close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+10°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Այս օրը պատմության մեջ». դեկտեմբերի 11

Խճանկար

11 Դեկտեմբերի 2019, 10:06
 «Այս օրը պատմության մեջ». դեկտեմբերի 11

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:

Դեկտեմբերի 11

1816 թվականի այս օրը Ինդիանան դարձավ ԱՄՆ-ի 20-րդ նահանգը: 

Այս տարածքում եվրոպական առաջին բնակավայրերը ստեղծել են ֆրանսիացիները 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում։ Նրանք էլ իրենց գաղութացրած հնդկացիաբնակ այդ տարածությունները 1702-ին անվանեցին Indiana, այսինքն՝ «հնդկացիների երկիր»։ 1816-ին այդ տարածքի մի մասում կազմավորվեց մի նահանգ, որը պաշտոնապես կոչվեց Ինդիանա, թեև հնդկացիներն այստեղից դուրս էին քշվել կամ բնաջնջվել, այնպես որ 19-րդ դարի 30-ական թվականներին Ինդիանայում ոչ մի հնդկացի չէր մնացել:

Նահանգն ունի մոտավորապես 6.3 միլիոն բնակչություն։ Վարչական կենտրոնը Ինդիանապոլիս քաղաքն է։

1843 թվականի դեկտեմբերի 11-ին է ծնվել Ռոբերտ Կոխը՝ գերմանացի մանրէաբան,բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը, Նոբելյան մրցանակակիր:

Կոխը բացահայտել է վարակիչ հիվանդությունների հարուցիչներ և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Առաջինն է ստացել սիբիրախտի բացիլի մաքուր մանրէախումբը և բացահայտել սպորներ առաջացնելու հատկությունը։ 1882 թվականին հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը (Կոխի ցուպիկ)։ 1890 թվականին ստացել է տուբերկուլին բակտերիային պատրաստուկը, որն օգտագործել է տուբերկուլոզի բուժման նպատակով։ Ներկայումս պատրաստուկը կիրառվում է միայն ախտորոշիչ նպատակով։ Խոլերա հիվանդությունն այլ կերպ կոչվում է «Կոխի ստորակետ»: Մշակել է բակտերիաբանական հետազոտությունների, վարակազերծման մի շարք եղանակներ։ 1905 թվականին տուբերկուլյոզի ուսումնասիրման համար արժանացել է Նոբելյան մրցանակի։

Որպես ռազմադաշտային բժիշկ՝ աշխատել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, որը հրահրել էր Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը:

1937 թվականի այս օրն է մահացել Հայկ «Գայ» Բժշկյանցը՝ հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար, ԽՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ, կորպուսի հրամանատարԽՄԿԿ անդամ: Իր դիվիզիայի կարմիր բանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ մականունով, որն ավելի հեշտ էր արտասանվում:

1935 թվականի հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Խորհրդային Միությունում): 1937 թվականի դեկտեմբեր 11-ին ԽՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել:1956 թվականի հունվարի 21-ին հետմահու արդարացվել է։

Գայի և նրա Երկաթյա դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցված Ուլյանովսկում: Խորհրդային Հայաստանում նրա անունով էին կոչվում Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը և սպայի տունը: Գայի արձանը կանգնեցված է Երևանի Նոր Նորք թաղամասում:

1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ին կից ստեղծվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն:

Կազմակերպությունըստեղծվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը՝ ՅՈՒՆԻՍԵՖ։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

1994 թվականի այս օրն է սկսվել ռուս-չեչենական պատերազմը

Yerkir.am-ն ավելի վաղ անդրադարձել էր ռուս-չեչենական պատերազմին: Հոդվածին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Դեկտեմբերի 11-ը տանգոյի միջազգային օրն է:

Հասարակական, ինչպես նաև պարահանդեսային պար է, որը «ծնվել և մեծացել» է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում և հետո տարածվել աշխարհում։

Այսօր տանգոյի տարբեր պարային ոճեր կան. Արգենտինական տանգո, Ուրուգվայական տանգո, Պարահանդեսային տանգո (ամերիկյան և միջազգային ոճեր), Ֆիննական տանգո և վինտաժ ոճեր։ Շատերը իսկական տանգո են համարում այն տանգոն, որն ամենամոտն է Արգենտինայում և Ուրուգվայում պարած սկզբնական տանգոյին, այդուհանդերձ տանգոյի մյուս տեսակները նույնպես ինքնուրույն և լիովին կայացած պարեր են դարձել։ 

Տանգոյի մեջ կյանքը հորդում է, իսկ պարի կենտրոնում Տղամարդն ու Կինն են։ Նրանց փոխհարաբերությունները, կրքերը, հակամարտությունները, հաշտությունները, «երրորդն ավելորդ է» հասկացությունը, խանդը, ատելությունը՝ բոլոր զգացմունքները, որոնք լցնում են մարդկային կյանքը։

Տանգո պարի ձևավորման ակունքներում եվրոպական և աֆրիկական տարրեր են։ Առաջին անգամ «տանգո» բառը գործածվել է XIX դարի 90-ականներին։ Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում XX դարի սկզբին։

2009 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն տանգոն աշխարհի մարդկային ժառանգություն է ճանաչել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica