close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու է Պուտինը հավաքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին

Քաղաքական

24 Հունվարի 2020, 18:59
 Ինչու է Պուտինը հավաքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին

Ռուսաստանն առաջարկում է այս տարի կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  մշտական անդամ պետությունների՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա, հանդիպում: Այս նախաձեռնությամբ Երուսաղեմում հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Գլխավոր ինտրիգն այն չէ, թե կհաջողվի՞ նման աննախադեպ գագաթնաժողով անցկացնել, այլ այն՝ կանցկացվի՞, արդյոք, Մոսկվայում՝ Հաղթանակի 75-ամյակի օրերին. ըստ yerkir.am-ի՝ գրում է «Վզգլյադ»-ը:

«Վլադիմիր Պուտինն օգտվեց Իսրայել այցից և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված ֆորումում ելույթից, որպեսզի հանդես գա անսպասելի առաջարկով՝ անցկացնել 5 մեծ պետությունների ղեկավարների՝ բարձր մակարդակով հանդիպում: Այդ հայտարարությունն անելու համար տեղը պատահաբար չէր ընտրված՝ Հոլոքոստի հուշահամալիրի՝« Յադ Վաշեմ»-ի դահլիճը, որտեղ հավաքված էին աշխարհի  մոտ 50 երկրի ղեկավարներ՝ գործնականում Եվրոպայի բոլոր երկրների (բացառությամբ Լեհաստանի, Ուկրաինայի և Մերձբալթյան երկրների) առաջին դեմքերը՝ ներառյալ թագավորներ, ԱՄՆ փոխնախագահը, Ավստրալիայի և Կանադայի գեներալ-նահանգապետերը, Արգենտինայի նախագահը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից ներկայացված չէր միայն Չինաստանը: Ռուսաստանն ու Ֆրանսիան ներկայացնում էին նախագահները, ԱՄՆ-ը՝ փոխնախագահ Փենսը, իսկ Մեծ Բրիտանիան՝ թագաժառանգ արքայազն Չարլզը: Փաստորեն, Պուտինը միաժամանակ դիմում էր և՛ ամբողջ աշխարհին, և՛ հավաքական Արևմուտքին, որը ներկայացված էր դահլիճում ամենաբարձր մակարդակով»,- գրում է թերթը:

Պուտինի ելույթի մոտ քառորդ մասը, որում նա ասում էր, որ «բոլորս պատասխանատու ենք, որ անցած պատերազմի սարսափելի ողբերգությունները երբեք չկրկնվեն», հանդիպման առաջարկի նախաբանն էր. նախագահն անցավ դրան հետևյալ բառերով. «Անցյալը մոռացության տալը, սպառնալիքների առջև կանգնած՝ պառակտումը կարող են հանգեցնել սարսափելի հետևանքների, իսկ մենք պիտի խիզախություն ունենանք ոչ միայն ուղիղ այդ մասին ասելու, այլ նաև անենք ամեն ինչ, որ պաշտպանենք աշխարհը»:

Փաստորեն, մեկ շաբաթ առաջ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձի այն հատվածը, որ «հենց 5 միջուկային պետություններն են առանձնահատուկ պատասխանատվություն կրում մարդկության պահպանման և կայուն զարգացման համար» և  պետք է «մշակեն մոլորակում կայունության ապահովմանն ուղղված նորացված մոտեցումներ, որոնք ամբողջությամբ հաշվի կառնեն արդի միջազգային հարաբերությունների քաղաքական, տնտեսական և ռազմական ասպեկտները», Երուսաղեմում երեկ հնչեցված պուտինյան նախաձեռնության նախերգանքն էր:

Եթե Պուտինի նախաձեռնությունն իրականություն դառնա, դա կլինի ոչ միայն այս տարվա կարևորագույն իրադարձությունը:

Պատահական չէ, որ Պուտինից հետո ելույթ ունեցող՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունը հայտնեց և նշեց, որ մի քանի օր առաջ էլ է քննարկվել այդ հարցը: «Մի քանի օր առաջ» ասելով՝ նա նկատի ուներ Բեռլինում Լիբիայի հարցով համաժողովը, որին մասնակցում էին նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պուտինի առաջարկածի նման հանդիպումներ պատմության մեջ երբևէ չեն եղել: Այո, հենց այդ 5 երկրները 1945-ին  հիմնեցին ՄԱԿ-ը՝ ստանալով Անվտանգության խորհրդի մշտական անդամների տեղերը, այսինքն՝ դարձան աշխարհակարգի երաշխավորները:  Սակայն «մեծ հնգյակ» արտահայտությունը երբեք չի եղել համաշխարհային քաղաքականության լեզվապաշարում: Այո, այդ 5 երկրները միայն վետոյի իրավունք ունեն ՄԱԿ-ի ԱԽ-ում, և միայն նրանք պաշտոնապես ունեն միջուկային զենք: Սակայն իրականում ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հետ հաշվի չի նստում, միջուկային զենք ունեն ևս մի քանի երկրներ, օրինակ՝ Հնդկաստանը: Իսկ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կշիռն էլ մեծ չէ, դրանք ՆԱՏՕ-ի անդամ են, այսինքն՝ կախված են ԱՄՆ-ից:

Գործնականում ի՞նչ կարող է անել այդ «հնգյակը»:

Աշխարհն արագորեն փոփոխվում է, և արդեն երևում է, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ պահպանել հեգեմոնի կամ գոնե «աշխարհում ամենաուժեղի» կարգավիճակը և նույնպես շահագրգռված է աշխարհակարգի կանոնների փոփոխության մասին խոսակցությամբ: 10 տարի առաջ նրա՝ «մեծ երկյակ» ստեղծելու՝ Չինաստանին արված առաջարկը Պեկինը մերժեց: Մոսկվան վերականգնել է ուժերը, ամրացրել Չինաստանի հետ դաշինքը: Եվրոպան գիտակցում է ԱՄՆ-ի հետ առաջիկա դիմակայությունը, սակայն դեռևս կորցրել է միայն Մեծ Բրիտանիան:  Ֆրանսիան էլ այդ պարագայում կլինի ոչ միայն Ֆրանսիա, այլև կներկայացնի ամբողջ Եվրամիությունը: Պատահական չէ, որ Մակրոնը ձգտում է Եվրոպայի քաղաքական առաջնորդը դառնալ, և այդ ձևաչափում նա կստանա ակնկալածը: ԵՄ-ից բաժանվող Մեծ Բրիտանիան էլ եզակի հնարավորություն է ստանում՝ ինքնուրույն, մեծ տերության կարգավիճակի հաստատում, իհարկե, դեռևս որպես ԱՄՆ-ի կրտսեր գործընկեր, սակայն դա ավելի լավ  է, քան գերմանա-ֆրանսիական Եվրոպայի կրտսեր գործընկեր լինելը:

Այս հանգամանքներում «մեծ հնգյակը» կարող է երկրորդ շունչը ստանալ: Պուտինը բոլորին այնպիսի առաջարկ է անում, որից նրանք չեն կարող հրաժարվել՝ Ջոնսոնը կստանա կարգավիճակ, Մակրոնը՝ Եվրոպայում առաջնորդություն, իսկ Թրամփը թեև չի սիրում հավաքական ձևաչափեր, դժգոհ չի լինի, քանի որ «հնգյակում», ըստ էության, երկու ձայն կունենա (Մեծ Բրիտանիան նրա խաղն առաջ կտանի)՝ չնայած ՄԱԿ-ի ԱԽ-ում որոշումները կայացվում են ոչ թե քվեարկելով, այլ համաձայնեցնելով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Չինաստանին, այս երկրները շահագրգռված են աշխարհակարգի կանոնների փոփոխությամբ և նոր՝ բազմաբևեռ աշխարհի ստեղծմամբ: Եվ եթե այս 5՝ իսկապես ազդեցություն ունեցող երկրները սկսեն համաձայնության գալ, մյուսները կմիանան նրանց:

Պուտինը նաև մեկ այլ՝ խորամանկ, սակայն իրականում շատ պարզ ծրագիր է հետապնդում: Նա ցանկանում է, որ բարձրաստիճան հանդիպումը տեղի ունենա Մոսկվայում՝ Հաղթանակի 75-ամյակի տոնակատարության օրերին: Տոնակատարությանը մասնակցելու հրավերն արդեն ուղարկված է «մեծ հնգյակի» ղեկավարներին: Սի Ցզինպինը և Մակրոնը հաստատել են իրենց ներկայությունը: «Կցանկանար գալ», սակայն ներքին հանգամանքների թելադրանքով կշարժվի Թրամփը: Բորիս Ջոնսոնն էլ վերջերս է ստացել Պուտինի հրավերը, սակայն եթե 4 պետությունների ղեկավարները մայիսի 9-ին լինեն Մոսկվայում, նա էլ, անկասկած ներկա կլինի՝ հանուն այն բանի, որ Մեծ Բրիտանիան այդ վիթխարի գործընթացից դուրս չմնա:

Կհաջողվի՞ «մեծ հնգյակի» գագաթնաժողովը համատեղել մոսկովյան տոնակատարության հետ: Շանսերը բավականին մեծ են: Այլընտրանք կարող է լինել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանը, սակայն դա քիչ տպավորիչ կլինի Ռուսաստանի համար և ոչ ցանկալի՝ Չինաստանի: Ու թեև «մեծ հնգյակի» գագաթնաժողովի գաղափարն արդեն ինքնըստինքյան մեծ նշանակություն ունի, իսկ հետագայում կանոնավոր ձևաչափով անցկացումը կարող է ուժեղ ազդեցություն ունել համաշխարհային քաղաքականության վրա, սա հենց այն դեպքն է, երբ տեղն ու ժամը նույնպես մեծ նշանակություն ունեն:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica