close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստալին-բաղիրովյան խաղեր, որոնք կարող էին պայթեցնել ամբողջ Մերձավոր Արևելքը

Քաղաքական

12 Դեկտեմբերի 2019, 21:29
 Ստալին-բաղիրովյան խաղեր, որոնք կարող էին պայթեցնել ամբողջ Մերձավոր Արևելքը

1945 թվականի նոյեմբերի 16-ին, այսպես կոչված, Ադրբեջանական ժողովրդավարական կուսակցության զինված միավորումները Հյուսիսային Իրանը օկուպացրած խորհրդային զորքերի աջակցությամբ ապստամբություն բարձրացրին թեհրանյան իշխանությունների դեմ:

Կուսակցությունը ստեղծվել էր նույն թվականի սեպտեմբերի 3-ին, ընդ որում՝ հենց խորհրդային իշխանությունների կողմից: Ստալինի հրահանգով՝ այդ հարցով անմիջականորեն զբաղվում էին Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Միր Ջաֆար Բաղիրովը և հանրապետության ՆԳ ժողկոմիսար, գեներալ-լեյտենանտ Միր Թեյմուր Յակուբովը: ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կողմից Իրանական Ադրբեջանում ձևավորվող զինված միավորումների ստեղծման համակարգողը Նիկոլայ Բուլգանինն էր՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալը:

Երբեմն այդ իրադարձություններն անվանում են պետական անարյուն հեղաշրջում: Արդյո՞ք ապստամբությունն իսկապես անարյուն էր, վիճելի հարց է, քանի որ իրադարձությունների անկողմնակալ, օբյեկտիվ վկայություններ չկան, իսկ շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իրեն ձեռնտու տվյալներ: Համենյան դեպս, նոյեմբերի 16-ին Ադրբեջանական ժողովրդավարական կուսակցության զինված միավորումները սկսեցին գրավել պետական և վարչական հիմնարկները, ըստ էության, ամբողջ Իրանական Ադրբեջանում: Խորհրդային զորքերը նրանց ամենայն աջակցությունը ցուցաբերեցին: Իսկ երբ Իրանի կառավարությունը զորք ուղարկեց՝ ապստամբությունը ճնշելու, նրանց կանգեցրին դարձյալ խորհրդային զորամիավորումները, որոնց հրամայված էր կասեցնել իրանական իշխանությունների՝ խորհրդային գոտի զորք մտցնելու ցանկացած  փորձ: Իրանական Ադրբեջանը հռչակվեց Ադրբեջանի ինքնավար ժողովրդավարական հանրապետությունը, իսկ նոյեմբերի 20-21-ը խորհրդային սվինների վստահելի պաշտպանության տակ իր աշխատանքը սկսեց Ադրբեջանական ժողովրդական կոնգրեսը, որը ձևավորեց նոր կեղծ պետության գործադիր իշխանությունը: Շուտով նույնքան արագ՝ նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 5-ը, անցկացվեցին Միլի մեջլիսի ընտրություններ: Նշանակվեցին նախարարներ, այդ թվում ՝ զինվորական: Պաշտոնը ստանձնեց գեներալ Ջաֆար Կավիան Մամեդ-զադեն, որն իրականում գեներալ, անգամ՝ զինվորական չէր, սակայն մեծ փորձ ուներ որպես Կոմինտերնի և խորհրդային հատուկ ծառայությունների գործակալ:

Իրականում Իրանական Ադրբեջանի անկախության մասին խոսք անգամ չկար, պարզապես Մոսկվան նախատեսել էր Իրանական Ադրբեջանն ընդգրկել Խորհրդային Միության կազմում վաղուց մշակված ու փորձարկված սխեմայով: Այդպես էին ԽՍՀՄ-ին միացել Արևմտյան Բելոռուսիան, Արևմտյան Ուկրաինան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան:

Քանի որ 1941-ի օգոստոսի վերջից Հյուսիսային Իրանը օկուպացվել էր խորհրդային զորքերի կողմից, Իրանական Ադրբեջանի «ժողովրդի կամաարտահայտությունը»՝ միանալ Խորհրդային Ադրբեջանի եղբայրական ժողովրդին, ենթադրվում էր՝ ժամանակի հարց է:

Ծրագիրը Կրեմլում հասունանում էր բավականին վաղուց, դրա իրականացման ամենաակտիվ ջատագովը «ադրբեջանական Ստալինն էր»՝ Միր Ջաֆար Բաղիրովը (նրան երբեմն անվանում էին նաև «ադրբեջանական Բերիա»):

Հարավային Ադրբեջանը ԽՍՀՄ-ին միացնելու հարցին լրջորեն սկսեցին պատրաստվել 1944-ին: Մասնավորապես՝ մարտին ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում կայացրեց Բաքվից այնտեղ ուղարկել քաղաշխատողների մի մեծ խումբ: Իսկ օգոստոսին արդեն Լավրենտի Բերիան զեկույց ներկայացրեց, որում խոսվում էր Իրանի նավթահանքերի նկատմամբ խորհրդային վերահսկողությունը սահմանելու հնարավորության մասին: Քանի որ շահի կառավարությունն ամենևին չէր ոգևորված  այդ հեռանկարով, Կրեմլը որոշեց Իրանի տարածքում քրդական և ադրբեջանական ապստամբությունների օջախներ ստեղծել:

1945 թվականի փետրվարին Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի քարտուղար Հասան Հասանովը զեկուցեց՝ Հարավային Ադրբեջանում անջատողական տրամադրություններն այնքան են տարածվել, որ այնտեղ հեշտությամբ ապստամբություն կարելի է հրահրել, այնուհետև՝ տարածքը միացնել Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ Վաշինգտոնին ու Լոնդոնին կատարված փաստի առջև կանգնեցնելով:

Հատուկ գործողության  գործնական փուլը սկսվեց Գերմանիայի ջախջախումից հետո: 1945 թվականի հունիսի 10-ին Ստալինը ստորագրեց ԽՍՀՄ ժողկոմխորհի «Իրանի հյուսիսում խորհրդային արդյունաբերական օբյեկտների կազմակերպման մասին» գաղտնի որոշումը, իսկ հուլիսի 6-ին Կոմկուսի կետկոմն ընդունեց գաղտնի որոշում՝ «Հարավային Ադրբեջանում և Իրանի հյուսիսային շրջաններում անջատողական շարժման կազմակերպման միջոցառումների մասին» վերնագրով: Անջատողական շարժման անմիջական ղեկավարման նպատակով ստեղծվեց Ադրբեջանական ժողովրդավարական կուսակցությունը: Ծրագրի իրականացման համար մեծ գումար դուրս գրվեց՝ իրանական ռիալներով՝ խորհրդային 1 մլն ռուբլուն համարժեք: Նաև համապատասխան մարմիններին առաջադրանք տրվեց օպերատիվ աշխատողներ ուղարկել ինքնավարության դեմ դուրս եկողների ֆիզիկական ոչնչացման համար. Իրան ուղարկվեց 80 հմուտ «մասնագետ»:

Ընդհանուր առմամբ՝ գեղեցիկ ծրագիր էր, նախնական փուլում էլ ամեն ինչ լավ էր ընթանում: Նույնատիպ մի ծրագիր էլ իրանացվեց իրանական Քուրդիստանում, որտեղ խորհրդային զորքերի աջակցությամբ 1946-ի հունվարի 22-ին ստեղծվեց Քրդական ժողովրդական հանրապետությունը:

Գործողության վերջանական փուլը նախատեսված էր 1946-ի մարտին: Մարտի 2-ին բրիտանացիները սկսել էին Իրանից զորքերի դուրսբերումը, իսկ ամերիկացիներն այն լքել էին տարվա սկզբին: Մարտի 2-ին լրանում էր նաև խորհրդային զորքերի՝ Իրանում գտնվելու ժամկետը, սակայն  տեղի էր ունենում հակառակը՝  ԽՍՀՄ-ից նոր ուժեր էին բերվում Թավրիզ…

Բայց ամեն ինչ ջուրը լցվեց. 1946-ի մարտի 21-ին ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը Սպիտակ տուն կանչեց խորհրդային դեսպանին և վերջնագիր ներկայացրեց, որի բովանդակության մասին կարելի է միայն ենթադրել, քանի որ այդ զրույցի բոլոր փաստաթղթերը դեռևս գաղտնի են պահվում:

1946-ի մայիսին խորհրդային զորքերը դուրս բերվեցին Իրանից: Ասում են՝ դրա նախօրեին Բաղիրովը զանգահարում է Ստալինին և ասում, որ խորհրդային զորքերի դուրսբերումը նշանակում է Ադրբեջանական ժողովրդավարական հանրապետության տապալում: Ստալինը պատասխանում է՝ մենք չենք կարող դիմադրել ամբողջ աշխարհին:

1946-ի դեկտեմբերին իրանական զորքերը մտան Թավրիզ, «աշխարհազորայինները» փախուստի դիմեցին՝ որևէ դիմադրություն ցույց չտալով, իսկ խամաճիկային հանրապետության ղեկավարները թաքնվեցին Բաքվում:

Ըստ՝ «Սովերշեննո սեկրետնո» ամսագրի նյութերի

Թարգմանությունը՝ Yerkir.am-ի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica