close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Վարդենիսի շրջանը դատարկվի, թշնամին կհասնի Երևան. Վարդենիսի քաղաքապետը՝ ծննդատան փակման մասին

Հասարակություն

15 Հունվարի 2020, 15:41
 Եթե Վարդենիսի շրջանը դատարկվի, թշնամին կհասնի Երևան. Վարդենիսի քաղաքապետը՝ ծննդատան փակման մասին

«Վարդենիսը Հայաստանի Հանրապետության ճակատային մասերից մեկն է, կարելի է ասել՝ պաշտպանական հենակետը, եթե Վարդենիսը դատարկվի, և վաղը թշնամին հարձակվի, ապա նա շատ արագ կհասնի Երևան: Որևէ կերպ չի կարելի թույլ տալ որ այդ ստրատեգիական քաղաքը կամ հարակից համայնքները դատարկվեն: Եթե մեր համայնքները դատարկ են լինելու, ինչի՞ համար է մեր պայքարը, մեր այսքան տանջանքը, մի՞թե մենք չենք ծառայում հանուն մեր հայրենիքի բարօրության»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վարդենիսի ծննդատունը լուծարելու որոշմանը՝ ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը:

Քաղաքապետը տարակուսեց՝ ինչպե՞ս են շրջանի 36 գյուղերի բնակիչները հաղթահարելու հսկայական ճանապարհն ու ահռելի ծախսերը: Նա համոզված է՝  որորոշումը սխալ է, նույնիսկ վիրավորական, որովհետև ժողովրդի վիճակը հաշվի չի առնվում:

«Եթե իմ քաղաքացին բողոք ունի, ես համապատասխան մասնագետների հետ տնայց եմ կատարում և տեղում հասկանում խնդրի պատճառը: Որևէ որոշում կայացնելու առաջ ես քննարկում եմ անում, նոր գալիս վերջնական եզրահանգման: Նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաև նախարարության կողմից, պետք է գալ և համակողմանի մոտեցում ցուցաբերել հասկանալ՝ արժի՞ փակել, թե՞ ոչ, ես կարող եմ հիմնավորել՝ ինչու չպետք է փակվի, իրենք էլ թող հիմքեր բերեն՝ ինչու՞ պիտի փակվի», - փաստեց նա:

Արամ Մելքոնյանը վստահ է նաև, որ ծննդատների լուծարումը հանգեցնելու է մարզերի բնակչության կտրուկ նվազմանը, որը, կրկին քաղաքապետի պնդմամբ, պետության համար մեծ խնդիր է.

«Այ, օրինակ, միջազգային փորձով ասեմ, եթե որևէ երկրի կառավարություն փորձում է երկրի տարածքը յուրացնել, սկսում է ծայրամասերից՝ լուծելով ճանապարհների, բուժսպասարկման խնդիրները, աշխատատեղեր են ստեղծում և այլն: Բայց մեզ մոտ ծայրամասերը մղվել են երկրորդական պլան»:

Քաղաքապետն ասաց նաև, որ տեղի ծննդատունը խնդիրներ չունի, հետևաբար՝ լուծարելու հիմքեր չկան.

«Վարդենիսի ծննդատունը ցանկացած պահի ծանրաբեռնված է, կարող եք գալ, ինքներդ տեսնել, հիմա այդքան մարդն ու՞ր պետք է գնա: Աշխատակազմը շատ լավն է, փորձառու, գործին գիտակ կազմ է, ջեռուցում էլ ունենք, մյուս հրամարություննեն էլ, ես, միևնույն է, չեմ հասկանում լուծարման հիմնավորումը: Այնտեղ ոչ մի անգամ արտառոց դեպք չի գրանցվել, մարդիկ չեն թերանում իրենց աշխատանքի մեջ, փակելու իմաստը որն է: Թող Առողջապահության նախարարը գա և՛ համայնքապետին հանդիպի, և համայնքի բնակիչներին, և՛ ծննդատան աշխատակիցներին: Թո՛ղ լսի նրանց կարծիքներն ու տեսակետները, թո՛ղ լսի նրանց առաջարկները: Թո՛ղ ծննդկանին հարցնեն՝ ինքն իվիճակի՞ է հսկայական գումարներ ծախսելով՝ ամեն անգամ մայրաքաղաք կամ մարզկենտրոն գնալ», - իրավիճակը բնորոշեց Վարդենիսի քաղաքապետը՝ նշելով, որ մարդիկ կան, որոնց համար հազար դրամը շատ մեծ, եղանակ փոխող գումար է, վաղն այդ մարդիկ ո՞նց են ամեն օր տասնյակ հազար դրամներ ծախսելով՝ հասնելու մարզկենտրոն կամ որևէ այլ քաղաք:

Արամ Մելքոնյանը հավաստիացրեց, որ իր ղեկավարման շրջանում կարողացել է մարդկանց մոտ հավատ ստեղծել, որպեսզի մնան տեղում և աշխատեն.

«Ղեկավարմանս այս կարճ ժամանակահատվածում իմ աշխատանքով կարողացել եմ ո՛չ միայն Վարդենիսի, այլև տարածաշրջանի ամբողջ բնակչության մոտ հավատ ստեղծել, մարդիկ ուզում եմ մնալ, աշխատել ու շենացնել երկիրը. չի՛ կարելի հիասթափեցնել նրանց»:

Քաղաքապետն այս ամենից խիստ զայրացած է. «Ես ինչի՞ համար եմ այստեղ նստած, ո՛չ իմ կարծիքն են հաշվի առել, ո՛չ համայնքի բնակչության, ընդ որում՝ պետք է հաշվի առնել ո՛չ միայն Վարդենիսի, այլև այն տասնյակ գյուղերի բնակիչների կարծիքները, որոնց բուժսպասարկումն իրականացվում է Վարդենիսում: Այդպես, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու, նույնիսկ առանց լսելու, որոշում չեն կայացնում, դա հակասում է ժողովրդավարության գաղափարին»:

Գևորգ Գյուլումյան

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica