close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բացե՞լ, թե չբացել Հանրապետության հրապարակը. օգո՞ւտն է շատ, թե վնասը

Հասարակություն

14 Հունվարի 2020, 19:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բացե՞լ, թե չբացել Հանրապետության հրապարակը. օգո՞ւտն է շատ, թե վնասը

 Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը բացելու և տարածքը թանգարանային հատվածի վերածելու ցանկության մասին ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԿԳՄՍ նախարարն էլ է կողմ այդ մտքին: Նախարարությանը կից փարձագիտական խումբ է ստեղծվել, որի ներկայացուցիչներից է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Մարկ Գրիգորյանը դեմ չէ, որ 17-18-րդ դարերի պատմական շերտը բացվի, բայց հարց է՝  ինչպե՞ս բացվի: Ի՞նչ է արվելու, վերևից ապակի՞ է դրվելու, թե մուտք ու ելքով, աստիճաններով կամ այլ տարբերակով է իրականացվելու երևանյան հին նկուղը հանրությանը մատուցելու ելքը:

«Եթե այդ «ինչպեսն» ինչ-որ ձևով ազդի Հանրապետության հրապարակի տեսքի վրա, ես կտրականապես դեմ եմ լինելու»,- Yerkir.am-ին ասաց Մարկ Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝  նկուղները պատմական  կամ ճարտարապետական  արժեք չունեն:   Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ է նույն կարծիքը հայտնել:

Հակառակ տեսակետ ունի հնագետ Ֆրինա Բաբայանը, որը Աղավնի Ժամկոչյանի հետ 2003 թվականին պեղումներ է կատարել Հանրապետության հրապարակի  տարածքում: Նա վստահեցնում է, որ այն, ինչ հայտնաբերվել է պեղումների ժամանակ, շինարարական արվեստի գլուխգործոց է, և եթե շինություններն աղյուսաշեն են,  չի նշանակում,  որ պարսկական կամ թուրքական են: Հնագետի հավաստմամբ՝ դրանք հայ վարպետներն են կառուցել տուֆից, դրա համար էլ ավելի ծանր են, քան սովորական աղյուսը: Ֆրինա Բաբայանը կարծում է, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող հին քաղաքը պետք է բացվի և ուսումնասիրվի: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանի կարծքով շինությունները հայերի տներ են ու ամենևին կարևոր չէ, թե  կառուցողներն ովքեր են եղել:

«Պարզ է, որ եթե նկուղները բացվեն, զբոսաշրջիկները կցանկանան գնալ-տեսնել, մանավանդ եթե այն համակցվի գեղեցիկ լեգենդով՝ թաքնված Երևան, անհայտ Երևան և այլն»,- կարծում է Մարկ Գրիգորյանը:

Փաստն այն է, որ  17-րդ դարին պատկանող շերտն ուսումնասիրված չէ: Այդպես չուսումնասիրված էլ Հանրապետության հրապարակի շատրվանների հարակից տարածքում  հողով ծածկվել է ու փակվել:  «Եթե շերտն ուսումնասիրվի ու պարզվի, որ այն մահմեդական է, օրինակ՝ պարսկական, ինչը չի բացառվում, ի՞նչ պետք է անենք այդ դեպքում»,-հարցնում է Մարկ Գրիգորյանը:

Անվանի ճարտարապետ Մարկ Գիրիգորյանի թոռ Մարկ Գրիգորյանի հարցին կարելի է այսպես պատասխանել՝ թող լինի պարսկական. ոչ ոք չի հերքում մեր անցյալը: Այո՛, մենք այդ դարաշրջանում ցավալիորեն եղել ենք պարսկական տիրապետության տակ, և  այսօր Երևանի կենտրոն համարվող Հանրապետության հրապարակի տակ եթե կան մահմեդական շինվածքների հետքեր, պատմությունից ու անցյալից խուսափել պետք չէ:  Դա ողբերգություն կամ ամոթալի բան չէ: Խնդիրն այն է՝ արժե՞ այդ շերտը բացել զուտ զբոսաշրջության համար, թե ոչ: Ճարտարապետներն ու հնագետները հակասական կարծիքներ են հայտնում: Մի մասի կարծիքով՝ եթե օտարերկրյա այցելուին պատմամշակութային կամ ճարտարապետական յուրօրինակ կոթող ցույց չենք տալու, արժե՞ միլիոններ ծախսել, քանդել հրապարակը, թե՛ երթևեկության, թե՛ առհասարակ տեղաշարժվելու առումով  անհարմարություններ ստեղծել  քաղաքի կենտրոնում:

Դեռ ո՛չ նախագիծ կա, ո՛չ էլ որևէ մեկը պատկերացնում է, թե ինչպես է բացվելու ու ներկայացվելու Հանրապետության հրապարակի՝ թանգարանային  հավակնություն ունեցող  սալիկապատ ու ասֆալտապատ այդ հատվածը:

Եթե իշխանություններն ուզում են Երևանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր ու գրավիչ դարձնել, նույն Երևանը Կարմիր բլուր ու Էրեբունի արգելոցներ ունի: Եթե մի ուրիշ ազգ հազարամյակների պատմություն ունեցող հնագիտական այդպիսի հուշարձաններ ունենար, դրանք վաղուց զբոսաշրջային կենտրոն դարձրած կլիներ: Մի քանի հազար տարվա պատմությունն ու մշակույթը նախ պետք է արժևորել և վերածել ներկայանալի միջավայրի, այնուհետև անցնել ավելի «երիտասարդ» մշակութային շերտերին:   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica