close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, եւ Հայաստանը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է. Արարատ Միրզոյան

Քաղաքական

18 Հունվարի 2020, 12:22
 Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, եւ Հայաստանը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է. Արարատ Միրզոյան

Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իշխանությունների ակնհայտ թողտվությամբ եւ աջակցությամբ, տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն ծանոթ իրադարձություններ, ըստ yerkir.am-ի՝ այսօր Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված՝ Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում ելույթում նշեց Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մարդիկ անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին, հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները եւ կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այս մարդիկ սպանվեցին, կտտանքների, հալածանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Օրեր անց Հայաստանի Գերագույն խորհուրդն արձանագրեց, որ Բաքվի դեպքերը Խորհրդային Ադրբեջանի կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհայտ դրսեւորում էին: Ճակատագրի հեգնանքով, այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Նույն իրադարձությունները նույն ձեռագրով, նույն քաղաքում եղել էին նաեւ 1905-ին եւ 1918-ին:

1990-ի այս ջարդերից շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաեւ Սումգայիթում եւ Կիրովաբադ-Գանձակում: Բաքվի ջարդերից կարճ ժամանակ անց ջարդեր սկսվեցին նաեւ Մարաղայում եւ այլուր: Հայատյացության այս քաղաքականությունն իր դրսեւորումներն ունեցավ նաեւ 21-րդ դարում: Ադրբեջանի իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, ով կացնահարել էր քնած հայ զինվորին: 2016 թվականին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք:

Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչեւ այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ամբողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի ոչնչացման ենթակա թշնամի:

Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների կողմից վարած երկարատեւ հակահայ քաղաքականության մի մասն էին միայն: Դրան նախորդել էին, դեռեւս 1980-ականներից սկսված, հստակ կազմակերպված քայլերը, առավելապես՝ սոցիալական, մշակութային, կրթական, որոնք ստիպում էին հայերին լքել իրենց տները եւ հեռանալ Բաքվից, որի արդյունքում արդեն իսկ այդ պահի դրությամբ էականորեն նվազել էր Բաքվի հայ բնակչության թիվը:

Հատկանշական է, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները նույն ձեռագիրն են որդեգրել արդեն Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ես ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդները կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների այդ վարքագիծը եւ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար ես կարեւորում եմ միջազգային հանրության եւ գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատական տալը:

Հիշեցնենք, որ հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերն ու բռնությունները դատապարտվել են Եվրոպական խորհրդարանի կողմից 3 անգամ՝ 1990-ի  հունվարի 18-ի բանաձեւում, օրինակ, եվրոպական խորհրդարանը քննադատում է Բաքվում շարունակվող հայկական ջարդերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ բռնությունները, Հայաստանի շրջափակումը: Բանաձեւում նշվում է, որ Բաքվում վերսկսվել են ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունները, իրականացվել են բազմաթիվ հանցագործություններ: Բանաձեւում նաեւ դատապարտվում են նաեւ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող հայկական գյուղերի, մասնավորապես՝ Շահումյանի եւ Գետաշենի վրա հարձակումները: 1990-ի հունվարի 18-ի բանաձեւում հղում է կատարվում նաեւ նախորդ՝ 1988 թվականի հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Խորհրդային Հայաստանի մասին բանաձեւին, որտեղ դատապարտվում էին Սումգայիթում հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերն ու բռնությունները:

Սումգայիթի ու Բաքվի հայերի ջարդերին անդրադարձող մեկ այլ կարեւոր բանաձեւ Եվրոպական խորհրդարանն ընդունել է 1991-ի մարտի 14-ին: Հայաստանի շրջափակման եւ այնտեղ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի անունը կրող բանաձեւում նշվում է, որ 300 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից, Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի հետեւանքով, անհապաղ օգնության կարիք ունեն:

Հայաստան-Արցախ ԱԺ-ների համատեղ նիստում մենք կլսենք 2 հայկական պետությունների խորհրդարանականների, մարդու իրավունքների պաշտպանների եւ այդ մեծ ողբերգությունը վերապրածների ելույթները:

Ուզում եմ նշել, որ չնայած Ադրբեջանի իշխանությունների այդ օրերի վարած քաղաքականությանը, Բաքվում գտնվեցին ադրբեջանցիներ, որոնք օգնեցին հայերին փրկվել մահից: Ես ուզում եմ սրտանց, անկեղծ շնորհակալություն հայտնել այդ անհատներին եւ կոչ անել, որ իրենք նույնպես բարձրաձայնեն Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված այդ ջարդերի մասին իրենց հուշերը, ջարդեն հայատյացության պատը՝ կանխելու համար նման դեպքերի կրկնությունը: Կկարողանան դրանով ապահովել նաեւ իրենց կյանքի անվտանգությունը:

Վերջում, որպես ՀՀ ԱԺ նախագահ, եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել եւ վերահաստատել, որ ողջ վերը հիշատակածս՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, դրանց կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած եւ հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսեւորումները, անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո:

Ըստ այդմ՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է եւ Հայաստանը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը: 

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica