close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտի 1-ի գործի այս խայտառակ ընթացքը ընդամենը մեկ բանի համար է՝ ինքնամաքրման․ Հարություն Հարությունյան

Հասարակություն

10 Դեկտեմբերի 2019, 18:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտի 1-ի գործի այս խայտառակ ընթացքը ընդամենը մեկ բանի համար է՝ ինքնամաքրման․ Հարություն Հարությունյան

Պարզ է՝ չէ՞, որ չէր լինի Մարտի 1-ը, եթե չլիներ հենց կոնկրետ ինքը և իր զինակիցները, որոնք դրդեցին ժողովրդին այդ բախումներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում  Նիկոլ Փաշինյանի մասին ասաց գրող, լրագրող, TV5 հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նրա համոզմամբ՝ Մարտի 1-ի գործի այսօրվա խայտառակ ընթացքը ընդամենը մեկ բանի համար է՝ ինքնամաքրման։

Փողոցով իշխանության եկածները բռնի ուժ կիրառեցին Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների հանդեպ։ Հարությունյանի դիտարկմամբ՝ ուժ կիրառողների վախը հենց փողոցից է, քանի որ իրենք փողոցից են եկել իշխանության և գիտեն փողոցի ուժը․ «Միակ դեպքը չի, որ իրենք փողոցային պայքար են տարել՝ փողոցային անկարգություններ, պայքար, կռիվ, զոհեր․․․ իրենք դա արել են 2008 թվականին, 2006 թվականին, իրենք փողոցի ուժը շատ լավ գիտեն և իրենք լավ են հասկանում՝ եթե դա դառնա ձնագնդի՝ ինչ կկատարվի իրենց հետ և իրենք ամեն կերպ դա կանխելու են»։

Դեռ մեկ տարի առաջ Հարություն Հարությունյանն այսպես չէի մտածում, բայց արդեն, նրա գնահատմամբ, փաստ է, որ Փաշինյանը այլ կերպ չի կարող, ինքը այդ տեսակն է, ինքն արդեն բացել է պանդորայի արկղը․ «Եվ դա որևէ տեղ, որևէ երկրում, որևէ ժամանակ եթե բացվել է շատ ծանր հետևանքներ է ունեցել»։

Պանդորայի արկղը բացելու դրսևորում է նաև երկրի նախկին ղեկավարներից մեկի՝ ճաղերի հետևում լինելը, մյուսի հանդեպ մեղադրանք առաջադրելը այն դեպքում, երբ վարչապետը հայտարարել էր՝ վենդետա չի լինելու։

«Ո՛չ, վենդետա լինելու է, վենդետան սկսվել է։ Ինչի մասին էլ որ խոսենք, պետք է գանք մարդու կրթական ցենզին, պատմության դրվագների մասին տեղյակ լինելուն։ Մարդու տեսակի հետ կապված խնդիր կա»,-ասաց Հարություն Հարությունյանը։

Մտավորականի դիտարկմամբ՝ այս առումով մենք այսօր շատ վատ վիճակում ենք և գլորվելու ենք ավելի ցած։

«Այն բոլոր մարդիկ, ովքեր այսօր ծափահարում են, իսկ ծափահարողներն արդեն բավականին քչացել են, անմիջապես իրենց մարմնի վրա են զգալու այդ պանդորայի արկղի բացման ազդեցությունը։ Արդեն տարիուկես է՝ մենք առաջ չենք շարժվում․ այդ սուտ վերլուծությունները, որ մեր կյանքը լավացել է, որ մեր բյուջեն լիքը փող է լցվել, որ մենք պրոբլեմ չունենք, որ «ուղեղներիցդ հանեք աղքատությունը», «վեր կաց քայլիր»․․․ չգիտեմ ինչ, այդ լոզունգները իրենց սպառել են»,-ասաց նա։

Հարություն Հարությունյանը անկրթության հետևանք համարեց նաև ԱԺ ամբիոնից վարչապետի հայտարարությունները քաղաքական ուժերից մեկի «զրո» ազդեցության և այդ ուժի կողմից Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին։

«Այդ տեսակի հայտարարություն անելը ևս անկրթությունից է։ 130 տարվա պատմություն ունեցող կուսակցության անցած ճանապարհին ամեն ինչ տեղի է ունեցել՝ ձերբակալվել են, նստել են, պայքարել են, մարտնչել են, հեռացվել են, աքսորվել են, արտաքսվել են․․․ ամեն ինչ եղել է։ Դա պատմություն ունեցող կուսակցություն է, գաղափարախոսություն ունեցող կուսակցություն է։

Այն, ինչ Արայիկ Հարությունյանն ասաց․․․ ես հասկանում եմ, դե՝ Արայիկ Հարությունյանն էր․․․ ասաց էլի՝ «դրսի», «ներսի» Դաշնակցություն, չգիտեմ ինչ, որովհետև իրական իր հոգևոր հայրերն են այդպես մտածում։ Եվ ինձ համար նորություն չէ Նիկոլ Փաշինյանի այս ասածը, որովհետև այն, ինչ ասում էր Նիկոլ Փաշինյանը, ես դա տեսել եմ 1990-ականներին։ Այսինքն, որևէ փոփոխություն չկա 1990-ականների ասվածի և Նիկոլ Փաշինյանի արածի միջև․ սա գալիս է պատմական առումով անգրագետ լինելուց»,-ասաց Հարություն Հարությունյանը։

Հ1-ին որևէ կերպ Հարություն Հարությունյանը չի հետևում․ ասում է՝ Հ1-ում ինչ կատարվում է, արդեն իր հետ չի կատարվում, այլ Հ1-ի աշխատողների հետ։ Նախկին աշխատողների հանդեպ մարդաորսի մասին ասում է․ «Այստեղ մարդաորսի հարցը չէ, այստեղ պրոֆեսիոնալիզմի հարցն է։ Երբ աշխատում ես մարդկանց հետ պետք է կարողանաս գնահատել։ Ինձ համար անընդունելի է, որ մամուլում նամակներով կրակոցներ հնչեցին ներկա Հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի և Տիգրան Պասկևիչյանի միջև, որտեղ Արա Շիրինյանն ասել էր՝ բա ես ինչ անեմ՝ Հայաստանում մասնագետներ չկան։ Եթե իրենց համար Հայաստանում մասնագետներ չկան, դա իրենց գործն է։ Բայց դա վիրավորական արտահայտություն է»։  

TV5-ը, որի գլխավոր տնօրենն է այսօր Հարություն Հարությունյանը, նույնպես բացվելու օրերին պրոֆեսիոնալ լրագրողներ շատ չուներ, բայց նրա խոսքով, հեռուստաընկերությունն այսօր պրոֆեսիոնալ աշխատանքին զուգահեռ նաև լրագրողներ պատրաստող լաբորատորիա է։

TV5-ին «սև» լինելու համար, ըստ նրա, կարող են մեղադրել անգրագետները կամ մեծամիտները, ովքեր այսօր իշխանության են հասել․ «Բայց ես համաձայն չեմ, որ մենք սև ենք կամ մենք մուգ ենք։ Մենք հեռուստատեսություն ենք, որը ցույց ենք տալիս այն պատկերը, ինչ կա։ Այդքանով ազատ ենք, դրա համար ցույց ենք տալիս այն պատկերը, ինչ կա»։

Հարություն Հարությունյանն ընգծեց՝ իրենց աշխատանքը լրատվություն է՝ լրատվության բոլոր կանոններով։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica