձեւակերպել որպես հասարակության մի կարգավիճակ, որտեղ հասարակական բոլոր շերտերի ներկայացուցիչների առօրյա կյանքում հավասար իրավունքների, հնարավորությունների եւ արդար պայմանների առկայությունը մշտական են եւ ընդգծված կարեւորագույն հարցերում, օրինակ՝ առողջապահության, կրթության, հարկային պարտավորությունների եւ աշխատանքային առիթների։ Շեշտը հարկավոր է դնել սոցիալական շարժունակության խոչընդոտների վերացման, անվտանգության ցանցերի ստեղծման, հանրային ծառայությունների մատչելիության եւ ընդհանրապես տնտեսական արդարության վրա:

Հասարակության շարժունակության ապահովման առումով պետք է նաեւ հասկանանք, որ այստեղ շատ կարեւոր է ազատ ինքնադրսեւորման իրավուքի առկայությունը, որը հանդիսանում է ազատական (liberalism) գաղափարախոսության հիմնական սկզբունքներից մեկը: Ինքնադրսեւորումն էլ է պահանջում համապատասխան առիթների եւ պայմանների ստեղծում։ Սոցիալական արդարություն հաստատելու առաքելությունը իր մեջ դա էլ է ներառում: Ընդգծենք հետեւյալը՝ մարդու ազատությունը սահմանափակվում է այդ պահին, երբ խոչընդոտվում կամ ոտնահարվում է դիմացինի ազատությունը:

Երբ խոսքը վերաբերում է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, պետք է գրանցենք հետեւյալ փաստը՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պատկերը կարող ենք համարել «երկբեւեռ», այսինքն՝ բնակչությունը հիմնականում բաժանված է երկու խավերի՝ աղքատի եւ հարուստի։ Միջին խավն, որպես այդպիսին, չենք կարող համարել լիարժեք կայացած։ Արձանագրենք աղքատության բարձր ցուցանիշը, որը հասնում է երկրի բնակչության մոտ 40%-ին։ Դժբաղխտաբար, այսօր Հայաստանում, հասարակական շերտերի միչեւ ձեւավորված անդունդը գնալով ավելի է խորանում։ Այս փաստը դիտարկելով ժողովուրդ-իշխանություն հարաբերության կոնտեքստում եւ օրինակ բերելով հարկային համակարգը՝ մեր դիմաց պետք է դնենք մեկ խնդիր. էլ ավելի չխորացնել հասարակական շերտերի միչեւ գտնվող անդունդը, այլ փորձել այն հնարավորինս չեզոքացնել եւ միեւնույն ժամանակ խթանել միջին խավի լիարժեք կայացմանը։ Այդ նպատակին հասնելու համար շրջանառության մեջ եմ նետում «հարկել աստիճանական եւ բաշխել արդար» բանաձեւը։ Տեսեք, հավասարությունը միշտ չէ, որ արտացոլում է արդարություն։ Քիչ ստացողը չի կարող նույնքան տալ՝ ինչ շատ ստացողն է տալիս, կամ հակառակը։ Ի՞նչու, որովհետեւ այդ դեպքում դուրս է գալիս, որ շատ ստացողը իր ստացածի համեմատ քիչ է տալիս, իսկ քիչ ստացողը իր ստացածի համեմատ շատ է տալիս։ Եզրակացնենք, որ հարուստն ավելի է հարստանում եւ աղքատն ավելի է աղքատանում։ Սոցիալական արդարության հաստատման արդյունքում մենք կունենանք համապատասխան միջոցներով ձեւավորված կայուն պետական բյուջե եւ այդ գումարների արդար բաշխման գործուն համակարգ։

Արտաքին հարաբերությունների հեզասահ ընթացքը կարող ենք հասկանալ, որպես ցանկացած պետության սուրն ու վահանը: Միջազգային հարաբերություններն նախատեսված են ազգերի, պետությունների եւ իշխանությունների առջեւ ծառացած խնդիրներին կոնսենսուսային լուծումներ տալու, համագործակցելով՝ մարդկությանն արժանավայել հաջողություններին հասնելու, տվյալ պետության դիմաց դրված արտաքին եւ ներքին մարտահրավերները դիվանագիտական ճանապարհով հարթելու համար:

Միջազգային հարաբերությունների հաջողության գրավականը միմյանց էությունը ճանաչելու մեջ է: Սակայն, երբ հարցը վերաբերում է Հայաստանի եւ Արցախի արտաքին հարաբերություններին, ինձ մոտ հարցեր են առաջանում: Արդյոք մեր միջազգային գործընկերները ճանաչու՞մ են մեր ազգի էությունն ու ինքնությունը: Մենք, որպես պետություն անու՞մ ենք այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի ճանաչեն մեր ազգային դիմագիծն ու արժեհամակարգը, մշակութային եւ քաղաքակրթական առանձնահատկությունները եւ վերջապես հաշվի նստեն այս ամեն ինչից բխող սկզբունքների ու մոտեցումների հետ:

Տեսեք, ցանկացած պետություն ունի հետեւյալ առաքելությունը. ծառայել իր իսկ ազգին՝ պաշտպանելով սեփական իրավունքներն ու շահերը եւ ծառայել մարդկությանը՝ առաջնորդվելով համամարդկային գաղափարներով: Մարդիկ, որոշ քաղաքական գործիչներ, փորձված դիվանագետներ համոզված են, որ երկուսը համատեղելն անհնար է: Ես հակառակ տեսակետին եմ համոզված, ի՞նչու: Առիթից օգտվելով շրջանառության մեջ եմ նետում մի գաղափար. «Մեր պետությունը կերտելով եւ սեփական գոյությունը ապահովելով է միայն, որ ընդունակ կլինենք մարդկությանը մեծ ծառայություն մատուցել»: Եթե քո առողջությունը, ֆիզիկական, մտավոր եւ նվազագույն նյութական կարողությունները չեն հերիքում քո ապրուստն ու գոյությունը ապահովելու համար, ի՞նչպես ես կարողանալու օգտակար լինել մի ուրիշին: Անշու՛շտ չես կարողանալու: Եթե նույն տրամաբանությունը պրոեկտելու լինենք ազգերի եւ պետությունների մասշտաբի՝ արդյունքը մնում է անփոփոխ:

Հասարակության շրջանակներում տիրող մթնոլորտն ու տրամադրությունները շատ կարեւոր նշանակություն ունեն այս ամբողջի հաջողության կամ ձախողման հարցում։ Վերջապես պետք է ըմբռնել այն փաստը, որ հասարակական համերաշխությունն ու բարեկեցությունն է, որ հանդիսանում է մեր պետության գոյատեւման եւ զարգացման շարունակականության երաշխիքը: Իսկ համերաշխության առումով, դժբախտաբար, այսօր այդքան էլ ցանկալի մթնոլորտում չենք ապրում: Հասարակությունը միշտ բաժանված է տարբեր շերտերի՝ կախված սոցիալական տարբեր պայմաններից, մտածելակերպային եւ կենցաղային առանձնահատկություններից, բայց որ հասարակությունը մասնատված լինի եւ միմյանց նկատմամբ թույնով եւ ատելությամբ լեցու՞ն. սա ուղղակի անընդունելի է: Անկեղծ եւ նվիրված գործող ցանկացած կազմակերպություն կամ քաղաքական կուսակցություն պետք է հասկանա, որ ժողովուրդը մի ամբողջություն է եւ նրան առանց մասնատելու պետք է գրկաբաց ընդունի թեկուզ եթե այդ նույն ժողովրդի մի հատվածը հենց իր գրկում է իրեն հարվածներ հասցնելու: ժամանակի ընթացքում միմյանց լսելով, երկխոսելով, իրար հետ ապրելով, ցավելով եւ սիրելով կձեւավորվի համընդհանուր ընկալման ոսկե միջինը:

Եթե այսօրվա պատկերով դատենք, կարող ենք արձանագրել, որ մի ստվար զանգված զոհն է դարձել իշխանությունների կողմից սրսկվող ատելության քարոզին եւ թույնին։ Կա մի զանգված, որ հոգնել է շուրջ երեք տասնամյակների քաղաքական ապարդյուն գործողություններից, այնքան, որ անտարբեր է դարձել նույնիսկ հավաքական շահի նկատմամբ: Այդ զանգվածը հիմանականում կենտրոնանում է իր անմիջական ընտանիքի բարեկեցության խնդիրների վրա։ Կա մի ուրիշ հատված, որ փոխադարձ ատելությամբ է լցված իշխանահաճո թեւի նկատմամբ եւ ամեն ինչ անում է՝ տեղի ու անտեղի, որ հարվածի վերջիններիս։ Վերջապես, կա մի փոքրամասնություն, որոնց համար անկախ ամեն ինչից՝ գլխավորը պետության բարգավաճումն ու ժողովրդի բարօրությունն է… այդ փոքրամասնությունը պետականամետ է եւ օրինակելի:

Այս իրողության պատճառները բազմաթիվ են, իսկ պատճառներից մեկն այն, որ հասարակությունը չգիտի ինչպե՞ս պետք է ցանկացած իրադարձության տալ համարժեք եւ ռացիոնալ արձագանք։ Ինչպե՞ս պետք է ձեւավորել այդ վերլուծական միտքն ու ախտորոշելու ունակությունը։ Տեսեք, ցանկացած խնդիր, մարտահրավեր եւ դժվարություն հաղթահարելու սկիզբը` տվյալ հարցի վերաբերյալ բոլոր մանրամասնություններից քաջատեղյակ լինելն է։ Այսինքն, խնդիրը ինչպե՞ս առաջացավ, ի՞նչ պայմաններում, ո՞վքեր էին ներգրաված, հարցը ի՞նչ հարթության վրա է գտնվում, հավանական վերջնակետը ո՞րն է լինելու։ Սա արդեն խոսում է հատուկ քննական միտք ձեւավորելու, ինչպես նաեւ հարցերն օբյեկտիվորեն ընկալելու կարողությունը ձեռք բերելու մասին: Դա միայն հնարավոր է, երբ անձը՝ բնակչից վերջապես վերածվի քաղաքացու: Քաղաքացին ձեւավորվում է կրթության ընթացքում՝ հատկապես քաղաքացիական կրթության հիմունքներն յուրացնելով: Քաղաքացին պե՛տք է տիրապետի իր քաղաքացիական իրավունքներին եւ ի կատար ածի պարտավորությունները պետության եւ ժողովրդի նկատմամբ: Եւս մեկ խնդիր, որն հարկավոր է անհապաղ լուծել։ Կրթության առանցքային ասպեկտներից մեկը քաղաքացիական կրթությունն է, արդյոք այն պատշաճորեն անցկացվու՞մ է կրթական հաստատություններում։ Այս է այն երկար ճանապարհի սկիզբը, որն ի վերջո մեզ հասցնելու է հավաքական գիտակցության առկայության հանգրվանին, ինչի արդյունքում էլ կվայելենք հանրային ծանրակշիռ կարծիքի ներկայությունը։ Հասարակական համերաշխությունը պահպանելու, իրազեկ եւ գիտակից քաղաքացի կերտելու պատասխանատվությունը դարձյալ մնում է օրվա իշխանությունների վրա։

Չեմ ուզում շատ ծավալվել, բայց անպայման ուզում եմ ընդգծել հետեւյալը. խոսելով կրթությունից պետք է նաեւ շեշտել հայագիտական նյութերի կարեւորությունը, որն ազգային ինքնության հետ կապվելու եւ ինքդ քեզ ճանաչելու միակ միջոցն է։ Այդ գիտության բազան է, որ քաղաքացուն տալիս է հայի «ձեռագիր»։ Կան բաներ, որ իսկապես անսակարկելի են՝ այդ թվում՝ ինքնությունը:

Ինչպես տեսանք՝ գրեթե բոլոր խնդիրների լուծումները նվազագույնը երկկողմանի բնույթ ունեն եթե ոչ՝բազմակողմանի: Հասկացանք, որ մեր հաջողության բաղադրատոմսը իր մեջ պարունակում է մի քանի գաղափարախոսական բաղադրիչներ. լինի դա ընկերվարությունը՝ սոցիալ-տնտեսական բնագավառում, ժողովրդավարությունը՝ կառավարման համակարգում եւ ազգայինը՝ հզոր պետություն կերտելու նպատակով։ Եկանք հաստատելու, որ մեր հաջողության բանալին ունի միաձույլ գաղափարախոսական բաղադրություն։ Իրավունք չունենք նեղացնելու մեր դիտորդական ակնոցը, երբ խնդիրներն տարաբնույթ են եւ պահանջում են յուրօրինակ մոտեցումներ, և ոչ միատեսակ։

Այս «միաձույլ գաղափարախոսությունը», եթե մեզ բոլորիս հայտնի բառերով ներկայացնելու լինեմ, կարող եմ թարգմանել որպես՝ ազգային գաղափարախոսություն։ Մի՛ խուսափեք ազգայինից, քանզի հենց ազգայինն է արդի, առաջադիմական, ընդգրկուն եւ ազատատենչ:

Իմ ընկերների հետ զրուցելիս, միշտ արտահայտել եմ հետեւյալ միտքը՝ ազգային գաղափարախոսությունը վարակիչ հիվանդություն է, քանի որ այն որդեգրելուց եւ յուրացնելուց հետո, հնարավոր չէ անմասն մնալ, լինել անտարբեր եւ անպիտան, որովհետեւ կրում ես այն ինչ կրում էին մեր նախահայրերը. բեռ է, որը պահանջում է պատասխանատվության զգացում եւ անձնվիրություն։ Մաս ես կազմում մի պատմական շղթայի և դառնում ես դրա մարտական օղակը …

Տեսնես կա՞ արդյոք մի տեղ, մի կազմակերպություն կամ կառույց, որ փուռն է այս ամբողջի միաձուլման եւ դարբնոցը ազգային գաղափարախոսությամբ զինված հայորդիների: Իմ մտքում կա մի կառույց, հավանաբար միա՛կը:

Խոսքս եզրափակելով՝ մարտահրավեր եմ նետում բոլո՜ր բոլորին. լինե՛նք հայի կյանքի ամենօրյա՝ մշտական դիտորդը, ամեն մարդ իր տեղում, յորաքանչյուրն իր հնարավորությունների չափով, որպեսզի վեր հանենք եւ բարձրաձայնենք այն առօրյա խնդիրները, որոնց դիմագրավում է մի ամբողջ ազգ: Սրնթաց զարգացման, նոր ձեռքբերումների եւ հաղթանակների հասնելու ճանապարհին՝ այդ խնդիրների լուծումների որոնումը օրհասական բնույթ է կրում: Յորաքանչյուր հայ մարդ, իր մասնագիտական բնագավառում եւ ապագա նախաձեռնություններում պետք է գործի՝ գիտակցելով, որ ինքն իր մասով առաքյալն է պետականաշինության եւ հայ դատի արդար լուծման:

Ախր այնքա՜ն բաներ կա, որ արդարացնում է մտազբաղ լինելը…

Մտերիմներ, հարազատներ, բարեկամներ եւ սիրելի ընթերցողներ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:

Բացատրեցի ու անցա՜ գնացի:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica