close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան

Արցախ

11 Դեկտեմբերի 2019, 23:36
 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան

Արցախում սպասվող նախագահական ընտրությունների եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։

-Պարոն Իշխանյան, խոսենք Արցախի ներքաղաքական  մթնոլորտից, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ ակնկալիքներով եք պատրաստվում նախագահական ընտրություններին։

-Սովորական նախընտրական մթնոլորտ է, որեւէ արտառոց երեւույթ, կարծես թե, չկա, բնականաբար, քաղաքական ուժերի վերադասավորումներ են տեղի ունենում, նաեւ հայտեր՝ մասնակցելու  ապագա համապետական ընտրություններին, հատկապես, նախագահական  ընտրություններին։ Միակ արտառոց երեւույթը, Սահմանադրության «ընձեռած» հնարավորությունն է ՝ համաժամանակյա ընտրությունների անցկացումը մեկ օրվա մեջ։

-Դաշնակցությունը դեռ, կարծես թե, որոշում չունի, շարունակվո՞ւմ են քննարկումները , թե՞ արդեն մոտ եք համապատասխան որոշմանը։ Կմասնակցեք առանձի՞ն, թե այդուհանդերձ, կսատարեք թեկնածուներից մեկին։

— Ընտրություններին մասնակցության մեր ձեւաչափի մասին հանդես ենք եկել  հայտարարությամբ, երբ սկսել էինք քաղաքական քննարկումներ դաշտում գործող կուսակցություններ եւ նաեւ հավանական որոշ թեկնածուների հետ։  Քննարկումների փուլը ավարտել ենք եւ  դեկտեմբերի 15-ին կգումարենք մեր արտակարգ ժողովը։ Իհարկե, մեր քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնենք, թե ովքեր են ընտրված այդ ժողովի պատգամավոր  եւ քննարկումների  արդյունքում ի հայտ կգա ձեւաչափը, որով կմասնակցենք ընտրություններին եւ կունենանք համապատասխան որոշում։

-Պարոն Իշխանյան, հասարակական-քաղաքական շրջանակներում ու մամուլում քննարկվում է այն հարցը, թե ով է լինելու ՀՀ գործող իշխանության նախընտրելի թեկնածուն։ Նույնիսկ  անուններ են նշվում, թեկնածուներից առնվազն 2- անունները մամուլով շրջանառվեցին։

-Եվ ովքե՞ր են այդ երկուսը։

— Մամուլում շրջանառվում են  Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի անունները։

-Մեր նախաձեռնած հանդիպումների  ընթացքում ոչ մեկը, ոչ մյուսը չեն ներկայացել որպես ՀՀ իշխանությունների նախընտրած թեկնածու եւ այդ առումով, թերեւս  զերծ կմնամ մամուլում շրջանառվող տեսակետների մեկնաբանությունից։ Ինչ մնում է ապագա նախագահի հարցին, բնականաբար,  ով էլ որ ընտրվի Արցախի նախագահ, կարծում եմ, այն ներդաշնակ համագործակցությունը, որ մենք ունեցել ենք 90-ական թվականներից այս կողմ, իհարկե, Հայաստան-Արցախ որոշ վայրիվերումներով, կարծում եմ այդ քաղաքականությունը պետք է որդեգրվի։

-Արցախի առաջին եւ ՀՀ  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ անընդունելի է  Ղարաբաղում ունենալ «քծնող նախագահ», որը,  մեջբերեմ ՝ «հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին»: Նա նաեւ  ասել է, որ «ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում»  եւ, որ «այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»: Համաձա՞յն եք այս մոտեցմանը։

-Անկեղծ ասած, ամբողջությամբ ծանոթ չեմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ուստի զերծ կմնամ մեկնաբանությունից, որովհետեւ ճիշտ չեմ համարում ընդհանուր հարցազրույցից վերցված առանձին հատվածին մեկնաբանություն տալ, բայց մեկ բան կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունները եւ քաղաքական պատասխանատուները միշտ  էլ պետք է ունենան ինքնուրույն գործելու քաղաքական վարքագիծ եւ Արցախի սուբյեկտայնության  առումով դերակատարություն ունենան։

-Անցնենք Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային  գործընթացին։ Ինչպե՞ս եք գնահատում  ներկա փուլը։ Բրատիսլավայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից եւ այդ հանդիպմանը նախորդած ու հաջորդած հայտարարություններից հետո մտահոգությունները ոչ թե փարատվեցին, այլ հակառակը՝ էլ ավելի ուժգին  են հնչում։

-Երկուստեք կարելի է հարցին մոտենալ,  ի վերջո , Բրատիսլավայում կայացած հանդիպումից հետո հայկական եւ ադրբեջանական կողմերի սկզբունքների հրապարակայնացումը  տեղի ունեցավ եւ , եթե մենք ուշադրությամբ հետեւենք եւ  վերլուծենք այդ սկզբունքները, մենք կտեսնենք, որ այդ երկու  կողմերի հրապարակած սկզբունքների հատման կետերը կարծես թե չկան, դրանք զուգահեռներ են, որոնք հատվելու նույնիսկ միտումներ չեն պարունակում։ Շատ վտանգավոր տեսակետ եւ  կարծիք շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում, թե որքանով է այդ ամենը  հավաստի եւ իրականությանը համապատասխանող, չեմ կարող ասել, բայց անշուշտ, երբ խոսվում է բանակցային  գործընթացքում 3-րդ կողմի՝  արցախյան կողմի մասնակցության ձեւաչափը վերականգնելու փաստարկի մասին, անընդունելի է ադրբեջանական  համայնքի ներգրավվածության մասին խոսելը։

-Դուք նկատի ունենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությո՞ւնը, թե «Փաշինյանն էլ է հայտարարել, որ խնդիր չկա, եթե բանակցություններին մասնակցի նաև Արցախի ադրբեջանական համայնքը»։

-Այո, կա այդ հայտարարությունը, համենայնդեպս, սա  մտահոգիչ երեւույթ է եւ բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա լուրջ ստվեր  է եւ որեւէ առումով այն չի կարող նպաստել մեր ակնկալիքներին։

-Ակնկալո՞ւմ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացատրություն կամ մեկնաբանություն՝ այս խնդրի հետ կապված,  որովհետեւ իշխող խմբակցության պատգամավորը հղում  արեց հենց նրան։

-Այդպիսի հնարավորություններ կարելի է ստեղծել։ Վերջերս, երբ Հայաստանի վարչապետը Արցախում էր եւ առանձին հանդիպում եղավ Արցախի նախագահի հրավերով եւ նաեւ մեր քաղաքական ուժերի  պահանջով, այնտեղ նաեւ որոշակի անդրադարձ կար  բանակցային գործընթացին։ Այդ հանդիպման ժամանակ  վարչապետի  ներկայացրած տեսակետները, կարծես թե, համահունչ  էին ղարաբաղյան ընդհանուր տեսակետներին  եւ եթե խորանանք, համահունչ էին նաեւ Դաշնակցության սկզբունքին՝ զարգանալ չզիջելով։ Համենայնդեպս, այդպես էր ներկայացվում, թե որքանով է գործողությունների ընթացքը համահունչ, սա արդեն այլ հարց է։

-Ձեր հիշատակած հանդիպմանը սպասվող ընտրություններում Արցախի հանրապետության նախագահի թեկնածուներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը բացակայում էր, նրան, փաստորեն, չէին հրավիրել։ Ինչպե՞ս եք վերաբերում այս  փաստին։

-Ես նորից եմ ուզում կրկնել, որ  այդ հանդիպումը նախաձեռնվել է Արցախի նախագահի կողմից եւ մենք , ես, համենայնդեպս, այնտեղ հայտնվեցի Արցախի  նախագահի հրավերով եւ թերեւս մենք  հրավիրված չէինք որպես նախագահի թեկնածուներ։ Այդ հանդիպման ընթացքում խոսվեց Ղարաբաղի հարցի մասին , մեր դերակատարության, անելիքների մասին, իհարկե, որոշակի  տեղեկատվություն տրվեց վերջին մեկուկես տարվա  ընթացքում  Հայաստանի սպառազինությունների մատակարարման ընթացքի մասին եւ անդրադարձ եղավ  ապագա ընտրություններին։ Այդ առումով, թերեւս, ես չեմ կարող ամբողջապես այն տեսակետն ունենալ, ինչպես լրատվամիջոցները ներկայացրին, թե  նախագահի թեկնածուներին էին ներկայացված եւ հարցը, որ Վիտալի Բալասանյանի ներկայությունը չկար, պետք է մյուս կողմին ուղղել։ 

— ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը  հարցին անդրադառնալով հայտարարել էր, որ չի հրավիրվել եւ, որ վարչապետն ու նրան սատարող ՀՀ քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը ՀՀ և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ։ Այս տարբերակված մոտեցմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

-Այդ առումով  ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ եւ կարծում եմ, որ  եթե նախագահի թեկնածուների  խնդիր կար,  ապա ոչ միայն Վիտալի Բալասանյանը, այլեւ այս հանգրվանում հավանական այլ թեկնածուներ եւս, թերեւս, Ղարաբաղում արդեն իսկ հայտնի են՝ Ռուսլան Իսրայելյան,  Վահան Բադասյան, գուցե՝ Հայկ Խանումյան եւ ուրիշներ։ Այդ առումով, եթե նախագահի հավանական թեկնածուների ձեւաչափը ընտրվեր, այդ թեկնածուները եւս պետք է լինեին։

-Վերջում  նորից հիմնախնդրից։ Բրատիսլավայում  եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ հայկական ու ադրբեջանական կողմերի տեսակետները տրամագծորեն տարբեր են։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունը, թե հիմնախնդիր կարգավորումը պետք է ընդունելի լինի ՀՀ, Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների համար որքանո՞վ է ընդունելի  եւ, ի վերջո, ո՞րն է այդ լուծումը դիրքորոշումների նման կարծության պարագայում։

-Կարծում եմ այդ ամենի մասին խոսելը գուցե իմաստ չունի, եթե ես ուղղակիորեն անդրադառնամ այն փաստին, որ նաեւ Դաշնակցության կառույցում կա կենտրոնական հարց՝ ո՞րն է ՀՀ ներկա  իշխանությունների ռազմավարությունը  Ղարաբաղյան հիմնահարցում եւ ո՞րն է հայեցակարգը, որով կառաջնորդվեն ՀՀ իշխանությունները։ Մենք  չենք տեսնում այս հարցերի պատասխանները, այդ իսկ պատճառով, կարծում եմ,  ավելորդ է մեկնաբանությունը։

Հեղինակ՝ Մ.Ղ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica