close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնջախաղի ապագա թատրոնում արդեն մուրճերն են հարվածում

Մշակույթ

12 Դեկտեմբերի 2019, 19:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնջախաղի ապագա թատրոնում արդեն մուրճերն են հարվածում

«Ես միշտ ուրախանում եմ, երբ ինձ խաբում են կամ խոստումներ են տալիս»,- մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժիրայր Դադասյանի դառը խոստովանությունն է՝ հայտնում է Yerkir.am-ը: Նրա տառապանքը ոչ միայն փորձ, այլև 22 տարվա պատմություն ունի:

Մոտ 3 տարի առաջ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը նրան հերթական ուրախության առիթը տվեց, երբ Գևորգ Քոչար 21 հասցեում՝ նախկին  գրապալատի դիմաց կանգնեց ու հայտարարեց, որ մնջախաղի թատրոնի շենքի հարցը լուծված է: Խորհրդանշական հսկա բանալին էլ նվիրեց Ժիրայր Դադասյանին: Շփոթված, աչքերի ու ականջներին չհավատացող Դադասյանն ու մնջախաղի թատրոնի դերասանները 3 հարկը մի շնչում բարձրացան, որպեսզի տեսնեն հրաշքը: Այդ ժամանակ գրապալատի գրքերը դեռ ցաքուցրիվ թափված էին հատակին, աշխատակիցներն էլ բողոքի ալիք բարձրացրին, թե՝ իսկ մենք ո՞ւր ենք գնալու: Արմեն Ամիրյանն իրեն հատուկ ժպիտով դժգոհության բռնկումը կանխեց՝ անհոգ եղեք, ձեր մասին հոգացել ենք: Նախարարը հայտարարեց, որ մնջախաղի թատրոնի կառուցման նախագիծն արդեն կա, պետբյուջեից մոտ 260 միլիոն դրամի հատկացումներ կլինեն ու շինարարությունը կսկսվի: Իսկ գրապալատը միացավ Հայաստանի ազգային գրադարանին: Նախարարը գոհ էր, մնջախաղի թատրոնը գոհ էր, գրապալատը կարծես թե գոհ էր, բայց թատրոնի շինարարությունը չսկսվեց, շաբաթն էլ ուրբաթից շուտ եկավ: Իշխանափոխություն: Թե Ժիրայր Դադասյանն ինչ արեց Արմեն Ամիրյանի նվիրած բանալին, Աստված գիտե, բայց թատրոնի շենքի հարցը կեսճամփին մնաց: Նա լռում էր, բայց լրագրողները չէին լռում․ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցից հետաքրքվում էին՝ ինչ է լինելու մնջախաղի թատրոնի ճակատագիրը: Մի օր էլ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ծանրութեթև են արել, քննարկել ու որոշել, թե որտեղ են թատրոնին տարածք հատկացնելու: Մոսկովյան 5. Պաշտպանության նախարարությանը պատկանող տարածք. պայմանավորվածություն է ձեռք բերվել, նրանք համաձայն են տարածքը զիջել թատրոնին: Ժիրայր Դադասյանը սովորության համաձայն՝ ուրախացավ: Նրան ոչ ոք խորհրդանշական բանալի չնվիրեց, բայց հերթական խոստումից ուրախանալու առիթն ընձեռվեց: Բայց լրագրողական հանրույթը շտապեց պարզել՝ իսկ ինչ եղավ գրապալատի շենքը: Լիլիթ Մակունցն իրեն հատուկ ժպիտով և աչքերի խոնարհ արտահայտությամբ բացատրեց, որ գրապալատի շենքը պատմամշակությաին հուշարձան է, այնտեղ շինարարություն, առավել ևս թատրոն սարքել չի կարելի: Չի կարելի, ուրեմն չի կարելի. Ժիրայր Դադասյանն ու լրագրողական հանրույթը հիմա էլ հայացքները հառեցին Մոսկովյան 5-ին՝ սպասելով, թե երբ է նախագիծ կազմվելու, երբ է հաստատվելու: Այդ ընթացքում եթե մի լրագրող շփոթվեր ու Ժիրայր Դադասյանին հարցներ՝  ձեր թատրոնի հարցն ինչ եղավ, նա հիասթափությունն ու զայրույթը հազիվ զսպելով՝ կասեր՝ ես ի՞նչ իմանամ:

Մի օր էլ միամիտ-միամիտ իմացանք, որ  Պաշտպանության նախարարությունը Մոսկովյան 5-ի տարածքը հրաժարվում է մնջախաղի թատրոնին տրամադրել: Ժիրայր Դադասյանն ու լրագրողական հանրույթը դրա մասին իմացան մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հարցազրույցից: Գրապալատը պատմամշակութային հուշարձան է, Մոսկովյան 5-ն էլ ՊՆ-ն չի տալիս. լուռ հանդուրժողականությամբ բոլորը համակերպվեցին իրավիճակի հետ:

 Բայց, դու մի ասա, բոլորիս անակնկալ է սպասվում: Այսօր Ժիրայր Դադասյանը նորից կանգնած էր Գևորգ Քոչար ժ-21 հասցեում, նրա հետ էլ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, քաղշին կոմիտեի ներկայացուցիչը ու...լրագրողական հանրույթը, այդ թվում Yerkir.am-ը:

Արա Խզմալյանը հորդորեց.«Եկեք վանենք բոլոր կասկածները, նախկինում եղած-չեղածը ու հավատանք, որ մնջախաղի թատրոնը վերջապես հանգրվան է ունենալու»: Դա նույն շենքն է, որի խորհրդանշական հսկա բանալին Արմեն Ամիրայնը հանձնեց Ժիրայր Դադասյանին և որի մասին  Լիլիթ Մակունցն ասաց՝ պատմամշակութային հուշարձան է՝ ձևափոխել, թատրոն դարձնել չի կարելի: Yerkir.am-ի հարցին, թե ինչ է փոխվել, որ արդեն կարելի է գրապալատը թատրոն դարձնել, փոխնախարարն ասաց, որ Լիլիթ Մակունցը մեղավոր չէ, որ հայտնել է, թե շենքը պատմամշակությաին հուշարձան է: Շենքի մի հատվածը հուշարձան է, մեկ այլ հատված հուշարձան չէ: Մասնագիտական հանձնաժողով է հրավիրվել, բոլոր խնդիրները քննարկվել են, որոշ անորոշություններ հարթվել են: Եզրակացությունը հետևյալն է. գրապալատի շենքում շինարարությունը թույլատրվում է: Արմեն Ամիրյանի պաշտոնավարման ժամանակ մշակված  նախագիծը փոփոխվել է, հաստատվել. գրապալատի շենքի 3-րդ հարկում արդեն շինաշխատանքներ են կատարվում, ավելի ճիշտ՝ քանդման գործընթացն է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica