close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԺԴՀ ղեկավարությունը հնարավո՞ր է արժանանա Սոլեյմանիի ճակատագրին. The National Interest

Քաղաքական

17 Հունվարի 2020, 16:54
 ԿԺԴՀ ղեկավարությունը հնարավո՞ր է արժանանա Սոլեյմանիի ճակատագրին. The National Interest

Ինքնաթիռը, որով Իրաք էր ժամանել  Իսլամական հեղափոխության պահապանների հատուկջոկատայինների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց կեսգիշերն անց: Իրանցի գեներալին դիմավորում էր Իրաքի ժողովրդական համախմբման ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը: 9 րոպե անց ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուն հարված հասցրեց երկու գեներալների ավտոշարասյանը: Սոլեյմանին և Մուհանդիսը զոհվեցին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ օրվանից չի դադարում գործողությունը որակել որպես հիասքանչ նվաճում. ըստ yerkir.am-ի՝ The National Interest պարբերականում գրում է Defense Priorities վերլուծական կենտրոնի գիտաշխատող Դենիել Դեպետրիսը:

Ըստ նրա՝ Սոլեյմանիի սպանությունը շոկային իրադարձություն է ԱՄՆ քաղաքականության տեսանկյունից: Ո՛չ Ջորջ Բուշը, ո՛չ Բարաք Օբաման չէին հանդգնում նման քայլ անել՝ այն համարելով չափազանց ռիսկային:

Իրանցի գեներալի սպանությունից հետո բազմաթիվ փորձագետներ վերանայեցին ԱՄՆ ներկայիս նախագահի մասին իրենց պատկերացումները: ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոն Bloomberg News-ին ասել էր, որ «ամերիկացիները ներկայումս անկանխատեսելի են»: Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ավագ խորհրդական Նատալի Տոչին ԱՄՆ քաղաքականությունը որակել է «ավելի անխոհեմ», քան 17 տարի առաջ Իրաք ներխուժելիս:

Այս կապակցությամբ փորձագետը հարց է տալիս՝ եթե ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի հարաբերությունները զգալիորեն լարվեն, արդյո՞ք Թրամփը կդիտարկի Հյուսիսային Կորեայի ռազմական կամ քաղաքական բարձրագույն ղեկավարության ոչնչացման տարբերակը: Հավանական զոհերից մեկը կլինի՞ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը:

Սովորական պայմաններում նման հարցը կթվար տարօրինակ: Ըստ օրենքի՝ ԱՄՆ-ը իրավունք չունի սպանելու քաղաքական պաշտոնյաների, եթե նրանք Վաշինգտոնի դեմ ռազմական գործողություններ իրականացնող կառավարության ներկայացուցիչներ չեն: Հենց այդ փաստարկից օգտվեց Սպիտակ տունը Սոլեյմանիի սպանությունից հետո, որին Վաշինգտոնն ընդգրկել էր միջազգային ահաբեկիչների ցուցակում:

ԱՄՆ-ը դադարեցրեց օտարերկրյա պաշտոնյաների հանդեպ մահափորձեր իրականացնելը 1970 թվականներից. այն ժամանակվա նախագահ Ջերալդ Ֆորդն արգելեց նման մարտավարությունը:

Ամերիկացի փորձագետը միջուկային զենք ունեցող երկրների առաջնորդների սպանության փորձերը խենթություն է համարում: Ըստ նրա՝ ԱՄՆ պատմության մեջ ոչ մի նախագահ դա լավ գաղափար չի համարել: Պատճառներն ակնհայտ են՝ միջուկային պետություն ներկայացնող պաշտոնատար անձի սպանությունը կարող է այնպիսի վրեժխնդրության հանգեցնել, որ երկրների միջև չվերահսկվող միջուկային «փոխանակում» տեղի ունենա: Օրինակ՝ փոխադարձ ոչնչացման վտանգը ԱՄՆ-ին ու ԽՍՀՄ-ին հետ էր պահում նման գործողություններից. երկու գերտերությունները տասնյակհազարավոր միջուկային մարտագլխիկներ ունեին:

ԿԺԴՀ-ն ավելի համեստ միջուկային զինանոց ունի՝ մոտ 30-60 մարտագլխիկ, որն անհամեմատելի է ԱՄՆ-ի ունեցածի հետ  (ավելի քան 6 հազար մարտագլխիկ): Սակայն միջուկային զենքը միջուկային զենք է: Մեկ մարտագլխիկի արձակումը կարող է հանգեցնել հսկայական վնասի, հարյուրհազարավոր մարդկանց մահվան, և ցանկացած նախագահ պետք է ինքն իրեն հարց տա՝ արդյո՞ք արժե գնալ հյուսիսկորեացի որևէ նախարարի, գեներալի կամ հենց առաջնորդի ոչնչացման ռիսկային քայլին ու պատմության մեջ մտնել որպես միջուկային պատերազմ սանձազերծած անձ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica