close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների

Տնտեսական

12 Դեկտեմբերի 2019, 16:41
 Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում լուծարվեց այդ նախարարության ենթակայությամբ գործող «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (հղումը՝ https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 42-րդ հարց):

Գյումրու տուն-ինտերնատը շուրջօրյա խնամք է տրամադրում տարեց և հաշմանդամություն ունեցող 160 անձի: Ընդ որում՝ տրամադրվող խնամքի ծառայությունների ծախսարդյունավետության ցուցանիշներն այս տուն-ինտերնատում էապես բարձր են, քան նմանատիպ ծառայություններ մատուցող պետական մյուս տուն-ինտերնատներում: Պետական այս կազմակերպությունն էլ լուծարում են, որ խնամքի ծառայությունները պատվիրակեն մասնավորին:

Հնչեցվող նպատակը գոնե բարի է՝ տրամադրվող խնամքի արդյունավետության բարձրացում: Սակայն դրված նպատակի իրականացումն ի սկզբանե խնդրահարույց է՝ մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Նախ՝ որոշված չեն մասնավորին պատվիրակելու համար անհրաժեշտ չափանիշները: Պարզ չի նաև՝ մեր երկրում առկա է՞ նման ծավալի մասնագիտական խնամք տրամադրող ծառայությունների իրական ներուժ ոչ պետական հատվածում: Ճիշտ չէ նաև որոշման հեղինակների հիմնական մոտեցումը, ըստ որի՝ ծառայությունների արդյունավետությունը բացառապես կապվում է տրամադրող կազմակերպության սեփականության ձևի հետ: Այս անհասկանալի մոտեցմամբ ստացվում է՝ եթե պետական է կազմակերպությունը, ապա արդյունավետ չէ և՝ հակառակը: Վստահաբար կարելի է արձանագրել՝ այս մոտեցմամբ շարժվող միջազգային դրական փորձ ևս չկա:   

Փաստորեն՝ գործող իշխանությունները նորից անհարկի են շտապում:

Լուծարում են խնամք տրամադրող պետական կազմակերպություն, սակայն այդ որոշումը չի բովանդակում նվազագույն անհրաժեշտ լուծումներ՝ շահառուների հետագա խնամքը կազմակերպելուն վերաբերող:

Մասնավորապես, այդ որոշման 3-րդ կետով նախատեսված է, որ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությունների և ձևաչափի վերաբերյալ առաջարկ կքննարկի կառավարությունը՝ լուծարումից հետո մեկ ամիս անց: Այստեղ արդեն չեն շտապում՝ բովանդակային գործ կա անելու:

Իսկ խնամքի ամբողջական չափանիշները և գործնական մեխանիզմները ե՞րբ են քննարկվելու և սահմանվելու: Այս հարցերն ընդհանրապես անպատասխան են:

Պակաս կարևոր չէ նաև տուն-ինտերնատում բազմամյա փորձ և ներդրում ունեցող սոցիալական աշխատողների հետագա ճակատագիրը: Տուն-ինտերնատում շահառուներին խնամք են տրամադրում շուրջ 80 աշատողներ, որոնց իրական միջին աշատավարձը կազմում է մոտ 80 հազար դրամ:

Լուծարման որոշման մեջ չկա որևէ անդրադարձ և լուծում՝ տուն-ինտերնատի աշխատողների աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին վերաբերող:

Փաստորեն, սահմանված ընդհանուր կարգով լուծվելու են սոցիալական ոլորտի այս աշխատողների աշխատանքային պայմանագրերը: Նրանք աշխատող աղքատներից կդառնան գործազուրկ աղքատներ: Աշխատանքից կանցնեն սոցիալական նպաստի՝  խորացող սոցիալական իրենց խնդիրներով:

Եվ սա՞ է պետության կողմից որդեգրված՝ սոցիալական ներառական զարգացման իրական մոտեցումը: Սոցիալական պետությունը այսպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորի, որը կարող են ընդօրինակել նաև ոչ պետական կազմակերպությունները:

Ի դեպ՝ որոշման մեջ լիարժեք կարգավորված է լուծարվող տուն-ինտերնատի ավտոմեքենաների հետագա շահագործման հարցը՝ դրանք ոչ թե կկրճատվեն, այլ կտրամադրվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և կհամալրեն նախարարության ավտոպարկը:

 Վերջում՝ այսքան հարցադրումներով և խնդրահարույց կարգավորումներով նախագիծը կառավարության կողմից ընդունվում է ծածուկ և անաղմուկ՝ առանց զեկուցման և առարկայական քննարկումներ ծավալելու: ԻՆՉՈՒ՞ …

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

 

 

 

 

  

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica