close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Հասարակություն

18 Դեկտեմբերի 2019, 20:11
  ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Բուհերում հայրենագիտական առարկաների վրա՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծով, վետո դնելու նախաձեռնությունը շարունակում է տարակարծությունների տեղիք տալ: Yerkir.am-ի հետ հարցազրույցում՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արշակ Վարդանյանն իր կարծքն է հայտնում՝ ֆիզիկոսին հատուկ ճշգրիտ, ոչ էմոցիոնալ դիտարկումներով ու վերլուծությամբ:

«Մայրենի լեզվի ուսուցումը դպրոցում շատ կարևոր է և պիտի հիմնավոր գիտելիք դառնա: Եթե ընդունելությունը բոլոր բուհերում իրականանա հայերենի պարտադիր պահանջով, ապա  դա կարող է  հասարակության վերաբերմունքը մայրենի լեզվի նկատմամբ էականորեն փոխել: Ֆիզիկայի ֆակուլտետում հայոց լեզուն պե՛տք է,  խոսքի մշակույթը և՛ս պետք է ներառված լինի այնտեղ: Ամեն ինչ  չէ, որ դպրոցում ուսուցանվում է: Օրինակ՝ մեր ֆակուլտետը պատրաստում է այնպիսի մասնագետների, որոնք վաղը կարող են վարչական աշխատանք իրականացնել, իսկ դպրոցում հայերեն փաստաթղթերի պատրաստում, վարչական աշխատանքում կիրառվող հայերեն չի ուսուցանում: Մենք նաև գիտական հայերենի ձևավորման խնդիր ունեք, օրինակ՝ հայերենը ֆիզիկայում: Գիտական բնագավառներում շատ նոր բառեր են ստեղծվում.  պետք է թարգմանական մշակույթը բարեկավել: Նման հմտությունները դպրոցական ծրագրում ներառված չեն ու պիտի բուհերն իրականացնեն: Կարծում եմ՝ ֆիզիկայի ֆակուլտետում պետք է խոսքի մշակույթ  կամ այլ անվանումով  առարկայի ուսուցում տարվի»,-կարծում է ֆիզիկոսը:

   Հայագիտական առարկաները մասնագիտական բուհերում ու ֆակուլտետներում մեծ ժամաքանակ չեն զբաղեցնում: Արշակ Վարդանյանը կարծում է,  որ ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայագիտական առարկաները կարող են նույնիսկ հետաքրքրական լինել և ուսանողների միօրինակ առօրյան փոխել, եթե մատուցվեն բարձր մակարդակով, հետաքրքիր, ինչը ցավալիորեն չի իրականացվում: «Պատճառն այն է, որ մինչև հիմա հայերենի  շատ վատ ուսուցում է իրականացվել. դա թաքցնելու բան չէ: Եթե կարողանան հայագիտական առարկաներն այնպես դասավանդել, որ  օրինակ, ֆիզիկոսների միջավայր հետքրքրություն բերեն, իհարկե, դա  չափազանց ցանկալի է: Պետք է ձգտենք ու հասնենք այն բանին, որ այդպիսի մասնագտների բերենք ու նրանք դասավանդեն մեր ուսանողներին, որովհետև դա նաև նրանց  խրախուսում, ոգևորում է իրենց մասնագիտությամբ զբաղվելու համար: Բայց ասվում է, որ մայրենիի վրա իզուր ժամեր են կորցվում, հայերենի փոխարեն կարող ենք մասնագիտական ժամեր դասավանդել: Հայերենի դասաժամերը ֆիզիկային տալով՝ ֆիզիկայի ուսուցման մեջ շատ մեծ բան չի փոխվի»,-նկատում է Արշակ Վարդանյանը:

   Ֆիզիկոսի կարծիքով՝  մարդը մեծ մասամբ ինքնակրթությամբ է գիտելիք ձեռք բերում: Նայած թե ինչ քաղաքացի ենք ձևավորում՝ նա կամ իր գիտելիքների խորացման, ինքնակրթության ճանապարհով կգնա, կամ ձեռք կքաշի: Հայերենի, հայագիտական առարկաների որակյալ դասավանդումը կարող է և էական ազդեցություն թողնել մարդու հետագա գործունեության վրա՝ նա դառնա ավելի նպատակասլաց, հետևողական, հասկանա, որ ինքը գիտության բնագավառում աշխատում է ոչ միայն իր, այլև իր երկրի համար: 

 «Հայրենագիտական առարկաների դասավանդումը պետք է հետաքրքիր լինի, պետք է ուսանողներին գրավի, իր հետևից տանի: Ես մի օրինակ բերեմ. մենք ժամանակին պատմության մի դասախոս ունեինք՝ Ալբերտ Մկրտչյանը: Նա ԽՄԿԿ պատմություն էր կարդում: Պատկերացրեք՝ կոմունիստական կուսակցության պատմությունն ինչքան ձանձրալի էր, բայց նրա արտիստիզմը, խոսքի որակը շատ անսովոր էին այդ ժամանակների համար: ԽՄԿԿ պատմության ժամին լսարանները լցվում էին, նույնիսկ նստելու տեղ չէր լինում: Ալբերտ Մկրտչյանը կարողանում էր նյութերը շրջանցել, այլ պատմություններից խոսել: Նարեկացի էր վերլուծում, «Ի խորոց սրտի»-ից մեջբերումներ էր անում, կարող էր Միսաք Մեծարենցից կամ Դանիել Վարուժանից տողեր ասել: Նա կարողանում էր լսարանին գրավել ու ամբողջը ներկայացնում էր հայկականության սոուսով: Ալբերտ Մկրտչյանը  ԽՄԿԿ պատմություն էր դասավանդում, բայց նա ա՛յս կերպ էր դասավանդում: Էլ  չասեմ  Լևոն Ներսիսյանի մասին. եթե այդպիսի մեկը գա ու դասավանդի, պարզ է, որ ոչ ոք դեմ չի լինի»,-ավարտեց անվանի ֆիզիկոսը:

Նաիր Յան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica