close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏեՍԱՆՅՈՒԹ․ Ծննդատներում կարող է մոնիթորինգային խումբ գործել, որը կշրջի և կտեսնի՝ ո՛ր երեխան ինչ եղավ․ ապօրինի որդեգրումները կանխելու՝ Միրա Անտոնյանի առաջարկները

Հասարակություն

24 Հունվարի 2020, 19:22
 ՏեՍԱՆՅՈՒԹ․ Ծննդատներում կարող է մոնիթորինգային խումբ գործել, որը կշրջի և կտեսնի՝ ո՛ր երեխան ինչ եղավ․ ապօրինի որդեգրումները կանխելու՝ Միրա Անտոնյանի առաջարկները

Ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու մեղադրանքով ձերբակալված՝ Ռազմիկ Աբրահամյանի պատմությունը ոչ թե օրենքի, այլ համակարգի բացի խնդիր է՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում ասաց «Երեխաների աջակցության կենտրոնի» տնօրեն Միրա Անտոնյանը։

Նման դեպքերը չեզոքացնելու համար նա գործնական քայլերի կարիք է տեսնում ։

«Եկեք գրանցենք բժշկի և ծննդկանի բոլոր հանդիպումները, եկեք բոլոր սենյակներում տեսախցիկ դնենք։ Գաղտնի՞ կպայմանավորվեն՝ փառք Աստծո, հիմա ունենք հեռախոսների գաղտնալսման հնարավորություն։ Եթե չենք վստահում այդ հիվանդանոցին՝ արդյոք հնարավոր չէ՞ մեխանիզմ ունենալ, որ ծնունդն ընդունող բժշկից բացի, ծննդատան տնօրենից բացի ինչ-որ մոնիթորինգային խումբ ևս գործի այնտեղ, որի անդամները անընդհատ կշրջեն և կտեսնեն՝ ո՛ր երեխան ինչ եղավ և այլն։ Ի վերջո, նկարահանեք, արձանագրեք՝ երեխան ճչա՞ց, չճչա՞ց․ թող լինի դա, ի՞նչն է խնդիրը։ Պետք է ընթացակարգ մշակել և երբ զանգում են, ասում՝ դեպք է եղել, մի հատ ընթացակարգով գնանք, տեսնենք՝ ո՞րտեղ է խախտված»,-ապօրինությունների հնարավորությունը նվազեցնելու մեխանիզմներ թվարկեց Միրա Անտոնյանը։

Խնդիրը կա՝ արձանագրում է տիկին Անտոնյանը, բայց ասում է․ «Ես կուզենայի, որ ամեն առիթ, որը մեզ շոկի է մատնում, մեզ գործնական դարձներ լուծումների մեջ։ Ոչ թե շեշտադրում անեինք՝ ինչ ահավոր է և հիասթափվեինք՝ ինչպես ես եմ ասում՝ հարսս ծննդաբերելու է, չգիտեմ՝ ուր ուղարկել, այլ խնդրին կարգավորում տայինք և այդ կարգավորումների մասին իրազեկեինք մարդկանց»։  

Նա համարում է, որ հարաբերությունները պետք է կառուցված լինեն վստահության վրա, բայց՝ հստակ նկարագրելով ընթացակարգերը․ «Ո՛վ ինչ իրավունք ունի անելու, ի՛նչ իրավունք չունի անելու, այսինքն՝ էթիկայի վրա չթողնենք, այլ ընթացակարգով նկարագրենք։ Բայց վստահությունը պահելը շատ կարևոր է հասարակության առողջության համար, քանի որ մարդկանց աշխատանքի հանդեպ ի սկզբանե անվստահությամբ վերաբերվելը բարձրացնում է ոչ ընդունելի վարքաձևերի ռիսկը»։

Ծննդատներից ապօրինի որդեգրումների դեպքերը, հաճախ, հնարավոր են դառնում, երբ մայրերն իրենք են համաձայնում դրան։ Միրա Անտոնյանը առանցքային խնդիր է բարձրացնում․ քանի որ կա նման ռիսկ, պետք է ծննդատներում է լինեն հատուկ մասնագետներ, որոնք կաշխատեն մայրերի հետ։

«Նման հարցերով չպետք էզբաղվի բժիշկը․ դա բժշկի լուծելու  խնդիր չէ։ Մարդը ինչ-որ գործոնների ճնշման տակ ասում է՝ ես չեմ ուզում իմ երեխային․ դա շատ լուրջ աշխատանք է պահանջում՝ երկարաժամ և բավական լուրջ տևողությամբ, հասկանալ՝ ինչո՞ւ, ի՞նչն է հատկապես խանգարում, արդյոք հնարավոր չէ՞ այդ գործոններն ինչ-որ ձևով մեղմացնել, արդյոք հնարավոր չէ՞ այլընտրանք առաջարկել։ Որովհետև կան դեպքեր, երբ անհնարինությունից ելնելով է մարդն ասում ՝ ես իմ երեխային չեմ կարող պահել, չեմ ուզում․ գուցե օգնենք տան վարձո՞վ, երեխային անհրաժեշտ պարագաներո՞վ»,-ընդգծեց նա։

Անհնարինությունը պետք է ունենա առաջարկ՝ ասում է Միրա Անտոնյանը։

Սա, իհարկե, այն դեպքերի մասին չէ, երբ ծննդկանին խաբում են, թե իր երեխան մահացած է ծնվել կամ փոխում են, դրանք նա, միանշանակ, քրեական դեպքեր է համարում և այդտեղ քննարկում չկա։ Բայց եթե սոցիալական աշխատողը աշխատի ծննդկանների հետ և թույլ չտա, որ որևէ մեկը նրանց համոզի հրաժարվել երեխայից, որևէ մեկը չի կարող այդ մոր երեխան վերցնել։

Ապօրինի որդեգրումների վերջին՝ աղմուկ հանած կասկածը, ցավոք, միակը չէ։ Նախկինում էլ այլ ծննդատների տնօրենների հանդեպ պարբերաբար քրեական գործեր էին հարուցվում ապօրինի որդեգրումների փաստով, նույնքան արագ էլ գործը փակվում էր։  Անգամ մանկատների մասին նման հրապարակումներ եղան․ մանկատներից մեկի  մասին ամեն տարի լրատվամիջոցները գրում էին, որ երեխա է վաճառվել, որ համոզել են՝ դեռատի մորից երեխա են վերցրել, հետո արտասահմանից թեկնածու են գտել՝ տվել այդ երեխային։ Նույնիսկ ասում էին, որ այդ երեխաներն իրենն են՝ ինքն է պայմանվորվում կանանց հետ, որ երեխաներ բերեն՝ վաճառելու համար, կարծես արտադրում էր որդեգրության թեկնածուներ․․․ ամեն տարի քրեական գործ էր հարուցվում, ամեն տարի փակվում։

Միրա Անտոնյանն արձանագրեց, որ տեղական որդեգրումների նկատմամբ որևէ վերահսկողություն բացառվում է, քանի որ որդեգրման գործընթացը մեր երկրում գաղտնի է։ Տիկին Անտոնյանը սա սխալ է համարում, քանի որ, երկար տարիներ աշխատելով այս ոլորտում, չի հանդիպել որդեգրման որևէ դեպքի, որը գաղտնի մնա․ փոխարենը՝ ամենաանպատեհ պահին երեխայի երեսին են շպրտել այս փաստը։ Այնինչ, եթե եվրոպական երկրների պես, մեզ մոտ էլ գործընթացը լիներ բաց, պատասխանատու մարմինները կկարողանային պարբերաբար այցելել և տեղեկանալ՝ ինչ պայմաններում է երեխան մեծանում։ Այսօր որևէ մեկը այդ ընտանիք մտնելու իրավունք չունի՝ մինչև ահազանգ չլինի։

Օտարերկրացիների կողմից որդեգրումների հարցում նա առավել հանգիստ է, եթե դրանք կատարվել են օրինական ճանապարհով։ Այդ դեպքում տվյալ՝ եվրոպական երկրի համապատասխան ծառայությունները հաշվառում են որդեգրման փաստը, պարբերաբար ստուգայցեր կատարում։ Եթե պաշտոնապես գրացված չէ, դա արդեն քրեական պատմություն է։ Տիկին Անտոնյանը, սակայն, տեղեություն չունի, արդյո՞ք մեր երեխաները պաշտոնապե՞ս են որդեգրվել, թե՞ ոչ։

Այլ երկրներում որդեգրված հայաստանցի երեաների ճակատագրին մեր երկրից վերահսկում է արդարադատության նախարարությունը։ Միրա Անտոնյանի դիտանկյունից՝ երբ ասում են՝ արդարադատության նախարարությունը պետք է հետևի որդեգրումներին, նույնն է, թե իրեն ասեն՝ պետք է հետևի, թե օդաչուները ճի՞շտ են թռչում, թե՞ ոչ․ «Պիտի հասկանանք մեխանիզմ կա՞, ո՞նց պետք է հետևի»։

Մեխանիզմը մասնագետների առակայությունն է։ Թե՛ ծննդատներում, որտեղ անհրաժեշտություն կա ծննդաբերող մայրերի հետ աշխատել, թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որը պատասխանատու է որդեգրումների համար, թե՛ արդարադատության նախարարությունում, որը պարտավոր է վերահսկել գործընթացը, խիստ կարևոր են լիարժեք պատրաստված սոցիալական աշխատողները, անգամ նեղ մասնագիտացում ստացած սոցաշխատողները, որոնք մեր երկրում մատների վրա կարելի է հաշվել։

ԵՊՀ-ն ավելի քան 20 տարի պատրաստում է սոցաշխատողներ։ Բայց Հայաստանում այս ինստիտուտը սխալ ուղղությամբ զարգացավ․ «1993 թ-ին սոցիալական ծառայողների գործառույթը հումանիտար օգնություն բաժանելն էր, այդպես էլ մնացին՝ տեսուչ, ո՛չ սոցիալական աշխատող»,-ասում է Միրա Անտոնյանը։ Այնինչ որքան էլ նվիրյալ լինի մարդը, պետք է նաև գիտելիք և հմտություն ստանա որևէ գործ արդյունավետ կատարելու համար։

Որդեգրության ոլորտի բացերից մեկն էլ այն է, որ ճշգրիտ վիճակագրություն չկա․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, վիճակագրական ծառայության և արդարադատության նախարարության տվյալների բազաներում տարբեր թվեր են։  

Միրա Անտոնյանի համոզմամբ՝ պետք է փոխվի նաև որդեգրման ցանկություն հայտնողին ներկայացվող պահանջները։

«Եթե դուք նայեք, թե որդեգրության համար ինչ է պահանջում մեր երկիրը․ որ մարդը ներկայացնի՝ բնակարան, աշխատավարձ, երեք լավ հարևանից լավ երաշխավորագիր, հիվանդությունների հետ կապված ապացույցներ․․․․ աբսուրդ․ աբսուրդ, որովհետև դա չէ, որ երաշխավորում է երեխայի լավագույն շահը ընտանիքում։ Երեխայի լավագույն շահը կերաշխավորվի միայն այն դեպքում, երբ մինչ տեղավորելը բավականաչափ ջանք գործադրվի հասկանալու՝ այս մաման և այս երեխան որևէ կերպ լեզու կգտնե՞ն, թե՞ ոչ»,-ասաց նա։

Բանն այն է, որ որդեգրման դեպքում բնազդը չի աշխատում, ամբողջ հարաբերությունը բացառապես հիմնված է գիտելիքի, իմացության, ճանաչողության վրա։ Մինչդեռ, մեր երկրում այս ամենը չի պահանջվում ծնողից։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica