close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ կարծիքով, ոլորտի ամենամեծ բացը կլինիկական ուղեցույցների բացակայությունն է. Սուրեն Նազինյան

Հասարակություն

10 Դեկտեմբերի 2019, 13:53
 Իմ կարծիքով, ոլորտի ամենամեծ բացը կլինիկական ուղեցույցների բացակայությունն է. Սուրեն Նազինյան

Որո՞նք են թմրաբանության ոլորտում առկա խնդիրները,  ի՞նչ են փաստում վերջին տարիներին արձանագրված ցուցանիշները, որո՞նք են թմրաբանության ոլորտի բացերը, թմրաբանական ծառայությունների  որակը համապատասխանում է արդյո՞ք միջազգային չափորոշիչներին. Այս և այլ հարցերի շուրջ  Doctorsnet.am-ը զրուցել է ՀՀ ԱՆ թմրաբանության գծով խորհրդատու, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենի ժ/պ Սուրեն Նազինյանի հետ:

-Բժիշկ Նազինյան, որո՞նք են Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի գործունեության ոլորտները:

- Նարկոլոգիական հանրապետական  կենտրոնը զբաղվում է  կախվածությունների բուժմամբ, իրականացնում է դիսպանսեր հսկողություն, հաշվառում: Կենտրոնում գործում  են   երկու ստացիոնար բաժանմունքներ, դիսպանսերային բաժանմունք, մեթադոնային փոխարինող բուժման ծառայություն, ինչպես նաև  տոքսիկոքիմիական և  կլինիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են  մարդու օրգանիզմի կենսամիջավայրում թմրամիջոցների   կամ այլ հոգեներգործուն նյութերի հայտնաբերման հետազոտություններ:  

Նարկոլոգիական կենտրոնում բուժումն իրականացվում է ստացիոնար և ամբուլատոր պայմաններում:

-Ինչպե՞ս է իրականացվում մեթադոնային փոխարինող  բուժումը:

Մեթադոնային փոխարինող բուժումը իրականացվում է ափիոնատիպ թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց շրջանում: Մեթադոնը (գործարանային արտադրության) «ՀՀ-ում հuկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրuորների կազմը (ցանկը) հաuտատելու մաuին» №1129-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի) №2 ցուցակում, որը բուժական (թերապևտիկ) դեղաչափով պացիենտների մոտ չի առաջացնում կողմնակի ազդեցություններ և էյֆորիա:

Ափիոնատիպ նյութերից կախվածությունը ծանր քրոնիկ հիվանդություն է, որը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչում։ 

Զարգացած երկրների առողջապահական փորձը ցույց է տալիս, որ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների բուժման մեթոդներից լավագույն արդյունքն ապահովվում է այն դեպքում, երբ նշանակվում է օփիոիդային ընկալիչների ագոնիստների (ինչպիսին հանդիսանում է մեթադոնը) կիրառմամբ երկարաժամկետ բուժում:

Մեթադոնային փոխարինող  բուժման հիմնական նպատակներն են` հնարավորինս մեղմել կամ վերացնել ափիոնատիպ նյութերի նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց գործածումը, նվազեցնել ափիոնատիպ նյութերի առաջացրած առողջական և սոցիալական վնասները, բարելավել կախվածություն ունեցող պացիենտների առողջական վիճակը և կյանքի որակը՝ կենսագործունեությունը հասցնելով հնարավոր լավագույն մակարդակի։

Մեթադոնային փոխարինող  բուժման օգնությամբ հնարավոր է լինում վերակազմակերպել կախվածություն ունեցող անձանց առօրյա կյանքը՝ հնարավորություն տալով  դառնալու  հասարակության լիարժեք անդամ։

-Ներկայումս որքա՞ն  մարդ է  հաշվառված Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում:

-2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝  թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված,   կենտրոնում հաշվառված է 6951 մարդ, իսկ ալկոհոլային կախվածությամբ՝   շուրջ 6000 մարդ, այս պահին կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 34 անձ։ Դիսպանսեր բաժանմունքում ամբուլատոր պայմաններում փոխարինող բուժում են ստանում 312 պացիենտներ, դետոքսիֆիկացիոն եղանակով՝ 8:

-  Ի՞նչ թիվ են կազմում հաշվառման   կանգնած կանայք:

-Հայաստանում թմրամիջոցների կախվածություն ունեցող կանայք բարեբախտաբար  ցածր տոկոս են կազմում: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված կանանց թիվը  եղել է 111 :

-Նարկոլոգիական կենտրոնի կողմից տրամադրվող ծառայություններում նշված է , որ  իարականացվում է բուժում խաղային կախվածությունից ձերբազատվելու համար: Ինչպե՞ս է այն իրականացվում:

-Խաղային կախվածության բուժումը  նոր զարգացող ուղղություն է: Տվյալ կախվածությունները ներառված են  Առողջապահության համաշխարհային կազմակերպության   Հիվանդությունների 11-րդ վերանայման միջազգային դասակարգչի նախագծում (այն դեռևս չի ներդրվել ԱՀԿ-ի կողմից) երկու ծածկագրերով, որոնցից առաջինը համակարգչային խաղերից կախվածությունն է, իսկ երկրորդը ազարտային խաղերից կախվածությունը, երկուսն էլ համարվում են վարքային խանգարումներ: Ներկայումս ուսումնասիրում ենք  միջազգային առաջադեմ փորձը, զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում կիրառվող ուղեցույցները՝  մեր կենտրոնում  տվյալ ծառայությունն արդիականացնելու  և միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու  համար:

-Բժիշկ Նազինյան, զգալի թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր խնդրի դեպքում  խուսափում են  դիմել համապատասխան հաստատություններ, այդ դեպքում  կարո՞ղ ենք ասել, որ   հաշվառված անձանց թիվը  չի արտացոլում իրական պատկերը:

-Նարկոլոգիական ծառայության կողմից անձանց  հաշվառումը կատարվում է ոչ միայն  բուժման համար դիմելու արդյունքում, այլ նաև իրավապահ մարմինների ուղեգրերով կամ որոշումներով կատարված տոքսիկոքիմիական փորձաքննություն անցնում, եթե օրգանիզմում  հայտնաբերվում է թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութ, ապա  վերցվում է հաշվառման։ Ազգաբնակչության շրջանում թմրամիջոցների գործածման տարածվացությունը գնահատելու համար,  անհրաժեշտ է իրականացնել գիտականորեն հիմնավորված և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի կողմից առաջարկվող մեթոդաբանությամբ  համահանրապետական հետազոտություն՝ հարցում, որը հստակ ցույց է տալիս բնակչության շրջանում տարածվածության ցուցանիշը: Նման հետազոտություն Հայաստանում  իրականացվել է  միայն մեկ անգամ՝ 2005 թվականին:

-Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հարկադիր բուժում իրականացվու՞մ է:

-Իրականցվում է՝ միայն դատարանի որոշմանբ:

-Այս պահին 4 անձ՝  դատարանի որոշմամբ, հարկադիր բուժում է ստանում արտահիվանդանոցային պայմաններում:

-Ո՞ր փուլում  դիմելու դեպքում է, որ  լիարժեք բուժում ստանալու նախադրյալները առավել մեծ են:  Ինչպե՞ս  հասկանալ, որ  ձևավորվել է կախվածության  համախտանիշ:

-Երբ մարդը յուրաքանչյուր օր սկսում է հոգեներգործող նյութեր օգտագործել, օրինակ. ալկոհոլ մեծ քանակությամբ է սկսում օգտագործել՝  շարունակաբար ավելացնելով թե գործածվող ալկոհոլի քանակը և թե, ապա դա նշանակում է, որ  հավանական է՝ ձևավորվում է կամ արդեն իսկ ձևավորվել է կախվածության համախտանիշ: Թմրամիջոցների գործածման դեպքում  կախվածության համախտանիշի ձևավորումն առավել արագ է՝ ներարկային թմրանյութերի գործածման դեպքում այն կարող է օրերի, անգամ մեկ-երկու անգամ գործածման դեպքում տեղի ունենալ: Երբ կախվածության համախտանիշի  ախտանշաններն ի հայտ են գալիս, հարկավոր է անհապաղ  դիմել  համպատասխան  թմրաբանական հաստատություն: Տարբեր  հոգեներգործուն նյութերի չարաշահման դեպքում ի հայտ եկող ախտանշանները տարբեր են,  շուտափույթ դիմելիութունն էականորեն մեծացնում է լիարժեք և արդյունավետ բուժման հնարավորությունը: Պետք է հիշել, որ կախվածություն առաջացնող նյութերը վնասում են ոչ միայն կենտրոնական նյարդային համակարգը, այլ գրեթե բոլոր օրգան համակարգերը:

-Բուժումն ավարտելուց հետո, որքա՞ն ժամանակ է մարդը հաշվառված մնում նարկոլոգիական կենտրոնում:

-Ալկոհոլիզմից կախվածության դեպքում   մարդ դիսպանսերում հաշվառված է մնում և վերցվում հսկողության տակ 2 տարի, իսկ թմրամիջոցների դեպքում՝ 5 տարի:

-Նարկոլոգիական կենտրոնում  բուժումն ի՞նչ  հիմունքներով է իրականացվում:

-ՀՀ քաղաքացիների համար անվճար, բայց ունենք նաև վճարովի ծառայություններ: Մեթադոնային փոխարինող  բուժումը անվճար է այն մարդկանց համար, ովքեր  ընդգրկված են կառավարության կողմից հաստատված ցանկում, իսկ  ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները  վճարովի են, բացի այն դեպքերը երբ անհրաժեշտ է պացիենտին տրամադրել շտապ կամ անհետաձգելի բժշկական օգնություն:

-Նարկոլոգիական ծառայությունների մատուցման տեսակետից մարզերում ինչպիսի՞ վիճակ է տիրում:

-Մարզերում նարկոլոգիական ծառայությունների մատուցումն   իրականացվում է պատշաճ մակարդակով: Նարկոլոգիական ծառայություններ իրականացվում են «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, «Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսեր»-ում,  «Կապանի  նյարդահոգեբանական դիսպանսեր»-ում, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ում,  ինչպես նաև  Եղվարդում գործող «Նաիրի» բժշկական կենտրոնում, իսկ Կապանում, Վանաձորում, Գյումրիում  գործում է  նաև մեթադոնային փոխարինող բուժման  ծառայություն։

-Ոլորտային ռազմավարություն կա՞:

-Անշուշտ, այն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 30-ին: Ռազմավարությամբ սահմանված են ոլորտի  զարգացման և գործունեության հիմնական  ուղղությունները: Յուրաքանչյուր տարի, հիմք ընդունելով ազգային ռազմավարությունը, ՀՀ կառավարության կողմից հաստատվում է ոլորտի  թմրամիջոցների և թմրամոլության դեմ պայքարի տարեկան ծրագիրը:

-Ըստ Ձեզ, որո՞նք են ոլորտի բացերը:

-Նարկոլոգիան դինամիկ զարգացող ոլորտ է, թեև մշտապես  կրում է ժամանակի մարտահրավերները:

Իմ կարծիքով, ոլորտի ամենամեծ բացը միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի բացակայությունն է։ Ասեմ, ի դեպ, որ մեր կենտրոնի բժիշկներն արդեն շուրջ մեկ ամիս է՝  զբաղվում են   ոլորտային կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակմամբ, ինչպես նաև հետազոտական աշխատանքներով։

Նախկին տասնամյակներում, անհրաժեշտ ֆինանսավորում չլինելու  պատճառով, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բավականին երկար տարիներ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, որն էլ հանգեցրել է շենքային պայմանների  վատթարացմանը: Մենք, արդեն իսկ Առողջապահության նախարարության աջակցությամբ, ձեռնամուխ ենք եղել այս խնդրի կարգավորմանը՝ աստիճանաբար բարելավելով շենքային պայմանները, որը միտված է առավել հարմարավետ դարձնելու պացիենտների  բուժման գործընթացը:

Ի դեպ, մինչև տարեվերջ  ամբողջությամբ կվերանորոգվի կենտրոնի 3-րդ հարկի հատակը:

-Նարկոլոգիական կենտրոնում հաշվառված անձանց տվյալները ու՞մ և ի՞նչ ճանապարհով են հասանելի:

-Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հաշվառված անձանց տվյալներն ամբողջությամբ գաղտնի են, դրանք տրամադրվում են 3-րդ անձին բացառապես պացիենտի գրավոր համաձայնության դեպքում: Հաշվառված անձանց տվյալների տրամադրում նախատեսված է միայն  իարավապահ մարմինների  համապատասխան որոշման և հարցման առկայության դեպքում : 

-Ո՞ր թմրանյութերն են առավել տարածված Հայաստանում:

-Առաջին տեղում  կանաբիոիդներն են, երկրորդ տեղում՝  ափիոնատիպ նյութերը:

-Կանաբիոիդների  գործածությամբ պայմանավորված հաշվառված է  4394 մարդ , ափիոնատիպ նյութերի՝ 2552, իսկ կոկայինի օգտագործմամբ` 5 անձ:

-Ծխախոտային կախվածությունից  հե՞շտ է ձերբազատվել:

-Եթե նայենք համեմատական կարգով, ապա՝ այո, բավականին հեշտ է: Սակայն պետք չէ մոռանալ, որ նիկոտինային կախվածությունը նույնպես լուրջ խնդիր է: Ծխախոտային կախվածությունը հանգեցնում է նրան, որ մարդ ձեռք է բերում հիվանդագին հակում նիկոտինի նկատմամբ, արդյունքում շարունակաբար վնասելով իր առողջությունը: Ծխախոտի գործածումից հրաժարումը շատ ավելի հեշտ է, քան մնացյալ կախվածությունների դեպքերում, պարզապես հարկավոր է գիտակցել և ցանկանալ: Բավարար մոտիվացիայի դեպքում ծխախոտի գործածումը դադարեցնելը բավականին հեշտ է և գերազանցապես որևէ դեղորայքային բուժման անհրաժեշտություն չի լինում։ Իհարկե լինում են նիկոտինային ծանր կախվածության դեպքեր (երբ անձն օրական գործածում է մի քանի տուփ կամ գիշերային քունն ընդհատում է, որպեսզի հերթական գլանակը ծխի), երբ հարկավոր է լինում նշանակել որոշ մեղմ հակադեպրեսանտներ կամ նիկոտինային փոխարինող դեղամիջոցներ։ Սակայն, իմ խորին համոզմամբ՝ նման դեպքերը շատ չնչին են։ Ծխախոտը հանդիսանում է ոչ վարակիչ հիվանդությունների թիվ մեկ ռիսկի գործոնը. Դրանք են՝ սիրտ-անոթային հիվանդությունները, շնչառական հիվանդությունները և քաղցկեղը։ Գաղտնիք չէ, որ այս հիվանդություններից մահացությունը բավականին բարձր է՚ Առավել առողջ հասարակություն ունենալու համար հարկավոր է կամք դրսևորել և դադարեցնել ծխախոտի օգտագործումը` չվնասելով թե′ մեզ, թե′ շրջապատող մարդկանց, ընտանիքի անդամներին, երեխաներին:

-Վերջին շրջանում  հասարակական լայն   շրջանակներում  քննարկման առարկա դարձավ  մարիխուաննայի օրինականացման հարցը: Ինչպիսի՞ վերաբերմունք ունեք այս հարցի շուրջ:

-Մարիխուաննան հանդիսանում է հոգեներգործուն նյութ՝ թմրամիջոց, որը հաստատվել է դեռևս 1961 թվականի ՄԱԿ-ի  համապատասխան կոնվենցիայով: Մարիխուաննան ունակ է մարդու մոտ առաջացնելու կախվածության համախտանիշ, որը շատ հաճախ կարող է ուղեկցվել հոգեկան հիվանդությունների  սրացմամբ: 10-րդ վերանայման Հիվանդությունների միջազգային դասակարգչով՝ կաննաբինոիդների գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումները դասակարգված են որպես հիվանդություններ։ Մարիխուաննայի կարճատև օգտագործման դեպքում մարդու մոտ կարող  են  առաջանալ ընկալման խանգարումներ, տեղի և ժամանակի ապակողմնորոշված վիճակ, իսկ երկարատև գործածության դեպքում՝ կախվածության համախտանիշ, երբեմն նաև ինտելեկտի և մտածողության խնդիրներ:

-Ձեր հորդորը մեր ընթերցողներին

-Զերծ մնալ թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումից:

Խուսափել  համացանցից կամ տեղեկատվական այլ աղբյուրներից հոգեներգործուն նյութերի մասին  ձեռք բերվող  աղավաղված, ոչ ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց: Հոգեներգործուն նյութերի գործածումը վնասակար է մարդու առողջության համար։ Սա պետք է ուղղակի միշտ հիշել։ Նաև կոչ եմ անում՝ կախվածության համախտանիշի առաջին իսկ ախտանշանների դրսևորման դեպքում դիմել  համապատասխան հաստատություն:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica