close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2020
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գաղտնի է պահվում՝ ովքեր են շուկայում խոշորացողները

Հասարակություն

17 Հունվարի 2020, 23:52
 Գաղտնի է պահվում՝ ովքեր են շուկայում խոշորացողները

2019 թվականին տնտեսական դաշտում մի շարք վերամիավորումներ են տեղի ունեցել, այլ կերպ ասած՝ խոշոր որոշ ձեռնարկատերեր ընդլայնել են իրենց կարողությունները: 168.am-ին փոխանցված տեղեկություններով, որոշ խոշոր խաղացողներ, մեծացնելով իրենց կապիտալը, շուկայում գերիշխող դիրքի են հասել: Խոսքը հատկապես ներկրումների ոլորտին է առնչվում:

Փորձեցինք մեր ստացած տեղեկատվությունը ստուգել այս գործարքները վերահսկող պետական լիազոր մարմնի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կատարողականի դաշտում, բայց այն, ինչ հայտնաբերեցինք ՏՄՊՊՀ պաշտոնական հաղորդումներում, մեղմ ասած, անգրագիտություն էր, կամ մտացածին բանաձև է հորինվել, որով ենթադրաբար կոռուպցիոն գործարքներ պիտի թաքցվեն:

Բանն այն է, որ ՏՄՊՊՀ-ն որոշել է, որ հետհեղափոխական Հայաստանը չպետք է հրապարակայնացնի այն վարչական ակտերը, որոնք առնչվում են շուկայում խոշորացող ընկերությունների հետ, ինչի իրավունքը բացարձակապես չունի՝ թե հանրային շահի դիտանկյունից, թե տեղեկատվության ազատության մասին օրենքը խախտելու առումով: Սա հակասում է ՀՀ գործող բոլոր իրավական նորմերին՝ թաքցնել հասարակությունից արդեն ուժի մեջ մտած գործարքի բոլոր մանրամասները:

Դա նույնն է թե՝ քաղաքացին չիմանա՝ վաճառքից հետո երբ և ում է անցել, ասենք, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի իրավունքները, ըստ այդմ տեղեկացված չլինի իր օգտագործած կապուղու անհարմարությունների պատասխանատվությունը կրողի մասին, քաղաքացին ընտրության հնարավորություն չունենա: Նշենք, որ նույն խնդիրը կարող է ծագել ապահովագրումների, բանկերի և հանրային սպասարկման ցանկացած ոլորտում, ուստի փակ և գաղտնի պահել հասարակությունից ուղիղ իրեն առնչվող տեղեկատվությունը, ոչ մի ռացիոնալ հիմնավորում չունի, որքան էլ վարչապետին կամ մեզ «նորեկ չինովնիկները» փորձեն կերակրել «առևտրային գաղտնիք», «կոմերցիոն շահ» անհեթեթ ձևակերպումներով:

Այս ամենը փաստարկված՝ երևում է կառույցի պաշտոնական կայքում: Ուսումնասիրելով ՏՄՊՊՀ-ի հրապարակված որոշումները, ոչ մի ինֆորմացիա չեք կարող քաղել։ Վերացական ձևակերպումներ, որտեղ բացակայում են տնտեսվարողների ընկերությունների անունները, ոլորտները, ծավալը, միավորները… չկա կողմնորոշիչ ոչ մի հստակ ինֆորմացիա, հասկանալի չէ՝ ով և որ ընկերությանը պատկանող, կամ ում ընկերությունն է ձեռք բերել, կամ թե՝ քանի տոկոսը նրա բաժնեմասի:

Այսպես, օրինակ՝ ընթերցում ենք՝ X ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը մյուսի՝ Y-ի կողմից կլանման արդյունքում, իսկ հանձնաժողովը թույլատրել է դա, չնայած իր գործառույթը մրցակցության ապահովումն է և տնտեսվարողների քանակի ավելացումը շուկայում: Սա նորմալ երևույթ չէ։

Իսկ առավել ուշագրավն այն է, որ հրապարակելով վարչական ակտերը, օրինակ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 120 որոշումը, միտումնավոր չի հստակեցվում՝ այդ ո՞ր ընկերությունների միջև է տեղի ունեցել միացումը, կամ ո՞ր ընկերությունն է կլանել մեկ այլ ընկերության, որի հետևանքով դադարեցվել է վերջինի գործունեությունը: Ըստ որում, ակնհայտ է, որ կլանող ընկերությունը շուկայում ունի գերիշխող դիրք, ուստի փաստ է, որ տվյալ գործարքը սահմանափակում է մրցակցությունը, քանի որ մի ընկերություն ընդլայնվում է, իսկ մեկ այլ ընկերություն՝ դադարում է գոյություն ունենալ:

Եվ այս իմաստով առավել մտահոգիչ է կառավարության կրավորական կեցվածքը, հատկապես վարչապետի, ով իրեն բաց ու թափանցիկ է հռչակել:

Իրականում վարչապետը պիտի հասկանար ու պարտավոր էր հետևել ՏՄՊՊՀ-ի նոր որդեգրած գործելակերպին, ինչի մասին վստահաբար զեկուցել են իրեն և «դաբրո» են ստացել։ Իսկ եթե պարզվի, որ այս մեկն էլ նրա մեջքի ետևում խմորվող խարդավանքներից է, և նա իսկապես չի նկատել կամազների գնումների հայտնի տեսանյութից, որ, օրինակ, Սամվել Ալեքսանյանն այլևս անձամբ է մտնում ՏՄՊՊՀ շենք, ուղիղ վերնախավի մոտ է իր հարցերը լուծում, ուրեմն սպասենք առաջիկայում նոր մենաշնորհների ի հայտ գալուն:

տեմպերով, չի բացառվում, որ մի օր ՀՀ հպարտ քաղաքացիները արթանան ու տեսնեն, որ մեր երկրում արդեն մի ապահովագրական ընկերություն է գործում, մեկ բանկ, մեկ խոշոր ներկրող է թելադրում շուկայի քաղաքականությունը, ու ասենք՝ այդ միայնակ գործող մենաշնորհ ունեցող գործարարը թեկուզ հենց Սամվել Ալեքսանյանն է: Սա, ի դեպ, իրատեսական մտավախություն է, չէ՞ որ բանանի, ալյուրի, ձեթի կամ ձվի հիմնական մենաշնորհը, վաղուց կարծիք կա, որ հենց Ալեքսանյանինն է:

Սյուզի Բադոյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica