close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+10°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Համազգայինի» նորահրատ գրքերը ներկայացվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Մշակույթ

23 Դեկտեմբերի 2019, 19:30
 «Համազգայինի» նորահրատ գրքերը ներկայացվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Պայքարել ենք տարբեր ճակատներում՝ ֆիզիկական, հոգևոր, բարոյական, մտավոր, մշակութային, կրթական: Եվ ահա կրթական և մշակութային ճակատի պայքարողներից մեկը եղել է ավելի քան ինը տասնամյակ արդյունավետ ազգային գործունեություն ծավալող Համազգային Հայ կրթական և մշակութային միությունը. Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Վարդան Ալեքսանյանը, ով ողջունեց «Համազգայինի» երևանյան գրասենյակի պատվիրակության այցը ԵՊՀ ԻՄ:

1928 թ. սփյուռքում հիմնադրված կազմակերպությունը Հայաստանի անկախացմանը զուգահեռ գալով հայրենիք և շուրջ 30 տարի անընդմեջ բուռն գործունեություն ծավալելով Հայաստանի Հանրապետության, Արցախի, 2019 թվականից՝ նաև Ջավախքի կրթամշակութային դաշտում, դեկտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հարկի տակ բուհի ղեկավարության հետ համատեղ նախաձեռնել էր վերջին մի քանի արժեքավոր հրատարակությունների շնորհանդես – քննարկումը:  

««Համազգայինն» իր ազգանվեր և ազգապահպան աշխատանքով վրձնել, կերտել է հայի ինքնությունը՝ դարձնելով այն ավելի ինստիտուցիոնալ: «Համազգայինը» կազմակերպել է հայապահպանության գործը սփյուռքում, որտեղ, Շանթի պատկերավոր արտահայտությամբ, արևի տակ եղած ձյան պես հայությունն անընդհատ հալչում էր», - իր ելույթում նշեց Վ. Ալեքսանյանն՝ ավելացնելով, որ մարդկության պատմությունն ինքնությունների պայքար է, իսկ հայի ինքնությունը կերտվել է կրթության միջոցով:

Ըստ պատմաբանի՝ մարդկության պատմությունն այդ ինքնությունների վերացման պայքար է, ինքնություն, որը մեզ միավորող, միևնույն ժամանակ՝ մեզ ուրիշներից տարբերող  տարրերի և արժեքների ամբողջությունն է, և այսօր ամենակարևոր արժեքը, որի համար պայքարում ենք այս արևի տակ գոյություն ունենալու համար՝ մեր ինքնության հաստատումն է:

«Աշխարհը գեղեցիկ է ազգերի բազմազանությամբ, մրցակցությամբ: Մեր ինքնության պահպանման գրավականը մեր կրթությունն է, և կապ չունի՝ ազգի թվաքանակը մե՞ծ է, թե՞ փոքր, կապ չունի՝ նրա զբաղեցրած տարածքը մեծ է, թե փոքր, փոխարենը կապ ունի, թե տվյալ ազգը ինչ ներդրում է բերել համաշխարհային մշակույթի գանձարան, ինչ դեր է ունեցել համաշխարհային մշակույթի գանձարանը հարստացնելու հարցում: Այս մտքի հանճարեղ բանաձևը տվել է Համո Սահյանը՝ ասելով. «Արամ Խաչատրյանը եղավ մեր փոքրության առասպելի հերքումը, նա եղավ մեծերի հետ չափվելու մեր միավորը: Արամ Խաչատրյանը եղավ քաղաքակրթության մեր վկայականը»», - նշեց ԵՊՀ ԻՄ դոցենտ Վ. Ալեքսանյանը:  

«Համազգայինի» համար ԵՊՀ ԻՄ այցելությունն իր խոսքում նշանավոր օր համարեց «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը՝ փաստելով, որ հայ մշակույթը շարունակական դարձնելու համար դրսում պետք էին կռվաններ, որոնք պետք է հանդես գային դպրոցի, եկեղեցու, մշակութային օջախների տեսքով: Այս իրողությունը հաշվի առնելով, ըստ բանախոսի, հայ նվիրյալները ձեռմնամուխ եղան ստեղծելու «Համազգայինը»:

«Ի պատիվ այդ նվիրյալների՝ այդ կազմակերպությունը կարողացավ պատվով իրականացնել իր առաքելությունը: Մենք նույնպես այսօր այդ առաքելության կրողներն ենք: «Համազգայինի» երևանյան գրասենյակն այս ամբողջ ընթացքում ձեռնամուխ է եղել կրթական և մշակութային բազմաթիվ միջոցառումների: Հրատարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք ներկայացրել են մեր մշակույթի, մեր գրականության մեծերին, հատկապես՝ այն անձանց, ովքեր Խորհրդային Միության 70-ամյա շրջանում եղել են մոռացված: Այդ անունները մենք նորից փորձում ենք բերել Հայաստան և փոխանցել եկող սերունդներին», - իր խոսքում նշեց Ռ. Առաքելյանն՝ ավելացնելով, որ դրանցից մեկը, բնականաբար, Լևոն Շանթն է, ով, ըստ բանախոսի, բախտավորներից մեկն է: Լինելով մերժված Խորհրդային Հայաստանում, այդ տարիներին մարդիկ գիտեին նրա «Հին Աստվածների» մասին: Ոչ միայն գիտեին, այլև ֆիլմ է նկարվել 1960-ական թթ.: Այդուհանդերձ, Լևոն Շանթն իր ամբողջական ստեղծագործություններով դեռևս հայտնի չէ:  

Անդրադառնալով ներկայացված գրքերից մեկին՝ «Լևոն Շանթ. մարդը և գործը» ժողովածուին՝ Ռ. Առաքելյանը փաստեց, որ այդ հրատարակությամբ Շանթին կճանաչեն ոչ միայն որպես գրող, այլև որպես հասարակական-քաղաքական գործիչ:

«Ի վերջո՝ Շանթը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության կերտողներից մեկը: Նրան գիտեին որպես «Հին Աստվածների» հեղինակ, բայց շատ շատերը չգիտեին նրա քաղաքական, ազգային և հասարակական  գործունեության մասին», - նշեց «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրենը և ներկայացրեց ինչպես Շանթի մասին գրքի բովանդակությունը, այնպես էլ շնորհանդեսին ներկայացված մյուս երկու գրքերը՝ ազգային մեծ գործիչ Ավետիս Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի հեղինակած «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» և «Թումանյան. մարդը և բանաստեղծը» նորահրատ գրքերը:

Ըստ բանախոսի՝ այս գրքերի գոյության մասին ևս շատ քչերը գիտեին, և, հաշվի առնելով ինչպես Լևոն Շանթի, այնպես էլ Հովհ. Թումանյանի և Անդրանիկի ծննդյան ամյակները, «Համազգայինի» երևանյան գրասենյակն իր պարտքը համարեց ընթերցողների սեղանին դնել այդ մեծարժեք հրատարակությունները:

Ըստ միջոցառման հաջորդ բանախոս, պ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Խաչատուր Ստեփանյանի՝ քանի որ հայ քաղաքական վտարանդիության հիմնական խնդիրը հայկական հարցի լուծումն էր, դրա գործնական լուծումը նախ փորձ էր արվում հիմնավորել տեսական բացատրություններով:

Անդրադառնալով «Անկախության գաղափարը Լևոն Շանթի մեկնաբանմամբ» խորագրով զեկուցման թեմային՝ Խ. Ստեփանյանը փաստեց, որ Լ. Շանթի «Մեր անկախությունը» աշխատությունը հենց հայկական հարցի գործնական լուծման տեսական հիմնավորման փայլուն օրինակ է հանդիսանում:

«Մեկնաբանելով անկախության խնդիրը՝ Լևոն Շանթը գտնում է, որ անկախությունը նախ և առաջ կամքերի ընդհարում է, շահերի բախում, և նրա համոզմամբ՝ անկախությունը տարբեր կերպ է շոշափվում ազգերի կողմից: Որևէ ազգի անկախությունը կարող է բխել տվյալ ազգի ու նաև ազգերի շահերից, սակայն, միաժամանակ, կարող է նպատակահարմար չհամարվել այլ ազգերի համար: Հետևաբար՝ յուրաքանչյուր ժողովուրդ կարող է խանգարել կամ նպաստել տվյալ ազգի անկախության ձեռքբերմանը», - նշեց Խ. Ստեփանյանը՝ մատնանշելով կրկին Շանթի տեսակետը, ըստ որի՝ սխալ է միջազգային ատյանների վրա հույս դնելով անկախություն ակնկալելն այնքան ժամանակ, մինչև որ մենք ինքներս որևէ ուժ չներկայացնենք, և մեր հարցը չդառնա ուժեղ պետության ու հաշիվներու մեկ մասը:

«Լևոն Շանթի այս մարգարեական խոսքերը մեկնաբանելու խնդիր չկա, որովհետև, եթե ուզում ենք միջազգային հանրության, տերությունների համար շահագրգիռ որևէ բան ներկայացնենք, պարտավոր ենք լինել ուժեղ և անկախ», - փաստեց ՀՊՄՀ դասախոսն՝ ավելացնելով, որ Շանթը սխալ է համարում միջազգային ատյանների վրա հույս դնելը, բայց, միաժամանակ, խելամիտ չի համարում այդ ատյանների դերն անտեսելը:

«Շանթը եզրահանգում է այն ճշմարտությանը, որ մենք պետք է ի զորու լինենք տեր կանգնել մեր անկախությանը, իսկ անկախությունը ձեռք է բերվում երկարատև, համառ մաքառումների շնորհիվ: Եվ եթե մեզ չհաջողվի ձեռք բերել կամ պահպանել մեր անկախությունը, ապա մենք իրավունք չունենք ապրելու որպես ինքնուրույն ժողովուրդ», - անկախության գաղափարի մասին Շանթի մոտեցումները ներկայացնելով՝ նշեց Խաչատուր Ստեփանյանը:

Վարդգես Ահարոնյանի «Հովհ. Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը ներկայացնող բ.գ.թ., ասիստենտ Ալիսա Հասանյանը, տալով հեղինակի կարճառոտ կենսագրականը և խոսելով ծավալած հասարակական- քաղաքական և ստեղծագործական ուղու մասին՝ նշեց. «Ընտանեկան միջավայրը, հոր հասարակական-քաղաքական գործունեությունը, Թիֆլիսի հայ մտավորականության հետ ունեցած մտերմությունը՝ դեռ պատանեկան տարիներից հնարավորություն է տվել, որպեսզի հեղինակը ճանաչի մեծերին և տարբեր իրավիճակներում առնչվի նրանց հետ: Այս հիիշողությունները տարիների հեռավորությունից դարձել են հուշապատոմ, որոնց մեջ իր գրականագիտական ասելիքով, իսկապես խոր ու համապարփակ մեկնաբանություններով աչքի է ընկնում «Հովհ. Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը»:

Ըստ Ա. Հասանյանի՝ հեղինակն իրադարձությունների գունեղ նկարագրություններով բացահայտում է մեծ լոռեցու խառնվածքը, հարաբերություններն ընտանիքի ու միջավայրի հետ, առանձին գործերի վերլուծության միջոցով ներկայացնում գրական վաստակը՝ կարևորելով գեղարվեստական բովանդակությունն ու տաղանդի մեծությունը:

«Թիֆլիսում ապրած տարիներին ջերմ ու մտերմիկի հարաբերություններ են ստեղծվում Հովհ. Թումանյանի և Ավ. Ահարոնյանի ընտանիքների միջև, որն էլ առիթ է ընձեռում Վ. Ահարոնյանին՝ մոտիկից տեսնել, ճանաչել ու հասկանալ ամենայն հայոց բանաստեղծին», - փաստեց բանախոսը՝ եզրակացնելով, որ Ահարոնյանի աշխատությունը դաստիարակչական, ճանաչողական և դասագրքային արժեք ունի:  

ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանն էլ, ով ներկայացրեց Վ. Ահարոնյանի՝ շնորհանդեսին ներկայացված մյուս գիրքը, փաստեց. «Այսօր, երբ համաշխարհային- համահարթեցման գործընթացները բավականին ակտիվ փուլ են մտել, և հերոսների կերպարի իջեցման խնդիր է դրվում, փոքր ազգերը պետք է ունենան հերոսներ: Հասարակության մեջ պետք է ունենաս այն իդեալական կերպարը, որին պետք է նմանվի քո զինվորը, քո մանկապարտեզի սանը, քո ուսանողը և հասարակությանը մաս կազմող այլ շրջանակներ: Այդ շրջանակները պետք է հասկանան՝ ու՞մ պետք է նմանվել, ո՞րն է քո հավաքական գոյի վերաիմաստավորումը և արժևորումը, ու՞մ ես ցանկանում նմանվել: Եվ Անդրանիկի կերպարն այս առումով բավականին հետաքրքիր է»:

Ըստ բանախոսի՝ Անդրանիկը հայ էր. սա և՛ բախտավորություն է, և՛ դժբախտություն է: Վերջնարդյունքում՝ տեսանք, որ ինքն իր ընտրած ճանապարհից փորձեց հեռանալ, սա, իհարկե, ռազմական գործչի առումով ինտելեկտուալ ինքնասպանություն էր. ինքը գնաց՝ թողնելով ամեն ինչ, ամեն դեպքում փորձեց ինչ – որ բան անել:

«Վարգես Ահարոնյանը մի շարք գծեր է տալիս. Անդրանիկը ռազմիկ էր ոտքից գլուխ, նրա զինվորական տաղանդը միևնույն շաղախից էր, ինչ որ պատմության մեծ հրամանատարներինը», - Անդրանիկի մասին հեղինակի մտորումներն այսպես ներկայացրեց Վլ. Պողոսյանը:

Միջոցառման բանախոս, գրող, կինոռեժիսոր Արտաշես Շահբազյանը, ում «Ես կգնամ» խորագրով վերջին ժողովածուի օրինակները ևս նվիրվեցին ԵՊՀ ԻՄ գրադարանին, այն կարծիքին է, որ Վ. Ահարոնյանի գրքերի՝ հայրենիքում վերահրահրատարակմամբ երկու կարևոր և շատ շնորհակալ գործ է արել Համազգային Հայ կրթամշակութային միությունը: Նախ՝ հոբելյանները նկատի առնելով երկու մեծ գործիչների հիշատակն է հավերժացվել, մյուս կողմից՝ սա լավագույն առիթն է ճանաչելու Վարդգես Ահարոնյան գործչին:

«Վարդգես Ահարոնյանն այն սերնդի ներկայացուցիչն էր, ովքեր աշխարհի առջև մի մեծ «մեղք» ունեցան, ինչի համար հալածվեցին, սպանվեցին՝ նաև որպես հիշողություն դատապարտվելով կորստի: Այդ «մեղքը» իրենց հայրենասիրությունն էր, հայոց պետականություն կերտելու տեսիլը: Այդ առաքելությամբ իրենք աշխարհ եկան, ստեղծեցին այս Հայաստանը և դատապարտվեցին հալածանքի, գանահարման և մոռացության», - նշեց Ա. Շահբազյանը՝ ավելացնելով, որ ճշմարտությունը կարելի է յոթ փականի տակ պահել, փոսի մեջ խորը թաղել, բայց ի վերջո չի կարելի անհետացնել, և Վ. Ահարոնյանի անվան վերադարձը հենց այդ մասին է փաստում:

Ըստ բանախոսի՝ Վ. Ահարոնյանն իր հոր հետ միասին այդ անարդարության զոհերից մեկն է: Ա. Շահբազյանը պատմաբանների և բանասերների ուշադրությունը հրավիրեց Ահարոնյան հոր և որդու կերպարների վրա,  մարդիկ, ովքեր մեր պետական – քաղաքական ամենաառանցքային գործիչներից են:

Ներկայացնելով Ավետիս և Վարդգես Ահարոնյան գործիչների կենսագրական որոշ գծեր, նրանց տեղը և դերը ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության, այնպես էլ դրան նախորդող և հաջորդող կարևորագույն շրջաններում՝ Ա. Շահբազյանը փաստեց, որ այս հրատարակությունների և քննարկումների միոջոցով քայլ առ քայլ հայ ժողովրդին է վերադարձվում նրա նվիրական զավակներից մեկի՝ Վարդգես Ահարոնյանի անունը:

«Մենք աղքատ ենք, եթե այդ հարստությունը մոռացված է», - եզրափակեց իր խոսքը Արտաշես Շահբազյանը՝ փաստելով, որ Վ. Ահարոնյանի գործերը նաև լավագույն սկզբնաղբյուր կարող են ծառայել ուսումնասիրողների համար, քանի որ դրանք ստեղծված են դեպքերի և իրադարձությունների, հայ ժողովրդի համար ողբերգական, բախտորոշ և ճակատագրական շրջափուլերի ականատեսի գրչով:

Վահե Սարգսյան

Իջևան - Երևան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica