close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մտածում ես՝ անկետան տալու են, աշխատակիցը ցույց է տալիս դիմացի կույտը․ պոլիկլինիկաներն անցել են էլեկտրոնային հերթագրման

Հասարակություն

22 Հունվարի 2020, 18:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մտածում ես՝ անկետան տալու են, աշխատակիցը ցույց է տալիս դիմացի կույտը․ պոլիկլինիկաներն անցել են էլեկտրոնային հերթագրման

Նարինեն հիվանդ երեխայի հետ գնացել է պոլիկլինիկա, պարզվել է՝ իրենց բժիշկը երեխայի անկետան հանձնել է՝ հայտնում է Yerkir.am-ը։

Իջել է ընդհանուր բաժին՝ անկետան վերցնելու ու ընկել դժոխք։

«Անծայր մի հերթ, լաց, կոծ։ Երեխայի անուն, ազգանունը հարցնում են, մտածում ես՝ անկետան տալու են, բայց ոչ, աշխատակիցն ասում է՝ սպասիր ու ցույց է տալիս իր դիմաց անկետաների կույտը։ Պարզվում է՝ հանված այդ անկետաներից հերթով դուրս են գրում հաճախորդի բոլոր տվյալները՝ ոչ միայն անուն, ազգանուն, ծննդյան թիվ, սոցքարտի համար, այլև երբ է գրանցվել պոլիկլինիկայում, որ բժիշկների մոտ է բուժվել, տվյալ բժշկի մոտ որերորդ այցն է․․․ այսպես 40 րոպե։ Ապակուց այն կողմ էլ տարեց աշխատակիցները լավ չեն լսում քո հայտնած տվյալները․․․ մի խառնաշփոթ»,-պատմեց նա։

Մինչև տվյալները լրացնում են ու տալիս բաղձալի թուղթը՝ որով կարելի է մտնել երեխայի բուժող բժշկի մոտ, նրա աշխատանքային ժամն ավարտվում է, գնում է տուն։

Բայց սա դեռ մղձավանձի վերջը չէ․ եթե հաջորդ օրն են նույն երեխային բերում նույն մասնագետի մոտ, պարզվում է՝ այս ամբողջ քավարանով նորից պետք է անցնել, քանի որ համակարգի սերվերում տվյալները չեն պահվում։ Իսկ եթե պետք է մի քանի մասնագետի մոտ մտնել, որոնք տարբեր օրերի ու տարբեր ժամերի են աշխատում, այստեղ արդեն հիվանդին ուղեկցողն էլ սթրեսից հիվանդանում է։

Բուժհաստատություններում ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգը։

«Համակարգը 2017 թ-ից կառավարության գերակա խնդիրների շրջանակում է։ 2018 թ-ի սկզբից սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Դրանք իրականացրել ենք եռակողմ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, պոլիկլինիկաները և Երևանի քաղաքապետարանի աշխատակզմի առողջապահության վարչությունը»,-Yerkir.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը։

Նպատակը հերթերը կառավարելի դարձնելն է՝ պարզաբանեց նա։ Պոլիկլինիկաների տնօրենների աշխատասենյակից էլ փաստացի դժոխքը դրախտ է երևում։

«Սա ուղղակի նրա համար է, որ մարդիկ չգան չսպասեն։ Մարդը հիմա տանից հանգիստ զանգում է կամ միանում է համացանցին, էլեկտրոնային եղանակով հերթ է վերցնում իր ուզած մասնագետի մոտ՝ այսինչ ժամի համար կամ մի քանի օր հետոյի համար։ Ի՞նչ վատ բան է դա»,- Yerkir.am-ին ասաց թիվ 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը։

Նա նաև էլեկտրոնային եղանակով հերթագրման վիճակագրություն նշեց․  ասաց՝ իրենց պոլիկլինիկայում հաճախորդների 15 տոկոսը էլեկտրոնային եղանակով է հերթագրվել։

Մինչդեռ տնօրենը կա՛մ ստում է միտումնավոր, կա՛մ պարզապես տեղյակ չէ՝ ինչը նույնքան վատ է․ բանն այն է, որ տանից համացանցի միջոցով հերթագրվելու հնարավորություն համակարգում այս պահին չկա։ Եթե անգամ այդպիսի մտադրություն կա էլ՝ սարերի հետևում։

 «Համակարգչով դեռ գրանցումը չկա։ Հեռախոսահամարով է՝ բոլոր տեղերում կա, մեր կայքում էլ կա տեղադրված։ Օնլայն գրանցումը ապագայում, կարծում եմ, կլինի»,-ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության գլխավոր մասնագետը։

Որտե՞ղ են այդ հեռախոսահամարները՝ հաճախորդները ոչ տեսել են, ոչ էլ լսել։

«Նույնիսկ գրանցող աշխատակիցը չասաց, որ կարելի է հեռախոսազանգով էլ հերթագրվել։ Վերջին շաբաթում 3 անգամ գնացել եմ, 3 անգամ էլ 40 րոպե սպասել եմ հերթագրման տեղը»,-ասաց Նարինեն։

Թիվ 15 պոլիկլինիկայում հերթերի մեղքը գցում են հաճախորդների վրա։

«Ամբողջ բանը նրանում է, որ մարդիկ չգիտեն իրենց ազգանունը ոնց է, անունը ոնց է, սոցքարտը, ծննդյան օրը չգօտեն, այ դրանից է հերթ առաջանում։ Եվ էլեկտրոնային հերթագրումը շատ լավ բան է, որի շնորհիվ մարդիկ իմանում են, որ իրենց, օրինակ, ծննդյան վկայականի մեջ չկա գրված ամսաթիվ՝ երբ է ծնվել կամ անձնագրում չկա»,- ասաց տնօրեն Հակոբ Հարությունյանը։

Բայց նա լավատես է․ ասում է՝ երբ պոլիկլինիկան ամբողջովին հագեցած լինի համակարգիչներով և հերթագրումն իրականացնեն ոչ միայն ընդհանուր բաժնի աշխատակիցները, այլև ամեն բժիշկ հերթագրի իր հաճախորդներին, հերթերն էլ կնվազեն։ Այս պահին, սակայն, պոլիկլինիկան դեռ 30 համակարգիչ է ստացել։

«Աստիճանաբար կոմպյուտերները տրվում են բժիշկներին, բժիշկներն իրենք էլ կարող են այդ հերթագրումն անել։ Ա՛յ հիմա ինձ մոտ կոմպյուտերների համար վայֆայներ են տեղադրւոմ, որ բոլոր բժիշկներն աստիճանաբար գնան դրան։ Արդեն 30 համակարգիչ ստացել ենք՝  թերապևտներն ունեն արդեն, գինեկոլոգներին, նեղ մասնագետներին կտրամադրենք։ Արդեն հիվանդանոցներում էլ ենք էլեկտրոնային ուղեգիր տալիս, եթե դրանից հետո տանք նաև լաբորատորիաներին, բոլոր լաբորատոր բժշկական քննությունների պատասխանները կլինեն համակարգում, դրանից հետո այդ նույն անալիզներն ինքը կարող է օգտագործել, երբ գնա հիվանդանոց, իրենից արդեն ուրիշ որևէ փաստաթուղթ չեն պահանջի»,-ասաց նա։

Անահիտ Չարխիֆալաքյանը նույնպես հաստատեց, որ համակարգն ընդլայնվում է․ «Մենք ներկա պահին անցում ենք կատարում էլեկտրոնային ուղեգրումների, փաստաթղթային և էլեկտրոնային ուղեգրումները համատեղ կատարվում են, արդեն կառավարության որոշման համապատասխան ապրիլի 1-ից մենք կաշխատենք միայն էլեկտրոնային ուղեգրումներով»։

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցրեց՝ խնդիրներն արձանագրում են և ուղարկում նախարարություն՝ լուծման համար․ «Մարդիկ թեժ գծին զանգահարում են, պարզվում է՝ խնդիր ունեն հեռախոսակապի հետ, հեռախոսակապ են ավելացնում և այլն։ Ավելի շատ խնդիր ունենում ենք մեծ պոլիկլինիկաներում։ Այդ խնդիրները ամբողջը հարթվում են։ Երբեք ի հայտ չի եկել որևէ խնդիր, որը չենք կարողացել հարթել»։

Տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ հիմնական խնդիրները չեն հարթել, մասնագետներին համակարգիչներ չեն տրամադրել, ներքին ցանցն ու համակարգը չեն ներդրել, նոր անցել էլեկտրոնային հերթագրումներին։ Քաղաքապետարանում ասում են՝ ընթացքում խնդիրներն ավելի հեշտ են լուծվում, եթե սպասեին՝ բոլոր հարցերը կարգավորելուց հետոյին, հնարավոր է՝ համակարգն այդպես էլ չներդրվեր։

Տիկին Չարխիֆալաքյանը մեր ներկայությամբ հերթագրման համար փորձնական զանգ կատարեց պոլիկլինիկաներից մեկը․ պարզվեց, զանգին անմիջապես պատասխանում են։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica