close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարույր Սևակի նամակն իր մեծ սիրուն՝ Սուլային. բանաստեղծն այսօր կդառնար 96 տարեկան

Խճանկար

24 Հունվարի 2020, 14:25
 Պարույր Սևակի նամակն իր մեծ սիրուն՝ Սուլային. բանաստեղծն այսօր կդառնար 96 տարեկան

«17.7.1961 թ.
Սոչի:

Իմ երեկվա ուրախություն:

Իմ մշտական ցավ,

Ս-ու-լ-ա,

Ի՞նչ գրեմ քեզ: Որտեղի՞ց բառեր գտնեմ:

Գնացքն ընթանում է և տանում է մարդկանց, նրանց թվում մի դիակ` այն միակ տարբերությամբ, որ նա` այդ դիակը, դեռ ընդունակ է տառապել այդպես անմարդկայնորեն…

Տոլստոյի մոտ, չեմ հիշում որտեղ, կա զարմանալի դիպուկ դիտողություն. ճանապարհի կեսին անցորդը մտածում է այն մասին, թե ինչ թողեց, ճանապարհի երկրորդ կեսին` այն մասին, թե ինչ է սպասվում իրեն: Հազար անգամ ես ինձ վրա փորձել եմ այս դիտողության ճշմարտացիությունը: Իսկ այս անգամ ինքը` Տոլստոյն է հերքվել,- ճանապարհի կեսը ես վաղուց եմ անցել, իսկ ահա անընդհատ մտածում եմ այն մասին, թե ինչ եմ թողել…Ոչ մի կերպ չեմ կարողանում վերստին միանալ: Ոչ մի կերպ չեմ կարողանում մտածել այն մասին, թե ինչ է ինձ ապասվում: Ոչ մի կերպ ուշքի չեմ գալիս…

Ինչու՞ է դա այդպես: Ինչու՞ մենք պիտի այդպես տանջվենք: Ես «նրբակիրթ» մարդ եմ, վերջին ժամանակներս, դու չե՞ս նկատել, նույնիսկ չեմ կարողանում ինձ զսպել, «խաղալ» ուրիշների ներկայությամբ: Իսկ գնացքում այս օրերին ինձ այնպես եմ պահում, ասես վիճել եմ բոլոր ուղևորների հետ, թվում է, նույնիսկ վախենում են ինձ դիմել հարցերով կամ խնդրանքով…
Ես այնպիսի զգացողություն ունեմ, կարծես իմ մարմինը չի գտել սեփական կաղապարը: Իմ ամբողջ կաղապարը քո կաղապարի դրոշմն է, իմ ոտքերը ոչ թե ինձ, այլ քեզ են տանում…

Ազատիր ինձ այս սարսափելի զգացողությունից, արա այնպես, որ այդպես կենդանի չտեսնեմ քեզ, չզգամ քո կաղապարը` քեզ` իրական…

Հիդրան, գիտեմ բնագիտությունից, այն էակն է, որին ինչպես էլ կտրատես, նրա ցանկացած կտոր գլուխ է ձեռք բերում և ապրում է իր ինքնուրույն կյանքով:

Չգիտեմ դու ինչպես, բայց ես վերջնականապես հասկացա, որ դու իմ կեսն ես: Կյանքն ինձ երկու կես է արել: Ու ես հիդրայից վատն եմ. չեմ կարողանում ապրել առանց իմ կեսի:

Ասա, ես ինչպե՞ս Հիդրա լինեմ…

Այսպես անհնար է գոյատևել: Ինչ-որ բան մտածիր, իմ ուժեղ…

Աչքերս դարձել են անշարժ, ինպես դիակինը: Նրանք նայում են մի կետի: Այդ կետը դու ես: Եվ հորիզոնն ես դու: Բայց ախր ես հենց դա չունեմ.- չկա հորիզոնը: Այն վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է քո ձայնը, քո ժպիտը, քո «սիրում եմ քեզ»-ը…
Դու իսկապե՞ս սիրում ես ինձ:

Ինձ հաճախ է թվում, որ ճիշտ է Մարիտեն, թե դու պարզապես ցանկանում ես ինձ: Իսկ դա վիրավորական է: Այդպես չի կարելի, հարազատս: Մի մտածիր, թե ես այդքան թույլ եմ: Եղիր անկեղծ, ու ինձ համար ավելի հեշտ կլինի, և ես ավելի ուժեղ կլինեմ…
Հիմարություններ եմ դուրս տալիս, ներիր…

Պարզապես շատ ցավալի է, պարզապես օդ չկա: Պարզապես…

Ահա և քե Գուտաուտան:

Դու հավանաբար ամբողջ կյանքում պիտի այստեղ ապրես: Համենայն դեպս, հաճախ կլինես այստեղ, ամեն տարի…Եվ ես իրավունք չեմ ունենա տեսնել քեզ, իմ սիրելիին….

Գնացքը ուժեղ ցնցում է, և ձեռքս դողում է: Ու դրանից ես ինձ լավ եմ զգում. ինչ-որ հավասարակշռություն է ստացվում իմ ներքին մշտական դողի ու արտաքինի միջև: Իսկ այդպես ախր կարելի է խենթանալ:

Հիշում եմ` դու ասացիր. «Չեմ սիրում այդ բառը», այսինքն` «խենթանալ»: Դե ինչ, սիրում, թե չես սիրում այդ բառը, միևնույն է, առանց դրա ես չեմ կարող յոլա գնալ…

Եթե դու հիմա ինձ տեսնեիր, կգուրգուրեիր քնքուշ-քնքուշ, քանզի դեմքիս սառել է ցավի ճիչը. «Սուլա, Սու-լա, Ս-ու-լ-ա»:
Դու էլ ես հիմա գնացքում, կամ շուտով կլինես:

Քո տրամադրությունն էլ կլինի հենց այսպիսին, կամ… աստված գիտի: Ու կարիք չկա տանջվել նաև կասկածներով:
Առանց այդ էլ քո կարոտն անտանելի է:

Կարոտը:

Ընդամենը երկու օր էլ չի անցել, ինչ մենք բաժանվել ենք, իսկ ինձ թվում է, թե քեզ չեմ տեսել արդեն չգիտեմ քանի տարի: Եվ էլ ե՞րբ, աաստված իմ, կտեսնեմ քեզ, իմ Սու-լա, իմ սիրելի: Գոնե դու պարեիր Մոսկվայում:

Դե լավ: Էլ չեմ կարողանում: Շուտով, ահա-ահա կհասնենք Սուխում: Ուզում եմ այս նամակն այնտեղից ուղարկել:
Վերջում չեմ կարող քեզ չասել` երջանիկ ժպտալով, երջանիկ այնքան, որքան կարելի է լինել իմ վիճակում: Չեմ կարող քեզ շնորհակալություն չասել այն բանի համար, որ դու ինձ պատվիրեցիր քեզ գրել ուղղակի տան հասցեով:
Երբ դու ասացիր այդ մասին, ես չգնահատեցի ինչպես հարկն է: Հետո հանկարծ հասկացա, ու դրանից հոգիս մի տեսակ թեթևացավ: Կնշանակի, դու ինձ քեզ տու՞ն ես առաջնորդում: Ուրեմն ես քո հարազա՞տն եմ` դրա իրավունքով:
Շնորհակալություն քեզ, իմ Կին, իմ հավերժ Հարսնացու: Ես քեզ երախտապարտ կլինեմ դրա համար: Եթե ոչ ես, ապա իմ սիրելի դստրիկը…Սուլամիթա անունով: «Քո անունը (և իմ դստեր),- ինչպես յուղով հեղված»…
Եվ ինձ ոչինիչ չի մնում, քան սպասել քո շնչառությանը` փակված ծրարների միջով:

Թող քո մայրն ինձ շատ սիրի: Չէ՞ որ ես արժանի եմ դրան` այնպես եմ սիրում նրա աղջկան, այնպես չեմ ապրում առանց նրա…Երբևէ ես կհամբուրեմ նրա մայրական կուրծքը: իսկ առայժմ…շնչում եմ քո մազերի բույրը…»:

(Պարույր Սևակի նամակը՝ իր մեծ սիրուն Սուլամիթային)

Այսօր հայ մեծանուն գրող, գրականահետ ու թարգմանիչ Պարույր Սևակի ծննդյան օրն է. ականավոր բանաստեղծն այսօր կդառնար 96 տարեկան:

Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին․․․»։

Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։

***

Սևակի մեծ սերը՝ Սուլան էր:  Նրանք առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում` 1959 թ. դեկտեմբերի 2-ին: Սևակը հրավիրված էր համակուրսեցիներից մեկի հարսանիքին, որին ներկա էր նաև Սուլամիթան: Նույն օրը` մի գիշերում, Սևակը գրում է «Երգ երգոցը»` նվիրելով մի կնոջ, որին տեսել էր ընդամենը մի քանի ժամ :

«Նա մեր ինստիտուտն ավարտել էր 1956-ի գարնանը, իսկ աշնանը ես ընդունվեցի: Մենք կարող էինք չհանդիպել: Բայց նա էլ գիտեր Գենյային, ես էլ, չհանդիպել մենք չէինք կարող: Մենք հանդիպեցինք և, ինչպես սուր սայրի վրա, վախեցանք շարժում անել: Նա նստած էր ձախ կողմում, փոքրիկ սեղանի դիմաց: Ինչ-որ մեկի հետ շախմատ էր խաղում: Ես մի հսկա՝ կտրտված սպիտակ հացով լի սկուտեղով մտա սենյակ: Նա բարձրացրեց խաղազինվորը, ես շեմքից ներս անցա: Եվ երկուսս էլ անշարժացանք: Դա մի ակնթարթ էր և այն ձգվեց հավերժ: Մենք շատ անգամներ վերականգնեցինք այդ առաջին հանդիպման բոլոր ակնթարթները… Կնշանակի, դա այնուամենայնիվ լինում է. առաջին հայացքից․․․

Արդեն տեղ էլ չկար: Եվ մենք հայտնվեցինք սեղանի վերջին սուր անկյուններից մեկի մոտ: Նա իմ անունն իմացել էր մինչ այն պահը, երբ պարզվեց, որ ես նստելու տեղ չունեմ և ստիպված էի կամ ծվարել նրա կողքին կամ մնալ կանգնած… Նրան ասել էին, որ ես Լիտվայից եմ, կնշանակի՝ լիտվուհի: Եվ հետո նա շփոթված ու մի տեսակ խաղալով բացատրեց, որ ուրախ էր իրեն դուր եկած լիտվուհու հետ հանդիպման համար: Նա արդեն ունեցել էր կարճատև «սիրավեպեր» լատիշուհու և էստոնուհու հետ»:

Սևակը 33 տարեկան էր, երբ նրանք հանդիպեցին, իսկ Սուլամիթան 18-ամյա աղջնակ։ Սևակը սիրելիին կոչում էր «փափլիկ խավոտ Սուլա», իսկ Սուլամիթան քնքշորեն անվանում էր նրան «Սատանի ճուտ»:

Նրանց կապը շարունակվել է, անկախ անձնական կյանքից: Սևակը, ով այդ ընթացքում արդեն երկրորդ անգամ էր ամուսնացել և երկու զավակ ուներ, ցանկացել է, որ Սուլամիթան իր անձնական կյանքը կառուցի, ընտանիք ունենա: Իսկ երբ մի պահ Սևակն է առաջարկում ամուսնանալ, Սուլամիթան մերժում է` ասելով, որ չի պատրաստվում ուրիշի դժբախտության հաշվին իր երջանկությունը կառուցել:

Շատ ազնիվ են եղել ու մենատիրական զգացումներով չեն առաջնորդվել, աշխատել են չվնասել: Այն պահին, երբ Սուլամիթան պատրաստվել է ամուսնանալ, նրանք գրեթե չորս տարի չէին հանդիպել, սակայն նամակագրությունը շարունակվում էր, որոնցում հորդել է սերը:

Սուլայի հետ կապը շարունակվել է, անկախ անձնական կյանքից: Սևակը, ով այդ ընթացքում արդեն երկրորդ անգամ էր ամուսնացել և երկու զավակ ուներ, ցանկացել է, որ Սուլամիթան իր անձնական կյանքը կառուցի, ընտանիք ունենա:

***

Մահը

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքանան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենայի հետ։

Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի` Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել` պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները` մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։

Ըստ մեկ այլ վարկածի` գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով: 

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica