close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սև ոսկու լավ օրերն անցյալում են

Տնտեսական

22 Հունվարի 2020, 19:49
 Սև ոսկու լավ օրերն անցյալում են

Ներկայումս նավթի համաշխարհային շուկայում հեղափոխություն է: Ընդամենը մի քանի տարում ԱՄՆ-ը դարձավ աշխարհում նավթի խոշորագույն արդյունահանողը, ինչի պատճառով էլ ավելի ազատ գործողությունների հնարավորություն ստացավ Մերձավոր Արևելքում, իսկ OPEC նավթային կազմակերպության կյանքը բարդացավ. ըստ yerkir.am-ի՝ գրում է շվեդական Svenska Dagbladet թերթը:

«Նոր տարին նոր էր սկսվել, երբ ԱՄՆ նախագահը հրաման արձակեց անօդաչու թռչող սարքերով հարձակում գործել՝ Իրանի գլխավոր գեներալին սպանելու համար: Նավթի գինն անմիջապես աճեց: Շատերն անհանգստացան, որ լիարժեք պատերազմը շարքից կհանի մերձավորարևելյան կարևոր նավթային օբյեկտները: Դոնալդ Թրամփին դատապարտեցին ինչպես արտասահմանում, այնպես էլ տանը. ինչպե՞ս կարող էր ռիսկի ենթարկել Մերձավոր Արևելքի կայունությունը, որը պատասխանատու է նավթի համաշխարհային արտադրության մեծ մասի համար»,- նշում է թերթը և ենթադրում՝ հնարավոր է՝ պատճառն այն է, որ ԱՄՆ-ի կախվածությունը մերձավորարևելյան նավթից նվազել է՝ սեփական արտադրությունը վերջին ժամանակաշրջանում ավելացնելու հետևանքով: Բացի դրանից՝  ԱՄՆ-ը ավելի քիչ նավթ է արտահանում Մերձավոր Արևելք:

Ըստ թերթի՝ վերջին տարիներին ԱՄՆ-ում արդյունաբերական հեղափոխություն եղավ թերթաքարային նավթի արդյունահանման բնագավառում: Այդ ոլորտում արագ աճը պայմանավորված է նրանով, որ  թերթաքարային շերտերից արդյունահանում սկսելու համար անհրաժեշտ է սպասել 3-18 ամիս, մինչդեռ, օրինակ, ծովում գտնվող հանքավայրից նավթ արդյունահանվում է 5-7 տարի հետո: Թերթաքարային նավթը ԱՄՆ-ին դարձրեց աշխարհի  խոշորագույն նավթարտադրողը: Ըստ British Petroleum  բրիտանական նավթագազային ընկերության՝ 2019 թ. վիճակագրական ակնարկի՝ ԱՄՆ-ին հետևում են Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը:

Այնուամենյանիվ, թեև վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ը երբեմն ավելի շատ նավթ է արդյունահանում, քան՝ սպառում, շարունակում է նավթ ներկրել Մերձավոր Արևելքից, հիմնականում՝ Սաուդյան Արաբիայից և Իրաքից: Բանն այն է, որ ամերիկյան բազմաթիվ նավթամշակող ձեռնարկություններ դեռևս սարքավորումներ չունեն թեթև թերթաքարային նավթի մշակման համար:

Սակայն նույնիսկ եթե ԱՄՆ-ը շարունակի մերձավորարևելյան նավթ ներկրել, թերթաքարային նավթի արդյունահանման աճը նվազեցնում է OPEC-ի ազդեցությունը, որի 14 անդամները, Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ, մշտապես փորձում են վերահսկել նավթի գները և կարգավորել նավթի արդյունահանման ծավալները, թեև դա ավելի ու ավելի դժվար է դառնում. շուկան փոքրանում է: Դրան նպաստել են նաև ԱՄՆ-ի պատժամիջոցները OPEC-ի անդամներ Իրանի և Վենեսուելայի նկատմամբ: Բացի այդ՝ Կանադան, Նորվեգիան և Բրազիլիան են սկսել որոշիչ դեր խաղալ նավթային շուկայում, իսկ դրանք OPEC-ի անդամ չեն:

OPEC-ի շատ երկրների հարկավոր է նավթի բարձր գին՝ պետբյուջեն հավասարակշռելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով՝ Սաուդյան Արաբիային, օրինակ, անհրաժեշտ է բարելի համար 80-85 դոլար գինը, մինչդեռ այն այսօր 60 դոլարից փոքր-ինչ է ավելի:

Մի քանի տարի առաջ Սաուդյան Արաբիայի՝ մեծ ծավալներով արդյունահանման հաշվին գին գցելու միջոցով ամերիկյան թերթաքարային նավթի դեմ պայքարը հաջողությամբ չպսակվեց, և OPEC-ը սկսեց փնտրել իր իշխանությունն ամրացնելու այլ հնարավորություն.  3 տարի առաջ պայմանագիր կնքեց նավթ արդյունահանող 10 այլ երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, ստեղծելով, այսպես կոչված, Վիեննայի խումբը կամ OPEC+-ը: Միասին նվազեցրին նավթի արդյունահանումը, որպեսզի գինը բարձրացնեն: Այդ մարտավարությունը տվեց իր արդյունքը. 2016-ին նավթի գինը կրկնապատկվեց, և ներկայումս, արդեն նշվեց, 60 դոլարից փոքր-ինչ ավելի է: Սակայն դա, այնուամենայնիվ, ավելի քիչ է, քան ռեկորդային՝ 2008 թվականին. բարելի համար 147 դոլար էր՝ զարգացող Չինաստանի՝ մշտապես աճող պահանջարկի շնորհիվ:

Աշխարհի ամենախոշոր նավթարտահանողը՝ Սաուդյան Արաբիան, ըստ շվեդական թերթի, ամեն ինչ կանի, որ նավթի գինը 60 դոլարից չնվազի, թեև գիտակցում է, որ նավթի դերը համաշխարհային տնտեսության մեջ կնվազի, քանի որ ակտիվորեն զարգանում է վերականգնվող աղբյուրներից էներգիա ստանալու ոլորտը:

Նավթի գների զգալի անկումը ուժեղ հարված կլինի նաև ամերիկյան նավթային արդյունաբերության համար, ընդ որում՝ թերթաքարային նավթի արդյունահանումն ավելի թանկ է, քան մերձավորարևելյան՝ հեշտ հասանելի նավթինը: Եվ եթե գների անկումը երկարատև լինի, ամերիկյան նավթն ավելի արագ դուրս կմնա մրցավազքից:  Նավթի սպառման նվազման հետևանքով  վերջին նավթը կարտադրի այն երկիրը, որն ամենաէժանն է դա անում:

Ըստ փորձագետների՝  ապագայում նավթի գինը միայն նվազելու է: Իհարկե, կլինեն բացառություններ, երբ գները կարճ ժամանակով կբարձրանան հակամարտությունների կամ այն պատճառով, որ նավթային նոր նախագծերն ավելի արագ կդադարեցվեն, քան կնվազի նավթի պահանջարկը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica