close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայագիտական առարկաների թիրախավորո՞ւմ, թե՞ մասնագիտական կրթության բարելավում

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2019, 21:06
 Հայագիտական առարկաների թիրախավորո՞ւմ, թե՞ մասնագիտական կրթության բարելավում

Վերջերս հայաստանյան հասարակական, գիտական շրջանակներում լայնորեն քննարկման առարկա է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններին դեմ են արտահայտվել ուսանողներ, երիտասարդներ, գիտնականներ: Ուսանողների և դասախոսների բողոքի ակցիաներն ուղեկցվել են դասադուլներով, ցույցերով, իսկ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նստացույց է իրականացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ վերոնշյալ և այլ որոշումների համար պահանջելով նախարարի հրաժարականը:  «ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը), թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները փաստեր են, որոնք խոսում են նախարարի` մեր` հայկական  ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիր ու անթաքույց հեգնական վերաբերմունքի մասին»,- նշվում է ՀՅԴ ՀԵՄ-ի տարածած հայտարարության մեջ:

Սակայն, փաստացի նույն կրթական համակարգով առաջնորդվող Արցախում տվյալ հարցը գոնե արտաքուստ պատշաճ ուշադրության չի  արժանացել, թեմայի վերաբերյալ որևէ լուրջ քննարկում չի կազմակերպվել և մասնագիտական գնահատական չի տրվել:  Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ըստ Yerkir.am-ի, «Ապառաժ»-ը զրուցել է մի շարք ուսուցիչների, դասախոսների հետ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը քննարկվող հարցերի շուրջ:

Բուհերում «Հայոց լեզու» առարկան պետք է ուսուցանվի, բայց մի քիչ այլ ուղղվածությամբ

Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի ուսուցչուհի Մանուշ Բալայանի կարծիքով՝ բուհերում «Հայոց լեզու» առարկան պետք է ուսուցանվի, բայց մի քիչ այլ ուղղվածությամբ: «Ոչ թե կրկնել այն, ինչ որ դպրոցում են անցել, այլ հատուկ ուշադրություն դարձնել ոճագիտությանը: Ոճագիտական հասկացությունների իմացությունն անհրաժեշտ կլինի ապագա մասնագետների բանավոր խոսքը զարգացնելու համար: Ավագ դպրոցում աշակերտները ոճագիտություն ուսումնասիրում են միայն 12-րդ դասարանում: Կան ուսուցիչներ, որոնք այնքան էլ կարևոր չեն համարում ոճերի իմացությունը, եւ նորից սկսում են կրկնել անցածը կամ աշակերտներին պատրաստել քննություններին: Փաստորեն ստացվում է, որ աշակերտն ավարտում է 12-ամյա դպրոցը քննություններին պատրաստվելու ուղղվածությամբ, ու նա պատրաստ չէ կյանքին: Եթե նրան հանձնարարվում է ելույթ պատրաստել, ինքը չգիտի, թե այն ինչ ոճով պետք է լինի»,- կարծում է 28 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհին:

Դպրոցական ծրագրերի փոփոխման դեպքում էլ՝ ուսուցչուհին կարծում է, որ, այնուամենայնիվ, «Հայոց լեզվի» ուսուցումը բուհերում անհրաժեշտ է մասնագիտական փաստաթղթեր լրացնելու կարողություն ձեռք բերելու, մասնագիտությանը համապատասխան բանավոր խոսք ձևավորելու, զարգացնելու առումով: Տարբեր ոլորտների բառապաշարին աշակերտները ոչ հիմնական, ոչ էլ ավագ դպրոցում չեն ծանոթանում:

Մանուշ Բալայանը Հայոց լեզվի ուսուցումը բուհերում կարևորում է նաև տվյալ մասնագիտությանն առնչվող նորաբանություններին ծանոթանալու տեսանկյունից, քանի որ բոլոր գործնական գրությունները ներկայացվում են հայերենով և հաշվի են առնվում, որ օգտագործվեն հայերեն համարժեքները,  ոչ թե փոխառյալ բառերը:

Բարձրագույն կրթության հիմքը պետք է լինի ազգային կրթությունը

Մարտակերտի շրջանի Կիչանի և Նոր Ղազանչիի Կ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի երիտասարդ ուսուցչուհի Արմենուհի Սահակյանը կարծում է, որ կայացած, քաղաքակիրթ հասարակությունը պետք է ազգային ինքնագիտակցություն ունենա: «Արդյո՞ք դպրոցում կրթությունը պատրաստում է մարդկանց դրսում ներկայանալու համար, որ հայ մնան ու լիարժեք ներկայացնեն իրենց երկիրը: Կրթության նախարարությունը նաև մոռանում է, որ պատմությունը ոչ միայն թվականներ և գործողություններ է, այլև համաշխարհային մշակույթի կարևորագույն և անհրաժեշտ օղակներից մեկը: Հայոց պատմությունը ԲՈՒՀ-երից դուրս մղելով՝ անտեսվում է նաև համաշխարհային մշակույթի ձևավորման իմացության մասնիկը»,- նշում է Արմենուհի Սահակյանը: Նա գտնում է, որ դեռահաս դպրոցականի և հասուն պատանու աշխարհընկալումը, աշխարհայացքը նույնը չեն: Վերջինս ձևավորվում է ժամանակի ընթացքում և այդ կարևորագուն ժամանակաշրջանում պատմությունը դուրս թողնելով, նրանցից խլվում է աշխարհայացքի և մտածողության ձևավորման լիարժեքությունը: «ՀՀ-ում բարձրագույն կրթության հիմքը պետք է լինի ազգային կրթությունը` բազմակիորեն զարգացած, մշակութային արժեքներով, հստակ աշխարհայացքով, քաղաքացիական գիտակցությամբ օժտված հատկանիշներով»,- ասում է Արմենուհին:

Նրա կարծիքով՝ հնարավոր չէ ունենալ այդ ամենը պատանիների զարգացման կարևորագույն փուլում պատմությունը դուրս մղելով. «Ի°նչ կունենանք արդյունքում՝ մասնագետներ` առանց սեփական երկրի պատմության խորը և բազմակողմանի իմացության, մշակութային կցկտուր տեղեկություններով, աշխարհայացքի անլիարժեքությամբ: Այս ամենից հետևություն՝ ի°նչ պետք է տան նրանք գալիք սերնդին. իհարկե՝ ոչինչ… Մի՞թե այս ամենը նույն ազգակործան քաղաքականությունը չէ…»:

«Պատմություն» առարկայի ուսուցչուհին նաև անհրաժեշտ է համարում դպրոցական ծրագրերում «Հայոց եկեղեցու պատմության» առկայությունը՝ պատմական կարևոր առաքելությունից բացի կարևորելով նաև ՀՀ ներթափանցող աղանդավորական տարբեր կազմակերպությունների պետականակործան միտման դեմ պայքարելու առումով:

Պետք է փոխվի հայագիտական առարկաների մատուցման ձևը

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուշ Մկրտչյանը գտնում է, որ հայագիտական առարկաների դասավանդումն էական նշանակություն ունի մասնագիտական զարգացման առումով: Մանուշ Մկրտչյանի կարծիքով, օրինակ, «Հայոց լեզու» առարկայի պարտադիր լինելը չի ենթադրում լեզվի լավ իմացություն: «Հայոց լեզվի իմացությունը բոլորի համար է պարտադիր, բայց չեմ կարծում, որ պարտադիր բաղադրիչ ներառելը մեզ առավելություն է տալիս կամ լեզվին ավելի շատ ենք լավ տիրապետում: Ուսանողներ կան՝ դպրոցում, բուհում սովորելուց հետո էլ չեն կարողանում ճիշտ նախադասություն կազմել: Այսինքն՝ պետք է մատուցման ձևը փոխվի»,- նշում է Մանուշ Մկրտչյանը:

Հայագիտությունը մեր ոգեղեն հայրենիքն է, մեր հոգևոր միջնաբերդը

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Հովհաննիսյանը հայագիտության՝  բուհական ոչ պարտադիր ուսուցման միտումը համարում է հարված մեր ազգային հիշողությանը, ոգուն և ինքնությանը: «Հայոց պատմությունը, այո՛, մեր ժողովրդի հավաքական հիշողությունն է, հայերենը՝ հայի ինքնության, գոյության երաշխիքը, իսկ հայ գրականությունը՝ մեր ազգային ոգին, միաժամանակ՝  նաև  հավաքական հիշողությունն ու ինքնության դիմագիծը: Այլ կերպ ասած՝ հայագիտությունը մեր ոգեղեն հայրենիքն է, մեր հոգևոր միջնաբերդը, որն  անխոցելի պահելը նախևառաջ պետական հետևողական քաղաքականություն պետք է լինի: Այն վարչական ուժը, որ միտում ունի սահմանափակելու մեր ոգեղեն հայրենիքի տիրույթները, չի բացառվում, որ զիջումների ընդունակ կլինի նաև հողեղեն տարածքների առումով: Այսօրվա ուսանողը, ուրախ եմ, որ գիտակցում է սա, գիտակցում է, որ հայագիտությունը նույնպիսի ոգեղեն արժեք է, խորհրդանիշ սրբություն, ինչպես հայոց դրոշը կամ զինանշանը: Կան հայրենիքի հողեղեն սահմաններ, որի պահապանը հայ զինվորն է, և ոգեղեն սահմաններ, որի պահապանը հայ մտավորականն է, և եթե չկա այս գիտակցությունը, ապա ինքնությունը կուլ է գնում աշխարհաքաղաքացիությանը, շփոթելի  են դառնում ազգայինն ու ապազգայինը, համամարդկայնությունն ու համաշխարհայնացումը»:

Բացի այդ, ո՛չ արհեստավարժ, ավելին` ոչնչատեսի՛լ կրթական քաղաքականություն Նարինե Հովհաննիսյանը բնորոշում է մասնագիտական պատրաստականության բարձրացման նպատակով հայագիտական դասընթացների ոչ պարտադիր ուսուցման հարցադրման գործընթացի առաջմղումը: Ինչո՞ւ:  Եթե մի հայացքով դիտարկելու լինենք   բնագիտական կամ այլ ոչ մասնագիտական բաժիններում հայագիտական դասընթացներին հատկացված բուհական ժամաքանակը, կտեսնենք, որ այն շատ քիչ, ոչ բավարար կշիռ ունի, և կարելի է ասել՝ կրում է զուտ խորհրդանշական բնույթ: Արցախի պետական համալսարանում, ուր դասախոսում է Նարինե Հովհաննիսյանը,  ասենք՝  «Ֆիզիկա» մասնագիտության ուսումնական պլանում բուն մասնագիտական դասընթացների միայն լսարանային ժամաքանակը կազմում է շուրջ   2354 ժամ, իսկ ոչ մասնագիտական դասընթացների ժամաքանակը՝ մոտ 660 ժամ, ընդ որում՝ այդ 660 ժամից ընդամենը 60 ժամ է հատկացված հայագիտությանը, մասնավորապես «Հայոց պատմության հիմնախնդիրներ», «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» դասընթացներին՝ ընդամենը 30-ական ժամ, իսկ հայ գրականությանը՝ 0 ժամ, ինչը նույնպես կարևոր բացթողում է համարում: «Նույն կամ նմանատիպ պատկեր է նաև մյուս ոչ մասնագիտական բաժիններում: Ես սա հատուկ շեշտադրում եմ, քանի որ հանրությանը փորձ է արվում ապակողմնորոշել, որ հայագիտությունը բուհում ուսուցանվում է մասնագիտական կատարելագործման հաշվին: Ուրեմն՝ սա  նաև միտումնավոր քաղաքականություն է՝ թիրախավորել այն, ինչ ազգային է: Այս համոզմունքն իմ մեջ ամրագրվում է հետզհետե, ինչքան էլ այն ցավալի լինի ինձ համար, որովհետև  կառավարության յուրաքանչյուր ձախողում հարված է մեր պետականության հիմնասյուներին, և յուրաքանչյուր ձեռքբերում՝ ամրակայում ու զարգացում մեր պետականության»,- նշում է Նարինե Հովհաննիսյանը: Եվ այս համատեքստում նա բարձրացնում է ընդամենը մեկ հարցադրում. մասնագիտական պատրաստականությամբ մտահոգ կրթության և մշակույթի գերատեսչության ղեկավարը, մի գերատեսչություն, որ, ի դեպ,  յուրաքանչյուր կառավարության մտավոր և հոգևոր դիմագիծն  է ներկայացնում նաև, ինչո՞ւ  որպես առաջնահերթ խոչընդոտ դիտարկում է  հայագիտության, ոչ թե, ասենք, օտար լեզվի, ռուսաց լեզվի կամ  ոչ մասնագիտական այլ դասընթացների պարտադիր ուսուցանումը, դասընթացներ, որոնք նույնպես դպրոցից բուհին ժառանգվող և դպրոցում բավականաչափ ուսումնասիրվող դասընթացներ են: «Ուստի, կրկնում եմ՝ ոչ մասնագիտական դասընթացների շարքում միայն հայագիտական առարկաների թիրախավորումը ապազգային միտում է  կամ, լավագույն դեպքում, անգիտակից մեղանչում: Եթե ապազգային միտումնավոր քաղաքականություն է, ապա դիմագրավել և կանխել է պետք, որովհետև իր մեջ պարունակում է այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են՝ ազգային հիշողության խլացումը, ազգային թերարժեքության հոգեբանության արմատավորումը, համաշխարհայնացման «հրապուրանքը» և այլն»,- եզրափակում է Նարինե Հովհաննիսյանը:

Այսպիսով, ակնհայտ է, որ բուհական ծրագրերում փոփոխությունների կարիք կա, բայց դրանք պետք է լինեն համալիր՝ նշանառության տակ չառնելով միայն հայագիտական առարկաները:

Տաթևիկ Աղաջանյան

Ծաղրանկարը՝ «Ազգ» օրաթերթի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica