close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-4°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ահռելի գիտելիքով անձնամոլ ռոբոտների սերունդ ունենալու առաջադրանք չպիտի դնենք մեր առջև. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Հարցազրույց

6 Դեկտեմբերի 2019, 16:14
 Ահռելի գիտելիքով անձնամոլ ռոբոտների սերունդ ունենալու առաջադրանք չպիտի դնենք մեր առջև. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Դպրոցական առարկայացանկից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսմղման և այլ հարցերի մասին Yerkir.am-ը զրուցել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի Սուրբ Եղիշէ եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Նշան քահանա Ալավերդյանի հետ:  

-Այս պահի դրությամբ ծրագիր կա` Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկան դուրս բերել դպրոցական ծրագրից, ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարին:

-Գաղափարը սերմի պես է, նպաստավոր պայմաններ եղան, կաճի, հակառակ պայմաններում, որքան էլ արհեստական սնեն, մեռնում է: Հայ եկեղեցու պատմության առարկայի դեպքում այն աճել է, պտղից պիտի ծառի մասին պատկերացումները լինեն եւ գնահատականներ տրվեն, այլ տեսակի մոտեցումերը գուցե այդպես էլ կարող չլինեն իրական պատկերը տալու: Առարկան հանելու որոշում դեռ չկա, իսկ գաղափարը հրապարակ նետելը, ըստ իս, դաշտը շոշափելու եւ հասարակության կարծիքը հասկանալու նպատակ ունի:       

-Առարկայի ուսուցումը որքանո՞վ է կարևոր:  

-Առարկայի ուսուցման կարեւորության մասին հարցադրման պատասխանը ապագայում մեր երկրում ապրող մարդկանց մասին մեր այսօրվա տեսլականն է: Եթե մենք մեր առջեւ նպատակ ենք դրել ունենալ սեփական ինքնության ճանաչումն ունեցող, հայրենասեր և բարոյապես առողջ սերունդ, որ ազգերի մեծ ընտանիքում իր հստակ դիմագիծն ու հոգեկերտվածքն ունի, ուրեմն կկարևորենք այս առարկան:

-Նպատակ կա` այդ առարկան ներառել հայոց պատմություն առարկանի մեջ: Հնարավո՞ր է նման բան պատկերացնել:

-Հնարավոր է, եթե Հայոց պատմության ժամաքանակն զգալիորեն մեծանա: Հարկավոր է այդ առաջարկի առավել լուրջ և մանրամասն մեկնաբանություն՝ հասկանալու նպատակը, մտահոգության և փոփոխելու պատճառը: Ըստ օրենքի՝ նման առաջարկները պետք է քննարկումների փուլ անցնեն մասնագետների մասնակցությամբ, որոնք ավելի լայն հանրությանը պետք է ներկայացնեն իրենց կարծիքները, եզրակացությունները, կողմ կամ դեմ եղող հիմնավորումները: Ի վերջո, և' եկեղեցին, և' նախարարությունը մտքի եւ հոգու լուսավորության առաքելությանն են ծառայում, և ընդհանուր նպատակը պետք է որ ընդհանուր հայտարարի բերի նաեւ հակադիր կարծիքները՝ հանուն մանուկների և պատանիների լավ եւ բարոյապես առողջ կրթության:

-Չե՞ք կարծում, որ սրանով փորձ է արվում նաև հարված հասցնել Հայ Առաքելական եկեղեցուն:  

-Համոզմունքս է, որ դպրոցում կրթելու և գիտություն փոխանցելու նվիրական և սուրբ առաքելությանը որեւէ այլ հետին նպատակ չի կարող խառնվել: Հայ եկեղեցու կողմից հայկական դպրոցներ այս առարկայի ներմուծման նպատակը եղել և մնում է առողջ մտքով, հոգով և մարմնով մարդու ձևավորմանը նպաստելը: Չեմ կարող հավատալ, որ նման վեհ ու ազնիվ նպատակը կարող է շահարկվել անձնական կամ խմբային հաշվարկներով:

Եթե եկեղեցու պատմության դասավանդումը դադարեցվի դպրոցում, դրանով եկեղեցին ավելի չի՞ օտարվի ժողովրդից:  

- Հայ եկեղեցին մեր ազգի հոգևոր եւ մտավոր հիշողության լավագույն պահապանը, կրողն ու փոխանցողն է: Ընտանիքում, դպրոցում, անգամ բակում կամ փողոցում աշակերտները, ծնողները, պարզ մարդիկ՝ բոլորս, այդ փոխանցման, եկեղեցուց եկող կրթության և դաստիարակության կարիքն ու անհրաժեշտությունն ունենք: Հետևաբար, ոչ միայն դպրոցից դուրս չբերվելու, այլեւ ընտանեկան հարկ և հասարական ավելի լայն միջավայր ներմուծելու պետքն ունենք քրիստոնեկան մեր արժեքներն ու բարոյական հարաբերությունների ձեւաչափը: Մենք առաջադրանք չպիտի դնենք մեր առջև ահռելի գիտելիքով անձնամոլ ռոբոտների սերունդ ունենալու: Գիտելիքի և բարոյական կրթության նպատակը սիրով լեցուն, երջանիկ և երջանկացնող, գիտակից եւ պատասխանատու անձ կրթելն է, ով ոչ միայն իր, իր ընտանիքի, այլեւ իր ազգի, իր պետության, ընդհանրապես հասարակական բարօրության համար է գործելու հետագա իր ամբողջ կյանքում:  

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica