close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-4°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերտում ենք Լիզբոնի դասը․ Արա Նախշքարյանի պատմվածքը

Հասարակություն

12 Դեկտեմբերի 2019, 19:14
 Սերտում ենք Լիզբոնի դասը․ Արա Նախշքարյանի պատմվածքը

Արա Նախշքարյանը պատմվածք-գեղարվեստական իրապատում է հրապարակել ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՍՐԲԱԶԱՆ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ

-Բարի լու՜յս, հայրի՛կ։
-Օր բարի, որդի՛։
-Հայրի՛կ, դու ամեն առավոտ կանգնում ես այս արձանի դեմ ու խաչակնքվում, և ապա՝ գնում աշխատանքի։ Ինչու՞։ Սա Աստծո նշա՞նն է։
-Արի՛, արի՛, որդի, նստիր կողքիս։ Հիմա կպատմեմ քեզ այս մասին։
Սիմոնը արագ տեղավորվեց Խաչեր հոր գոգին ու սկսեց խաղալ բեղերի հետ։
Հայրը, ծխամորճը մի վերջին անգամ ծխելով, դրեց կողքի ու փաթաթվելով փոքրիկ Սիմոնին, մի պահ մռայլվեց, ապա.
-Սիմո՛ն, որդի՛, լսի՛ր։ Շատ տարիներ առաջ, հայերն ապրում էին իրենց հայրենիքում, խաղաղ ու անվրդով, մինչև, որ Ասորեստանի թագավոր՝ Բելը, իր մեծաքանակ զորքով, ուզեց նվաճել մեր երկիրն ու գերևարել մեր ցեղը։ Այդ ժամանակ, Թորգոմի հաղթանդամ որդի՝ Հայկը, իր շուրջն համախմբելով լավ ու քաջ ռազմիկների, Վանա լճի մոտ, Հայոց Ձոր կոչվող վայրում, արձակելով իր եռաթև նետը, շեշտակի հարվածով կասեցրեց Բելի արշավանքը Հայոց Աշխարհ։ Նետը պատռելով Բելի կուրծքը, ու դուրս գալով թիկունքից, հարատև ընթացքով գնում է դարերի մեջ, կանգնեցնելով շատ ու շատ թշնամիների նվաճողական արշավանքները դեպի Հայաստան։ Պատմության ընթացքում բազմիցս ձևափոխվեց Մեծ Հայքի քարտեզը։ Տրոհվեցին ու հզորացան հայոց թագավորությունները։ Դավաճանվեցին ու միասնական բռունցք դարձան, արդարհատուցման գնդակներն ուղղելով ներքին ու արտաքին թշնամիների ծախված ճակատներին։ Կիլիկիան թագավորության անկումից՝ 543 տարի անց, հայրենասեր հարյուրավոր քաջերի միասնականության շնորհիվ, 1918 թվականի մայիսի 28-ին, Հայկ Նահապետի աղեղից արձակած նետը, հասավ իր նպատակին, ու Մեծ Հայքի մի փոքրիկ հողակտորի վրա ծածանվեց եռագույն դրոշը, որը ազդարարեց Հայաստանի անկախ երկրի հիմնադրումը։ Այդ ամենն իրենց վրա էին վերցրել այս զինանշանի տակ կռվող հայորդիները, նրանցից մեկն էլ քո պապերից էր, անունը՝ Ղևոնդ։ Այդ հայորդիների վճռական կեցվածքը տեսնելով, նրանց միացան հյուծված ու խեղճացած, բայց արժանապատիվ ժողովուրդը, և միասնական կերպով կերտեցին մեր պատմության լուսավոր էջերից մեկը։ Այդ զինանշանը, որին դու աստծո արձան անվանեցիր, ՀՅԴ զինանշանն է, որ Գում Գափուի բողոքի ցույցերի ժամանակ, կազմակերպիչները պատրաստել ու գլխներից վեր պարզելով, տարել էին բազմության առաջից։ Իսկ պարզողը՝ Ռոստոմն էր, Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից մեկը, ում եղբայր Կարոն էլ զոհվեց Խանասորի դաշտում՝ քրդական Մազրիկ ցեղին բնաջնջելու, դաշնակցական վրեժխնդրության արշավանքի ժամանակ, երբ 273 հոգով մի ամբողջ ցեղի անակնկալի բերեցին։ Սակայն գիտե՞ս, որդի՛, այդ տղաներն իրենց երդումին հավատարիմ էին, ու երբեք ոչ մի մանկան, կամ կնոջ վրա սուր չճոճեցին։ Սուլթան Աբդուլ Համիդը, այդ արյունոտ սուլթանը, մեր ազգի գլխին պատուհաս էր դարձել։ Ամեն առիթ օգտագործում էր, Ադանայում, Սասունում, Կարինում, Կարսում, և շա՜տ ու շատ հայկական գյուղերում ու քաղաքներում, հայ բնակչությանը կոտորելու համար։ Եվ ահա, մի խումբ տղաներ՝ Արաբոն, Սերոբը, Մակարը, Գևորգն ու Գալեն, և շատ քաջասիրտ տղաներ, զենք վերցրին ու բարձրացան Նեմրութ, Մարաթուկ, Անդոկ լեռներն ու որոշեցին՝ Կարմիր Սուլթանի դեմ քայլել հի՜ն օրերի առասպելական հսկաների նման։
-Հայրի՛կ, իսկ ճի՞շտ է, որ Արաբոյի ձիու անունը Տիլիբոզ էր, և որ երբ Արաբոն` Մուշի և Խնուսի միջև գտնվող Գյալառաշի ձորում, քրդերի հետ մարտի բռնվելով նահատակվում է ընկերոջ՝ Վարդանի հետ միասին, ձին մինչև օրս խրխնջալով թափառում է հայոց սարերում ու ձորերում։
-Դու որտեղի՞ց գիտես այդ գեղեցիկ պատմությունը։ Ո՞վ քեզ պատմեց, որդի՛։
-Սեթոյի հայրը պատմեց, հայրի՛կ։ Մի քանի օր առաջ, հավաքել էր տղաներին ու պատմում էր Հրայրից, Մուրադից, Մախլուտոյից, Անդրանիկից… Այնտեղ լսեցի, որ Տիլիբոզը մինչև հիմա իր տիրոջը՝ Արաբոյին է փնտրում։
-Այո՛, որդի, այդպես է։ Ճիշտ է ասել Օնիկը։
-Սիմո՜ն, Սիմո՜ն։ Դրսից ձայն էին տալիս ընկերները՝ Արան ու Սաքոն։ Սիմոնը հոր գրկից ցատկելով, արագ մոտեցավ պատուհանին։
-Այստեղ եմ, ի՞նչ կա։
-Սիմո՛ն, կգա՞ս, միասին գնանք։ Նազար հորեղբայրը խոստացել է, որ մեզ, Վաչեի հետ միասին պիտի տանի հայ Մեծերի Պանթեոն։ Ճանապարհին Սեթոյին էլ կվերցնենք ու միասին կանցկացնենք օրը։
-Տղե՛րք, արդեն չե՛մ համբերում։ Պատկերացնում եմ թե ի՜նչ գեղեցիկ պատմություններ պիտի լսենք։ Տխուր աչքերի տակից մի կերպ ժպտալով, ասաց Արան։ Հավանաբար, մտքում, ինքն իր մեջ մտածում էր, թե, որ եթե իր հայրն էլ ողջ լիներ, ինչե՜ր կպատմեր։
Սիմոնը, ձեռքը գցեց Սաքոյի ուսին ու թևանցուկ լինելով Արային, շտապեցին հանդիպելու Վաչեին։

…-Վաչե՜, Վաչե՜… Գրեթե միաբերան, կանչեցին ընկերները։ Վաչեն դուրս եկավ բակ։
-Ե՞րբ ենք գնում, -ասաց Սաքոն ու ավելացրեց, որ ճանապարհին Սեթոյին էլ կվերցնեն իրենց հետ։
-Հիմա՛։ Հայրս ճաշն ավարտի ու կգնանք։
…Ճանապարհին, նրանց միացավ նաև Սեդրակը։ Ընկերներն ուրախ էին։
Այցելելու էին Հայոց Մեծերին, և Նազար հորեղբոր պատմած գեղեցիկ, խրատական իրապատումներով պիտի կրթվեին, և լսածը փոխանցեին պատանեկան բանակումներին մասնակից հասակակիցներին։

***

Այդ օրերին, Լիբանանում քաղաքացիական, եղբայրասպան պատերազմ էր ընթանում և փողոցները լիքն էին արաբ զինվորականներով։ Թաղից-թաղ անցնելու համար, որոշված սահմանագծերին կանգնած, հսկում էին պահակները։ Բուրջ-Համուդ թաղամասի հայ պահակ-զինվորներին հարկավոր զինապարեն հասցնելու անհրաժեշտություն կար երբեմն։ Արաբ զինվորները շրջափակել էին թաղամասն ու միայն, անցակետում զննելուց հետո էին թույլատրում բնակիչներին, տեղաշարժվելու։
Այդ անցակետերով, երեխաներն անցնում էին առանց ստուգման։ Այս առիթը հարմար օգտագործելով, գեղեցիկ մանկադեմքով Արան, որ կողքի թաղամասում այցելում էր «Կունգ Ֆու» մարզաձևի դպրոց, ամեն անգամ, վերադարձին, սպորտային համազգեստի տակ թաքցնելով, մեկ-երկու նռնակ, ատրճանակ կամ մեկ բռաչափ փամփուշտ, ձեռքի գնդակը խաղացնելով մեկ օդում, մեկ հարվածելով գետնին, անցնում էր սահմանպահների միջով և հասցնում խրամատներ։
Այդ օրերին, նաև Սաքոն, Վաչեն ու Սեթոն էլ պահակության հանձնարարականներով հսկում էին թաղամասի հայկական մշակութային, կրթական ու կրոնական հիմնարկներն ու հաստատությունները։ Սիմոնն ամեն օր աշխատանքից հետո գնում էր Հ.Մ.Ը.Մ.-ի բասկետբոլի պարապմունքներին ու երեկոները պահակության հանձնառությամբ՝ ընկերների հետ, հսկում էր «Համազգային» կենտրոնի շենքը, որտեղ տեղակայված էր նաև «Ազդակ» օրաթերթի խմբագրատունը։
Երբ արդեն Լիբանանում բնակվելը օրհասական էր դարձել, Սիմոնի հայրը որոշել էր ընտանիքը տեղափոխել որևէ ապահով երկիր։ Այս մասին, երբ Սիմոնն իմացավ, մի օր, երեկոյան, ընտանեկան ընթրիքի ժամանակ, նայելով ծնողների աչքերին, ասաց.
-Ես կնստեմ այն ինքնաթիռը, որը վայրէջք կկատարե միայն ու միայն «Զվարթնոց» օդանավակայան։ Վե՛րջ, այս է իմ որոշումը։ Հայրը հոնքերը կիտելով, խորհրդավոր նայել էր որդու դեմքին ու գլուխը տարուբերելով, լու՜ռ ծամել ձեռքի հացը, քթի տակ արտասանելով. «Դու անուղղելի հայրենասեր ես… Քո հետ զուր է վիճելը»…

…Առավոտյան ընկերները լուր առան, թե Սաքոն, անկառավարելի դարձած մոտոցիկլետով, արագություն հավաքելով, դուրս է թռչել ճանապարհից և ոտքի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Ընկերները շտապեցին հանդիպել Սաքոյին ու լուր առնել նրա առողջական վիճակի մասին։ Օրեր անց՝ բժիշկների հետ, իրեն դուրս գրելու համար ընդհանուր համաձայնության չգալով, Սաքոն, թաքուն լքում է հիվանդասենյակն ու գնում «Ազդակ» օրաթերթի խմբագրատուն, հերթապահության անցած, պահակ ընկերներին միանալու համար։

***

…«Հայաշեն» թաղամասի քանդված փողոցներից մեկում՝ ռմբահարված տան փլատակված քարակույտի վրա, գլուխն առած երկու ձեռքերի մեջ, տխուր ու մտախոհ, նստել էր Սեթոն։ Անհանգիստ էր։ Երբեմն բարձրաձայն երգում էր, երբեմն մտասույզ լռում ու նորից երգում… Ի՞նչ էր մտածում։ Արդյոք ի՞նչն էր նրա անհանգստության պատճառը։ Բեյրութի ահագնա կռիվնե՞րը, Բուրջ Համուդի ինքնապաշտպանությու՞նը… Ո՜չ… Հիշել էր մորական պապի, թուրքական յաթաղանից մազապուրծ գրեդաստանը։ Մայրն էր պատմել, որ լսել էր պապից, թե թուրք խուժանն ինչպե՞ս էր իրենց տան շեմին մորթել՝ տատիկին ու եղբորը, թե սայլի վրա ի՞նչ դաժանությամբ էր բռնաբարել տասներկու ամյա քրոջն ու սրախողխող անելով գցել գետը…
-Տխուր ե՞ս Սեթո, լռությունը խախտելով խոսեց Վաչեն, որն այդ կողմերով ջուր, և մեկ պարկ փամփուշտ էր տանում ինքնապաշտպաններին։
-Այո՛, Վաչե՛… -Գլուխը վեր քաշեց Սեթոն: -Նորից հիշեցի պապիս ապրումները։ Վաչե՛, մենք մի օր կունենանք չէ՞, մեր Հայրենիքը, մենք մի օր կվերադառնանք չէ՞ մեր պապերի տունը։ Ի՜նչ երջանկություն ու բախտավորություն կլինի, չէ՞… Դու հավատում ես չէ՞, Վաչե՛։
-Այո՛, հավատում եմ Սեթո, վստահ եմ, որ մենք կտիրանանք մեր հողերին ու… Բայց, նախ պետք է, որ առնենք մեր պապերի ու տատերի վրեժը։ Հիշու՞մ ես, հայրս պատմեց, որ Խոտորջուրցի կինը աքսորի ճանապարհին, երբ հանդիպել էր Ահմեդ Ջեմալ Փաշային, ասել էր, որ իրենց վրեժը, իրենց որդիները կառնեն, ու ոչ մի ոճրագործ անպատիժ չպիտի մնա։ Եվ տարիներ անց, մեր վրիժառուները, ինչպես՝ Բեռլինում, Հռոմում, Պոլսում գնդակահարել էին ցեղասպանության կազմակերպիչներին, այնպես էլ Թիֆլիսում, ի կատար ածեցին հայ մոր խոստումը։ Սեթո՛, բայց ի՜նչ տղերք ենք ունեցել, չէ՞։ Մինչև հիմա հիշում ու քաջալերվում ենք նրաց արած շնորհակալ գործերով։ Մարդ պիտի հիշվելու համար էլ բախտ ունենա։
Հոգոց հանելով ասաց Վաչեն, ու ուսին դնելով փամփուշտով լի պարկը, քաջալերեց Սեթոյին ու շտապեց դիրքերն հսկող պահակ ընկերների մոտ։
-Դեռ կխոսենք այս մասին, Վաչե՜… -Դիմելով ընկերոջը, բղավեց Սեթոն, որ բավական ոտնաչափ հեռացել էր իրենից։
-Անպայման կխոսենք։ -Ձեռքն օդում թափահարելով, վրա բերեց Վաչեն ու արագ-արագ հեռացավ։

«Երեւանյան» ակումբը սովորականից մարդաշատ էր։ Արևմտյան Բեյրութ էին ժամանում տարբեր կողմերից եկած երիտասարդներ։ ՀՅԴ կենտրոնական կոմիտեն էլ տեղակայված էր նույն ակումբում։ Սիմոնն ու Սեդրակը մի քանի ընկերների հետ առանձնացել էին ակումբի սենյակներից մեկում և ինչ-որ հարցի շուրջ քննարկումներ էին անում։ Դրսից հնչող պայթյունի ձանն ու ինչ-որ ճիչ, սթափեց ընկերների զրույցը։
Արագ դուրս եկան բակ։
-Ի՞նչ ձայն էր։ Ովքե՞ր էին։
-Խմբապե՛տ, -Սիմոնին դիմելով, ընկերներից մեկը, շարունակեց. ինչ-որ երիտասարդներ էին, հավանաբար հայեր, մեքենայով անցնելու պահին նռնակ նետեցին ակումբի ուղղությամբ ու արագ հեռացան։ Ճիշտ է, մեծ վնաս չունեցանք, բայց վիրավոր ունենք, … Ասում են թեթեւ վիրավորվել է…
-Ո՞վ է, հիմա որտե՞ղ է։
-Ակումբ ժամանած տղերքից է, նոր էր միացել մեզ։ Հիվանդասենյակում է։
Սիմոնը, Սեթոյի հետ շտապեց հիվանդասենյակ։ Անհանգիստ հայացքով նայեց մահճակալի կողմն ու ճանաչեց։ Ծնկելով վիրավոր երիտասարդի առաջ, գրկեց գլուխն ու ամուր սեղմելով կրծքին անվերջ կրկնում էր.
-Արա, Արաս, իմ լավ ու բարի ընկեր, դու շուտով ոտքի կկանգնես, կապաքինվես արագ։ Լսում ե՞ս ընկերս, քեզ ոչինչ չի պատահի։ Դու ուժեղ ես…
-Սիմո՛ն, վե՛ր կաց, ընկե՛ր։ Արի դուրս գանք, թողնենք բժիշկներն աշխատեն։ -Ասաց Սեթոն ու Սիմոնի թևից բռնելով, օգնեց բարձրանալ։
Միջանցքի երկարությամբ, մի քանի սենյակ այն կողմ, հերթապահ ընկերներին օգնության եկած Սաքոն, հավաքել էր թաղի պատանիներին ու հայրենասիրության դասեր էր կարդում։ Ապա մեծ ոգևորությամբ, խմբով, բարձր ու զիլ երգում էին ազգային ու ռազմի երգեր «…Սիրել գիտես, կռվել չգիտե՞ս, դու անզգամ երիտասարդ…» եւ քաջալերում միմյանց։
Պատանիները հետաքրքրությամբ էին լսում ընկեր Սաքոյի, հատկապես վերջին տարիներին տեղի ունեցած Հ. Ց. Ա. Մարտիկների կողմից, մեկը մյուսի հետևից գնդակահրված, տարբեր երկրների մեջ գործող, թուրք դեսպանների և դեսպանատներում տեղի ունեցած պայթյունների մասին պատմություններն ու ոգևորվում խիզախ մարտիկների քաջագործություններով։
…Օրեր անց, լուր ստացան, թե ԱՄՆ-ում, ՀԵԴ-ի մի քանի անդամ ընկերների են ձերբակալել։ Տղաներին մեղադրական են առաջադրել, իբրև թե ապորենի զենք են տեղափոխել և ծրագրել են Ֆիլադելֆիայի թուրք դեսպանի դեմ մահափորձը։ -Ասաց Վաչեն, որ այս լուրն անձամբ էր հասցրել ակումբի ընկերներին։
…Մութ սենյակի մեջ ճրագի թրթռացող լույսն հազիվ էր նշմարում քննարկմանը ներկա ընկերների դեմքերը։ Այնտեղ էր և Արան, ով հարազատներից, գաղտնի պահելով իր վիրավոր լինելու փաստը, կամաց-կամաց ապաքինվում էր պայթյունից ստացած վերքերից։
-Տղե՛րք, մեր պայքարը կանգ չպիտի ունենա։ Մեզ, այդ մեղադրականներով չպիտի կարողանան խեղճացնել, մեր պահանջատեր լինելու ընթացքը կանգնեցնել։ -Ասաց Սեթոն։
-Այո՛, ընկեր, համաձայն եմ։ -Վրա բերեց Սաքոն ու ավելացրեց, թե սա փրկություն չէ՛, այդ շներին։ Միևնույնն է մեկ ուրիշի ձեռքով կսատկեն։
-Քանի մեր Դատը իր արդար լուծումը չի՛ ստացել, մենք չե՛նք լռելու։ -Ասաց Արան։
-Այնպիսի բան է պետք անել, որ աշխրհը ցնցվի։ Որ քնած մարդկությունը արթնանա ու հասկանա մեր ցավը։ Վաչեի այս խոսքը շատ խորն ու վճռական ազդեց հավաքվածների վրա։ Լուռ էր Սիմոնը։ Մտախոհ հայացքի տակ համաձայնության նշան ցույց տալով գլուխը շարժեց։
Ի՞նչ էր թաքուն գծագրում։ Ինչու՞ էր լռում։ Ի՞նչ կար մտքին։ Պարզ երևում էր, որ հաշիվներ ուներ ու լուծման եղանակներն էր փորձում գտնել։
-Տղե՛րք, -ոտքի կանգնելով, հավաքվածներին դիմեց Սիմոնը։ Ես մտածեցի ու որոշեցի՝ զինվորագրվելու եմ Հ.Ց.Ա.Մ. գաղտնի կազմակերպությանը, որը արդեն մեկ ամիս է ինչ փոխել էր իր անվանումը, չնայած, որ շաչունակում էր մնալ նույն մարտավարությանը հավատարիմ։ Մեր պայքարը դադար չպիտի ունենա մինչև հասնինք Սրբազան լեռան կատարին։ Ինչպես դուք, այնպես էլ ես, երբեք Հայրենիք չե՛նք տեսել, չե՛նք քայլել նրա փողոցներով տղե՛րք, չե՛նք կերել ծառի այն պտուղը, որն Հայրենիքի հողից է սնվել։ Հասկանու՞մ եք, տղե՛րք, բայց այդ հողի ու ջրի համար պատրաստ ենք մինչև անգամ՝ կյանքներս տալ։
-Այո՛, խմբապետ, բոլորը պիտի գիտենան, որ Հայրենիքի հողը զոհաբերության կարիք ունի, ազատության դաշտը ծարավ է։ Ու միայն արյունն է, որ կարող է ջրել այդ դաշտը, ու այդ ժամանակ է, որ ծառը կսկսի ծաղկել։
Եթե արյուն չթափենք, եթե ջուր չտանք ազատության դաշտին, չեմ կարծում, որ այդ դաշտից պտուղ-կյանքը կքաղենք։ Ես հավատում եմ, որ առանց արյունի, ասել կուզեմ՝ առանց մահվան, ազատության մասին խոսելն անիմաստ է։ -Սիմոնին ընդհատելով, ասաց Արան։
Սիմոնը կողքից դուրս քաշեց ատրճանակն ու դրեց սեղանին։ Ապա՝ տաքը ձեռքը դնելով զենքի երկաթե, սառը կաղապարին, երդվեց՝ անմնացորդ նվիրվել արդար դատի զոհասեղանին ու եթե հարկ լինի, նաև այդ բագինին կյանքը կընծայի։
Թեև սպասելի էր, բայց անսպասելիորեն առաջ եկավ Վաչեն ու ձեռքը դրեց խմբապետի ձեռքին, որ զենքն էր ծածկել։ Ընկերներին միացան նաև՝ Սեթոն, Արան ու Սարգիսը։
-Մեր մայրերը թող չտխրեն, և ոչ էլ սև հագնեն ու արցունք չթափեն։ Թող ապրեն իրենց բնական կյանքով այնպե՞ս, կարծես ոչինչ չի պակասել իրենցից։ Այլ, հակառակը՝ ինչ որ բան է ավելացել։ Եվ եթե մեռնինք էլ այս ճամփի վրա, դա միայն այն պատճառով, որ մենք հավատում ենք, որ միայն զենքով կա հայոց փրկություն, և առանց Հայրենիքի, մեր ժողովուրդը միևնույնն է հանգիստ չպիտի ունենա։
-Այո՛, Վաչե, դու ճիշտ ես։ -Ասաց Սաքոն ու ավելացրեց. Մեր երկիրը բռնազավթված է թուրքերի կողմից։ Հիմա հասկանում ենք, որ այն մեզ երբեք սկուտեղի վրա չեն մատուցի, այլ՝ այն ձեռք պիտի բերենք միայն զենքով ու արյուն թափելով։ Հայի արյունով, աշխատանքով ու համախմբվելով միայն պիտի կարողանանք ետ բերել մեր Սրբազան Հայրենիքը։ Եկեք չասենք թե մենք ուր ենք, Հայրենիքը ուր է։ Այո՛, հավատքի պակասը կա մեր մեջ, բայց եկեք վճռական լինենք ու վստահ քայլենք մեր նախնիների, ֆիդայիների անցած ճանապարհով։ Վստահ եմ, կհասնենք մեր բաղձալի երազանքին։
-Այո՛, Սաքո։ Ճիշտ ես, ընկերս։ Մենք առաջինը չենք, որ պիտի քայլենք այս ճամփով։ Մեզանից առաջ էլ շատերն անցել են ու վստահ եմ, որ մեզանից հետո, մեզանից ավելի լավերն էլ պիտի անցնեն ու մեզանից ավելի լավ գործեր պիտի անեն։ Ես շատ ուրախ եմ, ու կհավատամ, որ այդպես պիտի լինի։ Տղե՛րք, ուզում եմ ասել, որ մեզանից հետո, այս ճամփով քայլողները, մեզի սիրողները, եթե մեր սիրույն պիտի անեն այն, ինչ մենք պատրաստ ենք հիմա անելու, ավելի լավ է, որ չգան ու չքայլեն այդ փշոտ ու տատասկոտ եւ քարքարոտ ճանապարհով։ Մենք հսկաներ չե՛նք, մենք մեր ազգից պոկված մի քանի հոգի ենք։ Մի ամբողջ ազգ, մեզանից սեր ու զոհաբերություն է սպասում։ Մեկ ու կես միլիոն, անապատներում նահատկված ազգի անթաղ ոսկորները մեզանից վրեժ են պահանջում... Չգիտե՛մ ընկերներ, պետք է հեռուն մտածել տղե՛րք։ Մտախոհ ու այլայլ դեմքով, ընկերների աչքերին նայելով ասաց Սեդրակը։
-Տղե՛րք, սիրելի ընկերներս, հավատացե՛ք, ես շատ ուրախ եմ, որ հայ եմ ծնվել և ավելի ուրախ եմ, որ հայ էլ պիտի մեռնիմ։ Իսկապես շատ ուրախ եմ այս իրականության համար։ Կուզեի, որ մեր գիտակից երիտասարդությունը, որոնք միայն խոսքով է, որ հպարտանում են, թե իրենք անխախտ են իրենց գաղափարի մեջ, հասկանային, որ միայն խոսքը քիչ է, և գործ է անհրաժեշտ։ Հիշու՞մ եք, դաշնակցության խիղճը՝ Զավարյանը, ինչ էր ասել, որ. «...խոսքն առանց գործի մեռյալ է…»։ Իսկ մեր երիտասարդներից շատերն այսօր միայն խոսքով են հպարտանում, թե իրենք հայրենապաշտ են ու ազգասեր։ Ես այդ մեկը չեմ ընդունում։ Երբ գործ անելու ժամանակը գալիս է ոչինչ չեն անում, մատները մատներին չեն տալիս։ Ես կուզեի, որ նրանք, իրենց լավգույնն անեին, որովհետեւ գործի պակաս հաստատ չկա։ Փոքր ու մեծ գործեր չկա՛ն, տղե՛րք, լավ ու վատ գործեր կան։ Ես հավատում եմ, որ մենք լավ գործի համար ենք մտահոգ։

-Երդվում ենք բարձր պահել մեր պապերի անունը, արժանի լինել մեր զոհերի, մեզ թողած արևի լույսին։ Երդվում ենք մարել նրանց վրեժի պարտքը։ Երդվում ենք արժանի լինել մեր նահատակների հիշատակին ու գործին, հանուն որի նրանք նվիրաբերեցին իրենց կյանքը։ Միաբերան երդվեցին ընկերներն ու իրար գրկելով դուրս եկան սենյակից։

***
Լիալուսնի թխպոտ դեմքը պատռեց ամպե վերմակը։ Օդը խաղաղ էր, և խոստանում էր տաք լուսաբաց։
…Արևի թրթռացող ճառագայթների ներքո, հեռվում, գծագրվում էր Աշրաֆիե թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու գմբեթը և գնալով ավելի ու ավելի էր փայլփլում խաչը։

-Օրհնեցե՛ք, Տեր Հայր, -գրեթե միաբերան ասացին ընկերներն ու ծունկ իջան խորանի առաջ։
-Աստված օրհնի։ Ի՞նչն է ձեզ այսքան կանուխ բերել ինձ մոտ։
-Տե՛ր Հայր, հինգ ընկերով որոշել ենք գնալ սրբազան խաչելության։ Պիտի խնդրենք, որ օրհնեք մեր ճամփան, որ խաչը հեշտությամբ տանենք։ Խոստովանության ծեսը ուզում ենք ավարտել, որ մաքուր հոգով քայլենք դեպի լույսը։ Տեր Հայր, դու մեզ թողություն շնորհե՝ աստծով։ Եվ պիտի խնդրենք, որ ավելի հարցեր չտաք։
Եվ ընկերները խոնարհեցին գլուխները։ Քահանան մոտ եկավ ու մեկ առ մեկ օրհնեց և հաղթական վերադարձի բարեմաղթանքով, խունկի տարածվող բույրի և մոմի թրթռացող լույսի ներքո, «-Տե՜ր, պահյա և պահպանյա զավակներիդ, կեցո զհայս…» արտասանելով, խաղաղությամբ արձակեց տղաներին։
Երեկոյացավ…
Ամենքը շտապեցին տուն։ Գալիք օրերին, ամեն մեկն իր հորինած պատճառաբանությամբ, հեռացան տնից ու հարազատներից։
Հանդիպելու էին Պորտուգալիայի մայրաքաղաքի՝ իրենց համար վարձված բնակարանում…
Հեռանալուց օրեր անց, Սարգսի եղբայրը գրասեղանի գզրոցից գտնում է մի նկար, որի հետևում Սաքոյի կողմից գրված երկտող կար.
«Սիրելի մայրս, ես հոս շատ լաւ եմ. մի մտահոգուիր իմ մասիս, բարեւ ըրէ բոլոր հարազատներուս, մասնաւոր բարեւներ եղբօրս եւ քրոջս, եւ այն, որ իմ մասիս հարցնէ դրացիներէն, դուն տուր իրենց պատասխանը առանց ամչնալու։ Ես նոր տարիէն շատ առաջ տունը կ՚ըլլամ (Սագօ)»: Այս գրությունը պիտի մտահոգության առիթ պատճառեին բարեկամներին։ Նույնատիպ գրություն հարազատներին թողեց նաև Սիմոնը.
«Սիրելի պապա եւ մամա, ես մէկ երկու շաբաթ տունէն պիտի բացակայիմ, բայց շաբաթը անգամ մը կրնայ ըլլալ հանդիպիմ երբեք չի մտահոգուիք ես հոս եմ բայց տունէն քիչ մը պիտի բացակայիմ, իսկ գործին համար ես վարպետին հետ խօսած եմ երբեք մտահոգուելու պէտք չկայ եւ ասդին անդին հարցնելու, ասոնք կըսեմ կոր որովհետեւ բնաւորութիւնիդ գիտեմ․ Միտքերէդ երբեք բան մը չանցնէք եւ Այնճար մնացէք․ մամա, չըլլայ, որ Պէյրութ իջնես, կարծեցէք, որ բանակումի գացած եմ․նորէն կը կրկնեմ երբեք չմտահոգուիք… (Սիմօն)»։
Վաչեի ձայնագրությունը, որ եղբայրն էր գտել գրադարակից, ստիպել էր, որ ավելի հետևողական լինի եղբոր հանդեպ։ Սակայն այս մասին որոշել էր ոչինչ չասել ծնողներին, մինչև, որ կարողանար համոզել Վաչեին, որ այդ խելագար գործը գլխից հեռացնի։ Փորձել է ամեն գնով հետ պահել, բայց դե Հայրենիքի սերն առավել է, և մահն անգամ անզոր էր։
Սեդրակը նույնպես տանից հեռացավ հանգստի մեկնելու պատրվակով ու մինչև անգամ չփորձեց ծնողներին նեղացնել և խոստացավ վերադառնալ։
-Բարև, մա՛յր, ես վաղը առավորտյան մեկնում եմ Հունաստան՝ հանգստի։ Պահպանե՛ք ձեզ, մինչև վերադարձս։
-Օ՜, ո՛չ Արա։ Ես երբեք, երբեք չեմ ընդդիմացել քո որոշումներին, բայց հիմա մի տեսակ անհանգիտ եմ, սիրտս վատ բան է գուշակում։ -Խնդրում եմ որդի՛ս, այս անգամ լսի՛ր ինձ ու մնա՛ տանը։ Չե՛մ թողնի, որ գնաս, Արա՛…
Երկուսն էլ լուռ էին… Բայց Արայի մեջ ինչ-որ բան կրծում էր հոգին։ Լա՜վ, ի՞նչ ասել, ինչպե՞ս համոզել մորը, որ կարողանա հանգիստ թողնել։
Մի քանի օր հետո, Արան, կարծես թե գտնում է ելքը։ Մոտակա գյուղերից մեկը, բանակումի մեկնելու պատրվակով, հեռանում է տանից ու այլևս նրանից ու ինչպես և ընկերներից լուր չեն ունենում հարազատները, մինչև գործողության ավարտի հաջորդ օրը…

…1983 թվականի հուլիսի սկզբներն էր, երբ ընկերները տեսաձայնագրման միջոցով ուզեցին իրենց մտքերը փոխանցել սիրելի և պաշտելի ազգի զավակներին։
Ուզեցին խոսել, ու ասել, որ երբեք արցունք չթափեն, երբ լսեն, թե նրանք այլևս չկան, որովհետև նրանք, իրենց արարքով պիտի ցույց տային աշխարհին, որ հայն անկոտրում է…
Հուլիսի 27-ը հեռու չէր… Տղաներն այդ օրը ընտրել էին, որ աշխարհը ցնցեին։ Այդ օրը, Պորտուգալիայի մայրաքաղաք էին ժամանելու, Եվրոպայում գործող թուրքական դեսպանատների պատասխանատու մարմիններն ու կցորդներ, ինչ-որ ընդհանուր խորհրդակցության… Ընկերները որոշել էին առիթը բաց չթողնել ու միանգամից բոլորին միասին գերեվարել, սակայն չսպանել, այլ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը ավելի ուժգին հնչեցնել…

1983 թվական, հուլիս 27, չորեքշաբթի, ժամը՝ 10:30: Պորտուգալիա, Լիսաբոն, Դաս Դեսկոբերդաս պողոտա, 22, Թուրքական դեսպանատուն։
Ռումբներով և սննդի հագեցած պաշարով լցված երկու մեքենա կանգ առան դեսպանատան դիմաց։
Մեքենաներից դուրս ցատկելով, անկանոն կրակահերթ արձակելով, տղաները փորձեցին մտնել դեսպանատուն։ Մինչ ոստիկանները կփակեին դարպասները, զինված վրիժառուները, հետնապահ և գործողության պատասխանատու՝ Սիմոնի օգնությամբ ներխուժում են տարածք։ Սակայն ոստիկանների համառ դիմադրության շնորհիվ, որի ընթացքում վիրավորվում է պորտուգալացի ոստիկաններից մեկը, տղաներին չի հաջողվում գրավել դեսպանատունը, և նրանք որոշում են մտնել դեսպանատանը պատկից, փոխդեսպանի բնակարանը։ Որոշումն ընդունված էր։ Անկանոն փոխհրաձգությունը շարունակվում էր։ Սիմոնը, քաշեց իր ձեռքի նռնակի օղակն ու նետեց դեպի դարպասը, որպեսզի նրա պայթունը կանգնեցնի դարպասի մեքենաբար փակումը։ Նռնակը՝ չպայթեց։ Ընկերներն արդեն դեսպանատան տարածքում էին, իսկ Սիմոնը դեռ շեղում էր ոստիկանների ուշադրությունը, փորձում էր միանալ ընկերներին, սակայն, դարպասն ամբողջությամբ փակվեց ու նա մնաց ճաղերի և ավտոմեքենաների արանքում։
Հանկարծ…
-Վաչե՜, Սիմոնը զարկվեց, ի՞նչ անել։ Շփոթված գոռաց Սարգիսը։
-Հիմա կարևորը, որ խուճապի չմատնվենք, -ասաց Վաչեն ու ավելացրեց. -Հենց Սիմոնի վրեժն առնելու համար պիտի զարկենք… Զա՛րկ, զա՛րկ, Արա, հիշի՛ր, որ պապիդ խորշտանգեցին Գոբի անապատում, հիշի՛ր, որ բռնաբարված տատիկդ իր վերջին շնչում անիծելով թուրքին՝ խոստացավ անպատիժ չթողնել ու զավակներին պատգամելով, վրեժի կոչ ուղղեց. «Հայոց եղեռնը ով մտքից հանի, նա է թշնամին իմ Հայաստանի»։ Հիշե՛ք, տղերք, հիշե՛ք, որ մենք ահաբեկիչներ չե՛նք։ Մենք նահատակված հայի մի փրկված բեկորն ենք, ում բախտ է վիճակվել ազատության խորանին ընծայվել… -ասաց Սեթոն, ու ինքնաձիգից մի վերջին փամփուշտն արձակելով, առանց ավելորդ դիմադրության, մտավ փոխդեսպանի բնակարան, որտեղ՝ սարսափն աչքերի մեջ սառած ու այլայլ, հայացքի դողացող թրթիռը վախ դարձած, սենյակներից մեկում կուչ էին եկել դեսպանի կինն ու զավակը։ Կանխատեսելի պայթյունը փլատակի վերածեց ողջ շենքը։ Հրդեհն ամենուր էր։ Պահակները հավելյալ ուժ էին խնդրել Պորտուգալիայի իշխնություններից, «ահաբեկիչներից» արագ ազատվելու և վերջ դնելու անսպասելի հարձակման արդյունքում թատերաբեմ դարձած դեսպանատանը կատարվող գործողությանը։ Վարչապետ՝ Մարիո Սուարեշի գլխավորությամբ, շատ արագ գումարվում է արտակարգ նիստ, որտեղ որոշվում է դեսպանատուն ուղղարկել հատուկ ջոկատայիններին։
Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Որոշվում է առաջին անգամ օգտագործել նոր կազմավորված ոստիկանական էլիտար ջոկատը։
Շենքի երկրորդ հարկի սենյակներից մեկի պատուհնը բաց տեսնելով Սաքոն բղավեց թե. շունը՝ (խոսքը՝ Պորտուգալիայում Թուրքական դեսպանության ժամանակավոր հավատարմատար՝ Յուրցեվ Միհչիօղլուի մասին է) իրենց հատուկ ոճով, թողնելով կնոջն ու զավակին, ցած նետելով փախուստի է դիմել։
Արան, որ ամենափոքրն էր ընկերներից, հանկարծ նկատեց, որ իրենցից որոշակի հեռավորության վրա գտնվող սենյակից, շենքում առաջացած հրդեհից, խոր այրվածքներով, շնչահեղձ ու ուժասպառ, այրվող մարմինը գետնով, հազիվ քարշ տալով, դուրս է գալիս դեսպանի կինը՝ Սահիդան։ Սեդրակի հետ, մոտենում են վառվող կնոջն ու փորձում հանգցնել կրակը, և ապա՝ Սեթոն, կնոջն առնելով գրկին, դուրս է բերում շենքից և ուժասպառ մարմինը դնում անմիջապես դռների արանքում, որպեսզի առաջին օգնություն ցուցաբերեն։ Կնոջը առաջինն է մոտենում կոմիսար Աիրեսն ու դնելով շալակին արագ հասցնում է շտապօգնության մեքենան: Արան՝ սենյակից դուրս է բերում նաև որդուն, ապա՝ արագ վերադառնում։ Վիրավորներին շտապ օգնության մեքենաներով տեղափոխում են հիվանդանոց։ Սահիդան, որ ծանր վիրավորում էր ստացել, այդպես էլ ուշքի չգալով, մահանում է ճանապարհին։ Քիչ ավելի ուշ, վիրահատական սեղանի վրա, հոգին ավանդում է որդին և միանում՝ մորը։ Վաչեն, հանկարծ նկատում է, որ շենքում ոստիկան կա։ Ինչպես հետո պիտի հայտնի լիներ՝ պորտուգալացի ոստիկան Մանուել Պաչենկոն էր, ով քաջ գիտեր շենքի կառուցվածքը և որոշել էր ընկերոջ հետ հանկարծակիի բերել տղաներին և չեզոքացնել վտանգավոր գործողությունը: -Տղե՛րք, հավանբար հատուկ ջոկատայինները գաղտնի մուտքով սկսեցին իրենց գրոհը։ Ասաց նա, ու դիրքավորվեց։ Մեկ-երկու կրակոց, և ոստիկանը սպանված էր։ Ձեռքից, թեթև վիրավորում է ստանում նաև Սարգիսը։ Հատուկ ջոկատայինները վստահ լինելով, որ շենքում ուրիշ գերիներ չկան, մի քանի ուղղություններով սկսում են ռումբներ նետել շենքի վրա։ Փորձում են վերահսկելի դարձնել իրավիճակը։ Բայց շենքը, հայ մարտիկների տիրապետության տակ էր։ Տղաները հաղորդակցվելով ոստիկանների հետ, փորձեցին ետ պահել նրանց, ավելորդ զոհեր չլինելու համար։ «Մենք անձնասպններ ենք, բայց ո՛չ խելագարներ, -պատուհանից գոռաց Վաչեն։ Որոշել ենք օդ հանել այս շենքն ու մնալ փլատակների տակ»։ «Եթե նկատեցիք, մենք ավելորդ զոհերից խուսափելու համար ազատ արձակեցինք գերիներին, ցավում ենք, որ նրանց չկարողացանք անվնաս դուրս բերել, սակայն նպատակ չունեինք, մանավանդ կնոջ ու երեխայի վրա ձեռք բարձրացնելու։ Հայ ֆիդային այդպես երբեք չի վարվել», վրա բերեց Սարգիսը։ «Մեր կռիվը թուրք պետության դեմ է, և բնավ ոչ մի աղերս չունի Պորտուգալիայի հետ, խնդրում ենք, հետ քաշել զորքը, այլապես օդ կհանենք շենքն ու մոխրի կվերածենք ամեն ինչ», -Վճռական ու խիստ ձայնով խոսեց Սեդրակը։ «Իմացե՛ք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք, և այդ պատճառով որոշել ենք՝ օդ բարձրացնել այս շենքն ու մնալ նրա փլատակների տակ։ Սա ինքնասպանություն կամ խելագարություն չէ՛, այլ՝ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր կամ ոճրագործ կոչի, կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այն բոլոր երկրները, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի Հայկական Հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է», -ասաց Արան։
Ընկերները ընկճվում են, ճնշվում, որ գործը ոստիկանական միջամտության պատճառով պիտի չկարողանան ավարտին հասցնել, որովհետև որոշել էին 48 ժամ գրավված պահել դեսպանատունը, և ապա՝ օդ հանել։
Երբ վերջնականապես համոզվում են, որ շենքում, բացի իրենցից ոչ ոք չկա, իրենց մոտ եղած ողջ զինանոցը գործի դնելով, մտնում են ննջասենյակ, կողպում դուռ ու պատուհան, ամուր գրկելով իրար, վերջին անգամ եղբայրաբար մի տաք համբույրով հրաժեշտի կնիքը դրոշմվելով միմյանց ճակատին, «Վերքերով լի, ջան ֆեդա եմ...» երգը մի վերջին անգամ երգելով, նռնակներից հանում են օղակներն ու…
Որոշիչ պայթունը, նախատեսվածից շուտ կատարվեց… Ցնցում է ողջ շենքն ու մոխրի և փլատակի վերածում շուրջը, ամեն ինչ, շենքում թողնելով նահատակ ընկերների ու ոստիկանի մոխրացած դիակները…

…Օրվա համաշխարհային մամուլը գրեց։
Այդ օրը՝ աշխարհի առաջատար լրատվականների առաջին էջերը ողողված էին անձնազոհ մարտիկների մասին պատմող լուրերով, խոսում էին գործողության մասին։ Ոմանք՝ դատապարտում էին, ոմանք՝ արդարացնում…
Ժամը՝ 14:45-ին, պորտուգալական ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե. «Հայ ահաբեկիչների 5 հոգանոց խումբը, որ մինչև ատամները զինված էին, այլևս ինքնասպան եղան իրենց իսկ ռումբների պայթյունով, իրենց հետ փլատակների տակ թողնելով ևս մեկ ոստիկանի և հիվանդանոցի ճանապարհին այրվածքներից, արյունաքամ եղած դեսպանի կնոջ ու որդու դիակները»։

Հուլիսի 28-ի առավոտը, բացվեց սովորականի նման արևոտ, բայց և օդի մեջ ցավ կար, ու լռությունն ավելի էր ծանրացել... «Նրանք ընկանը» ամեն հայի շուրթից կախվել ու սպառնում էր շրմփալ հողին...
-Ամա՜ն… Աստված, խնայի՛ր այս տղայի մայրիկին, ուժ տուր, որ դիմանա, զորացրու խեղճ մորը։ Ակամայից, ձեռքերը վեր պարզելով, բարձրյալից ուժ խնդրեց Անահիտ մայրիկը, երբ լիբանանյան հեռուստալուրը հաղորդեց գործողության մասին։ Ի՞նչ իմանար խեղճ մայրը, որ այդ տղան, ում ծածկում են սավանով, իր Սիմոն որդին էր…

...1983 թվականի սեպտեմբերի 19-ին, սրբալույս նահտակների եռագույնով պատանքված մարմինները հասան Բեյրութ, ուր անհամբեր սպասում էին աշխարհասփյուռ հայությունը, որ հավաքվել էին սգալու, ողբալու, բայց արցունքի միջից թաքուն ուրախանալու համար իրենց զավակների անմնացորդ սխրանքով…
Մի տեսակ լռությունը խեղդում էր Բուրճ Համուդի հայահոծ բազմությանը…
Սփյուռքի բոլոր եկեղեցիների զանգերը անվերջ ղողանջում են միաժամանակ, կոչելով՝ «թողություն շնորհյա Տեր եւ լույսերի մեջ պահյա մեր մաքրամաքուր նահատակների հոգիները»։
Նոր Մարաշ շրջանի, «Քառասնից մանկանց» եկեղեցու պատերը տնքում էին հազարավոր սրտակիցների լացից։ Երիտասարդները ձեռքերի հինգ մատները ծալել ու բռունցք էին դարձրել։ Կրճտացնելով ատամները՝ թաքուն երդվում էին, շարունակել իրենց ընկերների կիսատ գործը…
Որդու դագաղին թեքված, Հեղինե մայրիկը արցունքի միջից, հավաքելով և իմի բերելով ուժերը, արտասանեց. «Ես հպարտ եմ, որ առանց գիտենալու հերոս եմ մեծացրել, բայց ցավում եմ, որ շատ զավակներ չեմ ունեցել՝ ուրիշ զինվորներ էլ տրամադրելու համար իմ ազգիս»։ Սա սոսկ մոր խոսք չէր միայն, սա հերոսական վարքի դրսևորում էր, որ ծնողն ավելի բարձր դասելով Հայրենիքը ողբում է, որ ուրիշ զավակ էլ ափսոս չի կարող ընծայել Հայրենիքի ազատագրության բագինին։
Բազմությունը մի պահ լռեց, և ապա, հասկանալով խոսքի արժեքը գնահատեց մայրիկի հոգեկան բարձր պատրաստակամությունը։ Առյուծածին մայրեր մեր պատմության ողջ ընթացքում շատ ենք ունեցել, ու դեռ կունենանք, սակայն, Հայրենիքին զոհաբերելու պատրաստ մայրեր քիչ կան։ Ահա՛ նրանցից մեկը՝ Հեղինե մայրիկը, որ իր պահվածքով կոչ արեց հայոց մայրերին․ -Հայրենիքի համար չխնայել մինչև անգամ ամենաթանկը՝ զավակին...
...Մեկ ամբողջ ամիս վարպետ Օնիկը սեղան էր բացել իր տան առջև ու սգացող բարեկամներին հրավիրում էր ուրախ ճաշկերույթի։ Բաժակները գլխներից վեր պարզելով ցմրուր խմում էին Սեթոյի ու ընկերների կենացը։ Վարպետ Օնիկը անվերջ կրկնելով ասում էր, թե՝ այսօր Սեթոյիս հարսանիքն է…
Սեթոյի ու իր չորս ընկերների հիշատակը միշտ արթուն պահելու լավագույն ձևը՝ նրանց հետապնդած նպատակի շուրջ հավաքվելն է, որպեսզի նրանց վառած ջահը միշտ վառ մնա և փոխանցվի սերնդե սերունդ՝ մինչև վերջնական հաղթանակը։
...Արցունքակոխ աչքերով, եկեղեցու սյունին հազիվ թիկն տված Մարալ քույրը, թաց շուրթերով մրմնջում էր Սիմոնի վերջին խոսքերը, թե եթե պիտի հեռանամ Լիբանանից, ապա կնստեմ այն օդանավը, որը վայրէջք պիտի կատարե «Զվարթնոց» օդանավակայանում։ Ի՞նչ է, սա, եթե ոչ հավատամք, սիրո վճռական դրսևորում առ Հայրենիք։
Սաքոյի Մարի մայրիկը լուռ էր, թեքվել էր որդու եռագույնով պատված դագաղին ու մտքերի հետ սլացել հեռուները։ Հիշում էր Սաքոյի մանկության ու պատանեկության վառվռուն օրերն ու թաքուն արտասվում։ Լռությունը խախտվեց, երբ շարքով նրան մոտեցան Սարգսի ընկերներն ու ցավակցական հայացքի միջից գրկախառնվելով, -Տարոսը մեզի, մայրի՜կ: Մենք էլ պիտի հետևենք մեր հերոս ընկերների օրինակին: Դուք աղոթեցե՛ք, մայրի՛կ, որ կարողանանք հաջողել գործը… -ասելով, հեռացան վշտակիր մոր մոտից։
Մխիթարության յուրօրինակ մոտեցում էր սա, որ ընկերները փորձեցին հավատացնել, թե Սաքոն ու ընկերները բարի գործի քրմեր են և, որ ազատության խորանը նրանց համար շատ նեղ էր։ Ընկերներից մեկն հիշեց, թե ինչպես էր տարիներ առաջ, «Ազդակ» օրաթերթի խմբագրատան պահակության ժամանակ, Սաքոյի զենքը տնտղելու պահին, լոգանքից նոր դուրս եկած ընկերոջը՝ Սաքոյին, հրազենից պատահմամբ արձակաց գնդակով վիրավորել։ Սաքոն՝ փորձել էր զգուշացնել, թե՝ փամփշտակալը դատարկ չէ։ Չէր հասցրել, զենքը կրակել էր, ու մտնելով կրծքավանդակից, ծակել էր թիկունք՝ վիրավորելով տիրոջը։ Հասցրել էին հիվանդանոց ու միանգամից տարել վիրահատարան։ Հիշում էր, թե բժիշկները պատմում էին, որ վիրահատական միջամտության պահին, Սաքոն ինչպես է երգել. «Կուրծքեն չորս գնդկ ստացավ...» երգը։ Տխրության միջից ժպտաց։ Ինքն իրեն մեղադրել սկսեց, որ այս տեսակ հայորդուն ինչպիսի անզգույշության պատճառով պիտի կորցնեին։
Իսկ հիմա, հիմա էլ հպարտ էր, որ Սաքոյի նման ընկեր ունի հենց իր սրտի մեջ, որ մինչև մահը չպիտի բաժանվի իր ոգեցունց ընկերոջից...
Վաչեի Նազար հայրը, եկեղեցու բակում, իր շուրջն հավաքելով որդու ընկերներին ու պարզապես հոգեհանգստին ներկա երիտասարդներին, այսպես խոսեց. -Տղե՛րք, Հայ ֆիդային երբեք չի՛ հուսահատվել. շատ նահատակներ ենք տվել և դեռ պատրաստ ենք ավելին էլ զոհելու և զոհվելու, մինչև որ հասնինք մեր նպատակին: Թերևս ես չտեսնեմ այդ օրը, կամ դուք չտեսնեք, բայց... -հոգոց հանելով շարունակեց. -ա՛յս է մեր փշոտ ճամփան. Մենք պէտք է, որ զոհվենք, որպեսզի մեր ապագա սերունդը ապրի… Այս վեհագույն ծնողի խորհուրդ-պատգամը ավելի ու ավելի զորացրեց Հայրենիքի ցավով ապրող երիտասարդներին… Մինչդեռ, ինքն ուներ սփոփանքի կարիքը։
...Հաջորդ օրն իսկ կեսօրին, տղաներին ամփոփեցին Բուրճ Համուտի ազգային գերեզմանատանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության պանթեոնից մի քանի ոտնաչափ հեռավորության վրա։
...Երբ հերթով տղաների զմրսված մարմինները իջեցնում էին փոսը, հվաքվածներից քիչ հեռու, մի դարվոր կաղնուն թիկն տված, մտքերի հետ, արցունքի միջից տխուր կանգնել էր Անին ու հիշում էր իր և Արայի վերջին հանդիպումը, երբ Անթիլիասի կամուրջի տակ, ծովի կողմից լուսնի մահիկը երևաց նրանց, առանց Արայի դեմքին նայելու ասել էր թե՝ -Արա՛, շուտ, խնդա՛ և ինձ նայիր:
-Ինչո՞ւ ընկերուհի:
-Հետո կասեմ, հիմա խնդա՛։
Անշուշտ խնդաց, և ինքն էլ բացատրեց այն նախապաշարման մասին, որ մորից էր լսել, թե երբ լուսինը նորածին է, և այն կտեսնես, պէտք է խնդաս, նայելով կողքիդ կանգնածին, որպեսզի այդ ամիս ուրախ ամիս լինի...
-Արա՛, եթե այս ամիս լավ չանցնի, քո պատճառովդ պիտի լինի: Իսկ Արան, նայելով Անիի աչքերին ասել էր թե.
-Մի՛ մտահոգվիր ընկերուհի, այս ամիսդ իմ պատճառով շատ լավ պիտի անցնի, շատ լավ ամիս պիտի ունենաս։
Անշուշտ Արան գիտեր, թե ինչպիսի ամիս կսպասվեր իրեն և մեր ժողովրդին։
-Այո՝, Արա, -վրա էր բերել Անին ու լուսինին միասնաբար խնդալով անցել էին։
«Խաղաղվեցինք, բայց ի՞նչ գիտենայի, որ այդ հոգեթով զրույցով Արան մնաք բարով կսեր ինձ՝ լավ ամսվա խոստումով, ես ի՞նչ գիտենայի, որ թերևս, նա քաջալերանք կսպասեր ինձանից՝ իր կատարելիք գործողության՝ սրբազան խաչելության համար, բայց ես ի՞նչ գիտենայի»։
...Խաղաղվեց Անին։ Մոտենալով գերեզմանին երեք բուռ հող լցրեց, մի պահ անշարժացավ ու անխռով հեռացավ գերեզմանաթմբից։
...Արամ սրբազանը, ով հետո ձեռնադրվեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, գերեզմանատանն հավաքված բազմությանը այսպես խոսեց, ասելով.
-ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՆՄԱՀԱՑՈՒՑ ԶԱՆՈՆՔ... Ուրիշ ժողովուրդներ, ուրիշ եկեղեցիներ ժողովական կարգով մարդիկ կը սրբացնեն, անոնց կու տան սրբութեան պսակ, բայց մեր ժողովուրդը իր ողջ պատմութեան ընթացքին երբե՛ք ժողովական դրութեամբ մարդիկ չէ սրբացուցած, մարդոց նահատակ անունը չէ շնորհած, մեր ժողովուրդը ի՛նք, ինքնաբուխ կերպով մարդիկ սրբացուցած է, հերոսները անմահացուցած է։ Ժողովուրդը միայն ի՛նք կրնայ ըսել, թէ ո՛վ է սուրբը, ո՛վ է աւազակը։ Այսօր, մենք ինքնաբուխ կերպով կը խօսինք Լիզպոնի հինգ նահատակներուն մասին, որովհետեւ անոնց աքթը ուրիշ ձեւով չի կրնար բացատրուիլ, եթէ ոչ նահատակութեան աքթով։ Ի՞նչ է, ո՞վ է նահատակը։ Նահատակը այն է, որ իր կեանքը կամաւոր արարքով, գիտակից մահուամբ կ՛ընծայէ, կը զոհաբերէ իր անձէն վեր՝ սրբազան ճշմարտութեան մը համար։ Նահատակը այն է, որ իր կեանքը յարատեւ պայքարի մը կը վերածէ, իր ազգին գերագոյն իտէալներուն համար։ Լիզպոնի տղաքը նահատակ են, որովհետեւ իրենց անձերը կամաւոր կերպով ընծայեցին մեր ժողովուրդի անսակարկելի իրաւունքներուն վերատիրացման համար։ Անոնք կը պատկանին մեր այն նահատակներուն փաղանգին, որոնք ծնան հայ ժողովուրդի ծոցէն ու իրենց մահով կեանք տուին մեր ժողովուրդին, իրենց գիտակից մահով լուսաւորեցին հայ ժողովուրդի ուղին, որ ուրիշ ուղի չի կրնար ըլլալ, եթէ ոչ գիտակից մահուան, արեա՜ն ուղին, մեր պատմութեան խորերէն եկող ու դէպի մեր ապագան երկարող։
…Օրեր անց, հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը գրեց.
Հիշե՛ք, հայեր, բալիկներուդ՝
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ,
Որ քեզ ամառ պիտի տային,
Բայց կես ճամփին ընկան կիսատ՝
Դեռ չտեսած հողն Արարատ:
Հիշեք, հայե՛ր, ընկողներին,
Որ չհասած մեր հողերին,
Ընկան հինգն էլ ի սեր հայոց՝
Մեր հինգ միլիոն զոհված որդոց,
Որ գեր-ձորում ընկած են դեռ՝
Հայ վրեժի հույսով անմեռ:
Եկ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդեմ դարի,
Հիշե՛ք հայեր, ինչպես Տիզբոն,
Երեկ Տիզբոն, այսօր Լիզբոն,
Եկ, դիմացիր, ազգ իմ զգոն
Հինգ հայդուկին այս երգեհոն,
Եկ, որ Վարդանն Ավարայրի
Անեծք դառնա թուրքին վայրի:
Հիշեք, հայե՛ր, որ վայր ընկան
Անվերադարձ մահով, սակայն,
Սարգիս Սեդրակ, Արա Սիմոն,
Ինքը՝ Վաչեն՝ հանց երգեհոն,
Մեզ կկանչեն ու գան պիտի
Ի սեր, գերված Արարատի,
Ի սեր հայոց մայր հողերուն՝
Ընդդեմ հողաց թուրք գողերուն:
Որ Հայաստանն իմ խլեցին,
Մեզ վրեժը լոկ թողեցին.
Երեկ Տիզբոն,
Այսօր Լիզբոն,
Հայն է զոհւում հորիզոնից մինչ հորիզոն:
Չենք մոռանում Եղեռնը մեծ,
Որ հայ արյան ծովը խմեց,
Քարը թողեց վերապրողին,
Թուրքն է ապրում, այն էր՝ հողին,
Խամրեց արևն ողջ հայության:
Հիշե՛նք, հայեր Եղեռն համայն,
Որ մեր ազգի ծուծը խմեց,
Աշխարհասաստ Եղեռնը մեծ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica