close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը հերքում է, թե Մարգարյանն իշխանության դեմ «պարտիզանական մարտեր մղելու» հորդոր է հնչեցրել

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2019, 17:49
 Դաշնակցությունը հերքում է, թե Մարգարյանն իշխանության դեմ «պարտիզանական մարտեր մղելու» հորդոր է հնչեցրել

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է, թե ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը իշխանության դեմ այսպես կոչված «պարտիզանական մարտեր մղելու» հորդոր է հնչեցրել. գրում է «Ազատություն»-ը:

Կանադայում գտնվող Սաղաթելյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ հոկտեմբերին տեղի է ունեցել կուսակցության մարզային կոմիտեների, Գերագույն մարմնի ղեկավար կազմի, Ուսանողական և Երիտասարդական միությունների վարչությունների խորհրդաժողով, որին մասնակցել է 150 դաշնակցական, այդ թվում՝ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Իշխան Սաղաթելյանն ընդգծում է՝ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի որոշումը կայացվել է Դաշնակցության Երիտասարդական միության նիստում, իսկ հոկտեմբերին կայացած ղեկավար կազմի խորհրդաժողովում, որին ներկա է եղել նաև Հրանտ Մարգարյանը, Արայիկ Հարությունյանի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել, և չի քննարկվել նաև Երիտասարդական միության կողմից իրականացվող ակցիաների հարց։

«Դա եղել է մեր հերթական հավաքներից մեկը, որին մասնակցել է շուրջ 150 հոգի, եղել է Մարգարյանը, այդ հավաքին մասնակցել է իբրև պարզ շարքային կուսակցական ընկեր, ինքը ևս խոսք ունեցել է այդ հավաքի ժամանակ, բայց այն, ինչ որ ներկայացվում է, դա իրականության հետ կապ չունի», - ասաց Սաղաթելյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն այդ «պարտիզանական» ձևակերպումը, այդ պայքարի մեթոդների հորդորը չի՞ եղել նրա կողմից,Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց․ «Կոնտեքստից կտրված, իրականության հետ առնչություն չունեցող ձևակերպումներով հավաքից տեղեկություններ են դրել շրջանառության մեջ մարդիկ, ովքեր այդ հավաքին ներկա չեն եղել: Այսինքն՝ եթե ներկա չեն եղել, ի՞նչ գիտեն՝ ինչ է խոսվել»:

Նշենք, որ երեկ Դաշնակցությունը իր շարքերից արտաքսեց 3 երիտասարդների, նրանցից 2-ը մինչ այդ Հանրայինի եթերում պատմել էին, որ դեմ են եղել կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անելու Երիտասարդական միության որոշմանը, քանի որ կարծում էին, թե երկխոսության միջոցով կարող էին խնդիրները լուծել։

«Ազատության» հարցին, թե որքանո՞վ է կուսակցության ներքին ժողովրդավարության սկզբունքներից բխում երիտասարդներին Դաշնակցությունից արտաքսելու որոշումը՝ այն բանի համար, որ նրանք չեն կիսում կոնկրետ հարցի շուրջ կայացված որոշումը, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, որ նախ՝ այդ երիտասարդները «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամներ չեն, հետևաբար՝ միության անունից խոսել չեն կարող, և հետո՝ հայտնի խորհրդաժողովին չեն մասնակցել, և այն, ինչ ասում են, իրականությանը չի համապատասխանում։

Ըստ Գերագույն մարմնի ներկայացուցչի, կուսակցությունում բոլորը ազատ են իրենց կարծիքը հայտնել, բայց եթե քաղաքական ուժը որոշում է կայացնում, ապա այն իրականացնում են բոլորը։

Սաղաթելյանն ասաց, որ նրանք կուսակցությունից արտաքսվել են «որոշումներին չենթարկվելու և հակակարգապահական արարք թույլ տալու համար, այսինքն՝ չեղած բանի մասին սաբոտաժ ստեղծել, կեղծ լուրեր տարածել, փորձել իրենց գործողություններով վարկաբեկել կուսակցությանը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica