close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+6°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրություն, որում կպարտվի համայնքը

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 17:12
 Ընտրություն, որում կպարտվի համայնքը

Դեկտեմբերի 11-ին նախատեսվում է Կ. Պոլսի հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունները, որում, Թուրքիայի ձեռամբ, կմասնակցեն միայն երկու թեկնածուներ՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպսկ. Մաշալյանը և Արամ արք. Աթեշյանը: Թվում է թե վերջապես իր լուծումը կստանա 13 տարի առանց պատրիարքի մնացած հայ համայնքի համար այդքան կենսական խնդիրը: Բայց արդյո՞ք սա այն էր, ինչ ուզում էր համայնքը:

Մարտի 8-ին երջանկահիշատակ պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի վախճանից հետո կարծես թե իշխանությունների համար այլևս չէր մնացել պատրվակ՝ խոչընդոտելու նոր պատրիարքի ընտրության գործընթացին, քանզի դրանից առաջ իշխանությունները հայտարարում էին, որ քանի դեռ պատրիարքը ողջ է (չնայած գտնվում էր անգիտակից վիճակում), նոր պատրիարք չի կարող ընտրվել:

Մութաֆյանի վախճանից շաբաթներ անց համայնքային կյանքն աշխուժացավ (նոր պատրիարքի ընտրության հույսով)՝ ընտրվեց նոր տեղապահ, ստեղծվեց Նախաձեռնարկ մարմին՝ ընտրություններ անցկացնելու համար: Սակայն սեպտեմբեր ամսին երկրի Ներքին գործերի նախարարությունն ուղարկեց կանոնադրություն, որին համապատասխան էլ պետք է տեղի ունենան ընտրությունները: Կանոնադրությունը բացառում էր Պոլսո պատրիարքարանին ոչ ենթակա թեկնածուների առաջադրումը՝ ի հեճուկս ձևավորված այն կարգի, ըստ որի Թուրքիայում ծնված կամ հորական կողմից Թուրքիայի քաղաքացիություն ունեցող թեկնածուները կարող են մասնակցել ընտրություններին: Այդպիսով Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանն ու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանը զրկվեցին ընտրություններին մասնակցելուց:

«Այլևս բացարձակ ճշմարտություն է, որ «կանոնադրական փոփոխության» ծրագրավորված բեմադրության իրական պատճառը հիմնականում իմ անձն էր, քանի որ ընտրություններում Թուրքիայի հավատավոր հայ ժողովրդի մի ստվար հատվածի աջակցությունն ինձ անկասկած որոշիչ կարող էր լինել». – հայտարարել էր Չուլջյանը՝ հավելելով, որ  այս բեմականացման հանցավոր հեղինակները բոլորին հայտնի մի քանի գավառամիտ կղերականերն ու մի քանի նեղմիտ աշխարհականներն են, ովքեր փորձեցին ստվեր գցել պոլսահայ պատվարժան ժողովրդի անվանը:

Այս կանոնադրությունն ավելի բևեռացրեց առանց այդ էլ երկար տարիներ բարդ կացության մեջ գտնվող համայնքը: Նախաձեռնարկ մարմինը հայտարարեց, որ ընդունում է ՆԳՆ կանոնադրությունը: Դրան հետևեցին մի շարք հրաժարականներ, իսկ նրանք, ովքեր կողմ էին Կանոնադրությանը, նշում էին, որ անհնազանդությունը կարող է պատճառ դառնալ, որ համայնքը մի քանի տարի ևս մնա առանց պատրիարք:

Թուրքական իշխանությունների հետապնդած նպատակն ավելի քան ակնհայտ է. ունենալ իշխանություններին հարող համայքային ղեկավար:

Պոլսի «Ակօս» շաբաթաթերթը ահազանգում է, որ Նախաձեռնարկ մարմինը փորձում է տարբեր եղանակներով խուսափել ընտրողների թվի մասին հստակ հայտարարություններից: Խոսվում է 60.000 ընտրողների մասին, սակայն հստակեցված չէ թե այդ թվերն այժմեական են, թե՝ ոչ:

Բացի այդ 60.000 ընտրող ունենալու հանգամանքն էլ է կասկածելի: Շարունակական արտագաղթի տեմպերը փաստում են, որ ոչ միայն ընտրողների թիվը 60 հազար չէ, այլև Պոլսի հայերի: 2008 թ. Թուրքիայի ԱԳՆ զեկույցում նշվում էր, որ Թուրքիայում հայերի թիվը, 60 հազար է, որոնցից 45 հազարն ապրում է Ստամբուլում, իսկ Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հայկական նախաձեռնության անդամ Մուրադ Մըհչըն 2019 թ. նշել է, որ համայնքում այժմ 40.000 մարդ է ապրում:

Դեկտեմբերի 4-ին «Նոր Զարթոնքը» հայտարարություն էր տարածել, որում կոչ էր անում պատրիարքի թեկնածուներին չմասնակցել ընտրություններին, իսկ ընտրողներին բոյկոտել ընտրությունները: Ի դեպ այդ հայտարարությունը նախաձեռնության կայքում կոչվում էր «Չենք ցանկանում նշանակովի պատրիարք»:

Այսպիսով երկար տարիներ առանց պատրիարքի մնացած համայնքի համար այս ընտրությունները, որ թվում էր, թե կամրապնդի և կկարգավորի համայնքային կյանքը, ունենում է բացասական ազդեցություն՝ համայնքին կանգնեցնելով երկպառակության շեմին:

 

Արգամ Եղիազարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica