close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոստացավ՝ 12 000-ը չէինք տալու, հիմա ծանուցում են՝ տվեք. Փաշինյանը տաքսիստներին ևս խաբեց

Քաղաքական

22 Հունվարի 2020, 23:40
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոստացավ՝ 12 000-ը չէինք տալու, հիմա ծանուցում են՝ տվեք. Փաշինյանը տաքսիստներին ևս խաբեց

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում հայտարարել էր, թե այլևս տաքսիսիտներին լիցենզիա պետք չէ, ամսական 12.000 դրամ վճարելու կարիք էլ չկա, անգամ հին պարտքերն են զրոյացվել,  բայց արի ու տես, որ տաքսիստներից շատերը նամակներ են ստացել, որ տուգանք պետք է մուծեն չվճարված հարկերի համար՝ հայտնում է Yerkir.am-ը։ Փաստորեն, հին մուրհակը մարելու ժամանակն եկել է։

«Մեկը 600.000-ի պարտք ունի, մյուսը՝ 2 միլիոնի։ Այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ մեկը վարչապետին լավամարդ լինելու համար  ասել է՝ ես փողի տեղ գիտեմ, վարորդները լիցենզիաների համար 900 միլիոն պարտք ունեն, եկեք հավաքենք էդ գումարը, բյուջե մտցնենք։  Եթե լիցենզիան հանված է, տուգանքների մասին նամակներն այդ մարդկանց հասցեին ինչո՞ւ են ուղարկվել։ Մենք այս հարցը իշխանություններին ներկայացրել ենք։ Եթե 10  օրվա մեջ պատասխան չստանանք, նորից ենք բողոքի ցույց կազմակերպելու,-տեղեկացրեց «Վարորդների պաշտպանության լիգա» հկ փոխնախագահ Պողոս Օղլուկյանը։   

Փաշինյանի հայտարարության վնասները

Նիկոլ Փաշինյանն մեկ տարի առաջ  հայտարարեց՝ լիցենզիա պետք չէ,  ամսական 12.000 դրամ վճարը՝ նույնպես,  թող տաքսիսիտները համարեն, որ իրենց ամսական աշխատավարձը 12.000 դրամով ավելանում է։ Այդ հայտարարությունից հետո ով մեքենա ուներ, տաքսի դարձրեց, ով մեքենա չուներ, գնեց, որ տաքսիստ դառնա։  Կարճ ժամանակում առաջարկը գերազանցեց պահանջարկին, դրան գումարած՝ առցանց տաքսիների մատչելի ծառայությունը և անհատ տաքսիստների գործը կանգնեց։

Ասուլիսների, բողոքի ակցիաների միջոցով տաքսու վարորդների իրավունքների մասին պարբերաբար բարձրաձայնող Պողոս Օղլուկյանը Տիգրան Մեծ պողոտայում պարապ կանգնած տաքսիտներին է մատնացույց անում. «Տեսեք, առավոտից կանգնած են։ 1000 դրամ աշխատե՞լ են։ Չեն աշխատել։ Պատճառը «օն-լայն» տաքսիներն են։ «Յանդեքսը» 300 դրամով 4 հոգու տեղափոխում է։ Պարզ չի՞, որ էս մարդիկ էլ առավոտից անգործ պիտի ման գան։ 7 տարի է լիցենզիաների մասին խոսում եմ. էլ Վովա Գասպարյանի տեղակալի մոտ եմ գնացել, էլ նախարարի։ Մեռա ասելով՝ անհատ տաքսիները պիտի հարկ վճարեն, տաքսիների թիվը այդպիսով կկրճատվի»։

Մարդը լավ կյանքից չի տաքսիստ դառնում

Պողոս Օղլուկյանի կարծիքով օրինակ՝ «Յանդեքսը» պետք է պետությանը հարկ վճարի. «Օն-լայն տաքսիները պետք է լիցենզավորվեն։ Լո-լո էին կարդում գլխիս,  թե «Յանդեքսը» տաքսի չի, ծրագիր է։ Եթե մարդը եկամուտ է ստանում, պարտավոր է հարկ վճարել։ Ասածներս տաքսիստներին դուր չի գա իհարկե, բայց անհատ տաքսիստներն էլ պիտի հարկ վճարեն։ Հարկային դաշտ մտնելով՝ ոլորտը կկանոնակարգվի, այսքան շատ  տաքսիներ այլևս չեն լինի։ Ավելի լավ կլինի մեր հարկերով գործարաններ կառուցվեն, փողոցում անգործ կանգնած այս մարդիկ էլ գնան իրենց մասանգիտությամբ աշխատեն։ Հավատացեք, տաքսիստների կեսից ավելին այս գործը կթողնի։ 50-60 տարեկան մարդիկ, որ կյանքում անգամ հեծանիվ չեն քշել, վարորդական վկայական են հանել, մեքենա առել, որ տաքսու տակ քշեն, օրական 2000-3000 դրամ աշխատեն»,-պատմեց տաքսու վարորդների ամենաօրյա խնդիրներին առնչվող Պողոս Օղլուկյանը։

Տաքսիների ոլորտում քաոս է

Բարձիթողի վիճակ է։ Աշխատատեղ չկա, մարդիկ գործազուրկ են. կառավարությունն էլ ասում է՝ գնացեք ձեր գլխի ճարը տեսեք։ Տաքսիստները հաճախ են խախտումների համար ծանուցումներ ստանում։

«5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար վարորդը  պետք է 4000 դրամ պետական տուրք վճարի։ Եթե անգամ իմանա, որ դատը շահելու է, էլի չի բողոքարկի, որովհետև նա նախընտրում է 4000 դրամի վրա 1000 դրամ էլ դնի, ակտը վճարի, քան դատական գլխացավանքի ու քաշքշուկի մեջ ընկնի»,-վարորդների աշխատանքին առնչվող մեկ այլ խնդիր ևս ներկայացրեց տաքսիստների պաշտպանը։

Ամեն օր նույն պատկերը կարելի է տեսնել.  Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց, տաքսիների համար նախատեսված կայանատեղիներում այլ մեքենաներ են կանգնած, բայց կարգը խախտելու համար նրանք չեն տուգանվում։  Տաքսին տեսնելով, որ իր համար նախատեսված վայրում այլ մեքենա է կանգնել, ստիպված 2-րդ շարքում է կանգնել։ Ակտը եկել է. տաքսին տուգանվեց։

Օրենքները սահմանվում են, բայց  մինչ դրանք իրականացնելը պետք է դաշտը կանոնակարգված լինի, բոլոր օղակներն անխախտ աշխատեն և օրենքի գերակայության համար նախապայմաններ ստեղծվեն։ Տաքսիստները համակարծիք են՝ ոլորտը համակարգել, բարեփոխել, քաոսը վերացնել է պետք ու շուտափույթ։

Հ․ Գ․Խորհրդային տարիներին 1 միլիոն բնակչություն ունեցող Երևանին սպասարկել է ընդամենը 3000 տաքսի. տաքսու 3 պարկ ենք ունեցել։ Հիմա Երևանում տաքսիների թիվը մոտավորապես 80. 000 է։

Եթե նոր-նոր եք ոտք դրել որևէ քաղաք և ուզում եք իմանալ՝ ինչ կենսամակարդակ ունի տվյալ քաղաքի բնակչությունը, նայեք փողոցում կարմիր լույսի տակ կանգնած մեքենաներին։ Եթե յուրաքանչյուր 3-4-րդը տաքսի է, ուրեմն կարող եք վստահ լինել՝ դուք գտնվում եք մի քաղաքում, որի բնակիչները բարեկեցիկ, սոցիալապես ապահով չեն։ Այս դիտարկման շնորհիվ անգամ վիճակագրություններ են կազմվում և որոշվում մարդկանց կենսամակարդակն ու սոցիալական վիճակը։ Այն, որ Երևանում շուրջ 80.000 տաքսի կա, լավ կյանքից չէ։ Կրթություն ու մասնագիտություն ունեցող գործազուրկներն ինտենսիվորեն համալրում են տաքսիստների շարքերը։

Նաիր Յան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica